fbpx

Հայաստանի հավաքականը պարտվեց նաև ուկրաինուհիներին

Մեկօրյա հանգստից հետո Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները:

Ցավոք, Հայաստանի կանանց հավաքականը կրկին անհաջող ելույթ ունեցավ՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը: Հայ շախմատիստուհիներն այս անգամ 1,5-2,5 հաշվով զիջեցին Ուկրաինայի հավաքականին:

Մրցախաղի ելքը վճռվեց երկրորդ խաղատախտակի վրա կայացած պարտիայում, որում  Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Աննա Մուզիչուկին: Լիլիթը մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Մրցախաղի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Մուզիչուկը, Աննա Սարգսյանն ու Իննա Գապոնենկոն, Մարիա Գևորգյանն ու Նատալյա Բուկսան:

Հայաստանի հավաքականը 2 միավորով մնաց 8-րդ հորիզոնականում: Վաղը կայանալիք 7-րդ տուրում մեր թիմի մրցակիցը կլինի 2 միավորով 9-րդ տեղում ընթացող Հունգարիայի հավաքականը, որը 1,5-2,5 հաշվով զիջեց ղազախներին:

Իր հաղթարշավը շարունակեց Չինաստանի ընտրանին, որը 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով հնդիկների նկատմամբ, 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

10 միավորով 2-րդ տեղում ռուսներն են, որոնք 2,5-1,5 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին: Տաթև Աբրահամյանը հաշտություն կնքեց Կատերինա Լագնոյի հետ: ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով 7-րդ տեղում է:

Վրաստանի ընտրանին 3-1 հաշվով հաղթելով Եգիպտոսի հավաքականին, 8 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Իսկ լավագույն եռյակը 9 միավորով եզրափակում է Ուկրաինայի հավաքականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: