Ինչ սպասել հրաշքով ԵՎՐՈ-2020-ում հայտնված թիմից - VNews
Բաժիններ

Ինչ սպասել հրաշքով ԵՎՐՈ-2020-ում հայտնված թիմից

slovakia - Ինչ սպասել հրաշքով ԵՎՐՈ-2020-ում հայտնված թիմից

Շատերը գիտեն 1992 թվականի հրաշքի մասին, երբ Դանիայի հավաքականը չկարողացավ որակավորվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, բայց հետո փոխարինեց Հարավսլավիային և դարձավ չեմպիոն: Նման սցենար կարող է կրկնվել շուտով, բայց այս պահին դա անհավանականության տեսություն է:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Սլովակիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Սլովակիան ԵՎՐՈ-2020-ում հայտնվել է երջանիկ պատահականությունների արդյունքում` ՈւԵՖԱ-ի տարօրինակ կանոնակարգի պատճառով: Ընտրական փուլում «բազեները» գրավել են երրորդ տեղը` հետ մնալով Խորվաթիայից և Ուելսից: Մյուս ուղեգրի հնարավորությունն Ազգերի լիգայից է եղել, որտեղ սլովակները վերջին տեղն են գրավել Ուկրաինայի ու Չեխիայի հետ պայքարում, բայց քանի որ բոլոր այդ թիմերն արդեն ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր են նվաճած եղել, Սլովակիան մասնակցել է ԵՎՐՈ-ի անցումային հանդիպումներին: Այդտեղ արդեն սլովակները սթափվել են և կարողացել նաև 11-մետրանոցներով առավելության հասնել Իռլանդիայի նկատմամբ, ապա 110-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթել Հյուսիսային Իռլանդիային:

Ազգերի լիգայի մյուս խաղարկությունում «բազեները» նույնպես չտպավորեցին` վերջին տեղը գրավելով Չեխիայի, Շոտլանդիայի և Իսրայելի հետ մրցելիս:

Ամենաթարմ պաշտոնական խաղերը գարնանը կայացած ԱԱ-2022-ի ընտրական փուլում էին, որոնցում Սլովակիան անասպասելիորեն ոչ-ոքի խաղաց Կիպրոսի և Մալթայի հետ, բայց կարողացավ հաղթել Ռուսաստանին:

n ireland v slovakia final whistle 960x540 - Ինչ սպասել հրաշքով ԵՎՐՈ-2020-ում հայտնված թիմից

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ին

Դարպասապահներ. Մարտին Դուբրավկա («Նյուքասլ»), Մարեկ Ռոդակ («Ֆուլհեմ»), Դուշան Կուչակ («Լեգիա»):

Պաշտպաններ. Պետեր Պեկարիկ («Հերտա»), Լյուբոմիր Սատկա («Լեխ»), Դենիս Վավրո («Ուեսկա»), Միլան Շկրինիար («Ինտեր»), Տոմաշ Հուբոչան («Օմոնիա»), Դավիդ Հանկո («Սպարտա»), Մարտին Կոշելնիկ («Սլովան»), Մարտին Վալենտ («Մալյորկա»):

Կիսապաշտպաններ. Մարեկ Համշիկ («Տրաբզոնսփոր»), Ստանիսլավ Լոբոտկա («Նապոլի»), Պատրիկ Գրոզովսկի («Գենկ»), Յուրայ Կուցկա («Պարմա»), Օնդրեյ Դուդա («Քյոլն»), Վլադիմիր Վայս («Սլովան»),  Լասլո Բենեշ («Աուգսբուրգ»), Լուկաս Հարասլին, Յակուբ Հրմոդա (երկուսն էլ «Սասուոլո»), Տոմաշ Սուսոլվ («Գրոնինգեն»), Յան Գրեգուշ («Մինեսոտա»):

Հարձակվողներ. Միհալ Ջուրիշ («Օմոնիա»), Ռոբերտ Բոժենիկ («Ֆեյենորդ»), Ռոբերտ Մակ («Ֆերենցվարոշ»), Իվան Շրանց («Յաբլոնեց»):

Մարզչի գործոնը

Սլովակիայի անցած ճանապարհը կարդալիս հավանաբար նկատեցիք, որ վերջին տարիներին իրենց միակ լուսավոր կետը ընտրական փուլի անցումային խաղերում երկու իռլանդական թիմերի նկատմամբ հաղթանակներն են: «Բազեների» այդ հաղթանակներն անմիջական կապ ունեին մարզչական փոփոխության հետ: Այդ հանդիպումներից առաջ գլխավոր մարզիչ էր նշանակվել Շտեֆան Տարկովիչը, որը մինչև այդ օգնականի պարտականություններն էր կատարում: 48-ամյա մասնագետը կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, ինչը թույլ տվեց մնալ պաշտոնում:

Տարկովիչը 4 պաշտպանով խաղի կողմնակից է, սակայն մյուս դիրքերում բազմաթիվ փորձարկումներ է կատարում: Նրա գլխավորությամբ անցկացրած 8 խաղում սլովակները հասցրել են խաղալ 4-2-3-1, 4-1-4-1 և 4-3-2-1 սխեմաներով: Նախորդ երկու ընկերական մրցավեճերում Տարկովիչն ընտրել է 4-2-3-1 սխեման, որն, ամենայն հավանականությամբ, ԵՎՐՈ-ի ժամանակ կլինի հիմնականը:

Սլովակ մարզիչը կարողանում է իր թիմին լավ տրամադրել հատկապես կարևորագույն խաղերին, իսկ ահա ավելի թույլերի դեմ կազմակերպված խաղի և մոտիվացիայի պակաս է զգացվում: Այդ պատճառով «բազեներն» անհանգստանալու պատճառ չունեն, որովհետև ԵՎՐՈ-2020-ում իրենց թիմի համար բոլոր խաղերը գերկարևոր են լինելու:

Stefan Tarkovic 960x734 - Ինչ սպասել հրաշքով ԵՎՐՈ-2020-ում հայտնված թիմից

Գլխավոր աստղը

Միլան Շկրինիարը կենտրոնական պաշտպանի համար դեռ երիտասարդ տարիքում է, բայց արդեն վաղուց խաղում է բարձր մակարդակում: Նա 4 տարի անցկացրել է «Ինտերում» և վերջապես կարողացել նվաճել Ա սերիայի չեմպիոնի կոչումը: Բայց մինչև այդ էլ սլովակն իրեն հիանալի էր դրսևորել «Սամպդորիայում», ինչի հետևանքը դարձավ նրա տրանսֆերի համար վճարված 34 մլն եվրոն:

Սլովակիայի հավաքականում Շկրինիարն ակնհայտորեն բոլորից տարբերվում է: Վառ օրինակ է ֆուտբոլիստների տրանսֆերային գները: Transfermarkt-ը Շկրինիարին գնահատում է 60 մլն եվրո, իսկ հավաքականի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստ Լոբոտկային՝ ընդամենը 9 մլն:

«Ինտերում» Շկիրնիարը երեք կենտրոնական պաշտպաններից մեկն է, ինչը նրա գործն ավելի է հեշտացնում, իսկ հավաքականում նա ստիպված է ավելի շատ տարածություն և մրցակիցների վերահսկել: Այդուհանդերձ, պաշտպանը վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի, երբ հաշվում ենք թիմի վաստակած միավորները կոնկրետ ֆուտբոլիստների խաղալ կամ չխաղալու դեպքում:

Մեր ընտրանին

Սլովակիայի գլխավոր աստղի կարգավիճակին կարող էր հավակնել նաև Մարեկ Համշիկը (մի քանի տարի առաջ հենց այդպես էլ կլիներ), բայց 33-ամյա վետերանի կարիերան մոտենում է ավարտին, և իր խաղով նա այդքան էլ չի համապատասխանում աստղային կարգավիճակին: 2019 թվականին Մարեկը «Նապոլիից» տեղափոխվեց Չինաստան, իսկ այս տարվա մարտին միացավ շվեդական «Գյոտեբորգին»: Թվում էր դա Եվրոպա վերադառնալու ցանկություն է, բայց 2 օր առաջ նա պաշտոնապես դարձավ «Տրաբզոնսփորի» ֆուտբոլիստ: Կարծես թե աստղային ֆուտբոլիստի կարիերան սկսել է անկում ապրել…

slovakia 960x480 - Ինչ սպասել հրաշքով ԵՎՐՈ-2020-ում հայտնված թիմից

Շանսեր/մրցակիցներ

ԵՎՐՈ-2020-ում Սլովակիան ընդգրկված է F խմբում, որում նրա մրցակիցներն են Իսպանիան, Լեհաստանը և Շվեդիան: Իսպանիան այդ խմբում ֆավորիտ է, սակայն շվեդներն ու լեհերը նույնպես ավելի ուժեղ են համարվում սլովակներից:

Փոխարենը խաղացանկը կարելի է Սլովակների օգտին համարել: Նրանք մեկնարկում են չեզոք դաշտում (Սանկտ-Պետերբուրգ) Լեհաստանի և Շվեդիայի դեմ խաղերում, որոնցում հնարավոր հաղթանակը թույլ կտա ավելի հանգիստ լինել Իսպանիայի դեմ վերջին տուրից առաջ: Եթե մեկնարկային տուրում Սլովակիան խաղար Իսպանիայի հետ և սպասվածի պես պարտվեր, ապա լրացուցիչ ճնշման տակ կհայտնվեր, որովհետև պետք է մտածեր ամեն գնով հաղթելու մասին:

Հավանական մեկնարկային կազմը

Դուբրավկա – Հուբոչան, Շկրինյար, Սատկա, Պեկարիկ – Կուցկա, Լոբոտկա, Համշիկ – Մակ, Հարասլին, Ջուրիշ

Շտեֆան Տարկովիչը ԵՎՐՈ-2020-ին հայտավորել է մրցաշարի ամենատարեց կազմերից մեկը (այդ ցուցանիշով երրորդ տեղում են): Թիմի 8 ֆուտբոլիստ 30 և ավելի բարձր տարիքի են: Մի կողմից դա նշանակում է, որ փորձառու խաղացողներն հոգեբանորեն ավելի հանգիստ կարձագանքեն խոշոր մրցաշարի ճնշմանը, սակայն մյուս կողմից էլ նրանց դժվար կլինի դիմանալ խիտ խաղացանկին:

Սլովակիայի հավաքականում բավականին ուժեղ դարպասապահ կա (նա խաղում է «Նյուքասլում»), ամուր պաշտպանություն և կիսապաշտպանություն, սակայն հարձակման գիծը համոզիչ չէ: Ընտրական փուլի փլեյ-օֆֆում ամուր պաշտպանությունն օգնեց արդյունքի հասնել: Եթե սլովակները կարողանան ԵՎՐՈ-ի ժամանակ նմանատիպ ֆուտբոլ խաղալ, ապա խմբից դուրս գալու ռեալ շանսեր կստանան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Տոկիո-2020. Ասենսիոյի գեղեցիկ գոլը Իսպանիային դուրս բերեց եզրափակիչ (տեսանյութ)

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմը Տոկիո-2020-ի բացման խաղում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

ՈւԵՖԱ-ն ներկայացրեց ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

«Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում