Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի - VNews
Բաժիններ

Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի

EyYzY7EXIAIBhbf - Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի

«Յուվենտուսի» համար գալիք մրցաշրջանը անկյունաքարային նշանակություն է ունենալու։ Թուրինյան թիմը ձախողեց անցած մրցաշրջանն ու միայն հրաշքով կարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։ Գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկ տարվա աշխատանքից հետո հեռացվեց թիմից, նրա փոխարեն վերանշանակվեց Մասիմիլիանո Ալեգրին, որը 2019 թվականին հեռացել էր «Յուվենտուսից» մարզչական գործից մի փոքր հանգստանալու ու նոր մարտահրավերների հետևից գալու համար։ Սակայն իտալացի մասնագետը երկու տարվա դադարից հետո ոչ թե նոր «չելենջ» վերցրեց, այլ մտավ «նույն գետը»։

«Յուվենտուսում» խնդիրները բազմաթիվ էին անցած տարի, սակայն Ալեգրին եկել է դրանք շտկելու ու թիմը նորից վերակառուցելու համար։ Հենց առաջին օրերից իտալական մամուլը գրում էր, որ «Յուվենտուսի» սուպերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Մաքս Ալեգրիի ծրագրերում չի մտնում։ Նա պատրաստ է նույնիսկ առանց Ռոնալդուի կառուցել թիմի խաղը։ Սրանով Ալեգրին ակումբի ղեկավարությանը միգուցե ուզում էր հասկացնել, որ թիմի խաղը պետք է կառուցել ոչ թե 36-ամյա Ռոնալդուի շուրջ, այլ երիտասարդ խաղացողների։

https cdn.cnn .com cnnnext dam assets 210310025107 01 cristiano ronaldo juventus porto restricted 960x540 - Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի

Չնայած մամուլում տեղ գտած մի շարք խոսակցությունների՝ Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, մնալու է Թուրինում։ Այդ մասին խոսեց նույնիսկ պորտուգալացու ընկերուհին։ Ալեգրին դեմ չէ Ռոնալդուի մնալուն։ Սակայն թիմի խաղը պետք է կառուցել այլ մարդու շուրջ։

ԵՎՐՈ-2020-ում հիանալի ֆուտբոլ ցուցադրած Ֆեդերիկո Կիեզան այն խաղացողն է, որը կարող է շատ բան փոխել «Յուվենտուսի» հարձակման գծում, եթե նրան տրվի անհրաժեշտ հնարավորություններ դա անելու համար։ Նրա համար հիմա սկսել են կռիվ տալ եվրոպական գրանդները։

Մնալու է ոչ միայն Ռոնալդուն, այլ նաև Ֆեդե Կիեզան

ԵՎՐՈ-2020-ի գլխավոր հերոսներից մեկը հետաքրքրել է եվրոպական երկու գրանդ ակումբի։ Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» ու «Բավարիան»։ Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նույնիսկ խոսել է երիտասարդ իտալացու մասին՝ գովաբանելով նրա տպավորիչ խաղը․

«Ես նրան վաղուց գիտեմ, ու կարծում եմ՝ նա յուրահատուկ խաղացող է։ Նա հեշտությամբ շրջանցում է խաղացողին ու շատ արագ հարվածում»,-ասում է Նագելսմանը։

hujhj 1 960x540 - Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի

Շշուկներ կային, որ Կիեզայի համար «Չելսին» 100 մլն եվրո է առաջարկել։ Սակայն, դժվար թե, լոնդոնյան գրանդը այսպիսի մեծ գումար վճարի։ «Չելսին» հիմա կենտրոնական հարձակվողի կարիք ունի ու եթե շուկայում պատրաստ է այսպիսի մեծ գումարներ ծախսել, ապա միայն հարձակվողի համար։

Սակայն նույնիսկ եթե Կիեզայի համար «յուղոտ» առաջարկ լինի, «Յուվենտուսը» չպետք է վաճառի նրա տրանսֆերը, քանի որ հենց Կիեզայի շուրջ է պետք կառուցել «Յուվենտուսի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում։

Կիեզա․ խճճված տրանսֆեր, որին բոլորն արդեն վստահում են 

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Ֆեդերիկո Կիեզան մինչև հիմա դե յուրե «Ֆիորենտինայի» խաղացող է։ «Յուվեն» երկու տարով վարձակալել է նրան՝ դրա համար «մանուշակագույններին» վճարելով 10 մլն եվրո։ Երկու տարի անց «ծեր սինյորան» կունենա Կիեզայի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք 40 մլն եվրոյով։ Ստացվում է, որ «Յուվենտուսը» մի քանի տարվա ընթացքում 50 մլն եվրոյի դիմաց կգնի Կիեզայի տրանսֆերը։ Սակայն սկզբում ակումբի երկրպագուների ու նախկին խաղացողների շրջանում կար մտավախություն։

Կիեզայի տաղանդով հիացած էին բոլորը, սակայն շատերը գտնում էին, որ «Յուվենտուսը» շատ ռիսկային քայլի է դիմում՝ այդքան երիտասարդ խաղացողի համար այդքան մեծ գումար վճարելով։ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն անհանգստացած էր։ Նրա կարծիքով՝ չի կարելի այդքան մեծ գումար վճարել մի խաղացողի համար, որը հասկանալի չէ, թե ինչ դիրքում է խաղալու։ Կիեզան վինգեր է, նա հաջողությամբ կարող է խաղալ թե՛ ձախից, թե՛ աջից։ Սակայն, երբ գալիս ես մի թիմ, որտեղ այդ դիրքում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, իսկապես բարդ է կազմում տեղ գտնելը։

Chiesa follows in father's footsteps to keep Italy dreaming of EURO 2020 glory | UEFA EURO 2020 | UEFA.com

Անցել է մեկ մրցաշրջան, ու Կիեզան վայելում է բոլորի վստահությունը։ Ակումբային տպավորիչ մրցաշրջանին էլ հաջորդեց ԵՎՐՈ-2020-ում ֆանտաստիկ խաղը, որի ամենախոսուն օրինակը Ավստրիայի ու Իսպանիայի դեմ խաղերում կարևորագույն գոլերն են ու ի վերջո մրցաշարի խորհրդանշական հավաքականում հայտնվելը։ Ի դեպ, այդ նույն հավաքականում տեղ չկար մրցաշարի լավագույն ռմբարկուի ու Կիեզայի թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Կիեզայի «ԵՎՐՈպական» արկածները, իհարկե, անմոռանալի են, բայց հիմա ժամանակն է կենտրոնանալ «Յուվենտուսի» վրա, որտեղ անելիքները շատ են։

Անդրեա Պիռլոն գուցե ձախողվեց «Յուվենտուսի» ղեկին, սակայն նրա գլխավորությամբ Կիեզան բացեց իր պոտենցիալն ու դարձավ «Յուվենտուսի» հարձակման ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։ Կիեզան խաղում էր հարձակման թե՛ աջ, թե՛ ձախ եզրում։ Երիտասարդ իտալացին շատ էր օգնում թիմին նաև պաշտպանվելիս։ Ժամանակակից ֆուտբոլում վինգերները պետք է կարողանան կատարել նաև այդ գործառույթը։ Կիեզան «Յուվենտուսի» համար կարևորագույն գոլեր խփեց անցած մրցաշրջանում։ Այո՛, թիմի դիպուկ հարվածների առյուծի բաժինը պատկանում է Ռոնալդուին։ Սակայն հենց Կիեզան կարողացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում խփել «Պորտուի» դեմ խաղի արտագնա գոլն ու կատարել պատասխան խաղի դիպուկ հարվածը, որը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Ճիշտ է, դա բավարար չէր «Յուվենտուսի» համար պորտուգալական թիմի դեմ խաղում։ Բայց այսպիսի դրվագները ապացուցեցին, որ Կիեզան կարող է օգնել թիմին, երբ իր կարիքը ամենից շատ կա։

Մեր ընտրանին․

Ի՞նչ պետք է փոխի Ալեգրին

«Յուվենտուսի» հարձակման գծում պետք է լինեն որոշակի փոփոխություններ։ Կիեզայի համար իդելական տարբերակ է ձախ եզրում խաղալը։ Այդ դիրքում Ռոնալդուն, կարծես, անփոխարինելի է, սակայն Ալեգրին կարող է «քայլ ձիով» անել՝ կազմում պահելով թե՛ Ռոնալդուին, թե՛ Կիեզային։ Ռոնալդուն հիանալի ֆիզիկական մարզավիճակում է, բայց նա երբեք սեր չի ունեցել պաշտպանողական գործողություններին մասնակցելու հետ։ Իսկ հիմա ֆուտբոլում դա շատ է պետք գալիս։ Եթե «Յուվենտուսը» խաղա 4-2-3-1 մարտավարությամբ (հենց այդ մարտավարությամբ Ալեգրիի թիմը 2017 թվականին հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ), պետք է պաշտպանվեն նաև հարձակվողական գծի խաղացողները։ Այդ դեպքում Ալեգրին կարող է ձախից դաշտ դուրս բերել Կիեզային՝ Ռոնալդուին ուղարկելով կենտրոնական հարձակվողի դիրք։ Այնտեղ «Յուվենտուսը» մեծ ընտրություն չունի։ Հիմնականում խաղում է Մորատան։ Թիմն ուզում է նոր խաղացող գնել ի դեմ Գաբի Ժեզուշի, բայց տրանսֆերը դեռ հեռու է իրականանալուց։

Image

Եթե Ռոնալդուն մնա ձախ եզրում, Ալեգրին կարող է Կիեզային ուղարկել աջ։ Այս տարբերակում հարձակման կրակագծում կարող է մնալ Մորատան, սակայն այս պարագայում էլ կազմում տեղ չի մնա Պաուլո Դիբալայի կամ էլ Խուան Կուադրադոյի համար, որոնք Ալեգրիի սիրելի խաղացողներն էին։ Եթե Ալեգրին որոշի կիրառել երեք կենտրոնական պաշտպանով սխեման, ապա այս պարագայում Կիեզան նորից կարող է ազատորեն խաղալ եզրերում ու լավագույնս դրսևորել իրեն։ Հարձակման գծում եզրային խաղացողներին օգնության կարող են գալ նաև դաշտի կենտրոնի խաղացողները՝ ի դեմս Ռաբիոյի ու Բենտանկուրի։ Կիեզայի դերի բարձրացմամբ «Յուվենտուսի» եզրերն ավելի արագ կդառնան։ Բացառված չէ, որ մրցաշրջանի վերջում լավագույն ռմբարկուն նորից Ռոնալդուն լինի, բայց երիտասարդ իտալացու դերը պետք է մեծանա։

«Յուվենտուսը» փոխվելու է շատ շուտով

Իտալիայի չեմպիոնությունը միայն դրական ազդեցություն է ունենալու «Յուվենտուսի» հանդերձարանում։ Պաշտպանության կենտրոնում խաղալու են «սկուադրա աձուրայի» գլխավոր զենքերից երկուսը՝ Լեոնարդո Բոնուչին ու Ջորջիո Կիելինին։ Հարձակման գծում է Ֆեդերիկո Կիեզան, դաշտի միջին գծում էլ հնարավոր է լինի Մանուել Լոկատելին, որը դեռևս «Սասուոլոյի» խաղացող է։ Լոկատելիի տրանսֆերը հիանալի համալրում կլինի «Յուվենտուսի» համար։ Երիտասարդ իտալացին ԵՎՐՈ-ի ժամանակ ապացուցեց, որ միջին գծում կատարում է մեծ ծավալի աշխատանք, օգնում է հարձակման գծի խաղացողներին, միանում գրոհներին ու եզրափակում դրանք և հեռվից հիանալի հարվածներ կատարում։ Ալեգրին չի էլ թաքցնում, որ նրա համար Լոկատելիի տրանսֆերը առաջնահերթություն է։

UEFA EURO 2020 on Twitter: "🇮🇹 Federico Chiesa, Ciro Immobile, Manuel Locatelli & Domenico Berardi 🏆 #EURO2020 | #ITA… "

«Յուվենտուսի»՝ վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում ձախողումները մշտապես կապում են ակումբի ղեկավարության, իսկ խաղացողներից՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Ասում են՝ նրան բերեցին ՉԼ-ում հաղթելու համար, բայց «Յուվենտուսը» նրա գալուց հետո նույնիսկ կիսաեզրափակիչ չի հասել։ Ռոնալդուն էլ պնդում է, թե գալով Իտալիա՝ հասել է իր առջև դրած բոլոր նպատակներին։ Սակայն «ծեր սինյորայի» երկրպագուները շարունակում են երազել Չեմպիոնների լիգայի «ականջավոր գավաթի» մասին, որին վերջին տարիներին նրանք այդքան մոտ են եղել։ Թիմում առկա դրական մթնոլորտն ու սպասվելիք փոփոխությունները կարող են լավ ազդեցություն ունենալ նաև այդ ուղղությամբ պայքարելու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն «գրոհում է». «Ես կփակեմ նրանց բերանը»

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսում» խախտեց հավասարությունն ու օրենքները

Ռոնալդու. «Ես թիմն առաջնային եմ համարում»

Դիբալայի առանձնատունը թալանել են «Զենիթ» – «Յուվենտուս» խաղի ժամանակ

Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում»

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

«Չելսին» ջախջախեց «Մալմյոյին», «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր

Դիբալան նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Ռոնալդուի խորհրդով «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ

Լաուտարոն ու Դիբալան նոր պայմանագիր կկնքեն իրենց թիմերի հետ

Կասանո. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա»

Օրսատո. «Ինձ մեղադրում եք, որ ինչ որ մեկը վրիպե՞լ է 11մ-ից»

Մխիթարյանը դժգոհ է, բայց մրցավարը ճիշտ էր (տեսանյութ)

Մխիթարյանը դժգոհ է «Յուվենտուսի» դեմ խաղում հանդիպման գլխավոր մրցավարի աշխատանքից

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)