Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:
Արգենտինական «Տեմպերլեյն» ընկերական խաղում 2-4 հաշվով պարտություն է կրել «Ինդեպենդիենտեից»: Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլի հեղինակ:
Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության В խմբի երրորդ տուրում «Ենիսեյը» 3-1 հաշվով հաղթել է «Զենիթ-2»-ին: Արթուր Սարկիսովը 16-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 33-րդ րոպեին դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Կոզլովին: Սարկիսովը փոխարինվել է 77-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը միաժամանակ դուրս է եկել խաղադաշտ:
Իրանի առաջնության 22-րդ տուրում «Փադիդեն» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Սանատ-Նաֆտի» դարպասը: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը նվազագույն հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի ընտրանուն: Միակ գոլը հեղինակել է Գրենիկ Պետրոսյանը:
23-ամյա հարձակվող Դավիթ Ղանդիլյանը, ով մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է լիբանանական «Հոմենթմենում», վերադարձել է «Արարատ»:
«Բոկա Խունիորսի» սան, բելառուսական «Բելշինայի» նախկին ֆուտբոլիստ Ֆակունդո Զամարյանը կարիերան կշարունակի Վենեսուելայի երկրորդ լիգայի «Մարգարիտու» թիմում:
Հորդանանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալ-Ջազիրան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության է հասել «Շաբաբ Ալ-Օրդոնի» նկատմամբ: Մարդիկ Մարդիկյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին՝ դառնալով գոլի հեղինակ: «Ալ-Ջազիրան» առաջին հորիզոնականում է: