Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում - VNews
Բաժիններ

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

14.07.2020 Ararat Armenia 2 0 Noah 10 - Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Բեռնատարներով խաղերին մեկնելուց մինչև տարածաշրջանի ամենաարագ տեմպերով զարգացող լիգան: Այդպիսին է եղել VBET Հայաստանի Պրեմիեր լիգան, որի 30-րդ մրցաշրջանն է մեկնարկում: Այն խոստանում է ամենագրավիչներից մեկը լինել 21-րդ դարում:

Նման արդյունքի հասնելու համար Հայաստանի առաջնությունը բարդ ու հետաքրքիր ճանապարհ է անցել, որի ընթացքում եղել է պատերազմ, մեկ ակումբի հեգեմոնիա և թարս ու շիտակ լեգեոներների հոսք: VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության 30 տարիների հիմնական փուլերը, որոնք էական նշանակություն են ունեցել մեր երկրում ֆուտբոլի զարգացման վրա:

Պարտադրված առաջնություն

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անկախություն ստացած առաջին հանրապետությունն էր, որը դարձավ ՖԻՖԱ-ի անդամ: Լեգենդար Նիկիտա Սիմոնյանի աջակցությամբ Հայաստանը մեծ պատվի արժանացավ, սակայն նաև առաջ քաշվեցին ՖԻՖԱ-ի անդամի համար կարևոր պահանջներ` ստեղծել սեփական առաջնություն և ազգային հավաքականներ:

Նորաստեղծ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում էր «Արարատ» լեգենդար ակումբի նախկին ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը, իսկ փոխնախագահը հանրահայտ մեկնաբան Սլավա Սարգսյանն էր.

«Մրցաշարում ընդգրկվեցին թիմեր, որոնք հիմնականում մասնակցում էին Խորհրդային Հայաստանի առաջնությանը (սիրողական մակարդակ), ակումբներ, որոնցից շատերը տարբեր գործարանների թիմեր էին: Մինչ այդ պրոֆեսիոնալ ակումբներ էին միայն «Արարատը», «Շիրակը» և «Կոտայքը»: Այդ տարիներին բավական հետաքրքիր ֆուտբոլիստներ կային, որոնց շնորհիվ ստեղծվեց մեր առաջնությունը:

Հայաստանի բոլոր քաղաքները ցանկություն հայտնեցին մասնակցել երկրի առաջնությանը, բայց մենք ընտրում էինք այն քաղաքները, որտեղ կային մարզադաշտեր և ենթակառուցվածքներ»,- VNews.am-ի հետ զրույցում նշեց Սլավա Սարգսյանը:

Չնայած դժվարություններին՝ Հայաստանի առաջին առաջնությունը բավական բարձր մակարդակի էր: Թիմերում ընդգրված էին Խորհրդային Միության դպրոցն անցած բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ չեմպիոնական պայքարն այնքան սուր էր, որ տիտղոսը միանգամից երկու թիմ նվաճեցին («Շիրակ», ՀՄԸՄ):

«Այն ժամանակ ավելի հետաքրքիր ֆուտբոլիստներ կային, քան հիմա: Նույնիսկ «Արարատը» հաճախ չէր կարողանում հաղթել նորաստեղծ թիմերին»,- ավելացրեց ՀՖՖ նախկին փոխնախագահը:

Ֆուտբոլ ռումբերի ձայների ներքո

Հայաստանի առաջին առաջնություններին զուգահեռ ընթանում էր Արցախյան պատերազմը: Ֆուտբոլիստների անվտանգության պայմաներ չկային: Թիմերի համար հատկապես մեծ փորձություն էր սահմանամերձ գոտիների քաղաքներ՝ Կապան, Գորիս կամ Նոյեմբերյան մեկնելը: Երբեմն ակումբները հրաժարվում էին այդ ուղևորություններից և համաձայնում տեխնիկական պարտությանը: Որոշներն ավելի համարձակ էին գտնվում և խաղում էին պայթող ռումբերի ձայների ներքո:

«Այն ժամանակվա ֆուտբոլիստների հիշողություններով կարող եմ վկայակոչել, որ նույնիսկ կրակոցների ձայների տակ են խաղացել, բեռնատարներով են նրանց տեղափոխել»,- VNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Khoren1 - Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Այդ տարիներին մեծ բարդություններ էր առաջացնում նաև ենթակառուցվածքների բացակայությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջ Հայաստանում ստադիոնների և խաղադաշտերի որակի խնդիր կար: Պատերազմի պատճառով երկրի սոցիալական կյանքը լավ վիճակում չէր, և քանի որ պատերազմ էր ընթանում, ֆինանսական միջոցներ չկային, որպեսզի լավ ենթակառուցվածքներ ստեղծվեին: Այդպես շարունակվեց մի քանի տարի:

«Ֆուտբոլը և երկրի վիճակը միշտ փոխկապակցված են, այն էլ ամուր թելերով: Այդ տարիներին ամենամեծ խնդիրը մարզադպրոցների և խաղադաշտերի պակասն էր: Այդուհանդերձ, կարծում եմ՝ հետզհետե քարը քարին դնելով՝ հասել ենք մեր օրերին: Միայն գովեստի խոսքեր պետք է ասենք մեր ֆուտբոլի բոլոր ժամանակների ղեկավարներին, որովհետև յուրաքանչյուր տարի մի բան ավելացնելով՝ հասել ենք լավ մարզադաշտերի, ուժեղ հավաքականների և ակումբների, որոնք արդյունքների են հասնում միջազգային ասպարեզում»,- VNews.am-ի հետ զրույցում ընդգծեց ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Այդ տարիների ամենաոգևորող օրինակներից էին հենց ֆուտբոլիստները, որոնք ոչ միայն խաղում էին ռումբերի ձայների ներքո, այլ նաև մասնակցում պատերազմին:

«Շատ ֆուտբոլիստներ պաշտպանական ջոկատներում էին ընդգրկված և մեր երկիրն էին պաշտպանում: Ազատ ժամանակ նրանք գալիս և իրենց քաղաքի թիմի կազմում էին խաղում»- պատմեց Սլավա Սարգսյանը:

Ֆուտբոլային բում Հայաստանում

Պատերազմից հետո Հայաստանում ֆուտբոլը կրկին դարձավ մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից մեկը: 1996-ին ՀՄԸՄ-ն անվանափոխվեց «Փյունիկ» և անմիջապես սկսեց արդյունքների հասնել, այդ թվում ՈւԵՖԱ-ի գավաթում՝ հաղթելով ֆինլանդական ՀԻԿ-ին: Այդ հաղթանակը մեծ աժիոտաժ առաջացրեց Հայաստանում: Երևանցիների գրեթե ամբողջ կազմը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էին:

Զուգահեռաբար զարգացման մեկ այլ վեկտոր ընտրեց «Երևանը», որն առաջինը Հայաստան հրավիրեց հեռավոր երկրներից սևամորթ լեգեոներների և արդյունքում 1997-ին նվաճեց չեմպիոնի կոչումը:

«Առաջնության խաղերը տոն էին մեզ համար, ստադիոններում 15-20 հազար երկրպագու էր հավաքվում»,- հիշեց Կարապետյանը:

Nazar Petrosyan 2011x2048 1 960x978 - Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

90-ականների վերջը նշանավորվեց «Շիրակի» ու «Ցեմենտի» դիմակայությամբ: Ականատեսները փաստում են, որ 30 տարվա պատմություն ունեցող Պրեմիեր լիգան երբեք ավելի լարված հակամարտություն չի ունեցել, որքան այդ թիմերի միջև խաղերի ժամանակ էր: Գյումրին և Արարատը ներկայացնող թիմերը միմյանց հաջորդելով չեմպիոն դարձան, ինչպես նաև «Ոսկե խաղ» և սկանդալային վերախաղարկում անցկացրին:

Բայց հայկական երկու թիմերի մրցակցությունը վերջինն էր հետագա երկար տարիների ընթացքում, որովհետև սկսվում էր այլ ակումբի փառահեղ ժամանակաշրջան:

«Փյունիկի» հեգեմոնիան

2001-ից սկսած Հայաստանում տոն էր տալիս միայն մեկ ակումբ՝ «Փյունիկը»: Երևանյան ակումբը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նրա գերիշխանության մեկնարկը համընկավ երկրպագուական բումի հետ, երբ Հայաստանի Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուրի կենտրոնական խաղին մոտ 10 հազար երկրպագու էր ներկա լինում: Այնուհետև «Փյունիկը» սկսեց զարգացնել հաջողությունը, հրավիրեց որակյալ լեգեոներների և իր հաղթանակները տեղափոխեց եվրոպական ասպարեզ:

«Փյունիկը» հայկական առաջին սուպերակումբն էր, եթե կարող ենք այդպիսի բնորոշում տալ: 2002-2004 թվականներին թիմը մշտապես հաղթահարում էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, ինչը չէր կարող դրական չազդել մեր ֆուտբոլի իմիջի վրա»,- նշեց Հայկ Կարապետյանը:

Մեր ընտրանին

Այդ հաղթանակներից հետո «Փյունիկը» փոխեց իր զարգացման վեկտորը: Ակումբն ավելի շատ սկսեց վստահել իր սաներին և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Այդպես, 2000-ականների կեսերին ակումբի կազմում սկսեցին փայլել խոստումնալից երիտասարդներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և ուրիշներ։

«Այն ժամանակ «Փյունիկին» խաղերից շատերը հեշտությամբ էին տրվում: Իմ առաջին մրցաշրջանում արդեն նկատեցի, որ թիմում կար ներքին վստահություն. խաղամակարդակով այնքան ուժեղ էինք մրցակիցներից, որ անպայման չեմպիոն էինք դառնալու: Սակայն ես այդ ժամանակ երիտասարդ էի և ավելի շատ կենտրոնանում փոխարինման մտնելիս ինձ լավ դրսևորելու վրա: Հաջորդ տարիներին մենք իսկապես չեմպիոնության գլխավոր հավակնորդն էինք, բայց կային նաև այլ լավ թիմեր՝ «Միկան», «Բանանցը», «Արարատը»: Այդ ակումբները ուժեղ մրցակցություն էին ապահովում»,- VNews.am-ի հետ զրույցում ընդգծեց «Փյունիկի» կազմում 5 անգամ Հայաստանի չեմպիոն դարձած Գևորգ Ղազարյանը:

828388 w2 - Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

«Փյունիկի» վերածնունդն անմիջականորեն կապված է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն Սլավա Սարգսյանը կարծում է, որ դա էական ազդեցություն չուներ չեմպիոնական պայքարում.

«Փյունիկի» սեփականատերերը բավական մեծ գումարներ էին ծախսում, մեծ թվով լեգիոներներ հրավիրում: Թիմի հաջողությունները ոմանք կարող են կապել Ռուբեն Հայրապետյանի հետ, բայց ի՞նչն էր խանգարում այլ ակումբներին նույնպես գումար ծախսել և բարձրակարգ թիմ ստեղծել: Բացի դրանից, ակումբի մարզադպրոցն էր լիարժեք աշխատում, և այդ դպրոցի սաներն են, որ հիմա ազգային հավաքականում են ընդգրկված»:

Նոր տասնամյակ, նոր չեմպիոններ

2011-ին ավարտվեց «Փյունիկի» հեգեմոնիան, և շատ այլ ակումբներ անմիջապես օգտվեցին այդ հանգամանքից: Հաջորդ 10 տարում 6 տարբեր թիմեր դարձան չեմպիոն («Ալաշկերտ»՝ 4 անգամ, «Արարատ-Արմենիա»՝ 2, «Ուլիս», «Շիրակ», «Ուրարտու» և «Փյունիկ»՝ մեկական): Անկանխատեսելի մրցաշարը դարձել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հաղթաթուղթը:

2018-ին ՀՖՖ-ում կատարվեցին կարևոր փոփոխություններ, ինչից հետո հայկական ֆուտբոլում հայտնվեցին նոր ներդրողներ և նոր ակումբներ: «Արարատ-Արմենիան», «Նոան», «Լոռին» և մյուսները Հայաստան հրավիրեցին որակյալ լեգիոներների, որոնք զգալի բարձրացրին մեր ֆուտբոլի խաղամակարդակը և մրցակցությունը առաջնության ներսում:

Միանգամից 4-5 թիմեր պայքարում են չեմպիոնության համար ընդհուպ մինչև վերջին տուրը, իսկ տիտղոսը նվաճում են միայն վերջին վայրկյանին:

Եղան նաև նշանակալի փոփոխություններ հեռարձակումների և այլ կարևոր գործոններում.

«Ամենակարևոր փոփոխությունը առաջնության վիզուալ պատկերն է: Քայլ առ քայլ ֆեդերացիան փորձում է այնպես անել, որ մեր ֆուտբոլը գրավիչ դառնա նաև միջազգային լսարանի համար: Բրենդավորմամբ, հովանավորչական պայմանագրերով և այլ միջոցներով ամեն ինչ արվում է միջազգային չափանիշներին համապատասխան դառնալու համար»,- հայտարարեց Հայկ Կարապետյանը:

Հայկական ակումբային փուլի արագ զարգացումը փաստում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը.

«Եթե VBET Պրեմիեր լիգայի զարգացումը այս տեմպերով շարունակվի, ապա 5 տարի հետո ավելի ուժեղ թիմեր կունենանք: Իհարկե, ես կուզեի, որ դրա հետ մեկտեղ նաև հայ ֆուտբոլիստների թիվն ու լեգիոներների որակը բարձրանար»:

Alashkert The Winner of VBET Armenian Premier League 8 960x640 - Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Մեր ակումբային ֆուտբոլի խաղամակարդակի զգալի բարձրացման պնդման հետ համաձայն չէ Սլավա Սարգսյանը, որը դրա հստակ բացատրությունն ունի.

«Հիմա մեր ֆուտբոլում չեմ տեսնում այն խաղամակարդակը, որը կար ԽՍՀՄ-ի ժամանակ, և դա բնական է, որովհետև մեր երկիրը փոքր է, չենք կարող հզոր առաջնություն ունենալ: Մի կողմ դնենք Նիդերլանդների ու Բելգիայի օրինակները, որոնք Եվրոպայի կենտրոնում են և իրենց երկրի հարցում խնդիրներ չունեն:

Եթե ուզում ենք ուժեղ առաջնություն ունենալ, պետք է շրջանակներն ընդլայնենք: Չգիտեմ՝ ինչի հաշվին: Պետք է աշխատանք տարվի մարզերում ակումբների թիվը մեծացնելու ուղղությամբ:  Ցանկացած վայրում, եթե ֆուտբոլի թիմ եղավ, տաղանդները կբացահայտվեն»:

VBET Պրեմիեր լիգան շուտով կունենա նաև VAR համակարգ, որը Կարեն Նալբանդյանն անձամբ է ուսուցանելու մեր մրցավարներին: 30-րդ մրցաշրջանից առաջ թիմերը զգալի ամրապնդել են իրենց կազմերը, իսկ չեմպիոն «Ալաշկերտը» հիանալի շանս ունի դուրս գալ եվրագավաթների խմբային փուլ: Դա հսկայական լիցք և մոտիվացիա կդառնար մյուս ակումբների համար:

Այդ ամենին զուգահեռ կընթանա հոբելյանական՝ 30-րդ առաջնությունը, որի չեմպիոնության համար կրկին 5-6 թիմ է պայքարելու: Չէ որ հարկավոր է համապատասխանել Եվրոպայի ամենախիտ դասավորությամբ ազգային առաջնության համբավին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1-2. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀԳ. «Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

«Վանը» 2 նորեկ ունի

13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

VBET ՀԳ. «Նորավանքը» պայքարից դուրս թողեց «Շիրակին» (տեսանյութ)

VBET ՀԳ. «Շիրակ» – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

«Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի

«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

«Մաքաբին» հաղթում է «Ալաշկերտին» առաջին կեսից հետո (տեսանյութ)

Էմբալոն խփեց «Ալաշկերտի» առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Մաքաբին» բացում է «Ալաշկերտի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

Գրիգորյան. «Թիմերի միջև խաղամակարդակի մեծ տարբերություն չկա»