fbpx

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ինչպե՞ս և ինչո՞ւ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

Մինչ Մեսին ամռանն այդպես էլ չկարողացավ իր անվանը լեգենդի հնչեղություն տալ Կատալոնիայից բացի գոնե իր հարազատ Արգենտինայում, արդեն իսկ 3 երկրներում հերոսացած Ռոնալդուն 33 տարեկանում ճանապարհ ընկավ նվաճելու նաև Իտալիան:

«Իմ տարիքի ֆուտբոլիստները, ամենայն հարգանքով նրանց նկատմամբ, գնում են Չինաստան կամ Քաթար: Ուստի այսպիսի մեծ ու հիասքանչ ակումբ գալը ինձ երջանկացնում է: Շնորհակալ եմ «Յուվենտուսին» այս հնարավորության համար»,- նշեց Ռոնալդուն նոր ակումբում իր ներկայացման ժամանակ՝ հիշեցնելով նաև, որ նա արդեն 33 տարեկան է, ոչ 23:

Այնուամենայնիվ, տարիքը չխանգարեց «Յուվենտուսի» ղեկավարությանը բավականին արագ ու վստահ, աշխարհի առաջնության շղարշում, առանց նյարդեր կրծող ձևականությունների ձևակերպել իր պատմության ամենամեծ ձեռքբերումը:

Ինչքա՞ն արժեցավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Հաշվի առնելով, որ նախորդ տրանսֆերային ռեկորդով «Ծեր սենյորան» ընդամենը 10 մլն էր պակաս վճարել Գոնսալո Հիգուայինի համար, այս գնով «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողի Թուրին բերելը ֆանտաստիկ գործարքի տպավորություն է ստեղծում:

«Ֆուտբոլիստը 60 գոլ է խփում մրցաշրջանում, իսկ նրան գնահատում են 100 մլն եվրո: Ու նույնիսկ եթե նրա դիմաց 1 մլրդ վճարեին, դա պատմական սխալ էր «Ռեալի» համար»,- գործարքից անմիջապես հետո հայտարարեց «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը, ում հեռանալուց հետո էլ 2009թ. Պերեսը Ռոնալդուին բերել էր Մադրիդ:

100 մլն եվրո «Ռեալին», + 5-ական մլն եվրո նախկին ակումբներին, այս գումարը «Յուվենտուսը» վճարելու է առաջիկա 2 տարվա ընթացքում: Ավելի բարդ է պորտուգալացու աշխատավարձային բյուջեն ապահովելը՝ տարեկան 30 մլն եվրո հարկումից հետո, ինչը նշանակում է որ պայմանագրի 4 տարիների ու ձեռքբերման դիմաց «Յուվեն» վճարելու է ընդհանուր առմամբ 345 մլն եվրո:

Գործարքի մասին առաջին լուրերից հետո «յուվենտինոների» շրջանում խուճապ տարածվեց, թե այսպիսի ծախսը կարող է թիմին ստիպել վաճառել առաջատարներին, մասնավորապես Պաուլո Դիբալային և Միրալեմ Պյանիչին: Հիմա արդեն պարզ է, որ Ռոնալդուն, ընդհակառակը, կնպաստի, որ բոլորն առանց որևէ ֆինանսական քմահաճույքների մնան Թուրինում ու խաղան աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին: Իսկ վաճառել, թերևս, ստիպված լինեն միայն Գոնսալո Հիգուայինին, որը կարող է մոտ 60 մլն եվրո ետ բերել ակումբի բյուջե: Եվ դրա կարիքն էլ չէր լինի, եթե չլինեին թուրինցիների մյուս երկու ձեռքբերումները՝ Ժոաո Կանսելու (40 մլն եվրո) և Էմրե Ջանը (30 մլն եվրո):

Մի քանի օր առաջ տեղեկատվություն ստացվեց, թե FIAT ավտոգործարանի աշխատողները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ Ռոնալդուի թանկարժեք ձեռքբերման: Թուրինցիները շատ արագ հարթեցին խնդիրը՝ հայտարարելով նաև, որ ընդամենը 5 աշխատող է դուրս եկել բողոքի, ինչը աշխատակազմի նույնիսկ 1 տոկոսը չի կազմում: Այո, Անյելիների ընտանիքի ավտոգործարանները (իսկ նրանց պատկանում են շատ հայտնի բրենդեր՝ Ferrari, Maserati, Lancia, Alfa Romeo, Jeep) ընդամենը մի փոքր կավելացնեն իրենց ներդրումը ակումբում և ամեն ինչը տեղը կընկնի: Ի դեպ, «Յուվենտուսը» մինչ այս շատ քիչ էր օգտվում Անյելիների բիզնես-ներարկումներից ու ֆինանսապես գրեթե հասել էր ծախսածածկման:

Ակնկալվում է, որ Ռոնալդուի աշխատավարձի 2/3 մասը կփակվի Ferrari-ի հետ հովանավորչական պայմանագրի հաշվին, մնացած գումարն էլ կփոխհատուցվի մի քանի ֆուտբոլիստների վաճառքի հաշվին, որոնցից ուշադրության արժանի է միայն Հիգուայինի անունը: Ռոնալդուի տրանսֆերի հայտարարումից հետո 1 օրվա ընթացքում «Յուվենտուսը» 520 000 մարզաշապիկ է վաճառել, դա ընդամենը 39%-ով է քիչ «Ծեր սենյորայի» մարզաշապիկների վաճառքի ՏԱՐԵԿԱՆ ծավալից, ակումբի թվիթերն էլ 1 մլն նոր հետևորդ է հավաքել: Իտալացի ֆինանսիստների գնահատմամբ՝ Ռոնալդուն տարեկան հավելյալ 35 մլն եվրո կգեներացնի «Յուվենտուսի» համար: Եզրահանգումը մեկն է՝ սա ոչ թե ճոխություն էր, այլ իրական ներդրում:

Ներքուստ ցնծում է ամբողջ Իտալիան

«Ռոման» փորձեց Ռոնալդուի ձեռքբերումը ծաղրել սոցցանցերում, բայց դա ընդամենը առաջին ու հպանցիկ ռեակցիա է: Իրականում, այս ձեռքբերումից ուրախ են Ա սերիայի բոլոր ակումբները: Նրանցից ոչ մեկն էլ Ռոնալդուին ձեռք բերել չէր կարողանալու, ոչ էլ հնարավոր կլիներ գոնե առաջիկա տարիներին ունենալ «Յուվենտուսից» ավելի ուժեղ կազմ: Բայց այս ձեռքբերումով ամբողջ Ա սերիան վերականգնեց իր հեղինակությունը: Գուցե և մոտ 15-20 տարվա դադարից հետո այստեղ գալիս է (ոչ հայտնվում) աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

«Ռոնալդուի հետևից շատ աստղեր կցանկանան տեղափոխվել Ապենիններ, իսկ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգան վերջապես հաղթելու լավ շանս է ստացել»,- նշել է բրազիլացի Կաֆուն, ով վերջին ներկայացուցիչներից է այն լեգենդար սերնդից, որ նախընտրում էր խաղալ Իտալիայում: «Յուվենտուսն», իրոք, այս ձեռքբերումով լրացուցիչ խաղաքարտեր բաժանեց Ա սերիայի բոլոր ակումբներին՝ բարձրակարգ ֆուտբոլիստների համար տրանսֆերային պայքարում: Չհաշված նաև համընդհանուր հետաքրքրությունը լիգայի նկատմամբ, որ թույլ կտա մեծացնել հեռուստատեսային լսարանը և լրացուցիչ գովազդային պայմանագրեր ձեռք գցել:

Ի՞նչ է տալու Ռոնալդուն «Յուվենտուսին»

Միակ բանը, որ «Յուվենտուսը» վերջին տարիներին չի կարողանում ունենալ, Չեմպիոնների լիգայի գավաթն է՝ մի բան, որ Ռոնալդուն ամենաշատը նվաճեց այդ նույն վերջին տարիներին: Բնականաբար, թուրինցիները Իտալիայում առանց այդ էլ խնդիրներ չունեին ու Սկուդետո հաղթելու համար նրանց Ռոնալդու պետք չէր:

Բայց Ռոնալդու նրանց բացի ՉԼ-ից պետք էր նաև վերջին տարիների ֆինանսական առղոջացումն ու վերելքը ավելի վիզուալ արձանագրելու համար: ՉԼ նախորդ խաղարկությունում «Յուվենտուսը» վաստակեց ավելի շատ, քան չեմպիոն «Ռեալը», թիմը մշտական տեղ ունի ամենամեծ բյուջե ունեցող ակումբների շարքում, բայց թոփ-ակումբների ցանկը թվելիս շատերը երբեմն մոռանում էին «Ռեալի», «Բարսելոնայի», «Բավարիայի», ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերում նշել նաև «Յուվենտուսին»: Նման բան դուք այլևս չեք համարձակվի անել, որովհետև Ռոնալդուի ահարկու հայացքը անմիջապես կհայտնվի ձեր մտքում:

33 տարեկանը մեծ տարիք չէ Իտալիայում խաղալու համար, Տոտին ու Զանետին կհաստատեն, բայց մեծ հարց է նաև այն, թե ինչքան է իրականում Ռոնալդուի ֆիզիոլոգիական տարիքը: Խաղային առումով Կրիշտիանուն կասկածներ չի հարուցում, մոտիվացիայի հարցով նույնպես: Տակտիկական ֆուտբոլը պորտուգալացին բնորոշեց որպես նոր մարտահրավեր իր համար, ու համոզմունք հայտնեց, որ կկարողանա «Յուվենտուսին» նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել:

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ռոնալդուի շուրթերից հենց այսպես հնչեց իր նոր ակումբի անունը:

Ալեգրիի համար էլ սա նոր հորիզոն է՝ իր գաղափարների շառավիղը մեծացնելու և դրանց ձգտելու համար: Բայց միաժամանակ նոր, ավելի բարդ աշխատանք, հատկապես՝ հանդերձարանում: «Յուվենտուսը» Ռոնալդուին շքեղ ընդունելություն ցույց տվեց, բայց և դեռևս կարողանում է պահել չափը և թույլ չտալ մտածելու, թե որևէ մեկը կարող է լինել ավելի մեծ, քան ակումբը:

Դա ամեն գնով պետք է պահել նաև առաջիկայում. Ռոնալդուի էգոյի ու «Ծեր սենյորայի» բնավորության բախումները պետք է բացառել: Սա Իտալիա է, այստեղ երբեմն տիտղոսները այնքան կարևոր չեն, ինչքան արժեքներն ու սկզբունքները, այլապես «Յուվեն» չէր կարողանա 1996թ. ի վեր ՉԼ 5 եզրափակիչ պարտվելով մնալ այսքան սիրված թիմ երկրպագուների կողմից, և այսքան ցանկալի ուղղություն «ոսկե գնդակի» դափնեկիրների համար: Մնում է զուտ մեկ հարց՝ կհաջողվի՞ արդյոք սկսել ևս մի մեծ սիրո պատմություն…

Կարեն Ռաֆայելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Հայտնի է, թե ով է սպասարկելու այս մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն

«Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի լուրջ կորուստով կարող է մոտենալ «Յուվենտուսի» դեմ խաղին

«Նա սովորեցրել է Ռոնալդուին՝ ինչպես դառնալ լավագույնն աշխարհում». Պյանիչ

As. Երկրպագուների կարծիքով «Ռեալի» ձախողումների մեղավորը Ֆլորենտինո Պերեսն է

«Ռեալի» առաջատարներից մեկը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

Պարտությունից հետո «Ռեալը» նորից կապ է հաստատել Կոնտեի գործակալի հետ

«Յուվենտուսի» բաց թողած 6 գոլերից 5-ում գլխավոր մեղավորը մեկն է

Cadena COPE. «Ռեալը» պատրաստվում է ցնցել տրանսֆերային պատուհանը

Sky Sports News. «Ռեալը» շուտով կհայտարարի Լոպետեգիի հրաժարականի մասին

«Ոսկե տղան»․ Վինիսիուս Ժունիորի շքեղ գոլը տուգանայինից կատարած հարվածով (տեսանյութ)

6 գոլ, 5-ը՝ նրա պատճառով․ «Յուվենտուսի» «գոլաբեր» ֆուտբոլիստը (տեսանյութ)

«Ռեալը» Կոնտեի հետ բանակցությունները սկսել է ԲԿՄԱ-ին պարտվելուց հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական պատմական նվաճումը գրանցեց

Ալեգրի․ «Երկրորդ խաղակեսում մենք արդեն մտածում էինք «Յունայթեդի» դեմ խաղի մասին»

Մարսելո․ «Լոպետեգիի հետ ենք մինչև մահ, նրան չի կարելի համեմատել Բենիտեսի հետ»

Պաշտոնական․ Հայտնի են Լիոնել Մեսիի ապաքինման ժամկետները (տեսանյութ)