Կարոտախտ_#15. Եվրոների ամենաէպիկ խաղերից մեկը, թվագիտությունն ու Տոլդոն - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#15. Եվրոների ամենաէպիկ խաղերից մեկը, թվագիտությունն ու Տոլդոն

Վերջին շրջանում աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միառժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ Այս անգամ անդրադառնում ենք ֆուտբոլի պատմության ամենալեգենդար խաղերից մեկին։ Նոր հազարամյակի առաջին խոշոր ստուգատեսի՝ Եվրոպայի 2000 թվականի առաջնության կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները մինչև այսօր դրոշմվել են մեր հիշողության մեջ։ Մենք դրանց կանդրադառնանք հերթով, կարգով շարքով։ 

ԵՎՐՈ-2000. Կիսաեզրափակիչ. Իտալիա – Հոլանդիա

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի եզրագծին մնացել էր ավանդական 3 ուժեղ թիմ ու մեկ թաքնված ֆավորիտ, առաջնության հայտնություն՝ Պորտուգալիայի հավաքականը։ Ում հետ էլ ընկնեին կիսաեզրափակիչում «եվրոպական բրազիլացիները», ամեն դեպքում հետաքրքիր էր լինելու։ Այնպես ստացվեց, որ պորտուգալացիներին բաժին հասան աշխարհի գործող չեմպիոնները, իսկ մյուս կիսաեզրափակիչում ուժերը պետք է չափեին ավանդաբար զորեղ ու գոլառատ հոլանդացիներն ու պաշտպանության գուրու իտալացիները։

Հոլանդացիների գլխավոր մարզիչ, այն ժամանակ դեռ տակավին երիտասարդ ու անփորձ, Ֆրանկ Ռայկարդը, դեռ իր հիշողության մեջ թարմ էր պահում 12 տարվա վաղեմության հին մայրցամաքի չեմպիոնությունը, որը նա նվաճել էր որպես խաղացող։ Ռայկարդը գիտեր, որ նա նշանակվել է Գուս Հիդինկի փոխարեն Մունդիալ 98-ի ցուցանիշն առնվազն կրկնելու և այն գերազանցելու համար։ Խմբային փուլում «նարնջագույնները» հաղթեցին չեխերին, դանիացիներին ու ֆրանսիացիներին, իսկ քառորդ եզրափակիչում փոշիացրին հարավսլավցիներին՝ ընդհանուր առմամբ 4 խաղում խփելով 13 գնդակ։ Լուրջ հայտ չէ՞ Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։

Իտալիան էլ վատ հանդես չեկավ՝ հաղթելով իր բոլոր մրցակիցներին ևս՝ բայց ավելի համեստ հաշիվներով։ Դինո Ձոֆի կոլեկտիվը բոլոր առումներով զիջում էր հոլանդացիներին։ Ինչպես գրեթե միշտ էր լինում, իտալացիները խաղի միայն որոշակի հատվածում էին հրաշք ցույց տալիս։ Ամենահետաքրքիրն այն էր, որ դա գրեթե միշտ աշխատում էր։ Նույնը այս Եվրոյին էր։ Հյուրընկալող Հոլանդիայի դեմ խաղին Ձոֆը կարող էր առաջարկել մաքսիմալ ամուր ու խիտ պաշտպանություն ու ջոկեր՝ երիտասարդ Ֆրանչեսկո Տոտիի տեսքով։ «Ռոմայի» ավագն այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն էր դեռ մինչև կիսաեզրափակիչը։ Նրանից էր պետք սպասել ամենամեծ վտանգը։

Սակայն խաղից առաջ հոլանդացի ու իտալացի ֆաներն ու մասնագետները մասնավորապես, ու առհասարակ ամբողջ աշխարհը զարմացավ, երբ «Սկուադրա Աձուրայի» մեկնարկային կազմում չգտավ Տոտիին։ Երիտասարդ ֆուտբոլիստի փոխարեն Դինո Ձոֆը նախըտրեց խաղադաշտ դուրս բերել Ալեսանդրո Դել Պիերոյին։ «Յուվենտուսի» առանցքային խաղացողն անհամեմատ ավելի բարձր դիրք էր զբաղեցնում հարձակման գծում ի տարբերություն Տոտիի, որը իրեն լավ էր զգում ենթահարձակվողի դիրքում։ Բացի դրանից Դել Պիերո-Ինձագի դուետն արդեն փայլում էր «Յուվեում»։

«Ես գնացել էի անիրական մեծ ռիսկի՝ պահեստայինների նստարանին թողնելով Տոտիին։ Ես նրան ասացի, որ ցանկանում եմ հանգիստ տրամադրել իրեն, քանի որ Ռումինիայի հետ քառորդ եզրափակիչում նա մեծ ծավալի աշխատանք էր կատարել։ Ես նրա հետ հույսեր էի կապում հոլանդացիների հետ խաղավերջում։ Ես ցանկանում էի փորձել Դել Պիերոյին։ Նա շատ մոտիվացված էր։ Ես վստահ էի, որ նա գերազանց հանդիպում է անցկացնելու։ Ու այդպես էլ եղավ։ Ես իրոք մտավախություն ունեի, որ եթե մենք պարտվեինք, ինձ խարույկի վրա ողջ-ողջ այրելու էին ու մինչև կյանքիս վերջ հիշեցնելու էին, որ ես սխալվել եմ՝ Տոտիի փոխարեն դաշտ դուրս բերելով Դել Պիերոյին», – հիշում է Ձոֆը։

Տոտին երբեք համեստությամբ չի փայլել։ Եվրոյի ժամանակ, երբ նա դեռ տակավին երիտասարդ էր, նա, միևնույնն է՝ բացե ի բաց բողոքեց Ձոֆին՝ պնդելով, որ ինքն է արժանի խաղալու, այլ ոչ Դել Պիերոն։

«Ես Ձոֆին ասացի, որ ես հոգնած չեմ բացարձակապես։ Ռումացիների հետ խաղում ես լավագույնն էր, իսկ այդ օրը՝ փոխարինողների նստարանին։ Խմբային փուլի երրորդ տուրի խաղում ես բացակայում էի։ Դրան մի կերպ դիմացա, ձայն չհանեցի։ Իսկ կիսաեզրափակիչում, երբ մենք խաղում էինք ֆավորիտի, հյուրընկալող ֆանտաստիկ ուժեղ թիմի հետ, ես զայրացա։ Կարծում էի՝ Ձոֆը խաղադաշտում տեղ է տալիս հավաքականի հովանավորների սիրելիին։ Այլ բան չունեի մտածելու։ Բայց իրականում ես ինձ խայտառակ վատ էի պահել մարզչի նկատմամբ», – իրավիճակը ներկայացնում է Տոտին իր՝ «Ավագը» գրքում։

Գուցե և Դել Պիերոն իր՝ գոլահարի ու գերազանց ասիստենտի մասին հիշեցներ աշխարհին։ Սակայն դրա փոխարեն գրեթե ամբողջ խաղի ընթացքում Դել Պիերոն ստիպված էր կատարելու պաշտպանողական գործողություններ։ Պատճառը իր թիմակից, երիտասարդ Ջանլուկա Ձամբրոտան էր։ Նրա դեմ գրոհի ձախ թևում խաղում էր գերազանց մարզավիճակում գտնվող ռեակտիվ Բուդեվեյն Զենդենը։ Առաջին 30 րոպեների ընթացքում  նա անթիվ անհամար անգամներ ստիպում էր Ձամբրոտային սխալվել դիրք ընտրելիս, իսկ միկրոմենամարտերում խախտել կանոնները։ Այդպես, բռնելով մրցակցի թույլ կողմը, Ռայկարդը ստիպեց իր թիմին մեծամասնորեն խաղալ հենց Զենդենի վրա, քանի որ մեկնարկում դեղին ստացած Ձամբրոտան երկար չէր դիմանա նրա անցումներին։ Այդպես էլ եղավ։

35-րդ րոպեին իտալացիների աջ ինսայդը հերթական անգամ խախտեց կանոնները Զենդենի նկատմամբ։ Հաջորդ վայրկյանին գերմանացի մրցավար Մարկուս Մերկը նրան ցույց տվեց երկրորդ դեղինն ու հեռացրեց դաշտից։ Իրականում, եթե նայենք երկու կրկնապատկերներն էլ, կհասկանանք, որ Մարկուս Մերկը երկու դեպքում էլ պարտավոր էր ցույց տալ դեղին։ Առաջին խախտման ժամանակ Ձամբրոտան չափից դուրս կոպիտ խաղաց իր մրցակցի դեմ, իսկ երկորրդի ժամանակ իտալացին ակնհայտ խախտեց կանոնները՝ խանգարելով Զենդենի առաջխաղացմանը։ Ի դեպ, երկրորդ դեպքում Ձամբրոտան կարող էր և չխախտել, քանի որ վտանգն առանձնապես մեծ էր. խանգարեց փորձի պակասը։

Մինչև այդ Հոլանդիան պարզապես պատռում էր իր մրցակցին։ Մոտ 50 հազար հանդիսական, նարնջագույն ողողած «Ամստերդամ Արենան» երգում էր անդադար։ Դրանից ոգևորված՝ խաղացողները պարզապես ճախրում էին խաղադաշտում։ Դենիս Բերգկամպի հարվածից հետո գնդակը դիպավ անգամ դարպասաձողին, իսկ առաջնության լավագույն ռմբարկու Պատրիկ Կլույվերտի հարվածները նպատակին չէին հասնում։ Պատկերացրեք՝ որքան մեծ էր ճնշումը Ձամբրոտայի հեռացումից հետո։ Մալդինին, Նեստան ու Կանավարոն «ճռռում» էին 19-րդ դարի հին դռան պես, սակայն նոր խնդիրներից խուսափել չհաջողվեց։

Առաջին կեսի ամենավերջում, հոլանդացիների եզրափակիչ գրոհներից մեկն ավարտվեց 11 մետրանոցով։ Տուգանային հրապարակի կենտրոնում գնդակի համար պայքարում էին Կլույվերտն ու Նեստան։ Այն ժամանակ դեռևս «Լացիոյի» ավագը չափից դուրս ակտիվ էր պահում Կլույվերտի մարզաշապիկից ու խանգարում նրան։ Ինչևէ, Կլույվերտը հարվածել չկարողացավ, բայց մնաց ոտքի վրա, ու հաջորդ վայրկյանին լսվեց Մերկի սուլիչը։ Գուցե այսօրվա մրցավարները նման դրվագներում 11 մետրանոց չէին նշանակի, բայց Մերկը գնաց այդ քայլին։ Գնդակին մոտեցավ Ֆրանկ դե Բուրը։ Սակայն նրա ուժեղ, բայց այնքան ուժեղ հարվածը գերազանց ցատկով հետ մղեց Ֆրանչեսկո Տոլդոն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Ձամբրոտան ընտրություն է կատարել Ռոնալդուի ու Մեսիի միջև

«Լացիոն» առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բուֆոնն Ա Սերիայում 650 հանդիպում անցկացրած առաջին ֆուտբոլիստն է

Միլանյան դերբիում «Միլանն» ուժեղ էր, «Լացիոն» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Տոտիի հայրը մահացել է կորոնավիրուսից

«Լացիոն» ու «Ինտերը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Պաշտոնական․ «Յունայթեդի» կիսապաշտպանը վարձավճարով կխաղա Իտալիայում

«Ատալանտան» ջախջախեց «Լացիոյին» (տեսանյութ)

Տոտին տեսակցել է «Լացիոյի» ֆուտբոլիստուհուն, որը դուրս է եկել կոմայից 9 ամիս անց (տեսանյութ)

«Լացիոն» հաղթանակով մեկնարկեց Ա Սերիայում (տեսանյութ)

Իմոբիլե․ «Նա իմ կուռքն է եղել, «Ոսկե գնդակը» նրան կտայի»

Տոտին մոտ է «Ռոմա» վերադարձին

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

Ո՞ր դարպասապահն է ավելի քիչ գնդակ ընդունել. VNews-ի Quiz-ը

Ֆրանչեսկո Տոտին՝ «Ռոմա» վերադառնալու ճանապարհին