Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայկական սպորտը, մասնավորապես ֆուտբոլը ծանր կորուստ կրեցին: Կյանքի 73-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ «Արարատ-73-ի» լեգենդար կիսապաշտպան, 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975թթ. ԽՍՀՄ գավաթակիր, 1971 և 1976թթ. ԽՍՀՄ առաջնությունների արծաթե մրցանակակիր, 1972թ. մյունխենյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:
Օգոստոսի 11-ին Արկադի Անդրեասյանը նշել էր իր 73-ամյակը: Խորհրդանշական մի թիվ, որը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի տարեգրությունում՝ «Արարատին» հասցնելով փառքի երկու գագաթին: Եվ այդ աննախադեպ նվաճման, հայկական ֆուտբոլի պատմության կերտողներից մեկն էլ Արկադի Անդրեասյանն էր, ով խաղադաշտում աչքի էր ընկնում տեխնիկական բարձր պատրաստվածությամբ ու անզուգական վարպետությամբ, գնդակի վարման նուրբ տեխնիկայով ու անմնացորդ նվիրվածությամբ: Նա իր մեծ ներդրումն էր ունեցել «Արարատի» հաջողությունում:
1970-ականներին Անդրեասյան-Բոնդարենկո-Զանազանյան կիսապաշտպանական եռյակը ուժեղագույններից մեկն էր խորհրդային ֆուտբոլում: Ուստի պատահական չէր, որ Արկադի Անդրեասյանը երկար տարիներ հաջողությամբ հանդես է եկել նաև ԽՍՀՄ ազգային և օլիմպիական հավաքականներում՝ հանդիսանալով ընտրանիների առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
Չնայած Արկադի Անդրեասյանը հանդես էր գալիս կիսապաշտպանությունում, սակայն ակտիվորեն մասնակցում էր թիմի գրոհներին և հաջողությամբ եզրափակում դրանք: Դրա վառ ապացույցը ԽՍՀՄ առաջնություններում անցկացրած 242 հանդիպումներում նրա խփած 61 գոլերն են: Այդ ցուցանիշով Արկադի Անդրեասյանն «Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների եռյակում է Խորեն Հովհաննիսյանից (93 գոլ) ու Նիկոլայ Ղազարյանից (67 գոլ) հետո:
Արկադի Անդրեասյանը մի շարք տպավորիչ գոլերի հեղինակ է դարձել, որոնցից ամենահիշարժաններից մեկը 1975թ. մարտի 19-ին «Հրազդան» մարզադաշտում Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ խաղում Մյունխենի «Բավարիայի» դարպասը խփած գնդակն էր, երբ օդային մենամարտում գերազանցելով Ֆրանց Բեկենբաուերին, խոցել էր Զեպ Մայերի պաշտպանած դարպասը՝ պատմական հաղթանակ նվիրելով «Արարատին»:
Մրցաշրջան-73-ը Արկադի Անդրեասյանի ֆուտբոլային կարիերայի գագաթնակետն էր: Նա 13 գնդակով դարձավ «Արարատի» լավագույն ռմբարկուն, «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի հարցման արդյունքներով ճանաչվեց երկրի 2-րդ լավագույն ֆուտբոլիստն Օլեգ Բլոխինից հետո, ընդգրկվեց «33 լավագույն ֆուտբոլիստների» ցանկում՝ իր գծում ճանաչվելով լավագույնը:
Ընդհանուր առմամբ Արկադի Անդրեասյանը 4 անգամ (1971, 1973-1975թթ.) ընդգրկվել է մրցաշրջանի «33 լավագույն ֆուտբոլիստների» ցանկում: 1976թ. ԽՍՀՄ գարնանային առաջնությունում Արկադի Անդրեասյանը 8 գոլով ճանաչվել է երկրի լավագույն ռմբարկու՝ արժանանալով «Տրուդ» թերթի մրցանակին:
Արկադի Անդրեասյանը ֆուտբոլային կարիերան սկսել էր Կապանի «Լեռնագործում», այնուհետև հանդես էր եկել Գյումրիի «Շիրակում» և Հոկտեմբերյանի «Սևանում»՝ մասնակցելով ԽՍՀՄ «Բ» խմբի առաջնությանը: 1969-1978թթ. նա հաջողությամբ պաշտպանել է հայկական ֆուտբոլի դրոշակակիր Երևանի «Արարատի» պատիվը՝ հանդիսանալով թիմի առաջատար ու անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել «Արարատում», Աբովյանի «Կոտայքում», Հոկտեմբերյանի «Սպարտակում», Էջմիածնի «Զվարթնոցում» և Երևանի «Միկայում», գլխավորել է նաև Բեյրութի ՀՄՄ-ն, երկար տարիներ զբաղեցրել է «Արարատի» փոխնախագահի պաշտոնը: Մինչև մահկանացուն կնքելը, Արկադի Անդրեասյանն աշխատում էր «Ուրարտու» ակումբում:
Արկադի Անդրեասյանի հիշատակը վառ կմնա ֆուտբոլասերների սրտերում, հատկապես նրանց, ում բախտ է վիճակվել վայելելու հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի անզուգական խաղը:
Մխիթարյանի հրաժեշտի խոսքերը Արկադի Անդրեասյանին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո