Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի հավաքականի տպավորիչ ու պատմական հաղթանակներից հետո ազգային թիմի մարզիչ Խոակին Կապառոսը մեր երկրում ամենասիրելի կերպարներից է դարձել։ Իսպանացի «միստերը» լուռ աշխատանքով տեսանելի արդյունք գրանցեց, իսկ հարցազրույցներում ու ասուլիսներին խոսքեր չի խնայում հայերի մասին դրականը ասելու համար։ Կային ժամանակներ, երբ Կապառոսը Հայաստանից հեռու էր ու զբաղված էր համաշխարհային ֆուտբոլի երիտասարդ աստղերին բացահայտելով։ Պատահական չէ, որ Հայաստան գալուց հետո Կապառոսը չի փոխում իր փիլիսոփայությունը ու հիմա էլ մեզ համար է փորձում նոր անուններ ու աստղեր գտնել։
VNews.am-ը վերհիշել է համաշխարհային ֆուտբոլում Հայաստան հավաքականի մարզչի բացահայտած տաղանդներին։
18 տարեկանը լրանալուն պես նա «Սևիլիայի» կազմում նշեց նորամուտը։ Խեսուս Նավասը Կապառոսի աստղային բացահայտումներից է։ Նավասը նորամուտը նշել է՝ փոխարինելով Պակո Գալյարդոյին սակայն Նավասի առաջընթացը ավելի դանդաղ էր ընթանում։
Կապառոսը նրանում գտել էր տաղանդաշատ խաղացողի, որը կարևորագույն դեր էր ստանձնելու «Սևիլիայի» առաջիկա մրցաշրջաններում։ Երկար տարիներ անդալուսյան թիմում բարձր մակարդակով խաղալուց հետո Նավասը կարիերան շարունակեց «Մանչեսթեր Սիթիում»։ Հիմա նա դարձյալ «Սևիլիայում» է՝ այն թիմում, որտեղ աճել ու կայացել է Խոակին Կապառոսի գլխավորությամբ։
Իսպանիայի Մունդիալ-2010-ի հաղթական կազմում կար «Ատլետիկի» երկու խաղացող՝ Մարտինեսն ու Ֆերնանդո Լյորենտեն։ Նրա կարիերայում ևս Կապառոսը բացահայտող դերակատարում է ունեցել։ Լյորենտեն «Ատլետիկում» էր, երբ եկավ իսպանացի մասնագետը։ Սակայն Լյորենտեի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն տեղի ունեցավ, որը երևաց միանգամից։ Կապառոսը ավելի շատ էր վստահում նրան։ Նրա գլխավորությամբ առաջին տարում Լյորենտեն մասնակցեց 40 խաղի ու դարձավ 12 գոլի հեղինակ։ Համեմատության համար հայացք նետենք անցած մրցաշրջանի թվերին․ 23 խաղ ու ընդամենը 2 գոլ։ Լյորենտեի խաղը ամեն հաջորդ մրցաշրջանում ավելի լավն էր դառնում։ Ու պատահական չէ, որ Դավիդ Վիլյայի ու Ֆերնանդո Տորեսի կողքին նա ևս հայտնվեց «ֆուրիա ռոխայի» կազմում Աշխարհի առաջնությանը։ Լյորենտեի առաջընթացում Կապառոսը մեծ դեր ունի։
Եվս մեկ աշխարհի չեմպիոն, որը Կապառոսի գլխավորությամբ անցկացրել է կարիերայի երիտասարդ տարիները։ Լյորենտեի պես, Խավի Մարտինեսը արդեն «Ատլետիկում» էր, երբ Կապառոսը գլխավորեց բասկյան թիմը։ 2007-ից 2011 թվականներին Բիբաոյում աշխատելու տարիներին Կապառոսը մեծ ազդեցություն ունեցավ Մարտինեսի կայացման գործում։
Այդ տարիներին «Ատլետիկում» հեռանկարային իսպանացիների մի ամբողջ հավաքածու կար․ Մարտինես, Իկեր Մունիային, Մարկել Սուսաետա, Անդեր Իտուրասպե։ Բայց նրանցից ամենահեռուն գնաց հենց Մարտինեսը։ 2010-ի աշխարհի առաջնությանը նա հրավիրվեց ազգային հավաքական, իսկ Կապառոսի՝ «Ատլետիկից» հեռանալուց մեկ տարի անց փոխեց ակումբը՝ տեղափոխվելով «Բավարիա»։ Մարտինեսը ևս մեկ օրինակ է, որ Կապառոսը հիասքանչ աշխատանք է կարողանում կատարել երիտասարդ ու հեռանկարային խաղացողների հետ։
Այո՛, այո՛, այն նույն Արբելոան, որը փայլելու էր «Լիվերպուլում» ու «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգա էր հաղթելու, Իսպանիայի ընտրանու հետ էլ դառնալու էր Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Կապառոսը։ Արբելոան «Ռեալի» սան է։ Նա սահուն քայլերով գնում էր դեպի «Արքայական ակումբի» առաջին թիմ։ «Ռեալ Մադրիդ С»-ում և «Ռեալ Մադրիդ B»-ում շատ տպավորիչ արդյունքներ գրանցելուց հետո հեռանկարային խաղացողի մոտ առաջին թիմում շատ բան չստացվեց։ Ու այդ պատճառով «Ռեալը» որոշեց վաճառել նրա տրանսֆերը «Դեպորտիվոյին», որտեղ Կապառոսն էր։ Նա ոչ մեկ անգամ էր ապացուցել արդեն, որ երիտասարդների հետ շատ լավ է կարողանում աշխատել։ Նա դա արել էր արդեն «Սևիլիայում»։ 2006 թվականին Լա Կորունյա տեղափոխվելուց հետո Արբելոան վերգտավ իր վստահությունը, մասնակցեց առաջնության 18 խաղերի ու ընդամենը մեկ տարի անց ուղևորվեց դեպի Լիվերպուլ, ուր նրան սպասում էր քաղաքի համանուն թիմը Ռաֆա Բենիտեսի գլխավորությամբ։ Այնուհետև, նա վերադառնալու էր Մադրիդ ու խաղալու էր իր սիրելի թիմում։ Արբելոայի կարիերայում բեկումնային եղավ «Դեպորտիվոյում» անցկացրած մեկ մրցաշրջանը։
Մեր ընտրանին
Եթե ձեզ հարց տան, թե որ մարզչի հետ եք ասոցացնում Ֆիլիպե Լուիսին, դուք հաստատ կտաք Դիեգո Սիմեոնեի անունը։ Լուիսը երկար տարիներ եղել է «Ատլետիկոյի» արգենտիացի մարզչի սիրելի խաղացողներից ու անփոխարինելի էր համարվում «ռոխիբլանկոսների» շարքերում։ Բայց արի ու տես, որ Ֆիլիպե Լուիսի բացահայտման ակունքներում ևս կանգնած է Խոակին Կապառոսը։ Ու այս դեպքում խոսքը ամենևին էլ «Սևիլիայի» մասին չէ։ 2005/06 թվականների մրցաշրջանում Ֆիլիպեն վարձակալությամբ տեղափոխվեց «Դեպորտիվո»։
Նրա իրավունքները պատկանում էին ուրուգվայական «Ռենտիստաս» ակումբին։ Ֆիլիպե Լուիսի կարիերայում շատ բարդ ժամանակներ էին։ Երիտասարդ խաղացողը ոչ մի կերպ չէր հարմարվում որևէ թիմում։ Ֆիլիպեի ունակությունները տեսանելի էին, սակայն դրանք անհրաժեշտ կերպով օգտագործելու համար համապատասխան մարզիչ չէր հանդիպում։ Ու ի վերջո նա եկավ «Դեպորտիվո», որտեղ Կապառոսն էր։ Լա Կորունյայում նա այնպես բացվեց, որ 2010-ին տեղափոխվեց «Ատլետիկո» ու երկար տարիներ բարձր մակարդակով խաղաց այդ թիմում՝ հասնելով մեծ նվաճումների։
Եվս մեկ հնչեղ անուն համաշխարհային ֆուտբոլում։ Դանի Ալվեսը ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստն է, ու իր ֆանտաստիկ կարիերայի ճանապարհի հիմքերը դրել է «Սևիլիայում», երբ թիմը մարզում էր Խոակին Կապառոսը։ 2002/03 թվականների մրցաշրջանում Ալվեսը Լա լիգայի «Էսպանյոլի» դեմ հաղթական խաղում նշեց նորամուտը՝ դուրս գալով փոխարինման։ Հատկանշական է, որ Ալվեսը «Սևիլիայում» նշել է իր նորամուտը՝ փոխարինելով Պակո Գալյարդոյին։ Ի վերջո, Ալվեսն ընտրեց կատալոնական ուղին։
Ավելի հնչեղ անուն, քան Սերխիո Ռամոսն է, այս ցանկում չկա։ «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի ավագը Կապառոսի ամենամեծ բացահայտումն է համաշխարհային ֆուտբոլում։ Մինչև «Ռեալ» տեղափոխվելն ու «Արքայական ակումբում» պատմություն կերտելը Ռամոսը, ինչպես Ալվեսը, խաղում էր «Սևիլիայում»։ 2003/04 թվականների մրցաշրջանում «Դեպորտիվոյի» հետ գավաթային խաղում Կապառոսը դաշտ դուրս բերեց 18 տարեկան իսպանացի խաղացողին։ Արտագնա խաղում Ռամոսը դաշտ դուրս եկավ երկրորդ կեսի միջնամասում` փոխարինելով Պակո Գալյարդոյին։
Շատ կարճ ժամանակ էր պետք Հայաստանի հավաքականի ներկայիս մարզչին Ռամոսի պոտենցիալը բացելու համար։ Իհարկե, կասկած չկա, որ «Ռեալի» ապագա ավագը մեծ տաղանդ ուներ։ Այդ տարի Ռամոսը խաղաց «Սևիլիայի» երկրորդ թիմում։ Մի քանի խաղ հիմնական թիմում անցկացնելուց հետո Կապառոսի համար պարզ էր, որ Ռամոսը ունի հիմնական կազմի խաղացող դառնալու բոլոր որակները։ Հաջորդ տարի նա արդեն գլխավոր թիմում էր։ Կապառոսի վստահությունը բացեց համաշխարհային ֆուտբոլի դռները Ռամոսի համար։ Ընդամենը մեկ տարի անց նա տեղափոխվեց «Ռեալ»։
Կապառոսը Հայաստանի հավաքական գալուց հետո սովորեցրեց հայ երկրպագուներին, որ մեծ թվով երիտասարդ խաղացողներ կարող են դաշտ դուրս գալ, ու դա անել ամենավճռորոշ պահերին։ Կապառոսի մարզչական կարիերան վառ օրինակ է, թե ինչպես են նրա հետ աշխատելիս խաղացողները բացվում, գտնում իրենց հնարավորություններն ու շարժվում առաջ։ Մենք արդեն ճանաչում ենք այն խաղացողներին, որոնք նշել են նորամուտը Հայաստանի հավաքականում, հեռանկարային են, երիտասարդ են և ունեն շանս Կապառոսի հետ առաջ գնալու ու զարգանալու համար։ Դե ինչ, ի գո՜րծ․․․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո