#Here we go. Ով է Ֆաբրիցիո Ռոմանոն, որը գիտի ամեն ինչ տրանսֆերների մասին - VNews
Բաժիններ

#Here we go. Ով է Ֆաբրիցիո Ռոմանոն, որը գիտի ամեն ինչ տրանսֆերների մասին

Ֆուտբոլում, ինչպես գիտենք, գլխավոր գործող անձինք ֆուտբոլիստներն են, հետո՝ մարզիչները, ակումբների նախագահները, ֆուտբոլային գործակալները… բայց կան նաև մարդիկ, որոնք նույնպես հայտնվում են ուշադրության կենտրոնում, հատկապես՝ տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ. նրանք ինսայդերներն են՝ մարդիկ, որոնք կարողանում են ներքին տեղեկություններ կորզել տրանսֆերների մասին: Նրանցից լավագույնն այս պահին իտալացի Ֆաբրիցիո Ռոմանոն է, որը կարողանում է հավաստի տեղեկություններ տրամադրել ավելի արագ, քան մամուլը: Բայց ո՞վ է նա, ինչպե՞ս է կարողանում նա իր թվիթերյան էջով ավելի մեծ լսարան հավաքել, քան մի շարք հեղինակավոր պարբերականներ: Սկսենք սկզբից:

Առաջին «գոլը»

Ռոմանոն դեռ 18 տարեկան է եղել, երբ աշխատել է որպես մարզական լրագրող իտալական համեստ կայքերից մեկում: 6 ամիս այնտեղ աշխատելուց հետո երիտասարդ Ֆաբրիցիոյին զանգ է գալիս Բարսելոնայից. գործակալներից մեկը խնդրում է Ռոմանոյին գալ «Բարսելոնայի» մարզաբազա՝ «Լա Մասիա» ու օգնել իրեն լուսաբանել 2 հեռանկարային և տաղանդավոր ֆուտբոլիստների խաղի մասին, ինչը կարող էր մեծապես նպաստել այդ ֆուտբոլիստների՝ այլ ակումբներ տեղափոխվելուն:

«Այդ ֆուտբոլիստները Մաուրո Իկարդին էին և Ժերար Դելոֆեուն: Ես համաձայնեցի օգնել այդ գործակալին ու կապ պահպանեցի նրա հետ: Իսկ երբ Իկարդին տեղափոխվեց «Սամպդորիա», ես առաջինն իմացա այդ մասին, ու հետևաբար՝ առաջինը ես հայտնեցի բոլորին այդ տրանսֆերի մասին: Դա իմ առաջին մեծ նորությունն էր, որ հայտնեցի: Այս ամենը նմանեցնում եմ Չեմպիոնների լիգային, ու երբ հայտնում եմ ինչ-որ թոփ տրանսֆերի մասին, կարծես գոլ խփեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Իկարդիի մյուս տրանսֆերի մասին նույնպես հենց ես առաջինը հայտնեցի, երբ նա «Սամպդորիայից» արդեն «Ինտեր» էր տեղափոխվում: Մաուրոյի գործակալը զանգահարեց ինձ դեռ նոյեմբերին ու ասաց, որ ակումբները համաձայնության են հասել. ես կարողացա ճշտել նաև, որ Իկարդին ոչ թե հունվարին, այլ հաջորդ ամռանն է տեղափոխվելու «Ինտեր»: Հենց այդպես էլ սկսեց ամեն ինչ ու ինձ շատ դուր եկավ լրագրողի այս դերն ու կարգավիճակը», – ասում է իտալացին SPORTbible-ին տված հարցազրույցում:

Կապերը

Երկար տարիներ է անցել Ռոմանոյի՝ առաջին տրանսֆերային լուրը հայտնելուց հետո. այժմ ինսայդերը 27 տարեկան է, ու իր գործի մեջ դարձել է թոփ մասնագետ: Չկա գեթ մեկ կարևոր տրանսֆերային լուր, որը չանցնի Ռոմանոյի «ձեռքի տակով». եթե ցանկանում եք տեղեկություններ ունենալ վերջին տրանսֆերային լուրերից, ապա պարզապես մտեք Ֆաբրիցիոյի թվիթերյան էջ և թարմացրեք, ու կտեսնեք՝ ինչ շարժ կա շուկայում և ինչպես են մոտ 2 միլիոն հետևորդ սպասում Ռոմանոյի նոր գրառումներին:

Ռոմանոյի՝ այսպիսի մեծ հաջողություններին հասնելու գլխավոր գրավականը կապերն են, որ նա կարողացել է հաստատել ֆուտբոլի հետ կապված գրեթե բոլորի՝ գործակալների, լրագրողների, մարզական տնօրենների, մարզիչների ու նույնիսկ ֆուտբոլիստների հետ:

«Իմ կյանքի ընկերը դարձել է իմ բջջային հեռախոսը: Ամեն օր ես նոր ծանոթություն եմ հաստատում, ամեն օր նոր մարդկանց հետ շփվում, որոնք կապ ունեն ֆուտբոլային աշխարհի և տրանսֆերների հետ: Իտալիայի փողոցներում չկա ռեստորան կամ հյուրանոց, որտեղ ես չունենամ ինչ-որ ծանոթ և չկարողանամ տրանսֆերային ինչ-որ տեղեկություն իմանալ: Գլխավորը՝ ճիշտ մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելն է: Ամեն ինչ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

Կան շատ կարևոր մարդիկ ֆուտբոլում, որոնց ես վստահում եմ 100 տոկոսով, քանի որ ճանաչում եմ նրանց արդեն երկար տարիներ, և նույն վերաբերմունքն ունեն նաև նրանք իմ հանդեպ, քանի որ գիտեն՝ երբեք խնդիրներ չեմ ստեղծի նրանց համար և երբեք ավելորդ կամ սխալ տեղեկություն չեմ տարածի իրենց մասին: Ես նույնիսկ կարող եմ ռիսկի դիմել՝ թույլ տալով, որ տրանսֆերային ինչ-որ տեղեկության մասին այլ լրագրող առաջինը հայտնի և ես կորցնեմ առաջինը լինելու իմ կարգավիճակը, քանի որ հարգում եմ այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ: Բայց, միևնույն ժամանակ, ես պահանջում եմ նրանցից միայն ճշգրիտ տեղեկություն: Ես հրաշալի հարաբերություններ ունեմ տարբեր երկրների թիմերի ու ֆուտբոլիստների գործակալների հետ», – ընդգծում է Ռոմանոն:

Աշխատելաոճը

Ռոմանոն գրեթե միշտ հավաստի տեղեկություններ է տարածում. նա ունի մեկ նշանաբան՝ կարևորը լինել ճիշտ, ոչ թե՝ առաջինը: Հենց այդ պատճառով էլ հիմա, երբ մարդիկ տեսնում են, որ Ֆաբրիցիոն ինչ-որ գրառում է արել, արդեն գիտեն, որ ինչ-որ բան տեղի է ունենում:

«Մեզ համար կա մի օրենք. եթե պարզվում է, որ քո տարածած տեղեկությունը կեղծ էր, օրինակ այն դեպքում, երբ ֆուտբոլիստը հաջորդ օրը հերքում է տվյալ լուրը, ապա վերջ՝ դու մահացած ես: Մի օր դու արքա ես, իսկ հաջորդ առավոտյան՝ արդեն մահացած: Պետք է անկեղծ լինել մարդկանց հետ: Հեշտ չէ միշտ լինել առաջինը, երբ տեղեկություններ ես հաղորդում Պրեմիեր լիգայից, Ա սերիայից, Լա լիգայի ու Բունդեսլիգայից:

Չեմ սիրում վաճառել կեղծ լուրեր, դա ինձ հոգեհարազատ չէ: Ես չեմ ցանկանում վաճառել երազանքներ, իմ նպատակն է տեղեկացնել՝ ինչ է իրականում կատարվում տրանսֆերային շուկայում: Իհարկե՝ սա հեշտ աշխատանք չէ, ու հնարավոր չէ միշտ լինել ճիշտ: Ավելի հեշտ կլիներ տեղեկություններ հաղորդել միայն մեկ թիմի մասին, քանի որ այդպես կիմանայիր միայն մեկ նախագահի, մարզչի, մարզական տնօրենի, մի քանի գործակալի և ֆուտբոլիստի մասին:

Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, շփվում եմ չափազանց տարբեր ու հետաքրքիր մարդկանց հետ, բայց այն երբեմն խելագարեցնող է. ես անդադար նամակագրությունների մեջ եմ: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ գիտեմ՝ մարդիկ հավատում են ինձ: Բայց այս գործում միայն ես չեմ, կա նաև, օրինակ՝ Ջանլուկա դի Մարցիոն: Մենք մի թիմ ենք ու աշխատում ենք միասին, դրա համար էլ մենք թոփ ակումբների պես ուժեղ ենք: Ֆուտբոլն ու տրանսֆերային շուկան չափազանց նման են իրար», – խոստովանում է Ռոմանոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռոնալդուն «Յուվենտուսում» ցանկանում է տեսնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին

Առանց ակումբի մնացած Մանջուկիչը կարող է վերադառնալ Ա սերիա

«Այաքսի» նոր «ադամանդը», որի համար եվրոպական գրանդները պայքարի մեջ են մտել

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Գրիզմանը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լիոն»

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» համաձայնության է հասել Դեպայի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն արդեն որոշել է՝ ում է գնելու ընտրվելուց հետո

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Մայորալ. «Զիդանը ցանկանում էր, որ ես մնայի»