«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում - VNews
Բաժիններ

«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում

Վերջին ամիսների, նույնիսկ օրերի ընթացքում ֆուտբոլում բազմաթիվ ռեկորդներ են գրանցվում: Հիմնականում դրանք կապված են այս կամ այն առաջնությունում արդյունավետության կամ ամենից շատ հանդիպումներ անցկացնելու հետ: Առաջին ցուցանիշի հեղինակները հիմնականում երիտասարդ խաղացողներն են, երկրորդ խմբի անդամները ֆուտբոլային «ծերունիներն» են: Այս մրցաշրջանում ռեկորդների առյուծի բաժինը գրանցել են երիտասարդ տաղանդներ Մբապեն ու Հալանդը: Բայց դե, քանի դեռ Մեսին ու Ռոնալդուն ուրախացնում են մեզ իրենց հիասքանչ խաղով, նրանց անունն է ասոցացվելու «ռեկորդ» բառի հետ:

Քանի որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը մտնում է իր բուռն ընթացքի մեջ, առաջարկում ենք վերհիշել ռեկորդներ, որոնք դեռ գերազանցված չեն, սակայն կա հավանականություն, որ կմտնեն պատմության գիրկն արդեն այս մրցաշրջանում:

Ամենաշատ գոլը մեկ եզրափակիչի ընթացքում. Ֆերենց Պուշկաշ (4 գոլ)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ խփելը ցանկացած ֆուտբոլիստի երազանք է: 60-70-ական թվականներին, երբ դաշտում գերակշում էին հարձակվողները, մեծ էր հավանականությունը, որ եզրափակիչում նրանցից մեկը կարող է հեթ-տրիկ գրանցել: Ժամանակակից Չեմպիոնների լիգայում այդպիսի ֆուտբոլիստ չկա: Բայց 1959/1960 մրցաշրջանի եզրափակիչում «Ռեալի» լեգենդ Ֆերենց Պուշկաշը 4 գոլ է խփել «Այնտրախտի» դարպասը:

Այս ռեկորդը գերազանցելը թեպետ դժվար է, բայց իրատեսական: Այսօրվա ֆուտբոլի գլխավոր գոլահարներն այս մրցաշրջանում կարող են դա անել՝ Մբապեն, Ռոնալդուն, Հալանդը, Մեսին (դժվար, բայց դե):

Ամենաշատ խաղեր. Իկեր Կասիլյաս  (177)

1999 թվականի Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» հետ արտագնա խաղին «Ռեալի» դարպասը պաշտպանում էր երիտասարդ դարպասապահ, որի մարզաշապիկին անգամ ազգանունն էր բացակայում. «27» համարի շապիկով «Արքայական ակումբի» կազմում դաշտ էր դուրս եկել Իկերը: 20 տարի անց՝ 2019 թվականի ապրիլին «Լիվերպուլի» դեմ խաղում էր արդեն ոչ թե մի հասարակ տղա, այլ մեծագույն դարպասապահ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլյասը, որն այդ օրը սահմանեց Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդ՝ դաշտ դուրս գալով 177-րդ անգամ:

Կուռքեր ունեցող մարդկանց համար ցանկացած ռեկորդի գերազանցումը հարված է սրտին, բայց դա պետք է ընդունել՝ ինչպես հարկն է: Իկերի թիկունքից արդեն լսվում է Կրիշտիանու Ռոնալդուի վազող շունչը: Պորտուգալացին անցկացրել է 175 հանդիպում: Եվս երկուսը, և Կասի ռեկորդը կընկնի: Բայց ոչ ոք չունի երաշխիք, որ «Պորտուի» հետ պատասխան խաղում «Յուվեն» կհասնի հաջողության: Այդպես Ռոնը կարող է այդ ռեկորդի թարմացումը թողնել հաջորդ մրցաշրջանի վրա:

Մեր ընտրանին

Ճիշտ է՝ եթե հաշվենք նաև որակավորման խաղերը, Կասիլյասի ցուցանիշին պետք է գումարել ևս 4 հանդիպում: Բայց այստեղ կա փոքրիկ նյուանս. Ռոնալդուն էլ է 4 խաղ անցկացրել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Այնպես որ՝ ևս 2 խաղ ու Ռոնալդուն կթարմացնի ևս մեկ անհավանական ռեկորդ: Մոտակա հետապնդողը Լիոնել Մեսին է, որն ունի 148 հանդիպում իր ակտիվում: Այս տարի միանշանակ այդ ցուցանիշը գերազանցել չի ստացվի: Հաջորդում՝ ևս:

Ամենից շատ հեթ-տրիկներ. Մեսի և Ռոնալդու (8-ական)

Տիեզերական մակարդակի ֆուտբոլ ցույց տված Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայում իսկական Counter Strike և Need for Speed են կազմակերպել ու միավորել են նոր Action խաղի մեջ: 2018 թվականին Մեսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ ՊՍՎ-ի հետ խմբային փուլի խաղում՝ գրանցելով իր 8-րդ հեթ-տրիկը միայն Չեմպիոնների լիգայում, 8-րդը, Կառլ (մարդիկ իրենց կարիերայում 8 հատ չեն անում): Բայց 2019-ի «Ատլետիկոյի» հետ պերֆոմանսի ժամանակ Կրիշը ևս 3 գոլ խփեց ու այդ ցուցանիշով հավասարվեց Լեոյին:

«Բարսելոնան» ՊՍԺ-ի հետ արտագնա խաղում պետք է նորից «ռեմոնտադա» անի, որպեսզի Մեսին հեթ-տրիկի հույս ունենա: Իհարկե, դա հավանական է, բայց ոչ իրատեսական: Իսկ Ռոնալդուի ու «Յուվեի» շանսերը «Պորտուի» հետ խաղում անհամեմատ ավելի շատ են: Եթե «բյանկոներիները» անցնեն հաջորդ փուլ, ԿրիՌոն կունենա իր ակտիվում ևս 2 հանդիպում: Պետք է չմոռնալ ևս մեկ հանգամանք. Ռոնալդուին համարում են փլեյ-օֆֆ փուլերի մասնագետ. Մեսին 2 հեթ-տրիկ է գրանցել խմբայից փուլից հետո, Ռոնալդուն՝ 4, ընդ որում՝ անընդմեջ:

Եզրափակիչների լավագույն ռմբարկու. Ալֆրեդո դի Ստեֆանո, Ֆերենց Պուշկաշ (7-ական գոլ)

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչներին վերևում անդրադարձանք: Բայց կա ևս մեկ ցուցանիշ, որը երկար տարիներ է՝ անգերազանցելի է մնում: «Ռեալի» լեգենդնար հարձակվողներ Ֆերենց Պուշկաշն ու Ալֆրեդո դի Ստեֆանոն ՉԼ եզրափակիչումներում խփել են 7-ական գոլ: Նրանց մոտակա հետապնդողը Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացին խփել է 4 գոլ: «Յուվենտուսի» հետ 2017 թվականի եզրափակիչում նա դուբլ է գրանցել: Եթե այս տարի Կրիշն իր թիմի հետ հասնի եզրափակիչ և այնտեղ հեթ-տրիկ գրանցի, դի Ստեֆանոն ու Պուշկաշը պետք է նեղ անեն, տեղ անեն՝ Ռոնալդուին իրենց կողքին նստելու թույլտվություն տալու համար:

Ի դեպ, CR7-ը եզրափակիչ հասնելու և գոլ խփելու դեպքում կարող է ևս մեկ բացարձակ ռեկորդ գրանցել: Նրանից զատ միայն 2 ֆուտբոլիստի է հաջողվել եզրափակիչում գոլ խփել երկու տարբեր թիմերի կազմերում: «Յուվեի» կազմում մրցաշարի գլխավոր խաղում գոլ խփելու դեպքում նա առաջ կանցնի Վելիբոր Վասովիչին ու Մարիո Մանջուկիչին:

Եզրափակիչների ամենատարեց ֆուտբոլիստ. Դինո Ձոֆ (41 տարեկան 86 օրական)

Չեմպիոնների լիգայում տարեցների ռեկորդի առաջին 3 հորիզոնականները պատկանում են դարպասապահներին, ընդ որում՝ առաջին երկուսը իտալացիներ են: 43 տարեկան 8 ամսական Մարկո Բալոտան «Ռեալի» դեմ հաղթական խաղում գերազանց պաշտպանեց «Լացիոյի» դարպասն ու սահմանեց Չեմպիոնների լիգայի թվացյալ հավերժ ռեկորդ: 2007 թվականից ի վեր այդ ռեկորդին փորձել են մոտենալ 3 խաղացող՝ Ալեքսանդր Շովկովսկին, Ջանլուիջի Բուֆոնն ու Մարկ Շվարցերը: Շվարցերն այլևս չի խաղում, Շովկովսկին այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է ավարտել կարիերան: Ու միայն Բուֆոնն է, որ դեռ պայքարում է ծերության դեմ:

Բայց եզրափակիչի ռեկորդը պատկանում է ոչ թե Բալոտային ու Բոնֆոնին, այլև նրանց հայրենակից, լեգենդար Դինո Ձոֆին: 1982/1983 մրցաշրջանի եզրափակիչում Ձոֆը չփրկեց իր թիմին «Համբուրգից» կրած պարտությունից, բայց սահմանեց ռեկորդ՝ 41 տարեկան 86 օրական: Այն այս տարի կարող է գերազանցել Բուֆոնը, եթե «Յուվեն» հասնի եզրափակիչ, Բուֆոնն էլ դաշտ դուրս գա: Բալոտայի ռեկորդը Ջիջին կգերազանցի հաջորդ տարի (եթե որոշի ևս մեկ տարի մնալ ֆուտբոլում):

3 տարբեր թիմերի հետ հաղթանակ Չեմպիոնների լիգայում. Կլարենս Զեեդորֆ  («Այաքս», «Ռեալ», «Միլան»)

Հոլանդիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը 90-ականների սկզբին հոլանդական ֆուտբոլի երիատասարդների հետ ներխուժեց եվրոպական ֆուտբոլ ու 1995-ին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ պարտության մատնելով «Յուվենտուսին»: 1998-ին մրցաշարում հաղթեց «Ռեալը»: Տուժողի դերում նորից «Ծեր Սինյորան» էր: Ու նորից Զեեդորֆը խաղում էր: 2003-ի եզրափակիչում «Յուվեն» պարտվեց Անչելոտիի «Միլանին», որի կազմում Զեեդորֆը նորից փայլում էր: Այդպես հոլանդացի ֆուտբոլիստը դարձավ մրցաշարի պատմության միակ ֆուտբոլիստը, որը հաղթել է այն 3 տարբեր թիմերի հետ:

Նրա այս ցուցանիշը կարող է այս տարի գերազանցել միայն մի ֆուտբոլիստ. Կրիշտիանու Ռոնալդուն «լոշտակների» քանակով արդեն շրջանցել է Զեեդորֆին՝ (5-4), բայց 2021-ի տրիումֆի դեպքում Ռոնալդուն կհավասարվի հոլանդացուն տարբեր թիմերի կազմում Չեմպիոնների լիգայի հաղթանակների քանակով: 2008-ին Կրիշը հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդի», 2014-ին և 2016-2018 թվականներին՝ «Ռեալի» մարզաշապիկով:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Մեսին 2021 թվականի լավագույն ռմբարկուն է. նա շրջանցեց Լևանդովսկուն

«Անհասկանալի է». Կապելոն՝ «Ռեալի» օգտին կարմիր քարտի մասին

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

Զիդան. «Գոլի կոմբինացիան ծրագրված էր, բայց հարվածը պետք է այլ ֆուտբոլիստ կատարեր»

Գվարդիոլան կրկնեց Մոուրինյուի ցուցանիշը. ռեկորդը պատկանում է Ֆերգյուսոնին

Գասպերինի. «Եթե խոսեմ կարմիր քարտի մասին, ինձ կորակազրկեն 2 ամսով»

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Մենդիի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Էլչեի» դարպասապահը զարմանք է ապրել, երբ Մեսին առաջարկել է վերցնել նրա մարզաշապիկը (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» 1-ին տուրից հետաձգված խաղում, Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

«Բորուսիա Մ.» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր