fbpx

Ինչո՞ւ է Չինաստանի ակտիվացումը լավ նորություն համաշխարհային ֆուտբոլի համար

Արդեն երկրորդ հունվարը շարունակ՝ չինական ակումբները համաշխարհային տրանսֆերային շուկայի գլխավոր խաղացողներն են: 2015թ. հունվարին չինական ակումբները տրանսֆերային շուկայում ծախսեցին ավելի շատ գումար, քան ԱՊԼ ակումբները: Այս տարի չինական փողերը գողացան Օսկարին «Չելսիից», փախցրեցին Վիտսելին «Յուվենտուսի» հետ գրկախառնությունից, իսկ Տևեսին դարձրեցին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Եթե եվրոպական ակումբները ջղաձգվում ու լարվում են չինական ֆուտբոլի այս աշխուժացումից, ապա հասարակ ֆուտբոլասերները պետք է միայն ուրախ լինեն այս նորությունից, և ահա թե ինչու.

1.Նրանք կբուժեն համաշխարհային ֆուտբոլը

Երբ ոչ մենք կայինք, ոչ համացանցը, խորամանկ եվրոպացիները ներխուժեցին հարավամերիկյան ֆուտբոլի ծաղկող պլանտացիներ, քաղեցին այն ամենն, ինչ իրենց պետք է, մի լավ կոխկռտեցին այն ու վերադարձան Հին մայրցամաք: Ծնվեցինք մենք, ծնվեց համացանցը, ու մենք տեսանք եվրոպական ֆուտբոլի փառքն ու մեծությունը, կարծես դա միշտ հենց այդպես էլ եղել է: Բայց, թե այդ հին ժամանակներում, թե հիմա, եվրոպացիներն իրենց ֆուտբոլը սնում ու բարձրացնում են հենց փողի հաշվին, այնպիսի մեծ փողեր, որոնք Հարավային Ամերիկայում չկան: Իսկ ինչո՞ւ ենք մենք նյարդայնանում, երբ այսօր նույն ճանապարհով շարժվում է Չինաստանը:

2000-ականներից սկսած փողը գերիշխող դարձավ եվրոպական ֆուտբոլում, սկսվեց ուղեղ քերծող գումարներով տրանսֆերների մոլուցքը: 2016թ. գրանցվեց նոր տրանսֆերային ռեկորդը՝ 120 մլն եվրո մի ֆուտբոլիստի համար, ով օրեր առաջ հերթական -2 միավորը պարգևեց իր թիմին: Բայց դրանից առաջ էլ պարզ էր, որ ֆուտբոլի, ֆուտբոլիստների որակի և նրանց վրա ծախսվող գումարների միջև տրամաբանական կապը վաղուց կտրվել է: Պատմությունը, արժեքները, խաղաոճը, փիլիսոփայությունը և շատ այլ բաներ, որ ֆուտբոլային մշակույթի առանցքային բաղադրիչներից են, ստիպված էին քաշվել մի կողմ: Փողը քաոսի էր վերածել եվրոպական ֆուտբոլը: Դա կառավարումը կորցրած մի օդանավ էր, որը ուշ թե շուտ կործանվելու էր: Մնում էր պարզել, թե որտեղ…

Չինաստանը ռիսկի է դիմում ու թիրախն ուղղում ինքն իր վրա: Սա սառը ցնցուղ էր եվրոպական ֆուտբոլային մենեջերների համար, որովհետև միայն փողով այլևս շատ դժվար կլինի որևէ բանի հասնել, որովհետև հայտնվել է մեկը, ով կառաջարկի ավելի շատ փող:  Լավագույն ֆուտբոլիստներին թիմ բերելու համար կպահանջվեն լրացուցիչ, ոչ ֆինանսական ջանքեր: Այս պարագայում կրկին առաջին պլան կվերադառնան ակումբային պատմությունը, ավանդույթները, սկզբունքները, այն ամենը, ինչի համար մենք երկրպագում ենք այս կամ այն ակումբին: Իսկ ֆինանսական փուչիկը կպայթի Չինաստանում, նրանք դրա հետևանքները կառավարելու համար բավարար կարողություն ունեն:

Ավելորդ չէ նշել նաև, որ չինական փողերը Եվրոպայից կմաքրեն այն ֆուտբոլիստներին, ում մարզական կարիերայի մոտիվացիաների շարքում գլխավոր տեղը գրավում է փողը:

skysports-china-split-super-league_3870633

2.Նրանց ուզածը վատ բան չէ

Այն, ինչ չինացիներն այսօր անում են տրանսֆերային շուկայում, այսբերգի միայն վերևի հատվածն է: Ջրի տակ ավելի մեծ ու ծավալուն մի ծրագիր է, որով չինացիները նպատակ ունեն մինչև 2050թ. դառնալ թիվ 1 ֆուտբոլային երկիրը Ասիայում, ընդունել Աշխարհի գավաթը և ի վերջո հաղթել այն:

Չինական ֆուտբոլով հետաքրքրված բոլոր մասնագետները նշում են, որ այս բումի պատճառն իշխող Կոմունիստական կուսակցության նախագահ Սի Ձինպինի ֆուտբոլասեր լինելն է՝ մատնանշելով նրա հայտնի լուսանկարը Սերխիո Ագուերոյի հետ: Չինաստանում տարիներ առաջ մշակվեց ֆուտբոլի զարգացման 50-քայլանոց հսկա մի ծրագիր, 2016թ. առաջ քաշվեց ավելի կարճ ու իրատեսական մի փաստաթուղթ: Ֆուտբոլը փորձելու են զարգացնել սկսած դպրոցական մակարդակից՝ ներառելով այն հանրակրթական դպրոցների պարտադիր ծրագրերում: 20 000 փոքր մարզադաշտեր են կառուցվելու դպրոցների հարևանությամբ:

Մինչև 2025թ. նախատեսվում է ունենալ ֆուտբոլային ուղղվածության 50 000 դպրոցներ: Պլանավորված է ֆուտբոլով զբաղվող չինացիների թիվը հասնցնել 50 մլն-ի, որոնցից 30 մլն-ը՝ դպրոցական տարիքի: Յուրաքանչյուր 200 000 մարդուց մեկը պետք է բարձրակարգ ֆուտբոլիստ լինի, իսկ դա նշանակում է, որ չինացիները կկազմեն աշխարհի բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 25%-ը:

Մեծ գումարների հաշվին թոփ-ֆուտբոլիստներին Չինաստանի Սուպերլիգա տանելը այս շղթայի առաջին քայլն է միայն, որը նպատակ ունի մեծացնել ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը երկրում, այլ կերպ ասած՝ գործի գցել վերոնշյալ մեխանիզմը: Բայց չպետք է կարծել, որ նրանք կուրորեն կործանման են գնում: Չինաստանում գործում է լեգեոներների սահմանափակում, ու նրանք դեռ 7-10 տարի կշարունակեն մշտապես թիմերում պահել 3-5 աստղի, ոչ ավելի, իսկ այդ ընթացքում կմեծանա Տևեսի, Հալկի ու մյուս աստղերի շնչով սնված չինացի պատանի ֆուտբոլիստների առաջին սերունդը: 2025թ. չինացիները կամփոփեն ֆուտբոլային բարեփոխումների առաջին փուլը և մեծ հավանականությամբ կհավաքեն ճամպրուկները 24 տարի անց Աշխարհի առաջնություն մեկնելու համար:

Չինացիները ջանքեր են ներդնում, որպեսզի աշխարհի թիվ 1 մարզաձևը վարակի ևս 1 մլրդ մարդու, ու դրանից լավ նորություն համաշխարհային ֆուտբոլի համար չի էլ կարող լինել: Չինացիները կազմակերպված մոտեցման հաշվին մեծ հաջողությունների են հասել անհատական գրեթե բոլոր մարզաձևերում, հիմա նրանք մտնում են նաև ֆուտբոլային խաղադաշտ, ու անձամբ ինձ ծայրահեղ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է ավարտվելու այդ խաղը:

Karen Rafayelyan

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեշանդրե Պատոն Եվրոպա՞ է վերադառնում

Վիկտոր Անիչեբե. «Իմ թիմը մասնակցել է պայմանավորված խաղերին»

Ինիեստան ընտրության առաջ է կանգնել. որտե՞ղ շարունակել կարիերան

Ոչ չինական ապրանք. Թոփ 5 ֆուտբոլիստներ, ովքեր հրաժարվել են Չինաստան տեղափոխվելուց

«Ատլետկոյի» հարձակվողը հայտնել է իր որոշումը մարզչին ու թիմակիցներին

Տորեսը կարող է այս շաբաթ տեղափոխվել Չինաստան

Պաշտոնական. Մասկերանոն տեղափոխվեց Չինաստան

Օբամեյանգի նկատմամբ որսը շարունակվում է նաև Անգլիայում

Զլատան Իբրահիմովիչը շուտով կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ սկանդալ է հասունանում Չինաստանում

Չինական ակումբը խոշոր գումար է առաջարկել Բեյլի դիմաց

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել թիմը հանուն մեծ գումարի

Կանավարոն լքել է «Տյանցզին Ցյուանցզյանի» գլխավոր մարզչի պաշտոնը և կգլխավորի մեկ այլ չինական ակումբ

Անչելոտին բանակցություններ է վարում չինական ակումբի հետ

Նեյմարը մոտ 1 մլն. դոլար է աշխատում ամեն հանդիպման համար

Լուիս Էնրիկեն նոր աշխատանք է գտել