Կարոտախտ_#14. «Լոնդոնյան աղետ կամ կատալոնյան հեքիաթ». «Չելսի» - «Բարսա» խաղից անցել է 10 տարի (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#14. «Լոնդոնյան աղետ կամ կատալոնյան հեքիաթ». «Չելսի» – «Բարսա» խաղից անցել է 10 տարի (տեսանյութ)

Վերջին շրջանում աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միառժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ Այս անգամ անդրադառնում ենք ֆուտբոլի պատմության ամենասկանդալային խաղերից մեկին։ Ուղիղ 10 տարի առաջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղն էին անցկացնում «Չելսին» ու «Բարսելոնան», սակայն այդ օրը վառվեց Տոմ-Հենինգ Էվրեբեյի աստղը։ Ընդ որում՝ «վառվեց»-ն այս պարագայում ընկալեք հենց ուղիղ իմաստով. վառվեց, մոխրացավ, ծուխ դարձավ….

2008 թվականի սկզբում «Բարսելոնայի» ղեկին կանգնեց կատալոնյան ակումբի լեգենդար կիսապաշտպան Պեպ Գվարդիոլան։ Նրա աշխատանքը երկրորդ թիմում շատ էին տպավորել ղեկավարությանը։ Մեծ ռիսկ էր՝ նշանակել երիտասարդ, փորձ չունեցող մասնագետին նման մեծ ակումբի ղեկին։ Իսկ երբ Գվարդիոլան դարձավ թիմի մարզիչ, առաջնահերթ, ազատվեց ֆաների գլխավոր սիրելիից՝ Ռոնալդինյոյից։ Պրիմերայի առաջին խաղում պարտություն կրելուց հետո նրա գլխին անմիջապես սև ամպեր կուտակվեցին։ Բայց նա հավաքվեց ու թիմին հասցրեց նոր՝ տիեզերական մակարդակի՝ նվաճելով թրեբլ։ Բայց, այդ թրրեբլի համար Պեպը պետք է շնորհակալ լինի Էվրեբեին՝ նրա պատկերով նկարը պետք է զարդարի տան պատերից մեկը և սմարթֆոնի էկրանը (գուցե, հենց այդպես էլ եղել է):

Եթե մրցաշրջանի ուղիղ կեսին մեկն ասեր, որ «Չելսին» իր խաղով արժանի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, այդ մարդուն Ժաննա Դ՛արկի հետ «կճանաչեին քույր քաղաք» ու կայրեին խարույկի վրա։ Մինչև 2009թ. փետրվար լոնդոնցի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին տանջում էր Լուիշ Ֆելիպե Սկոլարին։ Բեղավոր չեմպիոնն այդպես էլ չկարողացավ արդարացնել իրեն եվրոպական մեծ ֆուտբոլում՝ գրեթե տապալելով դրան նախորդող տարվա ֆանաստիկ ուժեղ «Չելսին»։ Նրան փոխարինելու թեկնածու, այն էլ մրցաշրջանի կեսից, գտնել գրեթե անհնար էր։ Բայց, Աբրամովիչը կարողացավ համոզել հոլանդացուն, որն այդ պահին մարզում էր Ռուսաստանի հավաքականը։ Հիդինկը կարողացավ շտկել «Չելսիի» խաղը, Դրոգբային վերադարձրեց գոլային հոտառությունը, քիմիա ստեղծեց Բալակի ու Լեմպարդի դուետում։ 2 ամսում «խլամ» թիմը նորից դարձավ մրցունակ ու մտավ ՉԼ լավագույն քառյակ։

Այդ տարիներին «Չելսին» ստեղծել էր, իսկապես, զորաղեգույն թիմ։ Աբրամովիչի մարտիկները երկրորդ տարին անընդմեջ հավակնում էին եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին մասնակցելուն։ Իսկ եթե հաշվի առնեինք, որ մյուս կիսաեզրափակիչում «Մանչը» հաղթել էր «Յունայթեդին», Հռոմում ակնկալվում էր ՉԼ նախորդ եզրափակիչի կրկնությունը։ «Կամպ Նոու» ստադիոնում կայացած առաջին խաղում երկրպագուները գոլեր չտեսան։ Այս գերլարված ու հետաքրքիր դիմակայության ելքը պետք է վճռվեր լոնդոնյան «կամուրջներից» մեկի վրա՝ «Սթեմֆորդ Բրիջում»։

Տնային խաղում ամեն ինչ ավելի քան լավ էր դասավորվում Հիդինկի տղաների համար։ Արդեն 9-րդ րոպեին նրանք կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Հեռահար հարվածով փառահեղ գոլի հեղինակ դարձավ Մայքլ Էսիենը։ Գանացի ֆուտբոլիստն աչքի ընկավ ընթացքից կատարած հարվածով։ Նման իրավիճակում որևէ մեկին մեղադրելու իմաստ էլ չկա՝ հարվածն այնքան կատարյալ էր։ Կարելի է հավերժ նայել ու հիանալ։

Գոլից հետո «Չելսին» շարունակում էր վերահսկել խաղը՝ թույլ չտալով Պեպին անգամ մոտ տարածությունից «ծանոթանալ» Պետր Չեխի հետ։ Հիդինկը գերազանց հասկանում էր, որ իր թիմին անհրաժեշտ է հաղթանակ, քանի որ ցանկացած այլ հաշիվ, այդ թվում արդյունավետ ոչ-ոքին եզրափակիչ դուրս կբերեր «Բարսային»։ Դրա համար «կապույտներն» ամեն ինչ անում էին գոնե երկրորդ գոլը խփելու համար, որպեսզի հանդիպման հետագա ընթացքում հանգիստ պաշտպանվեին։ Եթե անգամ 1 գնդակ ընդունեին՝ ոչինչ, բան չկար։

«Չելսիի» անդադար գրոհներից մեկը ընդհատվեց 24-րդ րոպեին։ Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորան Մալուդան սեփական ձախ թևով սլացավ առաջ, դեմ առ դեմ կանգնեց Դանի Ալվեսի դեմ, հաջորդ ակնթարթին շրջանցեց նրան ու պատրաստվեց ներխուժել տուգանային հրապարակ, սակայն բրազիլացին դեմ էր դրան։ Նա անթույլատրելի հնարքով ընդհատեց Մալուդայի առաջխաղացումը։ Մալուդան ընկավ «Բարսայի» տուգանային հրապարակում, սակայն Էվրեբեն 11 մետրանոց նշանակելու փոխարեն նշանակեց միայն տուգանային։

Մալուդան ու «Չելսիի» մյուս ֆուտբոլիստները փորձեցին առարկել, սակայն նորվեգացի մրցավարը բացատրեց, որ «Չելսիի» ֆուտբոլիստի հանդեպ խախտումը տուգանային հրապարակում տեղի չի ունեցել, ուստի գնդակը նշակետին դնելու շանս չկար։ Տարիների ընթացքում շատ մրցավարներ սկսեցին Էվրեբեին հակառակ որոշումներ կայացնել. օրինակ 2014 թվականի՝ «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ Մարտին Դեմիչելիսը տուգանայինից դուրս գնաց սահանկման, Մեսին ընկավ տուգանայինում ու մրցավարը ձեռքը տարավ դեպի նշակետը։ Մի խոսքով՝ այս դրվագում ոչինչ միանշանակ պնդել հնարավոր չէ. ամեն ինչ մրցավարի խղճին էր։

Տուգանայինի խաղարկումը ոչինչ չտվեց «Չելսիին», սակայն հաջորդ իսկ գրոհը նորից ավարտվեց վիճահարույց դրվագով։ Դիդյե Դրոգբան հաշվենկատ փոխանցումից հետո հայտնվեց Վալդեսի հետ մեն-մենակ, սակայն դարպասին հարվածել չկարողացավ, որովհետև Էրիկ Աբիդալը հասավ նրա հետևից ու խանգարեց նրան։ Բայց խանգարեց խաղի կանոնների սահմաններից դուրս։

Ինքներդ դատեք։ Դրոգբան հարվածային հիանալի դիրքում էր, իսկ դրվագի ընթացքում Աբիդալը երկու անգամ հարվածեց աֆրիկացու ոտքին։ Դրանով, սակայն, ֆրանսիացին չսահմանափակվեց ու սկսեց քաշել Դրոգբայի մարզաշապիկից։ «Չելսիի» հարձակվողի ընթացքը, բնականաբար, դանդաղեց, ու Վալդեսը դուրս եկավ իր տեղից։ Այդ պահին Դրոգբան արդեն հասցրել էր հեռու թողնել գնակը։ Հավանաբար, հենց դա էլ հիմք ընդունեց Էվրեբեն, սակայն հենց այնպես Դրոգբան ընկնելու որևէ պատճառ չուներ։

Այսքանով առաջին կեսում Էվրեբեն սահմանափակվեց։ Սահմանափակվեց, որովհետև երկրորդում պետք է «ֆուրոր» աներ։ 55-րդ րոպեին ուշադրության կենտրոնում նորից Դրոգբան էր։ Այս անգամ էլ նրա հետ պայքարում կանոնները խախտեց Յայա Տուրեն։

Այս դրվագը, սակայն, ամենաբարդն էր Էվրեբեի համար։ Նորվեգացի մրցավարի դիրքը անհարմար էր դրվագը լիարժեք հասկանալու համար։ Ֆուտբոլիստները պայքարում էին, բայց Յայա Տուրեն ձեռքով քաշում էր Դրոգբային։ Հայրենակիցների պայքարն ավարտվեց Դրոգբայի անկումով, սակայն Էվրեբեի սուլիչը նորից լռեց։ Եթե 11 մետրանոց նշանակելու առիթ չուներ, բայց առնվազն տուգանային ու դեղինը պարտադիր էին։

66-րդ րոպեին գրանցվեց հանդիպման առաջին սկանդալային դրվագը, որից հետո Էվրեբեն ամբողջությամբ կորցրեց խաղի թելը։ Փոխարինման դուրս եկած Նիկոլա Անելկան մեն մենակ էր դուրս գալիս Վիկոր Վալդեսի հետ։ Նրա հետ բախվեց Էրիկ Աբիդալն ու Անելկան ընկավ մինչև տուգանային հրապարակ մտնելը։

Էվրեբեն այս անգամ վերջապես կայացրեց որոշում «Չելսիի» օգտին։ Աբիդալի խախտումը որակելով որպես վերջին հույսի խախտում՝ նորվեգացի ռեֆերին Աբիդալի գլխավերևում պահեց կարմիր քարտը։ Սակայն, տրամաբանական հարց՝ ո՞ւմ էր պետք այդ «օգտակար» որոշումը, եթե այն բոլոր առումներով մերկապարանոց էր։ Դրվագն ուշադրությամբ ուսումնասիրելուց հետո մրցավարը հանգիստ կարող էր անգամ տուգանային չնշանակել, որովհետև երևում է, որ Անելկան ինքն է իր ոտքին հարվածում (երևի՝ ոչ միտումնավոր)։

Միջինը 10-12 րոպեն մեկ, Էվրեբեն կայացնում էր մեկը մյուսից հետաքրքիր, իսկ «Չելսիի» համար զավեշտալի որոշումներ։ 79-րդ րոպեին Նիկոլա Անելկան նորից հայտնվեց վտանգավոր դիրքում (նկատեք՝ քանի անգամ է «Բարսելոնայի» պաշտպանության կենտրոնը տանուլ տվել)։ Վերջին պաշտպանին շրջանցելուց հետո ֆրանսիացին ներխուժելիս բախվեց Յայա Տուրեին ու ընկավ։

Կադրում երևում է, որ Տուրեն չի քաշում Անելկայի մարզաշապիկից։ Պայքարն ընթանում էր նաև առանց ձեռքերի։ Սակայն Էվրեբեն պետք է նկատեր, որ Տուրեն հրում է Անելկային։ Այստեղ էլ Էվրեբեն հավանաբար հիմք ընդունեց այն, որ Անելկան էլ էր հրում Տուրեին։ Հետևաբար՝ ոչ-մի 11 մետրանոց, եթե պայքարը համատեղ ու հավասար էր։

3 րոպե անց գրանցվեց խաղի ամենասկանդալային դրվագը։ Նորից Անելկան. ֆրանսիացին գնդակը գցեց առաջ ու հայտնվեց տուգանային հրապարակում։ Այն դիպավ Ժերար Պիկեի ձեռքին։ «Ստեմֆորդ Բրիջը» մի պահ շունչը պահեց ու հավատաց. այս անգամ 11 մետրանոցն անխուսափելի է։ Սակայն Էվրեբեն նորից լռեց։

Դրվագի կրնկապատկերը դիտելուց հետո ոչ մի կասկած չի մնում։ Պեկեի ձեռքով խաղն այնքան ակնհայտ էր, որ եթե այսօր տեղի ունենար, գլխավոր մրցավարն անգամ VAR համակարգի օգնությանը չէր դիմի։ Սակայն Էվրեբեն արդեն զգացել էր իր սխալը Էրիկ Աբիդալին հեռացնելու հարցում ու, այս դրվագում 11 մետրանոց չնշանակելով, քավում է իր մեղքերը։ Այդ պարագայում Պիկեն եթե անգամ երկու ձեռքով վերցներ գնդակն ու վազեր, 11 մետրանոց չէր նշանակվելու։

Դրանից հետո գործեց ֆուտբոլային չգրված օրենքը, որը բոլոր շատ լավ գիտեք։ Աբողջ խաղի ընթացքում ոչ մի լուրջ վտանգավոր պահ չստեղծելով, «Բարսան» հասավ իր ուզածին՝ գրավելով մրցակցի դարպասը հիմնական ժամանակի վերջին րոպեին։ Անդրես Ինիեստան հեռահար հարվածով շանս չտվեց Չեխին։ Ու աշխարհն ականատես եղավ Պեպ Գվարդիոլայի սրընթաց վազքին։

1-1 հաշվի ժամանակ «Չելսին» ստեղծեց ևս մեկ պահ վտանգավոր պահ, որը կարող էր ավարտվեր 11 մետրանոցով։ 96-րդ րոպեին գնդակը անդրադարձից հետո հայտնվեց Միխայել Բալակի մոտ։ Գերմացին շեշտակի հարված կատարեց, որից հետո գնդակը դիպավ Սամուել Էտո՛Օի ձեռքին։ Էվրեբեն դրվագից հեռու էր երկու մետր։ Նա նկատեց, որ գնդակը կոնկրետ ձեռքին չդիպավ, այլ շեղեց ուղղությունը թևատակի հատվածին։ Սակայն անգամ այս դրվագում Էվրեբեն չնշանակեց 11 մետրանոց, ինչից հետո Միխայել Բալակը քիչ էր մնում հում-հում հոշոտեր նրան։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով ու «Բարսան» անցավ եզրափակիչ։ Այնտեղ արդեն Գվարդիոլայի թիմը շանս չթողեց Ֆերգիի «Մանչեսթերին»՝ 2-0։ Հռոմում կայացած եզրափակիչից հետո «Բարսան» նվաճեց իր լեգենդար թրեբլը։ Սակայն, ինչպես ինքերդ եք հասկանում, այդ թրեբլի համար «Բարսայի» ֆաները, ինչպես նաև Պեպն անձամբ պարտական են Տոմ-Հենինգ Էվրեբեին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Մեսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 10 օր

Մեսին չի մասնակցել ընդհանուր խմբով մարզմանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մերժել է «Լիվերպուլին»

#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին

«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում»

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել Իտալիա

Եվս մեկ գրանդ միանում է Վերների համար պայքարին

Հայտնի է՝ որքան է կազմելու Լաուտարոյի աշխատավարձը «Բարսելոնայում»

«Չելսին» մտադիր է 2 խոշոր գործարք իրականացնել

Տեր Շտեգենը՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Ալբան ոչ միանշանակ է արտահայտվել Նեյմարի վերադարձի վերաբերյալ

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

«Չելսին» հայտարարություն է տարածել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ