fbpx

Ինչու է պետք Սոչին անպայման ընդգրկել ԱԱ-2018-ի Ձեր երթուղում

Աշխարհի առաջնությունը ավելի քան մոտ է՝ ընդամենը 1 տարի, ընդամենը 15 ժամ ավտոմեքենայով՝ մինչև մոտակա խաղի վայրը։ Ռուսաստանի կողմից Մունդիալի հյուրընկալումը իսկական նվեր է ողջ տարածաշրջանի երկրպագուների համար, քանի որ մեծ ֆուտբոլը վերջապես հասու է նաև մեզ։ Ու հավատացեք, այդ տոնը բաց թողնելը հանցագործություն է։ Եթե Դուք ֆուտբոլասերների այն խմբից եք, որ մտածում եք՝ չեք կարող մեռնել առանց գոնե մեկ անգամ մեծ ֆուտբոլային երեկույթի մասը դառնալու, ապա սա հենց Ձեր շանսն է։ Իսկ Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ արդեն մեծ ֆուտբոլի համը ճաշակած VivaroNews.am-ի թիմը կօգնի Ձեզ պրակտիկ խորհուրդներով, որից առաջինը՝ հենց հիմա.

Անպայման այցելեք Սոչի

Բացի մեզ ամենամոտ քաղաքը լինելուց Սոչին այսօր իրավամբ Ռուսաստանի սպորտային մայրաքաղաքն է։ Միայն Օլիմպիական այգին, որի գեղեցիկ հրապարակը բոլորում են մի շարք մարզական կառույցներ՝ հոկեյի, չմշկավազքի արենաները, «Ֆիշտ» մարզադաշտը և Ֆորմուլա-1-ի վազքուղին, բավական է մարզական ոգին Ձեր մեջ մեխելու համար։ Գեղեցիկ շինությունների այդ հսկա այգին Աշխարհի առաջնության ժամանակ դառնալու է հազարավոր երկրպագուների թատերաբեմը, հավատացեք՝ այնտեղ օր ու գիշեր տոն է լինելու, հատկապես եթե Սոչիում խաղա հարավամերիկյան որևէ հավաքական։

Մյուս գրավիչ հանգամանքն այն է, որ Օլիմպիական այգին անմիջապես լողափի կողքին է։ Հենց «Ֆիշտ» մարզադաշտի հարևանությամբ սկսվում է ու մի քանի կիլոմետր ձգվում հիանալի լողափը։ Սևծովյան դասական լողափների տրամաբանությամբ՝ ափին զուգահեռ ձգվում են վարձով տների, հյուրատների, ինչպես նաև սննդի կետերի շարքը։ Երկու ձեռքով խորովածի ու քյաբաբի շշերը պտտող ու միաժամանակ ծխող տղամարդկանց տեսնելով՝ կհասկանաք, այստեղ ամենուր հայեր են:

Օլիմպիական այգին ու Մունդիալի խաղերն ընդունող մարզադաշտն իրականում բավականին հեռու են բուն քաղաքից, որին հասնելու համար պետք է մեքենայով գնալ մոտ մեկ ժամ: Սակայն, սա հենց Սոչիի այն հատվածն է, որտեղ զվարճանքների պակաս չկա՝ նոր ժամանակակից ատրակցիոններ, ճոպանուղի, բազմաթիվ առաջարկներ էքստրեմալ ժամանցի համար: Տարածաշրջանի տաք կլիման ու ծովը մեծ գրավչություն են հաղորդում Սոչիին, ու պատահական չէ, որ առաջատար 11 հավաքականներ ցանկություն էին հայտնել Աշխարհի գավաթի ժամանակ ճամբարել հենց այստեղ: Ամենևին զարմանալի չի լինի, եթե Սոչիից վերադառնաք համաշխարհային մեծության աստղերի հետ սելֆիների մեծ պաշարով:

«Ֆիշտ» մարզադաշտն ու Օլիմպիական այգին. Vivaro News-ի ֆոտոշարքը Սոչիից

Աշխարհի առաջնության ժամանակ կլինեն երկու տեսակի երկրպագուներ՝ նրանք, ովքեր կպլանավորեն երկար ճանապարհորդություն տարբեր քաղաքներով ու կայցելեն մի քանի խաղի, ու նրանք, ովքեր կփորձեն կոնկրետ մեկ հարմար քաղաքում գոնե 1-2 կտոր ֆուտբոլ ճաշակել։ Հավատացեք, երկու դեպքում էլ Սոչին հիասքանչ ընտրություն է։ Այժմ պարզաբանեմ, թե ինչու.

Տարբերակ 1. Կարճ ճամփորդություն

Կարճ ճամփորդություն սովորաբար ընտրում են երկրպագուները, ովքեր ունեն կամ սահմանափակ ժամանակ, կամ սահմանափակ ֆինանսներ։ Բավական է նշել, որ Սոչի կարելի է հասնել նաև ավտոմեքենայով կամ ավտոբուսով՝ մոտ 15 ժամում, մոտ 50 դոլարի դիմաց, իսկ դրանից ավելի բյուջետային տարբերակ ուղղակի պատկերացնել հնարավոր չէ։ Ուրիշ բան, որ Սոչին ամենաէժան քաղաքներից չէ, բայց հարմար տարբերակներ գտնել, այն էլ հայի համար, հնարավոր է:

Նախապես պլանավորելով հանգիստը՝ Դուք Սոչիում կարող եք 5 օրում վայելել Աշխարհի առաջնության 2 խաղ, ընդ որում՝ նաև 1/8 և 1/4 եզրափակիչ հանդիպումները, ինչպես նաև անցկացնել բազմաբնույթ ու հագեցած ծովային հանգիստ։ Վերոնշյալ ամեն ինչը վայելելու համար Ձեզ ժամանակը կարող է չհերիքել, բայց գոնե վստահ կլինեք՝ Ձեր թանկարժեք ժամանակից ոչ մի վայրկյան իզուր չի կորի:

Տարբերակ 2. Երկար ճանապարհորդություն

Երկրպագուների մի մասը սիրում է հենց առաջին օրվանից ընկղմվել ֆուտբոլային տոնի մեջ, շրջել տարբեր քաղաքներով, այցելել միանգամից մի քանի հանդիպումների: Սա գուցե հիանալի տարբերակ լիներ 2006թ. Գերմանիայում, կամ 2022թ. Քաթարում, բայց սա Ռուսաստանն է: Այստեղ, խաղերն ընդունող քաղաքների միջև հեռավորությունը կարող է գերազանցել 3000 կիլոմետրը /Կալինինգրադ – Եկատերինբուրգ/, իսկ ամենամոտը 350 կմ-ից ոչ պակաս /Նիժնի Նովգորոդ – Կազան/:

Երկար ճանապարհորդությունները, գերխորացված ստուգումներն ամեն անգամ մարզադաշտ մուտք գործելիս, ընդարձակ տարածություններ, որ պետք է կտրել-անցնել ոտքով՝ հսկա մարզադաշտերում Ձեր մուտքը գտնելու համար… 7-10 օր այս ռեժիմով, ու դուք վերջնականապես կսպառվեք: Նոր էներգիայի համար Ձեզ անհրաժեշտ է Сочи на 3 ночи: Մի քանի օրյա ծովային հանգիստ, ու Դուք կրկին պատրաստ կլինեք գոռալ խաղի սկզբից մինչև վերջ ու պարել երկրպագուների հետ ողջ գիշեր:

Եվ վերջում՝ ամեն ինչ պետք է պլանավորել շատ վաղ: Դեկտեմբերին արդեն պարզ կլինեն Աշխարհի առաջնության խմբերի կազմերը և խաղացանկը, ու հենց այդ ժամանակ արդեն պետք է հոգալ Ձեր հանգստի, ինչպես նաև հանդիպումների տոմսերի մասին: Ֆուտբոլն ու Ռուսաստանը ստացել են շատ ավելի լավ համադրություն, քան բոլորս սպասում էինք, իսկ Սոչին դրա ամենահամեղ կտորներից է լինելու, VivaroNews-ը երաշխավորում է:

Կարեն Ռաֆայելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Կանտեն ընտրություն է կատարել 2 ակումբի միջև

Մբապեն խոսել է Մեսիի ու Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին

Դիդյե Դեշանի անսպասելի պատասխանը Լորան Կոսյելնիին

Լորան Կոսյելնին ասել է, թե որն է Ֆրանսիայի հավաքականից հեռանալու իրական պատճառը

Էդեն Ազարն ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

Պոգբան հայտնել է առաջնությունում իր անվստահ խաղի պատճառը

Պոլ Պոգբան թանկարժեք նվերներ է պատրաստել հավաքականի իր թիմակիցների համար

Խորխե Սամպաոլին նշել է ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի ձախողման պատճառը

«Եվ ուրեմն՝ իսպանական ֆուտբոլը». 6 փաստ «Ռեալի» ու «Բարսայի» ֆիասկոների մասին

Լյովն ասել է, թե ինչու Գերմանիայի հավաքականը ձախողվեց Մունդիալ-2018-ում

The Times. Չեմպիոնների լիգայում կկիրառվի VAR-ը

VAR-ը կՎԱՌեր ֆուտբոլի տարեգիրքը. Թոփ 10 պատմական խաղեր, որոնց ընթացքն այլ կլիներ VAR-ի գործածման դեպքում

Նոյերն ասել է, թե որ պարագայում Օզիլը չէր հեռանա հավաքականից

Արգենտինայի հավաքականը ժամանակավորապես կունենա 2 գլխավոր մարզիչ

ՌԴ նախագահի խոսնակը մեծ գումար է պարտք Տիգրան Քյոսայանին