fbpx

Կառլսենն ընդդեմ Կարյակինի. Ի՞նչ է պետք իմանալ տարվա գլխավոր շախմատային մրցախաղի մասին

Կառլսեն - Կարյակին

Նոյեմբերի 11-ին Նյու Յորքում կտրվի շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի մեկնարկը շախմատային թագի ներկայիս տիրոջ՝  նորվեգացի Մագնուս Կառլսենի և մրցանակի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի մասնակցությամբ:

Մրցակարգով նախատեսված է դասական շախմատի 12 պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին որոշելու համար նոյեմբերի 30-ին կանցկացվի 2 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցաշար: Եթե կրկին հաղթողը հայտնի չդառնա, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի կայծակնային մրցախաղում: Անհրաժեշտության դեպքում կանցկացվի առավելագույնը 4 մրցախաղ՝ 2-ական պարտիայից բաղկացած: Հավասար արդյունքի դեպքում կկայանա վճռորոշ մրցախաղը, որում սպիտակներին կհատկացվի 5 րոպե, սևերին՝ 4: Ոչ-ոքիի դեպքում հաղթող կճանաչվի սևերով խաղացած շախմատիստը:

Շախմատի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի բացմանը կարող է ներկա չգտնվել ՖԻԴԵ-ի նախագահը: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մինչ օրս մուտքի թույլտվություն չի տվել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին: 2015թ. նոյեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իլյումժինովին ընդգրկել էր «սև» ցուցակում՝ նրան մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մեջ:

Կիրսան Իլյումժինովը մտադիր է սկայպի միջոցով մասնակցել մրցաշարի բացման արարողությանը: Նա նաև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է կատարելու մրցախաղի առաջին քայլը: Փոխարենը երկօրյա այցով Նյու Յորք է մեկնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար, ՌԴ-ի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դմիտրի Պեսկովը՝ աջակցելու Սերգեյ Կարյակինին:

Շախմատային մասնագետների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, որը 3-րդ անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղին: Կառլսենը շախմատային թագը նվաճել է 2013թ.՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված մրցախաղում 6,5:3,5 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Ընդ որում մրցախաղն ավարտվեց նախատեսված ժամկետից մեկ տուր առաջ: Կառլսենը տոնեց 3 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Հաջորդ տարվա նոյեմբերին Սոչիում նրանց միջև կայացած մրցախաղում նորվեգացի գրոսմայստերը հաղթելով 6,5:4,5 հաշվով, պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

Մագնուս Կառլսենն ու Սերգեյ Կարյակինը հասակակիցներ են՝ 26 տարեկան: Նրանց միջև մինչ օրս անցկացված դասական շախմատի 21 պարտիաներից 4-ում հաղթել է Կառլսենը, մեկում՝ Կարյակինը, 16-ում գրանցվել է ոչ-ոքի: Կառլսենը 2853 անհատական վարկանիշով գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը՝ 81 կետով գերազանցելով 9-րդ տեղում ընթացող Կարյակինին:

Նշենք նաև, որ բուքմեյքերները ևս առավելությունը տալիս են Կառլսենին: Նորվեգացու հաղթանակը Vivarobet-ը գնահատում է 1.13, իսկ Կարյակինինը` 5.10 գործակցով:

APTOPIX World Chess Championship

Պաշտոնապես աշխարհի առաջնության մրցախաղերն անցկացվում են 1886թ.-ից: Առաջին չեմպիոնը Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչ Վիլհելմ Ստեյնիցն էր: 1993թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրող Գարի Կասպարովն ու այդ տիտղոսի հավակնորդ Նայջլ Շորթը մեղադրեցին ՖԻԴԵ-ին կոռուպցիայի մեջ ու դուրս գալով այդ կազմակերպության կազմից, հիմնեցին Պրոֆեսիոնալ շախմատային ընկերակցություն՝ անցկացնելով կազմակերպության վարկածով աշխարհի առաջնության մրցախաղեր:

ՖԻԴԵ-ն Կասպարովին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից և 1996թ.-ից աշխարհի առաջնության մրցախաղերը կազմակերպեց նոկաուտ համակարգով: Փաստորեն այդ տարիներին տարբեր վարկածներով աշխարհի երկու չեմպիոններ կային: Բայց շախմատասերների և մասնագետների մեծամասնությունը որպես աշխարհի չեմպիոն ընդունում էր Պրոֆեսիոնալ շախմատային ընկերակցության վարկածով ուժեղագույնը ճանաչված Գարի Կասպարովին, որից այդ տիտղոսը հետագայում խլեց Վլադիմիր Կրամնիկը:

Իսկ նոկաուտ համակարգով ՖԻԴԵ-ի վարկածով առաջին չեմպիոնն Անատոլի Կարպովն էր: Հետագա տարիներին չեմպիոններ դարձան Ալեքսանդր Խալիֆմանը (1999թ.), Վիշվանաթան Անանդը (2000թ.), Ռուսլան Պոնոմարյովը (2002թ.) և Ռուստամ Կասիմջանովը (2004թ.): Միայն 2006թ. շախմատային աշխարհը կրկին միավորվեց և աշխարհի առաջնության մրցախաղերը դարձյալ անցկացվում են միայն ՖԻԴԵ-ի հովանու ներքո:

VivaroNews.am-ը ներկայացնում է շախմատի աշխարհի չեմպիոնների պաշտոնապես ընդունված ցանկը:

Աշխարհի չեմպիոններ Երկիր Չեմպիոնության տարիներ
1.Վիլհելմ Ստեյնից Ավստրո-Հունգարիա 1886-1894
2.Էմանուել Լասկեր Գերմանիա 1894-1921
3.Խոսե Ռաուլ Կապաբլանկա Կուբա 1921-1927
4.Ալեքսանդր Ալյոխին ԽՍՀՄ, Ֆրանսիա 1927-1935, 1937-1946
5.Մաքս Էյվե Հոլանդիա 1935-1937
6.Միխայիլ Բոտվիննիկ ԽՍՀՄ 1948-1957, 1958-1960, 1961-1963
7.Վասիլի Սմիսլով ԽՍՀՄ 1957-1958
8.Միխայիլ Տալ ԽՍՀՄ 1960-1961
9.Տիգրան Պետրոսյան ԽՍՀՄ 1963-1969
10.Բորիս Սպասսկի ԽՍՀՄ 1969-1972
11.Ռոբերտ Ֆիշեր ԱՄՆ 1972-1975
12.Անատոլի Կարպով ԽՍՀՄ 1975-1985
13.Գարի Կասպարով ԽՍՀՄ 1985-2000
14.Վլադիմիր Կրամնիկ Ռուսաստան 2000-2007
15.Վիշվանաթան Անանդ Հնդկաստան 2007-2013
16.Մագնուս Կառլսեն Նորվեգիա 2013-2016

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Тata Steel Chess India. Արոնյանը 3-րդն է կայծակնային շախմատի մրցաշարում

Тata Steel Chess India. Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 3-րդ տեղում

Тata Steel Chess India. Արոնյանը մեկնարկից գլխավորեց աղյուսակը

Արոնյանը կվիճարկի Тata Steel Chess India մրցաշարի մրցանակները

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour. Արոնյանի հաղթական մեկնարկը

Grand Chess Tour. Արոնյանը եզրափակեց լավագույն հնգյակը

Grand Chess Tour. Արոնյանը հաղթեց առաջատարներին

Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Grand Chess Tour. Վերջնագծում Արոնյանը զիջեց դիրքերը

Altibox Norway Chess. Արոնյանը հաշտություն կնքեց Կարյակինի հետ

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրեց նախավերջին տեղը

Լևոն Արոնյանը կփորձի պահպանել Norway Chess մրցաշարի հաղթողի իր տիտղոսը

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը խախտեց օրինաչափությունն ու հերթական պարտությունը կրեց