«Ինտերին» գոլ է խփել 18-ամյա փախստականը. Մուսա Ջուվարայի ոգեշնչող պատմությունը - VNews
Բաժիններ

«Ինտերին» գոլ է խփել 18-ամյա փախստականը. Մուսա Ջուվարայի ոգեշնչող պատմությունը

Մրցաշրջանի մեկնարկից առաջ, դատելով տրանսֆերներից, երկրպագուները լուրջ հույս ունեին, որ «Ինտերը» պայքարելու է չեմպիոնության համար։ Սկզբում ամեն ինչ գնում էր ծրագրածի պես. մինչև Ռոնալդուն ու Սարին իրար միս էին ուտում, Լուկակուն ու Լաուտարո Մարտինեսը բոլորին պատռելով շարժվում էին առաջին հորիզոնականով առաջ։ Սակայն ժամանակի ընթացքում թիմը սկսեց դոփել տեղում ու գրանցել զարմանահրաշ արդյունքներ. կարող էր հաղթել թոփ մրցակցի, սակայն միջակ թիմին՝ պարտվել անմխիթար խաղով։

«Փուչիկն ընկավ սեղանի տակ, մի օր-մի օր գըմփ». Ինչու՞ Կոնտեի «Ինտերը» չի դառնա Իտալիայի չեմպիոն

Ընդմիջումից հետո «Ինտերը» միայն երկու ոչ-ոքի է արել, մնացած խաղերում հաղթել է։ Թվում էր՝ Սինիշա Միխայլովիչի «Բոլոնիան» ոչ մի շանս չի ունենա այս «Ինտերի» դեմ։ Սակայն մի աչքով համեստ թիմին պետք չէր նայել. «Բոլոնիան» պայքարում է հաջորդ տարի եվրագավաթներում հանդես գալու համար։ Նման մոտիվացիա ունեցող թիմը, սովորաբար, ոչնչի առաջ չի կանգնում։ Այդպես էլ եղավ. Անտոնիո Կոնտեի տղաները սեփական հարկի տակ պարտություն կրեցին թրիլլերային խաղում։

Եթե դուք դիտեցիք խաղի կարճ տեսությունը, նկատեցիք, հավանաբար, որ «Բոլոնիայի» պատասխան գնդակը խփեց սևամորթ ֆուտբոլիստ։ Նրա անունը Մուսա Ջուվարա է։ Այն, թե ինչպես է նա հայտնվել Ապենինյան թերակղզում, ինչպես է ստացել Իտալիայում խաղալու իրավունք և թե ինչ ճանապարհ է անցել մինչև հասել է «Սան Սիրոյում» «Ինտերին» գոլ խփելուն, պարզապես անհավատալի է։

14 տարեկանում Ջուվարան սովորականի պես՝ առավոտյան հավաքեց դպրոցական պայուսակն ու դուրս եկավ տնից։ Սակայն ընտանիքի անդամները չգիտեին, որ նա դպրոց գնալու փոխարեն որոշել էր լքել բարդ պայմաններում գտնվող հայրենի Գամբիան ու երջանկությունը փնտրել օտար ափերում։ Հաղթահարել հազարավոր կիլոմետրեր ոտքով, մեքենայով, ապա՝ նաև ռետինե նավակով, այդպես 2016 թվականին Ջուվարան հայտնվեց Ապենինյան թերակղզում։

Այդ տարի Իտալիան 25.000 աֆրիկացի փախստական ընդունեց։ Նրանցից մեկը հենց 14-ամյա Ջուվարան էր՝ առանց ծնողների, հարազատների ու ընկերների և գիշերակացի։ Ստանդարտ պրոցեդուրաներին համապատասխան՝ Ջուվարան հայտնվեց անչափահասների ճամբարում, որտեղից կարճ ժամանակ անց ուղարկեցին Իտալիայի հարավ՝ Նապոլիի ու Բարիի միջև տեղակայված փոքրիկ Ռուոտի քաղաք։ Այնտեղ էլ նա սկսեց ֆուտբոլ խաղալ տեղի հասակակիցների հետ։

«Վիրտուս Ավիլիանո» թիմի մարզիչներից մեկը՝ Վիտանտոնիո Սուման նկատեց նրան շատ սովորական պայմաններում՝ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին. լինելով մանկապատանեկան թիմի մարզիչ, Սուման սովորության համաձայն հետևում էր տունդարձի ճամփին ֆուտբոլ խաղացող տղաներին։ Նրա աչքով ընկավ Ջուվարան. 14-ամյա պատանին տարբերվում էր մյուսներից իր արագությամբ ու արագ կողմնորոշվելու ունակությամբ։

Հաջորդ օրը՝ արդեն տնից աշխատանքի գնալուս Սուման գիտեր՝ ում էր հանդիպելու դրսում ու անգամ գիտեր՝ ինչ է անելու։ Սուման Ջուվարային իր հետ տարավ ակումբի մարզաբազա, տվեց մարզահագուստ և ուղարկեց թիմի հետ մարզվելու։ Մարզիչը չսխալվեց. Ջուվարան նրա, մյուս մարզիչների ու թիմակիցների վրա լավ տպավորություն թողեց։ Ծանոթանալով նրա տխուր պատմությանը՝ Սուման հասկացավ, որ հենց իրեն է վիճակված կերտելու Ջուվարայի ճակատագիրը։ Կարճ ժամանակ անց Սուման և իր կինը որդեգրեցին աֆրիկացի պատանուն։

Ժամանակի ընթացքում Ջուվարան աշխատեց իր վրա ու իր կողմը հրավիրեց իտալական մի շարք ուժեղ թիմերի ուշադրությունը։ Գամբիացի ֆուտբոլիստը միշտ ասում էր. «Ինձ ամեն ինչում օգնել է և ուղղորդել է պապս։ Նա ինձ ասում էր, որ ինչ էլ լինի՝ ամենակարևորն ուսումն է»։ Ջուվարան դիտարկում էր միայն այն թիմերի առաջարկները, որոնք իրենց մեջ ներառում էին ուսումը շարունակելու կետ։

Ամենաաարգն ու լավագույնը կողմնորոշվեց «Կիևոն». Վերոնա քաղաքը ներկայացնող թիմն առաջարկեց Ջուվարային համադրել մարզումները և ուսումը։ Թվում էր՝ բարդ ճակատագրով փախստական ֆուտբոլիստի կյանքն ու կարիերան գնում է առաջ, սակայն Իտալիայի ֆուտբոլային միությունը արգելափակեց նրա տրանսֆերը (կային քաղաքացիության ու տարիքի վերաբերլյալ «քթի մազ» խնդիրներ, որոնք թույլ չէին տալիս նրան տեղափոխվել Վերոնա)։

«Մենք տեսնում էինք, որ Մուսան շատ տխուր է, նա ամբողջությամբ ընկճված էր, չէր ցանկանում խոսել որևէ մեկի հետ, իսկ երբ խոսում էր՝ անընդհատ հարցնում էր, թե ինչու և ինչպես իրեն չեն թողնում տեղափոխվել այլ թիմ։ Մենք փորձում էինք նրան բացատրել՝ ինչ է նշանակում իտալական գրողի տարած բյուրոկրատիան», – հիշում է Ջուվարայի խորթ հարրը՝ Սուման։

Չցանկանալով համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ ընտանիքը փորձառու փաստաբան Ռիգոյի ջանքերով բողոքարկեց Իտալիայի ֆուտբոլային միության որոշումը դատարանում ու հասավ ցանկալի արդյունքի։ 2018 թվականին տրանսֆերը վերջապես կայացավ, ու նա տեղափոխվեց «Կիևո»։ Նա աստիճանաբար սկսեց հայտնվել հիմնական թիմում, սակայն հանդիպումներին չէր մասնակցում։ Միայն 18/19 մրցաշրջանի վերջում Ջուվարան դուրս եկավ խաղադաշտ, իսկ հետո նրան գնեց «Բոլոնիան»…ավելի քան 500.000 եվրոյով։

Այս մրցաշրջանում Ջուվարան, որքան էլ որ զարմանալի է, փայլում է միայն թոփերի հետ խաղում։ «Ռոմայի» հետ մրցավեճում մասնավորապես, Սինիշա Միխայլովիչը նրան դուրս բերեց խաղադաշտ ու չսխալվեց։ Թեպետ «Բոլոնիան» դրամատիկ խաղում պարտվեց 2-3 հաշվով, բայց Ջուվարան դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Հետո վրա հասավ համավարակը ու թվում էր՝ ամեն ինչ նորից փչացավ։ Սակայն դադարից հետո գամբիացի ֆուտբոլիստը, ինչպես երևում է, չի կորցրել իր ունակությունները. հիմա էլ գոլ է խփում «Ինտերին»։ Ակնհայտ է՝ նա պատրաստ է մեծ խաղերի համար։

Նրան մնում է միայն որքան հնարավոր է՝ շուտ մոռանալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների ու խնդիրներ մասին, որոնք նրան ստիպեցին հեռանալ։ Գամբիայում տխուր իրավիճակ է։ 1996 թվականից իշխանությանը կառչած նախագահը 2015 թվականին փոխեց Գամբիայի պետական կրոնն ու անցավ իսլամի։ 2 տարի անց, նախագահի ընտրության ժամանակ նա տապալվեց, չընդունեց արդյունքները, ինչից հետո աֆրիկյան ստանդարտ սցենար՝ կռիվ-դավի, զորքեր, զոհեր ու հետո միայն հրաժարական։

Գամբիան միայն նշված խնդիրներից չէ, որ տառապում է։ Այստեղ ակտիվորեն ոտնահարվում են մարդու իրավունքները։ Հատկապես այդ տեսանկյունից տուժում են կանայք։ Բացի դրանից՝ ընդդիմադիր քաղակտիվիստներին հաճախակի կալանավորում են։ Էլ չենք խոսում, որ Գամբիան աշխարհի ամենաաղքատ երկրների շարքին է դասվում։ Հույս հայտնենք, որ մոտակա տարիներին Մուսա Ջուվարան նորից ստիպված չի լինի վերադառնալու հայրենիք, որտեղից նա հեռացել էր ընդամենը մի պայուսակով։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» ներկայացրել է թիմի լավագույն ռմբարկուներին․ Մխիթարյանը 2-րդն է

Դիբալան առաջ է անցել Ռոնալդուից ու ճանաչվել Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իտալիայի Ա սերիայի 2020/21թթ․ առաջնությունը

B/R-ն անդրադարձել է Մխիթարյանի և Սանչեսի՝ Անգլիայում ու Իտալիայում ելույթների տարբերությանը

Շրջադարձ․ Սանչեսի կարիերան կարող է զարգանալ նախնական սցենարի հակառակ տարբերակով

Կոնտեն արձագանքել է «Յուվենտուս» վերադառնալու վերաբերյալ տարածված լուրերին

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

Անտոնիո Կոնտեն հնարավոր է վերադառնա «Յուվենտուս»

Ավարտվեց Ա սերիա 19/20-ը․ Վերջին հարցն էլ ստացավ իր պատասխանը

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Լաուտարոյի ու Նեյմարի հարցում

Իմոբիլե․ «Ուզում եմ կենդանի օրինակ լինել նրա, որ չհանձնվելու դեպքում կարող ես ուզածիդ հասնել»

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում (տեսանյութ)

Մխիթարյանի վիճակագրությունն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում

Իբրահիմովիչն ամենատարեց ֆուտբոլիստն է, որին հաջողվել է Ա սերիայի մեկ առաջնությունում առնվազն 10 գոլ խփել

«Ռոման» հաղթեց «Յուվենտուսին» առանց Մխիթարյանի, «Ինտերն» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (տեսանյութ)