Ի՞նչ է կատարվում Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ու ինչու ամեն ինչ այնքան էլ վատ չէ մեզ համար - VNews
Բաժիններ

Ի՞նչ է կատարվում Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ու ինչու ամեն ինչ այնքան էլ վատ չէ մեզ համար

Կորոնավիրուսի պանդեմիան ու հատկապես դրան ուղեկցող ֆինանսական ճգնաժամը ուժեղ հարվածելու էր ֆուտբոլային ակումբներին, դա մենք գիտեինք ի սկզբանե, բայց առաջին պայթյունները սպասվում էին 1-2 ամիս անց: Սակայն, չսպասելով նույնիսկ ապրիլի սկսվելուն, սպորտային լրատվականները «պայթեցրեց» Սլովակիայի բազմակի չեմպիոն «Ժիլինան»: Իհարկե, լուրը մեզ համար շատ աննկատ կկարդացվեր-կանցներ, եթե այնտեղ չխաղար Հայաստանի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը՝ 20-ամյա Վահան Բիչախչյանը:

Մարտի 31-ին «Ժիլինան» պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ հայտնեց ապրիլի 1-ին իր լիկվիդացիայի գործընթացի մեկնարկի մասին: Հայտարարությունից պարզ դարձավ, որ ակումբի ղեկավարությունը փորձել է պայմանավորվել բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների հետ,  որպեսզի ժամանակավորապես նվազեցնի նրանց աշխատավարձը (խոսքը բավականին բարձր, 15%-ից մինչև 70-80% նվազեցման մասին էր): «Լեզու գտնել» չէր ստացվել, ուստի ակումբի սեփականատեր Ժոզեֆ Անտոշիկը գնացել էր նման քայլի: Հավանական է, որ ամեն ինչ չհասներ սրան (կամ այսքան արագ չհասներ), եթե ֆուտբոլիստները իրենց շահերը ներկայացնելու համար «չխառնեին» երրորդ կողմի՝ Ֆուտբոլիստների արհմիության նախագահ, «Ժիլինայի» ու Սլովակիայի հավաքականի նախկին դարպասապահ Յան Մուխային (այո այո, հենց նա, ում մերոնք 7 գոլ «ներարկեցին»): Սա վերջնականապես հունից հանել էր սեփականատիրոջը:

Ի՞նչ է նշանակում լիկվիդացիա

Հայտարարության տարածումը սկզբում մեծ շոկ առաջացրեց Սլովիակիայում ու ոչ միայն այնտեղ: Լիկվիդացիան շատ արտասահմանյան լրատվամիջոցների կողմից թարգմանվեց որպես սնանկություն, մինչդեռ դա այդպես չէ: Սա ուղղակի ճգնաժամային կառավարման ռեժիմ է, որի ընթացքում նշանակվում է արտաքին կառավարում, ու կազմակերպությունն էլ ֆինանսական առողջացման հատուկ կուրս է վերցնում: Ավելի հասարակ բառերով՝

  • Ակումբը 17 խաղացողների դուռն է ցույց տվել: Նրանց վճարվել է մարտ ու ապրիլ ամսվա աշխատավարձը, ու ապրիլի 1-ից սկսած նրանք ազատ գործակալներ են, կարող են տեղափոխվել ցանկացած ակումբ առանց փոխհատուցման: Սրանք առավել բարձր աշխատավարձ ստացող խաղացողներն էին, որոնք մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ ամսական ստանում էին միջինում 6000-7000 եվրո, ու որոնք չեն համաձայնել աշխատավարձի կրճատմանը:
  • «Ժիլինան» շարունակելու է իր ելույթները բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում էր: Մնացած խաղերում թիմի կազմում խաղալու են երիտասարդ ֆուտբոլիստները, ակումբն էլ առաջիկայում ջանքերը կենտրոնացնելու է մանկապատանեկան ֆուտբոլի ու իր ակադեմիայի վրա, որը լավագույններից է տարածաշրջանում:

Կարդացեք նաև՝ Ակումբ, որտեղ տաղանդները չեն իրականացնում իրենց ֆուտբոլային երազանքները․ «Ուրարտուի» մտահոգիչ ներկան

Մի՞թե ամեն ինչ այդքան վատ էր

«Ժիլինան» սովորաբար համարվում էր Սլովակիայի ամենակայացած ակումբներից մեկը, որը ոչ միայն տիտղոսակիր է, այլև հասցրել է խաղալ Չեմպիոնների լիգայում, այն նույն մրցաշրջանում, որը հաղթեց Մոուրինյոյի «Ինտերը»: Սեփականատեր ժոզեֆ Անտոշիկն էլ, պարզվում է, սանիտարական թղթի արտադրությամբ զբաղվող հսկա ընկերության բաժնետեր է. հաշվի առնելով զուգարանի թղթի «թռչող» պահանջարկը, նա պետք է որ խնդիրներ չունենար այս շրջանում: Սակայն պաշտոնական հայտարարությունը բացատրում է իրավիճակը:

«Ակումբի ռազմավարությունը հիմնված է խաղացողների վաճառքից եկող եկամուտների վրա: Այդ կերպ՝ 2020թ. բյուջեն էլ կազմված էր՝ հաշվի առնելով ամռանը սպասվող տրանսֆերային եկամուտները: Այսօր, արդեն պարզ է, որ ամռանը տրանսֆերային գումարը մոտ է լինելու 0-ի»,-նշված է հայտարարությունում: Բացի այդ, ակումբը մինչ այդ էլ դժվարություններ էր կրում՝ կապված նախորդ ամառ իր գլխավոր տաղանդ Ռոբերտ Բոժենիկի՝ «Ֆեյենորդ» տեղափոխության դիմաց վճարի ուշացման հետ. մինչ այս պահը ակումբը ստացել է 4 մլն գնահատված տրանսֆերի միայն 10%-ը:

Փաստորեն, սա ուղղակի արձագանք է ոչ թե այսօր առկա իրավիճակին, այլ արդեն՝ դրա հետևանքներին, որ տեսնելու ենք առաջիկայում: Եթե այս ամառ այլևս մեծ վաճառք ունենալու հույս չկա, ապա ավելի լավ է ապահովել պայմաններ, որպեսզի այդ վաճառքը լինի հաջորդող տարիներին: Իսկ դրա համար պետք է նախ հնարավորինս խուսափել ճգնաժամից, և երկրորդ՝ արդեն հիմա աշխատել երիտասարդների հետ, որոնք լավ գին կունենան 2-3 տարի անց: Շախմատի լեզվով ասած՝ Բոժենիկը փորձել է մի քանի քայլ առաջ հաշվել, որպեսզի առաջիկայում խուսափի ճգնաժամից: Ամենայն հավանականությամբ, նրա հաշվարկները ճիշտ դուրս կգան, եթե…

Եթե նա կարողանա մարսել այս ամենը

«Ժիլինան» գրանցված է որպես բաժնետիրական ընկերություն, և Սլովակիայի օրենսդրությունը որոշակի լրացուցիչ հնարավորություններ է տալիս լիկվիդացիայի գործընթաց սկսած կազմակերպություններին՝ իրենց ծախսերը կրճատելու համար: Բայց, միևնույն ժամանակ, «Ժիլինան» նաև ֆուտբոլային ակումբ է, որը շարժվում է ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի սահմանած կանոններով, ինչը ենթադրում է, որ ֆուտբոլիստների հետ կնքված պայմանագրերը ենթակա են կատարման:

Կարելի է ասել, որ Ժոզեֆ Բոժենիկը ռիսկի է գնացել՝ հույսը դնելով մի քանի գործոնների վրա: Նախ, նա հույս ունի, որ այս ֆուտբոլիստները շատ արագ նոր ակումբներ կգտնեն ու նրանցից շատերն ուղղակի չեն դիմի դատարան: Նա ինքը հարցազրույցներում նշել է, որ բաց է թողել իր թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստներին, ու շատ ակումբներ կուզենան առանց դրա դիմաց վճարելու ունենալ նման խաղացողների:

Սեփականատիրոջ մյուս հույսը հանրային աջակցությունն է: Բանն այն է, որ Սլովակիայում գրեթե բոլոր ակումբները կարողացել են ֆուտբոլիստների հետ համաձայնության հասնել աշխատավարձերի կրճատման շուրջ, ու այս պարագայում ստացվում է, որ միայն «Ժիլինայի» այդ 17 ֆուտբոլիստներն են, որ չեն ցանկացել փոխզիջման գնալ ու ընդունել առկա իրականությունը:

Ժոզեֆ Բոժենիկը

Բացի այդ, Բոժենիկի գլխավոր փաստարկն այն է, որ այս կերպ նա ցանկանում է պաշտպանել ակումբն ու իր մոտ 150 աշխատողներին, իսկ տվյալ ֆուտբոլիստների վրա կատարվող ծախսը շատ մեծ է: Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ խաղացողների աշխատավարձը 4-10 անգամ բարձր է այն շեմից, որ այս պահին Սլովակիայում սահմանված է որպես ընդունելի վարձատրության չափ արտակարգ դրությամբ պայմանավորված պարապուրդի պայմաններում: «Այդ 17 ֆուտբոլիստներից շատերը կարող են այս 2 ամսվա (մարտ-ապրիլ) աշխատավարձով նույնիսկ 2 տարի ապրել: Իսկ մեզ համար առաջնահերթ կարևոր է այն, որ պահպանենք ակումբը ու նրանց, ովքեր ավելի ցածր եկամուտներ ունեն»,-նշում է սեփականատերը՝ հիշեցնելով նաև, որ այս տարիների ընթացքում իր ակումբում երբեք աշխատավարձերի հետ կապված ուշացումներ կամ այլ խնդիրներ չեն եղել:

Եվ իհարկե, Բոժենիկը նաև հիմնվում է ստեղծված իրավիճակի վրա՝ լավ հասկանալով, որ այս խնդիրը անդրադառնալու է ամբողջ ֆուտբոլային համակարգի վրա, որը Սլովակիայում շատ ամուր չէ: Դեռ պարզ չէ, թե Բարձրագույն լիգայի 12 թիմերից քանիսը կշարունակեն գոյությունը այս ճգնաժամից հետո, իսկ «Ժիլինայի» նման ակումբի կորուստն էլ մեծ հարված կլինի ֆուտբոլային համակարգին: Լիգայի կազմակերպիչ հանդիսացող Լիգայի Ակումբների միությունը արդեն իսկ «սատարել» է ակումբին՝ հայտարարելով, որ նորմալ է վերաբերվում ակումբի լիկվիդացիայի գործընթացին և Ֆորտունա լիգային «Ժիլինայի» մասնակցությանը ոչինչ չի սպառնում: Ֆուտբոլի ֆեդերացիան ևս, կարծես, խնդիր չի տեսնում այս ամենում:

Միակ կառույցը, որ դեռևս պայքարում է, Յան Մուխայի ղեկավարած Ֆուտբոլիստների արհմիությունն է: Գործը կարող է հասնել մինչև ՖԻՖԱ և Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան: Բոժենիկը լավ է հասկանում, որ իրավաբանորեն իր դիրքերը բավականին թույլ են: «Այսպիսի իրավիճակ ստեղծվում է 100 տարին մեկ անգամ, օրենսդրությունում այս դեպքի համար ոչինչ նախատեսված չէ: Այս իրավիճակից հետո, հավանաբար, կավելացնեն: Այո, իրավաբանորեն, գուցե և ֆուտբոլիստները ճիշտ են, բայց այնքան ժամանակ, քանի դեռ ակումբը գոյություն ունի: Եթե մենք սնանկանանք՝ նրանք արդեն սխալ կլինեն»,-գրագետ սպառնում է Բոժենիկը՝ կրկին սլաքները տանելով հանրային ճնշման դաշտ:

Կարդացե՛ք նաև՝ Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Էհ, բա վերջը՞

Թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը՝ այս պահին ոչ ոք չգիտի: Բոժենիկը անընդհատ կրկնում է, որ իր համար գլխավորը ակումբի ենթակառուցվածքներն ու ակադեմիան պահպանելն է, ֆուտբոլիստներ աճեցնելու ֆունկցիան չխաթարելը: Ակումբը ելույթները շարունակելու է երիտասարդ ֆուտբոլիստներով: «Ժիլինան» մինչ այս ուներ 51 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ու գոնե քանակի առումով 17 խաղացողների հեռանալուց հետո խնդիր չի ունենա, իսկ երկրորդ թիմն էլ կկարողանա համալրվել ակադեմիայի սաներով:

Գլխավոր մարզիչ Պավոլ Ստանոն, թեև շոկի մեջ է կատարվածից, բայց չի վախենում առաջ նայելուց. «Իհարկե, թիմը զգալիորեն կթուլանա, բայց դեռ պետք է տեսնենք, թե մյուս թիմերը ինչպես դուրս կգան այս իրավիճակից»: «Ժիլինան» այս պահին, առաջնության ավարտից 10 տուր առաջ, 2-րդն է՝ 10 միավոր զիջելով «Սլովանին», բայց 7 միավորով էլ գերազանցելով մոտակա հետապնդողին:

Թե սլովակյան մեդիաները, թե Transfermarkt-ը կազմել են այդ 17 խաղացողների ցանկի իրենց տարբերակները, թեև պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել: Այս պահին պարզ է, որ Վահան Բիչախչյանը այդ ցանկում չկա. ֆուտբոլիստը VNews.am-ի հետ հարցազրույցում նշել է, որ ակումբի կողմից որևէ ծանուցում չի ստացել:

Հայերիս համար, թերևս, այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ մեր ֆուտբոլիստի ակումբը շարունակելու է խաղալ ու ավելին, էլ ավելի է շեշտը դնելու երիտասարդների աճի վրա, ինչի համար էլ Վահանը միացել է «Ժիլինային»: Ու չփորձելով ուրախանալ ուրիշների «դժբախտության» վրա, պետք է փաստենք, որ այս պայմաններում Բիչախչյանը շանս ունի առանցքային ֆուտբոլիստ դառնալ «Ժիլինայում»:

Ճիշտ է, հեռացողները գլխավորապես պաշտպանական գծի խաղացողներ են ու կենտրոնական կիսապաշտպաններ, բայց նրանց թվում է նաև աջ վինգեր Լուկաշ Յանոշիկը, որը, կարելի է ասել, մեր ֆուտբոլիստի դիրքում հիմնական խաղացողն էր: Հեռացել է նաև հարձակվող Ֆիլիպ Բալայը, ու եթե հաշվի առնենք, որ թիմը հիմնականում խաղում է 3-5-2 մարտավարությամբ, այս երկու խաղացողներին էլ Բիչախչյանը փոխարինել կարող է:

Մնում է հուսալ, որ ստեղծված իրավիճակը իրոք մեր ֆուտբոլիստի համար կդառնա նոր հնարավորություն ու նա կօգտվի դրանից: Իսկ «Ժիլինայի» դեպքն էլ կարող է բավականին հետաքրքիր օրինակ դառնալ հայկական ակումբային միջավայրի համար, որտեղ այս օրերին կարծես լուռ, բայց բավականին պայթյունավտանգ խմորումներ են գնում:

Կարդացե՛ք նաև՝ Վանաձորից մինչև «Բարսելոնայի» ակադեմիա. 30-ամյա Վահան Մարտիրոսյանի հետաքրքիր պատմությունը, Վիլյան, Զլատանն ու երկու երազանքները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Վահան Բիչախչյանը հավաքականի հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում

Վահան Բիչախչյանն իր 9-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Բիչախչյանը հերքում է. «Ինձ չեն տուգանել զինվորներին աջակցելու համար»

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցումը «Ռուզոմբերոկի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Խոակին Կապառոս. «Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է շարունակել վստահել տղաներին»

«Տիխիում աղմուկի փոխարեն լռություն էր». Հայաստան-Վրաստան խաղում հայ ֆուտբոլիստների գնահատականները

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել

«Ռոմայի» մարզումը հետաձգվել է. Մ18 թիմում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել

Վահան Բիչախչյանը հավաքականի մարզմանը երկու միանման, գեղեցիկ գոլ է խփել (տեսանյութ)

Զլատանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

«Աստված պահպանի հայ զինվորին». Վահան Բիչախչյանն այսպես է նշել խփած գնդակը