Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը - VNews
Բաժիններ

Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

eurocombat2020 Italky - Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլում չհայտնվելը դարձավ Իտալիայի հավաքականի անկման վերջին կետը, որից հետո կատարվեցին լուրջ փոփոխություններ. Ռոբերտո Մանչինին մարզչական կարիերայի ընթացքում ամենուր հայտնվում է սկանդալների կենտրոնում: Հենց այդ էր պատճառը, որ շատերը զարմացան, երբ նրան նշանակեցին «նոր Իտալիայի» ճարտարապետ: Անցել է 3 տարի, բայց արդեն պարզ է, որ դա լավագույն որոշումներից մեկն էր, որ հնարավոր էր: Իտալիան կերպարանափոխվել է և ստվերային ֆավորիտի կարգավիճակով սլանում է դեպի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

VNews-ը շարունակում է ներկայացնել ԵՎՐՈ 2020-ի հավաքականներին: Այս անգամ կպատմենք Իտալիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերը ու հավանական մեկնարկային կազմը։

Անցած ճանապարհը

ԱԱ-2018-ի անցումային խաղերում Շվեդիայից կրած պարտությունից հետո «Սկուադրա աձուրան» 5 ընկերական խաղ անցկացրեց, հետո սկսեց ելույթները Ազգերի լիգայի առաջին խաղարկությունում: Առաջին պաշտոնական մրցաշարում Իտալիան խմբում գրավեց երկրորդ տեղը և չանցավ փլեյ-օֆֆ: Որոշիչ դարձավ ապագա չեմպիոն Պորտուգալիայից կրած պարտությունը: 2019 թվականի մարտին սկսվեց Եվրոպայի ընթացիկ առաջնության ընտրական փուլը, որում մենք վերջապես տեսանք Իտալիայի նոր հավաքականը: Այն պարզապես ոչնչացրեց ընտրական փուլի իր մրցակիցներին, և վերջին նմուշը դարձավ Հայաստանի հավաքականի նկատմամբ 9:1 հաշվով տխրահռչակ խաղը: «Սկուադրա աձուրան» հաղթեց բոլոր 10 խաղերը` խփելով 37 գոլ և բաց թողնելով ընդամենը 4-ը: Իտալիան ու Բելգիան այն երկու հավաքականներն էին, որոնք ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր նվաճեցին գրանցելով 100-տոկոսանոց արդյունք:

«Սկուադրա աձուրան» հաջողությունը զարգացրեց Ազգերի լիգայի նոր խաղարկությունում: 2020-ին Մանչինիի թիմը գրավեց առաջին տեղը մի խմբում, որտեղ ընդգրկված էին հզոր Նիդերլանդները, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (պաշտոնական) Ռոբերտ Լևանդովսկու Լեհաստանը և միշտ «անդուր մրցակից» համարվող Բոսնիա և Հերցեգովինան: Իտալիան դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իսպանիայի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերին:

Վերջապես Իտալիան հերթական փայլուն նորամուտը նշեց 2021 թվականի աշնանը, երբ մեկնարկեց ԱԱ-2022-ի ընտրական փուլը: «Սկուադրա աձուրան» միևնույն 2:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային, Բուլղարիային և Լիտվային: Իտալիան չի կորցնում հավաքած թափը և հիանալի մարզավիճակով մոտենում է տարվա գլխավոր մրցաշարին:

italy 960x540 - Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

Հայտացուցակը

Դարպասապահներ. Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Ալեսիո Կրանյո («Կալյարի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»)

Պաշտպաններ. Լենարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (երկուսն էլ «Յուվենտուս»), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ «Ռոմա»), Ֆրանչեսկո Աչերբի, Մանուել Լաձարի (երկուսն էլ «Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Կրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ալեսանդրո Ֆլորենցի («ՊՍԺ), Ռաֆայել Տոլոի («Ատալանտա»)

Կիսապաշտպաններ. Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ «Ռոմա»), Նիկոլո Բարելա, Ստեֆանո Սենսի (երկուսն էլ «Ինտեր»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Գաետանո Կաստրովիլի («Ֆիորենտինա»), Մանուել Լոկատելի («Սասուոլո»), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Ժորժինյո («Չելսի»)

Հարձակվողներ. Ֆեդերիկո Կիեզա, Ֆեդերիկո Բերնարդեսկի (երկուսն էլ «Յուվենտուս»), Լորենցո Ինսինյե, Մատեու Պոլիտանո (երկուսն էլ «Նապոլի»). Դոմենիկո Բերարդի, Ջակոմո Ռասպադորի (երկուսն էլ «Սասուոլո»), Անդրեա Բելոտի («Տորինո»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ»), Մոյզե Կին (ՊՍԺ)

Ի տարբերություն մյուս գրանդ հավաքականների, Իտալիան հրապարակել է ոչ թե այն 26 ֆուտբոլիստների անունները, որոնք մասնակցելու են մրցաշարին, այլ 33 խաղացողի անուն: Նրանք մասնակցելու են ընդհանուր հավաքին, որից հետո Մանչինին ընտրելու է 26 ֆուտբոլիստ:

Միանգամից աչքի է ընկնում երիտասարդ ու փորձառու ֆուտբոլիստների թվի հավասարակշռությունը: Հավաքականում շեշտը դրված է երիտասարդ ու միջին տարիքի ֆուտբոլիստների վրա, որոնք պետք է դիմանան Մանչինիի պահանջած էներգատար ֆուտբոլին: Նրանց խաղադաշտում և հատկապես հանդերձարանում ճիշտ խորհուրդներով ու անձնական օրինակով կօգնեն Բոնուչիի, Կյելինիի, Սիրիգուի և Աչերբիի պես փորձառուները:

Թիմում կան 30 տարեկանին մոտ (+-) ֆուտբոլիստներ, որոնք իրենց կարողությունների գագաթնակետին են հասել (Իմոբիլե, Վերատի, Ինսինյե, Ֆլորենցի, Բելոտի) և առաջիկա ԵՎՐՈ-ն իրենց լավագույն շանս է իրենց անունը պատմության մեջ գրելու համար:

mancini 960x540 - Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

Մարզչական գործոնը

Մանչինիի մտահղացումները շատ արագ ընկալեցին հավաքականի ֆուտբոլիստները: Տեսնելով, որ Իտալիայում աճել է հարձակվողական ոճի կիսապաշտպանների նոր սերունդ, Ռոբերտոն որոշեց հետ կանգնել իտալական պրագմատիզմից և մշտական դարձնել հարձակվողական ոճի 4-3-3 մարտավարությունը: Նրա գլխավորությամբ անցկացրած բոլոր 28 հանդիպումներում «սկուադրա աձուրան» խաղացել է այդ սխեմայով: Ավանդական հավասարակշռված խաղին դեմ գնալը ոչ միայն համարձակ, այլև խելացի որոշում էր: Ավելի լավ է խաղալ այնպիսի ֆուտբոլ, որը հոգեհարազատ է ֆուտբոլիստներին, քան նրանց այլ մարտավարություն պարտադրել: Երբ ունես Ժորժինյոյի, Վերատիի, Լոկատելիի, Սենսիի, Պելեգրինիի և Բարելայի պես կիսապաշտպաններ, միակ խելացի որոշումը գնդակի վերահսկմամբ ֆուտբոլ դավանելն է: Մանչինին այդպես էլ արեց, և արդյունքները չսպասեցրին: Բացի այդ, ժամանակին Ռոբերտոն վիրտուոզ ֆուտբոլիստ էր, ուստի նրան նույնպես հոգեհարազատ է նման խաղը:

Բայց Մանչինին չսահմանափակվեց տիկի-տակայով, նա իր տրամադրության տակ ունի բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ, որոնցից յուրաքանչյուրը կարող են թիմին օգուտ տալ, եզրերում արագացումներով կամ դրիբլինգով, ազատ գոտիներ մտնելով կամ անսպասելի հարվածով… Տարբերակները շատ են, նույնիսկ այնքան շատ, որ այս հավաքականը նման է 2006-ին աշխարհի չեմպիոն դարձած Իտալիային: Իհարկե, այնտեղ հիմնական կորիզը գերաստղեր էին, որոնցից շատերը 30 տարեկան անց էին: Նրանք կարողացան փորձի ու համախմբվածության շնորհիվ չեմպիոն դառնալ, բայց ունեին ևս մեկ առավելություն: Մրցակիցը չգիտեր՝ ումից վտանգ սպասել: ԱԱ-2006-ում Մարչելո Լիպիի թիմը 12 գոլ խփեց, բայց աչքի ընկավ 8 ֆուտբոլիստ:

Մեր ընտրանին

Այժմ իրավիճակը շատ նման է: Օրինակ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Իտալիայի 6 գոլերը խփել են 5 տարբեր ֆուտբոլիստներ, իսկ Ազգերի լիգայում 7 գոլից 6-ը նույնպես խփել են տարբեր խաղացողներ: Դա ոչ միայն ցույց է տալիս Մանչինիի թիմի բազմակողմանիությունն ու անկանխատեսելիությունը, այլև կազմի խորությունը: Իտալացին ինքն է այդ խորությունը ստեղծել, քանի որ շանս է տալիս գրեթե բոլորին, որոնց հրավիրում է հավաքական, և նրանք արդարացնում են:

Գլխավոր աստղը

ԱԱ-2018-ի ուղեգրի համար վճռորոշ խաղում Իտալիան ոչ մի կերպ չէր կարողանում գոլ խփել Շվեդիային: Երբ ստադիոնում և հեռուստացույցի առջև բոլորը բղավում էին փոխարինման դուրս բերեք Լորենցո Ինսինյեին, գլխավոր մարզիչ Ջամպյեռո Վենտուրան մոտեցավ վետերան Դանիելե դե Ռոսիին և հրահանգեց փոխարինման մտնել: Այդ պահին հռոմեացին ասաց. «Մեզ հարկավոր է գոլ խփել, ինչո՞ւ ես ինձ փոխարինման դուրս բերում, երբ կողքս նստած է Ինսինյեն»:

insigne berardi italy 960x772 - Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

Լորենցոն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին, բայց Վենտուրային հաջորդած մարզիչն արդեն գիտեր, թե ում վրա է հարկավոր առաջին հերթին հույս դնել: Մանչինիի օրոք Ինսինյեն ոչ միայն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, այլև թիմի առաջատարը: Իտալիայի հավաքականում անցկացրած վերջին 10 խաղում Ինսինյեն դարձել է 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Ինսայդն իր հիասքանչ դրիբլինգով կարողանում է ձախ եզրից տեղափոխվել կենտրոն և մահացու հարվածներ կատարել, կամ իր եզրից վտանգավոր և պաշտպանների համար անվերահսկելի փոխանցումներ կատարել: Բացի դրանից, Լորենցոն իր տեղաշարժերով թույլ է տալիս ձախ պաշտպանին գրոհին միանալ եզրի ամբողջ երկայնքով, իսկ հիանալի փոխանցումների տիրապետող կիսապաշպաններին գրոհի զարգացման ժամանակ միանգամից մի քանի տարբերակ առաջարկել:

Ինսինյեն հերթական հիասքանչ մրցաշրջանն անցկացրեց «Նապոլիի» կազմում: Ա սերիայի ընթացիկ առաջնությունում նա 19 գոլ է խփել ու 7 ասիստ կատարել: Իտալացին արդեն 29 տարեկան է: Այդ տարիքում ֆուտբոլիստը մեծ փորձ ունի, բայց դեռ վետերան չես: Ճիշտ ժամանակն է, որ Ինսինյեն փայլի խոշոր մրցաշարում և դառնա իտալական ֆուտբոլի լիարժեք աստղ:

Մրցակիցներ/շանսեր

Իտալիան ավանդաբար բարդ իրավիճում է հայտնվում խոշոր մրցաշարերի խմբային փուլերում, և նույնիսկ թվում էր նրան ձեռնտու է, որ միշտ փլեյ-օֆֆ լինի: Սակայն այս Իտալիան, որն իր հարձակվողական խաղը պարտադրում է մրցակցին, չպետք է լուրջ խնդիրներ ունենա մի խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիան, Շվեյցարիան և Ուելսը: Երեքն էլ ուժեղ թիմեր են, բայց ոչ այն աստիճան, որ Իտալիայի համար փակեն փլեյ-օֆֆի ճանապարհը:

immoblie 960x540 - Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

Բացի դրանից, խմբային փուլն Իտալիայի համար տնային է, քանի որ բոլոր հանդիպումները կայանալու են Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում: Մայրաքաղաքի իշխանություններն արդեն երաշխավորել են, որ թույլատրելու են երկրպագուների մուտքը մարզադաշտ, այնպես որ, Իտալիայի հիմնը լսելու ենք փշաքաղեցնող ֆանատների ձայնով:

Հավանական մեկնարկային կազմը.

Դոնարումա –Սպինացոլա, Աչերբի (Բաստոնի), Բոնուչի, Ֆլորենցի – Ժորժինյո (Լոկատելի), Վերատի, Բարելա – Ինսինյե, Իմոբիլե, Պելեգրինի (Կիեզա):

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)