Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ» - VNews
Բաժիններ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Armenia - Estonia

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ Ներկայացնում ենք երկրորդ հատվածը։

-Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մեջ տեղավորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մոտեցումը: Դուք նույնպես Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղավորում եք այն սխեմայի մեջ, որը նախընտրում եք, թե՞ հակառակը՝ ընտրում եք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողություններից:

-Այստեղ երկու տարբեր բան կա։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հավաքականը, և պետք է ադապտացվես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակված լինելով՝ հավաքականի բազմաթիվ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալյանի, Լուսիանո Մարտինի և Արա Արոյանի հետ։ Ամեն օր գրեթե 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հավաքականում

-Այդ դեպքում՝ ինչո՞վ է պայմանավորված տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արշակ Կորյանի կամ այլ ընդգծված 10 համարի բացակայությա՞մբ, թե՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրությամբ սա, միևնույնն է, տակտիկական ամենահարմար դասավորությունն է:

-Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ։

-Հունիսին հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում. Առաջին մրցակիցն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան է, երկրորդը՝ Եվրոպայի ուժեղագույն թիմերից Շվեդիան: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր ուժեղ թիմերի դեմ խաղալն ընկերական խաղերում: Արդյո՞ք դա հենց Ձեր պահանջն է եղել և ի՞նչ եք պատրաստվում փորձարկել այդ խաղերում:

-Առաջին՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք դա։ Երբ հավաքականի մարզաշապիկն ես կրում, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ամողջ երկիրն է և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները։ Պատրաստվում ենք անել դա այնպիսի հավաքականների հետ պայքարում, ինչպիսիք են Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիները։ Հնարավոր է՝ մեզ որևէ ֆուտբոլիստ միանա, բայց պնդում եմ՝ մենք պետք է միայն ուժեղացնենք և կատարելագործենք մեր ռազմավարությունը։ Այդ իսկ պատճառով էլ չկան ընկերական խաղեր, և հենց այս մենթալիտետով պետք է մոտենանք առաջիկա երկու հանդիպումներին։

-Դուք հայտնի եք, որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և արդյո՞ք կարող եք հիմա անուններ տալ:

-Ես ոչ մի անուն չեմ տա։ Շանսեր կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։

-Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղերում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր շանսերը, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներում դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։

-ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞ւմ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

-Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիան։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առջև շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղի ընդմիջմանը Կապառոսը լուսանկարվել է ապագա ֆուտբոլիստների հետ (տեսանյութ)

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Կապառոս. «Իսպանիա – Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Խորվաթիա – Հայաստան. Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Վահան Բիչախչյան. «Մեր երկիրն արժանի է այնպիսի պահերի, որոնց ընթացքում կարող է լիաթոք ուրախանալ»

Ինսայդ. Մելիքբեկյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների հետ