Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց - VNews
Բաժիններ

Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

12 9 - Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

Աշխարհում դժվար է երկար մնալ ուժեղագույնների թվում, առավել ևս լավ արդյունքների հասնել: Համաշխարհային ֆուտբոլում դա հաջողվում է իսկական գրանդ ակումբներին, իսկ Հայաստանում՝ ոչ ոքի: Նորանկախ Հայաստանում լեգենդար «Արարատը» 10 տարուց ավելի տիտղոս չէր նվաճել, «Փյունիկը» և «Ուրարտուն» մի քանի տարի դադարեցրել էին ելույթները, իսկ ամենակայունը համարվող «Շիրակն» օրերս ինքնակամ հեռացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից:

Հայաստանում ևս մեկ հնագույն ակումբ է «Գանձասարը»: Կապանյան ակումբը 2015 թվականին հայտնվեց խառնաշփոթ իրավիճակում, ինչի հետևանքները զգացվում են մինչև օրս: Հուլիսի 15-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Գանձասարը» հայտ է ներկայացրել մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը:

VNews.am-ը ներկայացնում է, թե որոնք են «Գանձասարի» և «Գանձասար-Կապանի» միջև տարբերությունները, ինչպես նրանք բաժանվեցին:

Նախապատմություն

«Գանձասարը» գրեթե 60 տարվա պատմություն ունի: Ակումբը ստեղծվել է 1963 թվականին՝ Կապանում: Հենց ստեղծման տարում «արջերն» անմիջապես նվաճել են Խորհրդային Հայաստանի գավաթը:

Ստեղծման օրից մինչև 1989 թվականը սյունեցիները կրում էին «Լեռնագործ» անունը: Դրանից հետո 7 տարվա ընթացքում ակումբը մի քանի անգամ անվանափախվեց և հասցրեց ելույթ ունենալ «Կապան», «Սյունիք» և «Կապան-81» անուններով: Այդ ընթացքում թիմը հասցրեց երկու անգամ դառնալ Խորհրդային Հայաստանի չեմպիոն և նույնիսկ իր կազմում խաղալու պրակտիկա տրամադրել 18-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

1996-ին ակումբը կրկին վերադարձավ «Լեռնագործ» անվանմանը, իսկ 3 տարի անց վերջապես կարողացավ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել:

Առաջին բաժանումը

2004 թվականին «Լեռնագործը» և «Արարատը» որոշեցին միաձուլվել: Այդ ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշեց Կապանում շարունակել ակումբի ավանդույթները և ստեղծել «Գանձասարը», որը դարձավ «Լեռնագործի» իրավահաջորդը: Արդեն 2005-ին այդ թիմը Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց:

Հետզհետե «Գանձասարը» դարձավ բավականին ուժեղ թիմ և 2008-2013 թվականների ընթացքում երեք անգամ նվաճեց Հայաստանի բրոնզե մեդալները:

Gandzasar Stadium Kapan 30 August 2015 960x356 - Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

2015-ի աղմկահարույց բաժանումը

Ցավալի է, բայց Հայաստանում արդեն սովորել են, որ ակումբները մրցաշրջանի կեսից որոշում են չշարունակել ելույթները: Այդպիսի վտանգ կար նաև 2014/15 մրցաշրջանում, երբ 2015-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հրաժարվում է շարունակել ակումբի ֆինանսավորումը, եթե չկատարվեն նրա պահանջները: Կոմբինատն ակումբի հովանավորն էր, սակայն ցանկանում էր՝ «Գանձասարն» անցնի նրա կազմի մեջ, որպեսզի հենց նրանք տնօրինեն իրենց տրամադրած գումարները: «Գանձասարը» դեմ էր այդ տարբերակին և մինչև վերջ չփոխեց իր դիրքորոշումը:

Արդյունքում, «արջերի» 28 ֆուտբոլիստ ու մարզիչ դիմում ներկայացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և խնդրեցին հարցին լուծում տալ: Միաժամանակ Պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն էր հայտնել նոր ակումբ ստեղծել, որը կդառնար «Գանձասարի» իրավահաջորդը:

Մեր ընտրանին.

2015-ի փետրվարի 25-ին կայացավ ՀՖՖ գործկոմի նիստը և որոշվեց «Գանձասար-Կապանին» ճանաչել «Գանձասարի» իրավահաջորդ և նրան թույլ տալ շարունակել առաջնությունը վերջինի փոխարեն:

«Տարիներ շարունակ ԶՊՄԿ-ն գումարներ է հատկացրել ուրիշի սեփականության վրա: Սեփականատերերը կատարել են հովանավորչական աշխատանք, իսկ բարեգործի կերպարն ու ակումբ պահելը դարձել է իրենց մենաշնորհը: Դրա փոխարեն, «Գանձասարի» ղեկավարները լրատվամիջոցներով կոչ են անում երկրպագուներին դուրս գալ ԶՊՄԿ ղեկավարության դեմ: Այն դեպքում, երբ այդ մարդիկ սրտացավ են ու ցանկանում են պահել ֆուտբոլը Կապանում»,- Գործկոմի նիստից հետո հայտարարեց ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ի վերջո՝ դիմում գրած բոլոր ֆուտբոլիստները պայմանագիր կնքեցին «Գանձասար-Կապանի» հետ, որը չնայած նոր ակումբ էր, բայց նախորդին շատ բաներով էր նման՝ ընդհուպ մինչև տարբերանշանը:

Երկու «Գանձասար»

«Կոմբինատի ակումբը» դառնալուց հետո «Գանձասար-Կապանն» արագորեն ուժեղացրեց թիմը և կարճ ժամանակում լուրջ հաջողությունների հասավ: 2017-ին թիմը դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, իսկ 2018-ին վերջապես նվաճեց առաջին տիտղոսը՝ Հայաստանի գավաթը: Եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում կապանցիներն ուժեղ էին «Ալաշկերտից», որովհետև նրանց դարպասում էր Գևորգ Կասպարովը, որը որոշիչ սեյվեր կատարեց:

Այդուհանդերձ, հետզհետե թիմից հեռացան առաջատարները, իսկ ակումբն այդպես էլ չկարողացավ բարձր հորիզոնականներ զբաղեցնել: Երբ 2018-ից հետո հայկական ֆուտբոլում լուրջ փոփոխություններ կատարվեցին, «Գանձասար-Կապանը» նախընտրեց տարբերվել շատ ակումբներից և հիմնական շեշտը դնել հայ ֆուտբոլիստների վրա, այլ ոչ թե լեգեոներների: Դա թիմին շատ համակրելի դարձրեց չեզոք երկրպագուների համար, բայց խանգարեց դիմանալ հզոր մրցակցությանը և «արջերը» դարձան մրցաշարի հետնապահնմերից մեկը:

2020-ի աշնանը «Գանձասար-Կապանը» հայտարարեց, որ դուրս է գալիս VBET Պրեմիեր լիգայից, որպեսզի իր ֆինանսները հատկացնի պատերազամի ընթացքում Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար:

Gandzasar vs Pyunik 23 960x640 - Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

2 ամիս առաջ ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը VNews.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա, բայց բացառեց, որ ակումբը կհամաձայնի մինչև այդ մասնակցել Առաջին խմբին:

Զուգահեռաբար, «Գանձասարը» չէր դադարել գոյությունը, նույնիսկ երբ «Գանձասար-Կապանը» ճանաչվել էր այդ ակումբի իրավահաջորդ: «Արջերը» 6 տարով հեռացել էին մեծ ֆուտբոլից և կենտրոնացել էին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա: Այդպես, ակումբը սկսեց հովանավորել Երևանի Շենգավիթի մարզադպրոցը, որտեղ այժմ տարբեր տարիքային 11 թիմ  է գործում:

VNews.am-ի հետ հարցազրույցում «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն Առաջին խմբին մասնակցելն անմիջականորեն կապեց «Գանձասար-Կապանի» ելույթների դադարեցման հետ.

«Նոր մրցաշրջանից առաջ սպասում էինք, որ «Գանձասար-Կապանը» հայտ կներկայացնի, սակայն դա տեղի չունեցավ: Մենք էլ ստիպված որոշեցինք Առաջին խմբի հայտ ներկայացնել, որովհետև ամոթ կլիներ. Կապանը պետք է ֆուտբոլ ունենա»,- ասաց Առաքելյանը:

Երկու ակումբները որքան էլ միմյանց հետ վիճաբանում էին, միևնույն է (միգուցե դրա շնորհիվ) կարողացան Սյունիքը ներկայացնող թիմ ունենալ հայկական ֆուտբոլում: Այժմ, երբ նրանցից մեկը որոշել է դադար վերցնել, մյուսը փորձում է շարունակել նրա գործը և թույլ չտալ, որ Հայաստանի հարավում ֆուտբոլն անհետանա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Սևանը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)