fbpx

Կառլսենն ընդդեմ Կարուանայի. Ի՞նչ է պետք իմանալ տարվա գլխավոր շախմատային մրցախաղի մասին

Վաղը Լոնդոնում կմեկնարկի շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնության մրցախաղը գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի և շախմատային թագի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի մասնակցությամբ:

Մրցակարգով նախատեսված է դասական շախմատի 12 պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին որոշելու համար նոյեմբերի 28-ին կանցկացվի 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցաշար: Եթե կրկին հաղթողը հայտնի չդառնա, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի կայծակնային մրցախաղում: Անհրաժեշտության դեպքում կանցկացվի առավելագույնը 5 մրցախաղ՝ 2-ական պարտիայից բաղկացած: Հավասար արդյունքի դեպքում կկայանա վճռորոշ մրցախաղը, որում սպիտակներին կհատկացվի 5 րոպե, սևերին՝ 4: Այդ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող կճանաչվի սևերով խաղացած շախմատիստը:

Մրցախաղի գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է, ով այդ պարտականությունները կատարելու է աշխարհի առաջնության արդեն 3-րդ մրցախաղում: Նախկինում նա գլխավոր մրցավար էր եղել 2012թ. Անանդ – Գելֆանդ և 2013թ. Անանդ – Կառլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Մրցախաղի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1 մլն եվրո է, որից 600 հազարը կստանա հաղթողը: Իսկ եթե աշխարհի չեմպիոնը որոշվի լրացուցիչ մրցախաղում, ապա մրցանակային հիմնադրամը կբաշխվի 55/45 տոկոսային հարաբերությամբ:

Շախմատային մասնագետների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, որը 4-րդ անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղին: Կառլսենը շախմատային թագը նվաճել է 2013թ.՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված մրցախաղում 6,5-3,5 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Ընդ որում մրցախաղն ավարտվեց նախատեսված ժամկետից մեկ տուր առաջ: Կառլսենը տոնեց 3 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Հաջորդ տարվա նոյեմբերին Սոչիում նրանց միջև կայացած մրցախաղում նորվեգացի գրոսմայստերը հաղթելով 6,5-4,5 հաշվով, պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

2016թ. նոյեմբերին Նյու Յորքում Սերգեյ Կարյակինի հետ մրցախաղում Մագնուս Կառլսենը 2-րդ անգամ անընդմեջ հաջողությամբ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Ճիշտ է, այս անգամ հաղթանակը նրան ավելի դժվարությամբ տրվեց: Դասական շախմատի 12 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր: Չեմպիոնը որոշվեց լրացուցիչ մրցախաղում: Կառլսենը հաղթեց 9-7 ընդհանուր հաշվով:

Հետաքրքիր է, որ Կառլսենը 2835 անհատական վարկանիշով գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը՝ ընդամենը 3 կետով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող Կարուանային:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: