Քնած առյուծին զայրացրին. ինչպես Դեպայը վերածնվեց ու եկավ Մեսիին փոխարինելու - VNews
Բաժիններ

Քնած առյուծին զայրացրին. ինչպես Դեպայը վերածնվեց ու եկավ Մեսիին փոխարինելու

Screenshot 4 - Քնած առյուծին զայրացրին. ինչպես Դեպայը վերածնվեց ու եկավ Մեսիին փոխարինելու

Մարդկության համար 2021-ը կդառնա պատվաստումների տարի: Մեմֆիս Դեպայի համար՝ նույնպես, բայց նա այս տարի չի պատվաստվել AstaZeneca-ով կամ Sputnik-ով. 2021-ին Դեպայի պատվաստանյութը ֆուտբոլն է: Այս տարվա ընթացքում Մեմֆիսն իր թիմերին ու խաղընկերներին ներարկել է ավելի շատ գոլ/գոլային փոխանցում, քան անցկացրել է խաղ: Մասնավորապես՝ անցկացրած 38 խաղում նա ուղիղ մասնակցություն է ունեցել 42 գոլում:

Բայց Դեպայն այս խաղամակարդակին հասել է՝ անցնելով բավական խորթուբորթ ճանապարհ: Ընդամենը 27 տարեկանում հոլանդացին հասցրել է լինել ծագող աստղ, տեղափոխվել գրանդ ակումբ, տապալվել, տեղափոխվել նոր առաջնություն ու վերածնունդ ապրել:

Ֆուտբոլային ծնունդը հայրենիքում

Դեպայը 21 տարեկանում ոչ միայն հոլանդական, այլ եվրոպական ֆուտբոլի ամենացանկալի խաղացողներից էր: Նրա ելույթները թե՛ Նիդերլանդների առաջնությունում, թե՛ Եվրոպա լիգայում անտարբեր չէին թողել ոչ ոքի:

Տեխնիկապես օժտված, արագ, ճարպիկ, երկու ոտքերով հրաշալի խաղացող ֆուտբոլիստն ուներ նաև նույնքան փայլուն ցուցանիշներ. 2013/14-ին նա խփել էր 14 գոլ ու կատարել 10 ասիստ, իսկ արդեն 2014/15 մրցաշրջանում անցկացրած 40 խաղում դարձել 28 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Նա 22 գոլով դարձավ Էրեդեվիզիեի լավագույն ռմբարկու, ընդ որում՝ չլինելով կենտրոնական հարձակվող: Այդ տարիներին նա խաղում էր հարձակման ձախ եզրում, բայց կարողանում էր հնարքների, խաբքերի ու արագության շնորհիվ տեղաշարժվել դեպի կենտրոն ու խոցել մրցակիցների դարպասը: Այդ տարի նա իր արդյունավետ խաղը նշանավորեց նաև երկրի չեմպիոնությամբ:

Squawka Football on Twitter: "Memphis Depay will return to PSV Eindhoven with Manchester United in the Champions League. #UCLdraw http://t.co/4UR6EyXuA8"

Դեպայի լավ խաղը չէր կարող չնկատել այդ ժամանակ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Փորձառու մասնագետն ընդգրկեց տաղանդավոր երիտասարդին Մունդիալ 2014-ի իր հայտացուցակում՝ Արյեն Ռոբենի, Ռոբին վան Պերսիի ու մյուս աստղերի կողքին: Դեպայը մասնակցեց Բրազիլիայում կայացած մրցաշարին ու դարձավ 2 գոլի հեղինակ:

Երազանքի թռիչքն ու շրխկոցով անկումը երկնքից

Վան Գալը Մունդիալ 2014-ից հետո հեռացավ հավաքականից ու գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Արդեն 2015-ին նրա պահանջով մանկունիական ակումբը ձեռք բերեց Դեպային՝ 25 մլն ֆունտի դիմաց:

Մեմֆիսի համար դա գայթակղիչ մարտահրավեր էր, բայց նաև ռիսկային թռիչք: Նա առաջին անգամ խաղալու էր արտասահմանում՝ այլ առաջնությունում՝ ամենադժվարներից մեկում: Նրա սկիզբը «Յունայթեդում» վատը չէր. ՉԼ որակավորման փուլում՝ «Բրյուգեի» դեմ խաղում նա դուբլի հեղինակ դարձավ, ակտիվությամբ ու լավ խաղով աչքի էր ընկնում նաև Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրերում: Բայց անցնող շաբաթների հետ Մեմֆիսի խաղը խամրեց, խաղաժամանակը նվազեց, նրա մասին էլ արդեն մոռացել էին Եվրոպայում՝ այն դեպքում, որ ամիսներ առաջ ՊՍԺ-ի, «Չելսիի» ու «Լիվերպուլի» պես թիմերն էին հետաքրքրված նրա ծառայություններով: Մեմֆիսն այդ մրցաշրջանում դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ՝ անցկացրած 33 խաղում:

Memphis Depay explains why Man United move didn't work out - Pundit Arena

«Մանչեսթեր Յունայթեդն» այդ տարիներին նման էր բերմունդյան եռանկյունուն, որտեղ եկող ցանկացած ֆուտբոլիստ, հատկապես՝ առավել հեռանկարայինները, անվերադարձ ընկնում էին «Օլդ Թրաֆորդի» ջրհորն ու կորում: Մեմֆիսը դարձավ ՄՅՈւ-ի՝ 7 համարի մարզաշապիկով անհաջողակների ցանկում, որոնք չկարողացան դառնալ նոր Ռոնալդու:

Հետագայում նոր դետալներ բացահայտվեցին Դեպայի՝ ՄՅՈւ-ում ձախողվելու վերաբերյալ: Շաբաթներ առաջ «Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հայտարարեց, որ Դեպայը տառապում էր աստղային հիվանդությամբ ու դա էր խանգարում նրան լավ ելույթներ ունենալ. «Հիշում եմ՝ «Սթոքի» դեմ խաղում Դեպայը մի քանի պահ չիրացրեց, և վան Գալը պատժեց նրան՝ հաջորդ օրը նրան ուղարկելով երիտասարդական թիմի հետ մարզվելու: Այդ մարզմանը նա ներկայացավ շքեղ «Ռոլս Ռոյս» մակնիշի ավտոմեքենայով ու սնդուսափայլ զգեստով: Հետո իմացանք, որ մեր պարտության օրը նա ծննդյան խնջույք էր կազմակերպել ու մի լավ զվարճացել: Ես չէի հասկանում՝ որն էր դրա իմաստը»:

Manchester United transfer news: Memphis Depay fuels exit rumours by shipping £350,000 worth of cars back to Holland | Metro News

Ռունիի հայտարարությունից օրեր անց արդեն Դեպայը խոսեց «Յունայթեդում» իր ֆիասկոյի մասին ու հերքեց նախկին խաղընկերոջ խոսքերը՝ շեշտելով, որ իր գլխավոր խնդիրը եղել է վստահության պակասը մարզիչներից. «Ես կորցրի ինքնավստահությունս, հետո արդեն վան Գալի և իր շտաբի վստահությունը: Շատ դժվար ժամանակներ էին: Մեկ տարի անց ինձ թվում էր՝ արդեն ունեմ փորձ ու վստահություն, բայց արդեն փոխվեց մարզիչը:

Մոուրինյոյի գալուց հետո պայքարում էի թիմում տեղ գտնելու համար, բայց Ժոզեն երբեք ինձ շանս չտվեց: Նրա նույնիսկ միտք չուներ ինձ հնարավորություն տալու: Ես լավ էի մարզվում, բայց չէի խաղում: Թիմակիցներիս նույնպես զարմացնում էր այդ փաստը: Գնացի Ժոզեի գրասենյակ՝ նրա հետ խոսելու, բայց դա ոչինչ չփոխեց: Ես հասկացա, որ չեմ ցանկանում մնալ մեծ ակումբում՝ առանց խաղային պրակտիկայի»:

Մեր ընտրանին.

Մեկ քայլ հետ՝ երկու քայլ առաջ անելու համար

2017-ի հունվարին Դեպայը հավաքեց իրերն ու հեռացավ ՄՅՈւ-ից: Նրա տրանսֆերային արժեքը նվազել էր, պահանջարկը գրանդ ակումբներից՝ նույնպես, թեպետ Դեպայը չէր էլ ցանկանում գրանդ ակումբ: Նրա նպատակը կայուն խաղաժամանակն էր, ինչի շնորհիվ միայն նա կվերգտներ այն վառվռուն երիտասարդին, որ փայլում էր ՊՍՎ-ում: Նա ապաստանեց «Լիոնում»՝ ակումբ, որ չուներ շատ մեծ հավակնություններ, հետևաբար նաև քիչ էր ճնշումը, բայց ուներ մրցունակ թիմ և խաղում էր Չեմպիոնների լիգայում:

«Լիոնում» նա իր «իրական» նորամուտը նշեց մարտի 12-ին, երբ խաղադաշտի կենտրոնից սենսացիոն գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով «Թուլուզի» դարպասը. «Դա իմ կյանքի գոլն էր», – այսպես բնորոշեց հոլանդացին իր գոլը:

Թվում էր՝ Դեպայն այլևս չի վերադառնա ֆուտբոլային էլիտա ու կկորի միջակության հորձանուտում, բայց ժամանակը և աշխատասիրությունը Դեպային վերադարձրին այնտեղ, որտեղ շատերը դեռ տարիներ առաջ ակնկալում էին տեսնել նրան: «Լիոնում» Մեմֆիսն ամեն հաջորդ տարին ավելի լավ էր խաղում ու գրեթե միշտ ավելի շատ գոլ էր խփում: Բացի արդյունավետ խաղը՝ ֆրանսիական ակումբում նա ցույց տվեց իսկական առաջատարի որակներ՝ շատ դեպքերում միայնակ ուղղորդելով թիմին դեպի հաղթանակներ: Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության 1/8 եզրափակիչում՝ «Յուվենտուսի» դեմ խաղում «Լիոնը» Մեմֆիսի «գլխավորությամբ» անսպասելի հաղթանակի հասավ: Հետո արդեն թիմը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու միայն կիսաեզրափակիչում պարտվեց անկասելի «Բավարիային»:

Lyon name Memphis Depay as captain

Այս անգամ Մեմֆիսն այլ ֆուտբոլիստ էր: «Յունայթեդում» ձախողված պատանուց ոչինչ չէր մնացել: Նա իր տաղանդին կարողացավ ավելացնել ջանք, աշխատանք ու հասուն խաղ: Նրա որոշումն էլ գիտակից էր՝ մեկ քայլ հետ՝ «Յունայթեդից» «Լիոն», իսկ հետո խաղային պրակտիկա ու վստահություն: Արդյունքում՝ Դեպայը կրկին գրավեց գրանդների ուշադրությունը:

Դեպայի վերածնունդի հարցում մեծ էր նաև Ռոնալդ Կումանի դերը: 2018-ից 2020-ի ընթացքում Կումանը, որ գլխավորեց Նիդերլանդների հավաքականը, իր լիակատար վստահությունը հաղորդեց Դեպային, ինչը շատ օգնեց ֆուտբոլիստին:

Կումանը ամբողջովին սերնդափոխության ենթարկեց թիմը, որի հարձակման առաջատարը Դեպայն էր: Այդ ընթացքում ֆուտբոլիստը 18 խաղում խփեց 11 գոլ. «Կումանի վստահությունն ինձ շատ է օգնել՝ խաղամակարդակս բարձրացնելու հարցում: Ես երազում եմ կրկին խաղալ Կումանի գլխավորությամբ», – հայտարարել էր Դեպայը՝ մինչև «Բարսելոնա» տեղափոխվելը:

Երկրորդ ու ավելի պատասխանատու հնարավորությունը

Դեպայը վերջին 2 տարվա ընթացքում դարձավ ոչ թե ապագայի, այլ արդեն ներկայի թոփ հարձակվող ու վաստակեց «Բարսելոնա» տեղափոխվելու իր իրավունքը:

Նա ամենաբարձր մակարդակում իրեն դրսևորելու, իր ներուժը ցույց տալու և իրացնելու հնարավորություն ունի, բայց այս անգամ էլ պատասխանատվության չափն է շատ բարձր: Մեմֆիսը «Բարսելոնայում» է հայտնվում ակումբի համար չափազանց ծանր ժամանակահտվածում. թիմն ունեցել է մեծ ու փոքր տարատեսակ կորուստներ, և որ ամենակարևորն է՝ հեռացել է Մեսին: Կատալոնական ակումբում (հարկադրված) մեկնարկում է պոստ-Մեսի ժամանակաշրջանը, և անցումային այս բարդ փուլի էպիկենտրոնում հայտնվում է Դեպայը, որն իր վրա պետք է վերցնի նվազագույնը հարձակման գծի արդյունավետության պատասխանատվությունը:

Memphis Depay wants to bring joy to Barcelona - Barca Blaugranes

«Բարսայի» երկրպագուների համար բարեբախտաբար՝ Դեպայն ավելի քան պատրաստ է այդ մարտահրավերին: Բարձր արդյունավետությունից զատ Դեպայը վերջին տարիներին ձեռք է բերել նաև տակտիկական բազմակողմանիություն: Նա այժմ կարողանում է խաղալ հարձակման գծի գրեթե բոլոր դիրքերում՝ կախված անհրաժեշտությունից: Եթե Կումանը ցանկանա խաղալ նոմինալ կենտրոնական հարձակվողով, Դեպայը կգործի հարձակման ձախ եզրից կամ ենթահարձակվողի դերում, իսկ եթե չլինի կենտրոնական հարձակվող, 9 համարի դիրքում կխաղա հենց Մեմֆիսը:

27-ամյա ֆուտբոլիստն արդեն բավական արագ կարողացել է հարմարվել «Բարսելոնայի» խաղին ու միանգամից ցույց տալ իր ունակությունները: Լա լիգայում անցկացրած 3 խաղում նա դարձել է 2 (շատ գեղեցիկ) գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Միջմրցաշրջանում էլ նա հասցրել էր գրավել կատալոնացիների սրտերը: Մեսիի ու Գրիզմանի հեռանալուց հետո բոլորի ուշադրությունը կենտրոնանում է Դեպայի վրա:

Էքստրավագանտ անհատականությունը

Նման դժվար իրավիճակներ հաղթահարելու և կարիերայում նման վերածնունդ ունենալու համար պետք է լինել ունիկալ անհատ: Դեպայը հենց այդպիսի կերպար է:

Դեպայի ոչ թե մանկությունը, այլ պատանեկությունն անցել է բավական ծանր պայմաններում. «15 տարեկանում ունեի 2 աշխարհ: Առաջինը բավական կեղտոտ աշխարհ էր. ես թմրանյութ էի վաճառում Ամստերդամի փողոցներում՝ գումար վաստակելու համար: Միաժամանակ ես դիտում էի ֆուտբոլային հանդիպումներ, որն ինձ գրավում էր: Պատկերացնել անգամ չէի կարող, որ մի քանի տարի անց կխաղամ բարձր մակարդակում: Ինձ համար այս ամենը երազ է», – խոստովանում է ֆուտբոլիստը:

Առաջին բանը, որով աչքի է ընկնում Դեպայը, նրա գոլերի՝ յուրահատուկ նշելու ձևն է: Գոլ խփելուց հետո Մեմֆիսը կանգնում է, փակում աչքերն ու ականջները: Սա դարձել է նրա «այցեքարտը», որն անձամբ ինքը բացատրում է հետաքրքիր կերպ. «Չեմ ցանկանում դրանով ասել, որ ոչ ոքի չեմ տեսնում ու չեմ լսում: Ցանկանում եմ դրանով ասել, որ գոլ խփելու պահին ես իմ փոքրիկ աշխարհում եմ, իմ տարերքի մեջ եմ: Այնպես չէ, որ ես չեմ լսում մարդկանց: Եթե կա հետաքրքիր ասելիք, ես առաջինն եմ, որ ցանկանում է լսել: Սա գոլերը տոնելու իմ ձևն է, համակերպվե՛ք, քանի որ դեռ շատ եք տեսնելու»:

Depay turned up to Man United reserve game with cowboy hat but Mourinho praises new Barcelona star | Biz Instant

Դեպայի գոլերը տոնելու այդ ձևը դարձավ ֆլեշմոբ մյուս ֆուտբոլիստների շրջանում: Օրինակ՝ նրան կրկնօրինակում են «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն և «Այաքսի» պաշտպան Էդսոն Ալվարեսը:

Մեմֆիսը զբաղվում է նաև երաժշտությամբ, մասնավորապես՝ երգում է հիպ-հոպ ոճի երգեր: Նա արդեն ունի 6 ալբոմ ու 18 տարբեր ստեղծագործություն:

Դեպայն աչքի է ընկնում նաև տարբեր բարեգործական նախաձեռնություններով: Նա հիմնել է «Մեմֆիս Դեպայ հիմնադրամը», որի միջոցներով օգնում է խուլ ու կույր երեխաներին ունենալ ավելի լավ ապագա: Դեպայը սոցիալական օգնություն է ցուցաբերում նաև Աֆրիկայի, մասնավորապես՝ Գանայի դպրոցներին: Նրա հայրը ծագումով Գանայից է:

Դեպայն ունի նաև առանձնահատուկ սեր առյուծների հանդեպ: Նրա մեջքին ամբողջությամբ պատկերված է առյուծ, իսկ տանը նա ունի մեկին:

Memphis Depay channels his inner Tiger King as Lyon star poses with liger and shows off big cat tattoo

Առաջատար՝ նաև հավաքականում

Դեպայն իր ֆանտաստիկ խաղը կարողացել է տանել նաև Նիդերլանդների հավաքական, ու այժմ վան Գալի թիմի առաջատարներից մեկն է:

Նախ՝ դեռ ԵՎՐՈ 2020-ին Դեպայն ապացուցեց, որ միայնակ կարող է լուծել թիմի գոլերի հարցը: Հավաքականում Դեպայից բացի ոչ ոք չուներ մշտական խաղաժամանակ. մի խաղին նրան ընկերակցում էր Վեգհորստը, մյուսին՝ Մալենը, հաջորդին՝ Բերգվեյնը կամ Պրոմեսը, բայց այդ պայմաններում էլ նա շարունակում էր բարձր արդյունավետություն ցույց տալ ու կատարել մարզչի բոլոր հրահանգները:

Red-hot Memphis Depay nets hat-trick as Netherlands hit Turkey for six - Barca Blaugranes

Մեմֆիսը նաև ԱԱ 2022-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուն է՝ խփած 7 գոլով, իսկ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում հեթ-տրիկի շնորհիվ նա կրկնեց հոլանդացի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյուվերտի ռեկորդը՝ օրացուցային տարում խփելով 12 գոլ: Եվ այդ ցուցանիշը նա դեռ կարող է թարմացնել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոբերտո Մարտինեսը՝ «Բարսելոնայի» ղեկն ստանձնելու խոսակցությունների մասին

Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

Կումանն ասուլիսին հարցերի չի պատասխանել. հայտարարություն է ընթերցել ու հեռացել (տեսանյութ)

«Բարսելոնայի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին

«Բարսելոնան» գլխավորելու երկու հիմնական թեկնածուները

Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը

Աղբյուր. Կումանը կհեռացվի. որոշումը կայացված է

Կումանին փոխարինելու 5-6 թեկնածու է դիտարկվում

Կուման. «Մենք խաղում էինք թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»

«Բարսելոնան» սեփական հարկի ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բարսելոնան» պարտվում է «Գրանադային» (տեսանյութ)

Օուենը քննադատել է Լինգարդին

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղի համար

Սետյենը կարող է ահռելի գումար ստանալ «Բարսելոնայից»