Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին - VNews
Բաժիններ

Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

nazaryan - Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:49

-

-

Վերջին երկու տարիներին հայկական ֆուտբոլի ամենաքննարկվող թեմաներից մեկը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնն էր, և այն պաշտոնավարող հրավիրված հեղինակավոր մասնագետ Խինես Մելենդեսը: Իսպանացին մեծ համբավ ունի համաշխարհային ֆուտբոլում, սակայն չմերժեց ու համաձայնեց գալ Հայաստան և մշակել հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիր: Դեկտեմբերին ավարտվեց Մելենդեսի պայմանագրի ժամկետը և նա վերադարձավ Իսպանիա: Խինեսի հեռանալուց հետո շատերին էր հետաքրքրում, թե ո՞վ է փոխարինելու բարձրակարգ մասնագետին: Այդ պաշտոնում նշանակվեց Ռաֆայել Նազարյանը, ինչը, շատերի համար անսպասելի էր, քանի որ նա նաև Մ21 հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչն է։  VNews.am-ը նորանշանակ ՀՖՖ տեխնիկական տնօրենի հետ զրուցել է Մելենդեսին փոխարինելու արդյունքում առաջացած մարտահրավերների, խնդիրների, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին։ Անդրադարձել ենք նաև Մ21 հավաքականի խաղաոճին, ինչպես նաև ազգային ընտրանու մարզիչ՝ Կապառոսի հետ համագործակցությանը։

Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին դառնալ տեխնիկական տնօրեն:

Առաջարկը ՀՖՖ նախագահի կողմից էր: Չգիտեմ, թե ինչու է ընտրությունը կանգ առել ինձ վրա, բայց կարող եմ ասել, որ տեխնիկական տնօրեն կարող էր դառնալ ցանկացած մարդ, ով տեղյակ է Մելենդեսի հեղինակած ծրագրին: Այդ ծրագրի յուրահատկությունը հենց դա է:

Հնարավո՞ր է, որ Մելենդեսն է խորհուրդ տվել Ձեր թեկնածությունը:

Չեմ կարող ասել, տեղյակ չեմ:

Իսպանացին մեծ հեղինակություն է ֆուտբոլում: Չնայած դրան, Հայաստանում ոչ միանշանակ ընդունվեց՝ հատկապես իր բարձր աշխատավարձի պատճառով։ Ի՞նչ եք զգում, ե՞րբ պետք է փոխարինեք բարձրակարգ մասնագետին:

Շատ բարդ է: Նա մեծ արդյունքների է հասել՝ Եվրոպայի չեմպիոն է դարձրել Իսպանիայի Մ17 և Մ19 հավաքականներին։ Սակայն անձը կապ չունի, մեզ նրա գիտելիքներն են պետք: Ես զարմանում եմ, թե ինչպես են Հայաստանում մարդիկ նման նվաճումների հասած, այդքան թոփ-մարզիչներ կրթած, իսպանական ֆուտբոլի զարգացման ծրագրի համահեղինակը դարձած մասնագետին անուն դնում՝ բարձր աշխատավարձ ստանալու պատճառով: Նույնիսկ եթե 10 միլիոն դոլար ստանար՝ նա արժանի է դրան: Ինձ հետաքրքիր չէ, թե նա որքան գումար է վաստակում, ինձ պետք էին նրա գիտելիքները, որը կարող էր մեզ փոխանցել: Ես տեսել եմ նրա և մյուսների մակարդակը: Խինեսի և Ինյակի Սաեսի մշակած ծրագրից առաջ Իսպանիան 44 տարի որևէ տիտղոս չէր նվաճել, բայց նրանց հետ կարողացավ: Նշանակում է՝ նրանք գտել են ճիշտ ճանապարհը: Կամ, որ ասում են, նրանց գրած ծրագիրն աշխատեց Իսպանիայում, բայց չի հաջողի Հայաստանում․․․վստահեցնում եմ՝ կստացվի նաև մեզ մոտ: Մենք կարող ենք այն ադապտացնել մեր մենթալիտետին ու հնարավորություններին, աշխարհում ոչ մի օրենք մեռյալ չէ, ամենը կարելի է արդիականացնել: Ծանր է փոխարինել նման մասնագետի, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ օգնականներին՝ մարզիչներին, ինչպես նաև տեխնիկական հարցերում ինձ օգնող մասնագետներին: Մարդը միայնակ ոչինչ չի կարող անել, նա պետք է ուրիշների հետ համագործակցի հաջողության հասնելու համար:

Նոր մտահղացումներ ունե՞ք իսպանական ծրագիրը հայկական ֆուտբոլին հարմարեցնելու համար:

Յուրաքանչյուր ծրագրի մեջ կարող ես քո մտահղացումները ներդնել, բայց կարծում եմ առայժմ հարկավոր է այդ ծրագիրը բոլորին ներկայացնել ինչպես այն կա. դա արդեն մեծ առաջընթաց կլինի: Միայն դրանից հետո կարելի է մտածել նոր գաղափարների մասին:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ Մելենդեսի ծրագիրը լիարժեք կիրառվի Հայաստանում:

Որքան շուտ ակումբները վերցնեն այդ ծրագիրը և սկսեն կիրառել, այնքան շուտ զարգացումը տեղի կունենա: Մեր խնդիրն այն է, որ ակումբներին ներկայացնենք ծրագրի բովանդակությունը, ցույց տանք արդյունավետությունը: Այդ ծրագիրն իր արդյունավետությունը երկար տարիներ ցույց է տվել Իսպանիայում, հետո նաև՝ այլ երկրներում: Մենք հույս ունենք՝ ակումբները կվերցնեն և կկիրառեն իրենց մոտ, հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում, որտեղ այն կարող է փայլուն արդյունքներ տալ:

Հայաստանում հիմնական քննադատություններից մեկն այն էր, որ իսպանական մոդելը ավելի շատ ակումբային ֆուտբոլին է հարմար, բայց ո՝չ հավաքականների, որտեղ ֆուտբոլիստները մի քանի ամիսը մեկ են մարզվում: Համաձայնեք, որ տրամաբանություն կա:

Այդ պատճառով էի ասում, որ ակումբում ավելի արդյունավետ կլինի, հետևաբար ցանկալի է, որ մեր ակումբները վերցնեն և օգտագործեն: Բայց նաև նշեմ, որ զարգացման ծրագրից բացի իսպանացիները նաև մարզչական կրթական ծրագրեր, մեթոդաբանություն էլ են մեզ թողել: Կրթված մարզիչը կրթված ֆուտբոլիստ կաճեցնի: Ես զրուցել եմ այն մարզիչների հետ, որոնք իսպանացիների անցկացրած արտոնագրման (A, B, PRO) դասընթացներին են մասնակցել, և նրանք ասում էին, որ այս ծրագիրը տարբերվում է այն ամենից, ինչ նրանք նախկինում սովորել են:

rafael nazaryan - Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

Տեխնիկական տնօրենի պաշտոնում ի՞նչ խնդիրների հանդիպեցիք, որոնց մասին նախկինում չէիք մտածել:

Կարծում եմ՝ այդ պաշտոնն ավելի շատ կազմակերպչական է, բայց ժամանակ առ ժամանակ մասնակցություն է հարկավոր: Ես ունեմ օգնականներ, որոնք այդպես են կոչվում, բայց լրիվ իրավասություններ ունեն ամբողջական մասնակցության համար, որովհետև լիարժեք տիրապետում են ծրագրին: Ինձ համար նորություն էր, որ կարող եմ մասնակցել որևէ դասընթացի, և ինչ-որ հատված ինքս դասավանդել:

Իսպանական մոդելի կողմնակից մարզիչները շատացե՞լ են:

Այդ դասընթացներին մասնակցած և արտոնագիր ստացած մարզիչներն իրե՞նք են որոշում այդ ծրագրով աշխատել, թե՝ ոչ: Փաստը նա է, որ նրանք ուրիշը չունեն: Նրանք տարբեր տեղերից մարզումների տարբեր ձևեր, մեթոդներ ու վարժություններ են վերցրել:

Այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում համառել և չկիրառել իսպանացիների մոդելը:

Աշխարհն առաջ է շարժվում և պետք է նրա հետ զարգանալ: Դե որ հինն ենք սիրում, եկեք iphone հեռախոս չունենանք: Այդ պատճառով ձեր հարցի պատասխանի երեք տարբերակ եմ տեսնում: Առաջին՝ մենք լավ չենք բացատրում մեր ծրագրի առավելությունները: Երկրորդ՝ նրանց քիթը բարձր է, և երրորդ՝ նրանք կարծում են, որ իրենց մեթոդներն են ճիշտը:

Ե՞րբ փոփոխություն կլինի այդ հարցում:

Դա հնարավոր կլինի նոր սերնդի մարզիչների շնորհիվ, երբ հենց սկզբից հիմքը դրվի: Կարծում եմ՝ նրանք ավելի ճիշտ են նախնական կրթություն ստանում, քան ավելի մեծ սերնդի մարզիչների դեպքում է եղել: Հնարավոր է այն ժամանակ էլ ճիշտ է եղել, բայց ներկայիս աշխարհում փոփոխությունները ավելի դինամիկ են:

Նախկինում դուք հայտարարել էիք, որ իսպանացիների գրած և անվճար տրամադրվող ծրագիրը միայն մեկ ակումբ է վերցրել և կիրառում՝ «Շիրակը»: Հիմա ի՞նչ վիճակ է:

Կարծում եմ՝ նույն վիճակն է: Այդ առումով պետք է լինեն առանձին այցեր ակումբներ, ավելի ինտենսիվ աշխատենք նրանց հետ, որպեսզի բացատրենք՝ դա նրանց օգուտի համար է:

Ինչպես են բացատրում, որ հեղինակավոր մասնագետների գրած ծրագիրն ակումբն անվճար չի վերցնում, երբ այլ դեպքում դրա համար պետք է մեծ գումար վճարեր:

Շատ անտրամաբանական բաներ կան Հայաստանում: Մեր ակումբային ֆուտբոլը զարգացած չէ, հպանցիկ է, որևէ ստրատեգիական ծրագիր չկա: Խնդիր է դրվում միայն այս տարի չեմպիոն դառնալ կամ եվրոգավաթում հայտնվել: Իհարկե, ես հասկանում եմ ներդրողներին, որոնք գումար են ծախսում, բայց կյանքը ցույց է տալիս, որ առանց ստրատեգիական մտածելակերպի՝ փաստի առաջ ես կանգնում: Մի օր էլ հիասթափվում ես և ասում՝ փոխում ենք մոտեցումը:

Դուք նաև երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն եք, երկրորդ անգամ եք այդ պաշտոնը ստանձնել: Նախորդ անգամ (2011-2013)  Եվրոպայի առաջնության եզրափակիչի փուլի ուղեգիր նվաճելուն շատ մոտ էիք, բայց գոլերի հարաբերակցության պատճառով չստացվեց: Այդ թիմից 7-10 ֆուտբոլիստ այժմ ազգային ընտրանու թեկնածու է: Ձեր ներկայիս թիմում նմանատիպ պոտենցիալով խաղացողներ կա՞ն:

Բարդ է թիմերին համեմատել: Կյանքը ցույց կտա ներկայիս թիմի պոտենցիալը, բայց ես կարծում եմ, որ ներկայիս խաղացողներից առնվազն տասն ապագայում կխաղան Ազգային հավաքականում: Դա կախված է արտաքին գործոններից՝ ակումբում խաղալու հնարավորությունից: Եթե խաղաժամանակ չլինի, հավաքականում էլ չեն կարող հայտնվել: Հիմա ԲԿՄԱ-ն խաղալու շանս է տալիս երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին: Երիտասարդները միայն մրցակցության, խաղաժամանակի, միջազգային մրցաշարերին մասնակցելու շնորհիվ կարող են առաջադիմել:

ՀՖՖ-ին տված հարցազրույցում նշել էիք, որ Մ21 հավաքականի համար խմբում ամենակարևորը Ֆարերյան կղզիների և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումներն են, այլ ոչ թե Ֆրանսիայի, Սերբիայի և Ուկրաինայի: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ձեր առջև խնդիր է դրվել խմբում 4-րդ տեղը գրավել:

Եթե ֆեդերացիայի կողմից խնդիր չդրվի, միևնույն է ինքս եմ իմ առջև դա դնում: Խոսքս ուղղված էր ավելի շուտ ֆուտբոլիստներին, որովհետև, երբ ասում ենք խաղալու են Ֆարերյան կղզիների, Լիխտենշտեյնի կամ Լյուքսեմբուրգի պես գաճաճ երկրների հետ, թվում է, թե պետք է հեշտ հաղթենք: Բայց նախորդ փուլում Ֆարերները հաղթել են Մոնտենեգրոյին, Իսրայելին և Ղազախստանին: Այնպես որ, նրանք ֆուտբոլային աշխարհում գաճաճ չեն: Գրեթե նույնը վերաբերվում է Հյուսիային Մակեդոնիային, որն իր խմբում երկրորդ տեղն է գրավել և զիջել է միայն Իսպանիային՝ դա ինքնին խոսուն է: Ինչ վերաբերվում է Ֆրանսիային, Սերբիային և Ուկրաինային, նրանք ֆավորիտ են և նրանց հետ խաղալու համար կարիք չկա նոր մոտիվացիա գտնել. ֆուտբոլիստներն արդեն տրամադրված են լավ խաղալ:

Բայց մրցակիցների կազմը փոխվելու է նոր ընտրական փուլում, ինչպես մեր հավաքականի դեպքում է: Անհայտ է՝ նոր սերունդը որքան ուժեղ կլինի:

Ոչ, որովհետև Ֆարերների 9 ֆուտբոլիստ մասնակցել է նախորդ փուլին: Նրանց հարձակվողը 18 տարեկան է և մասնակցել է նախորդ ընտրական փուլի բոլոր հանդիպումներին: Նրանք կտրուկ փոփոխություններ չեն կատարել:

nazaryan 1 960x640 - Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

Ձեր նշանակումից առաջ երիտասարդական հավաքականը մի քանի ստորացուցիչ պարտություն կրեց, այդ թվում 0:10 հաշվով՝ Շվեդիայից: Նույնիսկ բոլոր խնդիրների պարագայում, ինչպե՞ս կարելի է պարտվել նման հաշվով:

Դա ցավալի էջ է հայկական ֆուտբոլի համար: Իմ առաջին նպատակներից մեկն է, որ հայ ֆուտբոլիստները ոչ միայն սեփական ուժերին վստահեն, այլ նաև խաղան թիմային, կարգապահ, ագրեսիվ ֆուտբոլ: Քո դիմացն աշխարհի լավագույն թիմերն են, միևնույն է իրավունք չունես խախտել թիմային կարգապահությունը և տակտիկան, նույնիսկ վերջին րոպեին: Սրա վերջնաարդյունքում կստանանք չհանձնվող թիմ, որը հետագայում կարող է նաև արդյունքների հասնել:

Նախկինում ՀՖՖ տեխնիկական տնօրենը Մելենդեսն էր, որը զբաղվում էր սպորտային հարցերով, այդ թվում խնդիրներ դնում մարզիչների առջև և գնահատում նրանց աշխատանքը: Հիմա դուք եք տեխնիկական տնօրենը, բայց նաև՝ գլխավոր մարզիչը: Ստացվում է՝ ինքնե՞րդ պետք է որոշեք ինչ խնդիր հետապնդել:

Վերջնահաշվարկում մեր առջև խնդիրը դնում է ՀՖՖ նախագահը, հատկապես իմ դեպքում, որ երկու պաշտոն եմ զբաղեցնում: Այդպես ավելի ճիշտ է:

Մելենդեսը նաև համակարգում էր բոլոր հավաքականների մարզիչների աշխատանքը: Հիմա ինչպե՞ս է դա կատարվում:

Գրեթե նույնն է, բայց այն տարբերությամբ, որ մարզիչները հիմա ավելի շատ ազատություն են ստացել: Օրինակ, տակտիկական սխեմաների հետ կապված: Ես այն ժամանակ Մ19 հավաքականի մարզիչն էի, և Խինեսը նպատակահարմար չէր համարում, որ մենք խաղայինք 3 կենտրոնական պաշտպանով: Ես իմ բացատրություններն ունեի և օրինակ էի բերում, որ նման դասավորությամբ գործելով՝ կարելի է հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Դրա վառ ապացույցն են «Ատալանտան» և «Լայպցիգը»: Հիմա բոլոր մարզիչները կարող են իրենց համար ցանկալի սխեմայով խաղալ, ես չեմ միջամտում: Յուրաքանչյուր մարզիչ պետք է ունենա մտածելու, ստեղծագործելու և կշռելու տեղ:

Մելենդեսը ցանկանում էր, որ բոլոր տարիքային հավաքականները նույն ոճով խաղան, որպեսզի ազգային ընտրանի հասնելու դեպքում ֆուտբոլիստը խաղաոճին պատրաստ լինի: Այդ մոտեցումը քննարկե՞լ եք Խոակին Կապառոսի հետ և ինչպե՞ս եք համագործակցում նրա հետ:

Դեռ հաճախ չենք շփվում, բայց երբեմն զրուցում ենք: Նա դեմ չէ մեր տակտիկական փորձարկումներին: Ավելին, նա էլ կողմնակից է տարբեր սխեմաներ կիրառելուն, ինչն արդեն տեսել ենք ազգային հավաքականում: Նրա համար սխեման էական նշանակություն չունի:

0K2A6052 960x640 - Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

ԲԿՄԱ-ն արտոնագրի համար չէր դիմել: Առաջին խմբի հաղթող դառնալու դեպքում VBET Պրեմիեր լիգայի ուղեգիր չե՞ք ստանալու:

Եթե ուղեգիր ձեռք բերենք, խաղալու ենք Պրեմիեր լիգայում: ԲԿՄԱ-ն արտոնագրված չէ ՈւԵՖԱ-ով, բայց կարող է ազգային արտոնագրով խաղալ: Մենք պարզապես ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցել չենք կարող: Այնպես որ ԲԿՄԱ-ն լիարժեք պայքարում է ուժեղագույն լիգա մտնելու համար:

Եթե ԲԿՄԱ-ն մյուս մրցաշրջանից խաղա Պրեմիեր լիգայում, պատկերացնո՞ւմ եք, թե ամեն անգամ ինչ խոսակցություններ են սկսվելու, եթե մրցավարը ձեր թիմի օգտին պատահաբար սխալվի: Ասելու են՝ մրցավարը ֆեդերացիայի ակումբին է օգնում:

Փաստեր ունենք, որ արդեն հիմա տուժում ենք մեր դեմ մրցավարների սխալ որոշումներից: Եթե ԲԿՄԱ-ն խաղա Պրեմիեր լիգայում, մյուս թիմերի համար մրցակից չի լինի, որովհետև եվրոգավաթների ուղեգիր չի կարող ստանալ: Ավելին, հիմա հայտարարում եմ, որ մեզ ոչ մեկի օգնությունը հարկավոր չէ: Մեր 18-19 տարեկան ֆուտոլիստները ցույց են տալիս, որ ընդունակ են բարձր մակարդակով խաղալ: Եթե մեր մյուս քայլը լինի Պրեմիեր լիգայում,  դա մեծ օգուտ կլինի հայկական ֆուտբոլին, որովհետև խաղաժամանակ կտանք մյուս ակումբների ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ Ժիրայր Շաղոյանին Հայաստանի հավաքական հրավիրելը մեծ ազդանշան կլինի մյուս ֆուտբոլիստների համար: Լավ է, որ հիմա ինձ չեն մեղադրի, թե միայն իմ ակումբի ֆուտբոլիստներին եմ հրավիրում երիտասարդական հավաքական: Նրանցից ոչ ոք ԲԿՄԱ-ից չէ, բոլորը պայմանագիր ունեն այլ ակումբների հետ:

Ներկայիս ԲԿՄԱ-ն հիանալի խաղ է ցուցադրում և լավ արդյունքներ ունի, բայց Պրեմիեր լիգա մտնելու դեպքում խաղացողներից շատերի 20 տարին կլրանա, և նրանք կվերադառնան իրենց ակումբները: Կստացվի ուղեգիր նվաճած թիմն այլևս չի կարող իր ուժը ցույց տալ…

Այդ հարցով երկու ակումբների հետ արդեն զրուցել եմ, հետագայում կխոսեմ նաև մյուսների հետ: Իմ հիմնավորումն այն է, որ եթե նրանք մտադիր են բարձր տեղեր գրավել և շեշտը դնել լեգեոներների վրա, նրանց առաջարկում ենք երիտասարդ ֆուտբոլիստներին մեր թիմում թողնել, նրանք զարգանան Պրեմիեր լիգայում խաղալով, իսկ հետագայում վերադառնալ այդ ակումբներ: Եթե ակումբները դեմ են դրան՝ նշանակում է դեմ են իրենց:

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Նա արդեն պատրա՞ստ է երկրի գլխավոր թիմը ներկայացնել:

Այո: Եթե Պեդրին խաղում է «Բարսելոնայում», ապա Ժիրայրը կարող է խաղալ Հայաստանի հավաքականում:

Կապառոսի հետ զրուցե՞լ եք նրա մասին:

Ոչ, բայց ես կարծում եմ նա կլինի վերջնական հայտացուցակում և նույնիսկ՝ կխաղա: Արդեն նկատում եմ Կապառոսի մոտեցումը ֆուտբոլիստներին, նրա համար բացարձակ նշանակություն չունի ֆուտբոլիստի տարիքը: Նա առանց վախենալու ժամանակ է տրամադրում երիտասարդներին:

«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինսայդ. Հայաստանի հավաքականի պաշտպանը նոր թիմ կունենա

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Իգոր Գոնչարն ու Միկիտա Տատարկովը հեռացան «Փյունիկից»

Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Ինսայդ. Հայտնի է՝ որ ակումբ է տեղափոխվելու Էդգար Մովսեսյանը

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

ԵՎՐՈ Մ21. Հայաստանի հավաքականը որակավորման խմբային փուլը մեկնարկեց պարտությամբ

Անատոլի Բայդաչնին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»