fbpx

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

2 վեցթիմանի առաջնություններից հետո 2018/19 մրցաշրջանը տորթ էր թվում, այդպես էլ եղավ: Այո, տորթի վրայի բալերից գուցե բաժին հասավ ոչ բոլորին, բայց 1 տարի անց հայկական ակումբային ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի վրա է, քան ճգնաժամից առաջ, գուցե և ավելի բարձր, քան երբևէ:

Եվրոպական բոլոր առաջնություններում, որոնք ընթանում էին աշուն-գարուն համակարգով, ամենաուշը չեմպիոնը պարզ դարձավ Հայաստանում: Մի կողմից դա նշանակում է ծայրաստիճան անհաջող գրաֆիկ, որ, իրոք ժառանգություն էր մնացել հին ՀՖՖ-ից, մյուս կողմից էլ՝ այո, իրական չեմպիոնական պայքար մինչև վերջ ու գերլարված մրցաշրջան: Դե, իսկ չեմպիոնական խաղի մթնոլորտը ընդհանրապես համեմատելի չէ. Սա այն է, ինչ ունեինք 2 տարի առաջ,

Իսկ սա այն, ինչ ունեցանք այս տարի:

Իհարկե, կոսմետիկ առումով փոփոխությունը շատ ակնառու է: Գեղեցիկ մարզահագուստներ, ակտիվ սոցցանցային էջեր, նոր լույսեր մարզադաշտում, հատուկ չեմպիոնական մարզաշապիկներ, երկրպագուների խմբեր գրեթե բոլոր թիմերի մոտ, ու նման շատ, շատ մանրուքներ: Հայկական ֆուտբոլը Paint-ից անցել է PhotoShop-ի, դա երևում է ու աչք է շոյում:

Բայց այս փոփոխությունը անբովանդակ չէ: Իրականում, աճել են նաև ակումբները: Գոնե ինձ համար առաջին անգամն է, որ մրցաշրջանի ավարտից հետո անհամբերությամբ սպասում եմ եվրագավաթային խաղերին, որովհետև գրեթե վստահ եմ, որ նրանք նվազագույնը ցույց են տալու արժանապատիվ ֆուտբոլ ու նաև հասնելու են որոշակի հաջողության: Խմբային փուլ հասնելու մասին խոսակցությանը կրկին դեռ վաղ է, բայց գոնե պարզ է, որ պայմանական «Սուտյեսկաներն» ու «Մլադոստները» այլևս մրցակից չեն մեր թիմերին:

Ճիշտ է, մրցաշրջանի ավարտից ընդամենը 3 օր անց արդեն իսկ թիմերից սկսեցին մեծ թվով ֆուտբոլիստներ հեռանալ, ու ակումբները, ինչպես սովորաբար, եվրագավաթների համար հավաքելու են նոր կազմ, բայց նույնիսկ այդ պարագայում վստահ եմ, որ նրանք կկարողանան:

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

Ինչպե՞ս ստացվեց

ՀՖՖ կազմի փոփոխությունից հետո գուցե և որոշակի թեթևություն իջավ հայկական ֆուտբոլային շրջանակներում, սակայն դա այս աճի գլխավոր պատճառը չէր: Մեծ հաշվով, այսօրվա իրավիճակի բոլոր դերակատարները հայկական ֆուտբոլ մտել էին դեռ հեղափոխությունից առաջ:

Ֆուտբոլային առումով Հայաստանը աշխարհին կարող է առաջարկել գլխավորապես մեկ բան՝ եվրագավաթային փաթեթ՝ 4 ուղեգիր դեպի եվրոպական հեղինակավոր առաջնություններ, ընդ որում՝ սուպերմատչելի գնով: Ռուսաստանում ԵԼ ուղեգրի համար պայքարելու համար թիմը պետք է ունենա տարեկան նվազագույնը 50 մլն եվրո բյուջե, ու դա էլ դեռ բավական չէ. «Սպարտակը» տարեկան մոտ 80 մլն եվրոյով վերջին 7 տարում 2-3 անգամ է մասնակցել եվրագավաթի: Իսկ Հայաստանում՝ սուպեռ, 1 մլն-ը թեթևակի գերազանցող բյուջեն ձեզ կապահովի նվազագույնը մասնակցություն որակավորման փուլին, իսկ խմբային մրցաշար հասնելու համար էլ անհրաժեշտ կլինի մի 3-5 մլն եվրո բյուջե, քարը տրաքի՝ 10: Խմբային մրցաշարը նվազագույնը հետ կբերի մոտ 7 մլն եվրո այդ ներդրումից, ուստի սա գտած առաջարկ է: Հենց սա էլ Հայաստան բերեց ռուսական կապիտալով հայ գործարարներին, ընդ որում՝ նրանցից 2-ը արդեն Ռուսաստանում այս կամ այն կերպ փորձել էին այդ ճանապարհը ու հասկացել, որ Հայաստանում ավելի էժան է:

Շիրվանզադեի «Արտիստի» հերոսը Լա Սկալայի դիմաց վաճառում էր իր հերթը: Նման մի բան մենք հիմա տեսնում ենք Հայաստանում, վաճառվում է ակումբի տեղ Բարձրագույն խմբում, ինչպես նաև 3 տարվա պատմությունը, որ հնարավորություն է տալու խաղալ եվրագավաթներում: Հենց այդպես «Արարատ-Արմենիան» ձեռք բերեց «Ավան Ակադեմիան», «Արցախն» էլ վաճառվեց, շուտով կանվանափոխվի ու ամեն ինչ կսկսի նորից:

Այո, եվրագավաթային ուղեգրերը Հայաստանը նոր չէ, որ ունի, այդ դեպքում ինչու դրա մասին հիշեցին միայն հիմա: Նախ, ՈՒԵՖԱ-ն վերջին տասնամյակում տարեցտարի ավելացրեց դրանց մասնակցության համար պարգևավճարների գումարը՝ հասցնելով հայկական ֆուտբոլի համար բավականին լուրջ թվերի: «Ալաշկերտը», օրինակ, վերջին տարիներին տարեկան ստանում էր շուրջ 1 մլն եվրո, որը միջին հայկական ակումբի տարեկան բյուջեի չափն է: 300-500 հազար եվրո էլ սովորաբար ձեռք էին գցում Եվրոպա լիգային մասնակցող թիմերը: Այս մրցաշրջանի տարբերությունն այն է, որ եթե նախկինում թիմերը պայքարում էին հենց այս գումարների համար, ապա այժմ եկել են ավելի խոշոր խաղացողներ, ովքեր պայքարում են կոնկրետ Եվրոպա լիգայի խմբային փուլ հասնելու հեռահար նպատակով:

Գործընթացին լրացուցիչ թափ հաղորդեց «Փյունիկի»՝ նախորդ ամառվա հաջողությունը: Գործարարները առան համն ու սկսեցին ավելի նպատակադրված գնալ դրան: Ավելի լավ խաղացողներ, ավելի ուժեղ մարզիչներ, ավելի շատ պարգևավճարներ, փողը սկսեց հոսել հայկական ֆուտբոլ:

«Բանանցն» իր ռազմավարությանը հավատարիմ, «Փյունիկն» էլ նույն ոճով, բացի մրցաշարային արդյունքներից մեծ ուշադրություն են դարձնում նաև ակումբային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը: «Արարատ-Արմենիան» ավելի շատ կենտրոնացել էր ֆուտբոլային հաջողության վրա: Բայց հենց այս երեքը հայկական ֆուտբոլը խցկեցին վերելակ ու ստիպեցին բարձրանալ մեկ հարկ վերև: «Ալաշկերտը» այս ընթացքում թիմ բերեց գուցե և իր պատմության ամենաուժեղ ֆուտբոլիստներին, բայց նույնիսկ դա չբավարարեց. այսօր արդեն հարցը միայն փողի մեջ չէ, այլ նոր, համակարգային մոտեցումների: Հենց սա է աճը, որ մենք ունեցանք…

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 36-րդ տուրը

Հասցնել նրանց հետևից

Երբեմն, հայկական ֆուտբոլն իր ներկա վիճակում չի հասցնում այն տեմպի հետ, որ հաղորդվեց այս մրցաշրջանում՝ հատկապես վերոնշյալ եռյակի կողմից: Սա կարծես նույն այն վիճակն է, երբ, ըստ Արամ Ոսկանյանի, հայ մրցավարը չի հասցնում դրվագի հետևից, որովհետև դեռ երբեք այսպիսի արագ ֆուտբոլիստների հետ գործ չի ունեցել: Այո, այս մրցաշրջանում չբավարարեց թե՛ մրցավարների որակը, թե՛ մարզադաշտերը քանակը, թե՛ դրանց որակը, թե՛, թե՛, թե՛… Մեծ հաշվով, չբավարարեց համակարգը:

Արդեն երկրորդ մրցաշրջանը անընդմեջ հայկական ֆուտբոլը չի կարողանում որոշել չեմպիոնի, որին կընդունեն բոլորը…

Առկա համակարգը ուղղակի չի աշխատում որպես համակարգ, այլ նրա առանձին դետալները փշրվում են այն ճնշումից, որ ստեղծվել է դաշտում: «Փյունիկ» և «Արարատ-Արմենիա», երկու հզոր ուժեր, լավ ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ, ուժերի այսպիսի պայքարում հաղթողը որոշվելու մեկ շատ փոքր գործոնով: Երբ համակարգը ուժեղ է, այդ մեկ գործոնը բաժին է ընկնում հենց ակումբներին: Օրինակ՝ Ջերարդի սայթաքումը, որ 2014-ին տիտղոսը թողեց «Մանչեսթեր Սիթիին»:

Բայց երբ համակարգը թույլ է, ապա ճնշմանը չի դիմանում հենց համակարգը, այս դեպքում մրցավարությունը: Ընդ որում՝ շեշտեմ, որ խոսքը չի վերաբերում միայն Արտակ Սիմոնյանի սխալին՝ «Լոռի» – «Փյունիկ» խաղում: Չեմպիոնական եզրագծին սխալները այնքան շատ էին, որ այդպես էլ չես կարողանալու որոշել՝ ում օգտին էր ամեն ինչ: Բայց վերջնական արդյունքում մնալու է կասկածը, որ հաղթեց գուցե և ոչ ուժեղագույնը:

Վեր բարձրանալ ակումբների հետ նվազագույնը նույն մակարդակի, եթե ոչ ավելի բարձր՝ ահա ՀՖՖ գլխավոր մարտավարական խնդիրը առաջիկա տարվա համար, այլապես պրոֆեսիոնալ լիգան կսկսի ավելի ու ավելի իրական դառնալ: Իսկ ակումբները սպասելու մտադրություն չունեն, դա մեկ անգամ արդեն ցույց տվեց Ջևան Չելոյանցը՝ զոհելով նույնիսկ սեփական դաշտում գավաթը բարձրացնելու երազանքը:

Ի՞նչ է լինելու հետո

Այս տարվա եվրագավաթային թիմերից 2-3-ին գուցե և ՈՒԵՖԱ-ից եկած այդ մի քանի հարյուր հազար եվրոն առանձնապես չի հետաքրքրում, նրանք, միևնույն է, ծախսելու են՝ լինեն այդ փողերը, թե ոչ: Այդ մի քանի հարյուր հազարը շատ ավելի կենսական կարևորություն ունեին տեղական կապիտալով թիմերի համար, բայց նրանց արդեն ավելի ու ավելի դժվար է լինելու ձեռք գցել այդ փողերը: Վերջիններիս համար այժմ սկսվում է ամենադժվար շրջանը՝ նրանք պետք է վերապրոֆիլավորվեն ու գտնեն իրենց տեղը: Ամենադժվարը դա լինելու է «Ալաշկերտի» համար:

«Շիրակը» դեռ մեկ տարի առաջ էր զգացել իր տեղը. թիմը հրաժարվեց ծախսատար լեգեոներներ բերելու պրակտիկայից ու սկսեց ակտիվորեն խաղաժամանակ տրամադրել իր սաներին: Ակումբը նվազագույն ծախսերի պայմաններում ակադեմիայի հաշվին կշարունակի պաշտպանել մարզի սպորտային պատիվը, իսկ ժամանակ առ ժամանակ էլ, երբ հավաքվի լավ սերունդ կամ համընկնեն այլ երջանիկ պատահականություններ, ուրախություն պարգևի գյումրեցիներին: Ներկայիս արահետը ի վերջո նույն ճանապարհին է հանելու նաև «Լոռիին», միայն թե վանաձորցիները ավելի երկար են սպասելու: Առաջիկա 1-2 մրցաշրջանները «Կանաչների» համար լուրջ փորձություն են դառնալու, հատկապես, որ ակումբը կարծես հրաժարվեց աֆրիկական ուղղությունից:

Մի կողմից ավելի դժվար, մյուս կողմից ավելի հեշտ է լինելու «Գանձասար-Կապանի» վիճակը: Գործարանի ֆինանսավորմամբ թիմի գոյությանը կարծես թե վտանգ չի սպառնում, բայց այս պայմաններում, առանց տան, առանց մարզում որևէ դերակատարության, «Գանձասար-Կապանը» կարծես ընդամենը ժամանակ է ծախսում, իսկ զարգացման մասին խոսելը ավելի ու ավելի դժվար է դառնում:

«Արարատին» կարող է խելքի բերել միայն մեկ դիվիզիոն նահանջելու վտանգը, բայց պետք է նաև չմոռանանք սեփականատերերի ֆինանսական հնարավորությունները, լավ մենեջմենթի ու բավարար ցանկության դեպքում նրանք «Արարատը» կարող են հանել Արարատի բարձրության: «Արցախի», որը հավանաբար «Նոյ» է դառնալու, ճակատագիրը ևս պարզ կդառնա հաջորդ մրցաշրջանում, այս առումով թիմը բավականին փակ է: Սակայն, ամենադժվարը լինելու է «Ալաշկերտի» գործը, որը կարծես խնայողական ռեժիմի տարբերակը չունի, դե իսկ սեփականատերն էլ, ամեն դեպքում, միլիարդատեր չէ: Չնայած վերջին տարիների ֆուտբոլային գերիշխանությանը՝ «Ալաշկերտը» այդպես էլ լուրջ համակարգային քայլեր չձեռնարկեց: Կհամաձայնի Բագրատ Նավոյանը ունենալ ուղղակի միջակ կամ միջակից մի փոքր ուժեղ թիմ՝ դժվար հարց է…

Այս տարի ներքևից բարձրանում է ևս մեկ՝ ռուսական, բավականին անհայտ կապիտալով ֆուտբոլային ակումբ՝ «Երևանը»: Միաժամանակ, առաջին խմբում կարծես միանգամից մի քանի նոր թիմ է լինելու, գրեթե բոլորը՝ մարզային: Երևանում ակումբ ստեղծելը դառնում է անիմաստ զբաղմունք, որովհետև՝ մյուսներից ավելի ուժեղ լինելը շատ մեծ ֆինանսների հետ է կապված, իսկ ուրիշ բանով տարբերվել ուղղակի հնարավոր չէ: Ներքևից ընթանում է թիմերի քանակական աճը, իսկ վերևն էլ պետք է ապահովի որակը: Թե ինչքանով է այդ որակը համապատասխանում եվրոպական ստանդարտներին՝ կտեսնենք արդեն մեկ ամսից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայտնի է՝ ո՞ր թիմերի հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման 2-րդ փուլ անցնելու դեպքում

«Արցախն» անվանափոխվել է և նոր անվանմամբ կմասնակցի 2019/20թթ․ առաջնությանը

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

«Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իսպանիայից

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Պաշտոնական. «Արարատի» երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները ՉԼ որակավորման 1-ին փուլում

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

ՀՖՖ մրցանակաբաշխություն 2019. «Լեոն», «Յունիոր Սևանն» ու «Արարատ-Արմենիան» ստացան չեմպիոնական գավաթները (տեսանյութ)

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

«Արարատը» մեկնել է Մոսկվա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու