Կորոնատրանսֆերներ. Թոփ ու բումային գործարքներ, որ դեռ կարող են կայանալ ամռանը - VNews
Բաժիններ

Կորոնատրանսֆերներ. Թոփ ու բումային գործարքներ, որ դեռ կարող են կայանալ ամռանը

2020 թվականը ֆուտբոլում երբեք չի մոռացվի. արտասովոր ու աննախադեպ իրադարձություններ, դատարկ տրիբունաներ, տարբեր մրցաշարերի հետաձգումներ, «Ոսկե գնդակի» չեղարկում… այս ամենն իր հետ բերեց մեծ ֆինանսական ճգնաժամ:

Այդուհանդերձ, նույնիսկ այդ մեծ ճգնաժամը չի խանգարում ակումբներին շարունակել ուժեղանալ ու համալրումներ ունենալ տրանսֆերային շուկայում: Այո՜, այս շուկան կտարբերվի նախորդներից. շատ թիմեր պարզապես չեն կարողանա մեծ գումարներ վճարել նոր ֆուտբոլիստների համար, բայց դեռ կան մի քանի տրանսֆերային ինտրիգներ ու սերիալներ, որ կարող են տեղի ունենալ գալիք մրցաշրջանին ընդառաջ:

Հավերց – «Չելսի»

Այս տրանսֆերային պատուհանի գլխավոր գործող դեմքերից մեկը «Բայերի» 20-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցն է: Գերմանական ֆուտբոլի ծագող աստղն իր անցկացրած մրցաշրջանից հետո մեծ իրարանցում առաջացրեց գրանդ ակումբների շրջանում. «Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ… բոլոր այս ակումբները կապվեցին լևերկուզենցիների հետ՝ Հավերցին գնելու հարցով:

Միակ թիմը, սակայն, որ դեռ ի վիճակի է գնել Հավերցին՝ «Չելսին» է: Այս տրանսֆերն ունի բավական մեծ հավանականություն, քանի որ՝

  • «Բայերը» չկարողացավ ձեռք բերել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր, ինչը կստիպի Հավերցին հեռանալ ակումբից՝ մասնակցելու եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարին:
  • «Չելսին» միակ ակումբն է, որ պատրաստ է բավարարել «Բայերի» ֆինանսական պահանջները, մասնավորապես՝ 100 միլիոն եվրոն:
  • «Չելսին» արդեն համաձայնեցրել է Հավերցի հետ անձնական պայմանագրի բոլոր կետերն ու բանակցում է «Բայերի» հետ. լոնդոնցիները մտադիր են այդ 100 միլիոն եվրոն վճարել մաս-մաս. 76-ը՝ միանվագ, 24-ը՝ հավելավճարներով:

Այնպես որ՝ շատ շուտով կարող ենք Լեմպարդի հերթական թոփ տրանսֆերին ականատես լինել՝ Վերներից ու Զիեշից հետո: Գերմանական մամուլը հայտնում է միայն, որ Հավերցը պետք է դեռ մասնակցի «Բայերի» հետ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆին, որից հետո արդեն տրանսֆերը տեղի կունենա:

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Ջեյդոն Սանչո – «Մանչեսթեր Յունայթեդ»

Եվրոպական ֆուտբոլի մեկ այլ ծագող աստղ՝ «Բորուսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյի՝ ակումբի փոփոխության պահը նույնպես հասունացել է: Ինչպես Հավերցը, այնպես էլ Սանչոն դեռ ամիսներ առաջ կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ ուներ Եվրոպայի տարբեր երկրներից, սակայն այս պահին նրան գնելու հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Այս տրանսֆերի կայացմանը կնպաստի Սանչոյի՝ հայրենիքում ու Պրեմիեր լիգայում խաղալու մեծ ցանկությունը. 20-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», բայց չի հասցրել հանդես գալ Պրեմիեր լիգայում: «Յունայթեդ» տեղափոխվելու մեկ այլ շարժառիթ է «կարմիր սատանաների» խաղային զգալի աճն ու առաջխաղացումը. Պոգբան մնալու է, Բրունու Ֆերնանդեշը բոլորովին նոր գույն է հաղորդել թիմին, Ռեշֆորդ – Մարսիալ զույգն արդյունավետ է, իսկ Սանչոն այդ հեռանկարային թիմում կունենա երաշխավորված տեղ հիմնական կազմի հարձակման աջ եզրում: Դրան գումարենք նաև «Յունայթեդի»՝ վերջին տուրում ՉԼ ուղեգիրն ապահովելու փաստը:

«Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 120 միլիոն եվրո, սակայն Էդ Վուդվարդն ամեն ինչ անում է՝ այդ գինը նվազեցնելու համար: Կան խոսակցություններ, որ «Բորուսիան» արդեն հաշտվել է Սանչոյից բաժանվելու մտքի հետ ու փոխարինող գտել նրան՝ ի դեմս Մեմֆիս Դեպայի:

«Մանչեսթեր Յունայթեդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Ժորժինյո – «Յուվենտուս»

«Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը հենց Սարիի ու Ժորժինյոյի մասին է: Սարին «լավագույն Ժորժինյոյին» ունեցավ «Նապոլիում», այնուհետև իր հետ տարավ «Չելսի», իսկ հիմա ցանկանում է իր սիրելի ֆուտբոլիստին տեսնել արդեն «Յուվենտուսում»:

Սարիի «Յուվենտուսը» առաջին մրցաշրջանում չտպավորեց. իտալացի մասնագետի գլխավոր խնդիրն այն է, որ թուրինյան ակումբի կազմում նա չունի համապատասխան ֆուտբոլիստներ, որոնք կհամապատասխանեն իր ֆուտբոլին, կկարողանան իր գաղափարներն իրագործել խաղադաշտում, իսկ Ժորժինյոն հենց այդ ֆուտբոլիստն է. գնդակը կենտրոնում վերահսկող, երկար ու կարճ փոխանցումների իսկական վարպետ, որն իրեն նորից կվերգտնի Ա սերիայում, այս անգամ՝ Թուրինում:

Ըստ վերջին լուրերի՝ «Յուվենտուսն» արդեն կապվել է «Չելսիի» հետ Ժորժինյո – Ռեմսի փոխանակման հարցով, սակայն մերժվել է: «Յուվեն» այլ առաջարկով պետք է հանդես գա:

«Յուվենտուս». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Տիագո Ալկանտարա – «Լիվերպուլ»

Կորոնավիրուսի ճգնաժամը հարվածեց նաև «Լիվերպուլին»: Անգլիայի նորընծա չեմպիոնները ողջ մրցաշրջանի ընթացքում համարվում էին Տիմո Վերներին գնելու հիմնական հավակնորդը, սակայն Յուրգեն Կլոպը ստիպված եղավ անձամբ կապվել իր հայրենակցի հետ ու հայտնել նրան, որ ճգնաժամ է և տրանսֆերը չի կարող կայանալ:

Բայց նույնիսկ այս պայմաններում «Լիվերպուլի» համար նոր տարբերակ, այնուամենայնիվ, գտնվեց. «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չերկարաձգեց պայմանագիրը, որն ավարտվելու է հաջորդ տարի, և ստիպեց մյունխենյան ակումբի ղեկավարներին վաճառքի հանել նրան՝ 2021-ին անվճար բաց չթողնելու համար: Իսպանացին հենց այն ֆուտբոլիստն է, որ փնտրում էր Կլոպը՝ ամբողջական կիսապաշտպան, որ կկապի պաշտպանությունն ու հարձակումը:

«Բավարիան» իսպանացու համար պահանջում է 30 միլիոն եվրո, բայց «Լիվերպուլը» չի շտապում՝ գիտակցելով, որ դրության տերն ինքն է, ու մյունխենցիներն են ստիպված լինելու սակարկումների գնալ: Այս տրանսֆերը, բոլոր դեպքերում, անխուսափելի է ու շատ լավ տարբերակ մերսիսայդցիների համար՝ գին-որակ հրաշալի հարաբերակցությամբ:

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Լաուտարո Մարտինես – «Բարսելոնա»

Մինչև վերջերս կատալոնական մամուլը պնդում էր, որ հուլիսի սկզբին, երբ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, «Բարսելոնան» կակտիվացնի այն ու ձեռք կբերի արգենտինացուն: Սակայն պանդեմիան ու իր բերած ճգնաժամային հետևանքները դեռ թույլ չեն տալիս Բարտոմեուին իրականացնել «Լաուտարո օպերացիան»:

Ավելին՝ «Բարսելոնան» այժմ կենտրոնացած է միայն վաճառքների վրա՝ դրանցից մեծ գումարներ ստանալու և Լաուտարոյի տրանսֆերն իրականացնելու ակնկալիքով: Այնուամենայնիվ՝ արգենտինացին «Բարսայի» գլխավոր առաջնահերթությունն է. Լաուտարոն բազմակողմանի զարգացած ու արդյունավետ հարձակվող է, որ կարող է լինել Լուիս Սուարեսի երկարաժամկետ փոխարինողը, նա կարող է զգալիորեն ուժեղացնել կատալոնացիների առջևի գիծը՝ Գրիզմանի անհաջող խաղի ֆոնին, և վերջապես նա Մեսիի հետ լավ հարաբերություններ ունի, ինչը պակաս կարևոր գործոն չէ:

«Ինտերը» Լաուտարոյի համար պահանջում է 90-100 միլիոն եվրո: «Բարսելոնան» փորձում է փոխանակումների միջոցով նվազեցնել այդ գինը, բայց դեռևս ապարդյուն:

«Բարսելոնայի» բոլոր տրանսֆերներին, վաճառքներին ու թիրախներին կարող եք տեսնել այստեղ:

Կալիդու Կուլիբալի – ՊՍԺ

ՊՍԺ-ն տրանսֆերային այս շուկայում դժվար թե ամենաակտիվ ակումբը լինի, սակայն փարիզցիների նպատակը հստակ է. ուժեղացնել պաշտպանության կենտրոնն ու փոխարինող գտնել Տիագո Սիլվայի համար:

Փարիզցիներն այս դիրքում արդեն ունեն իրենց գլխավոր թիրախին՝ Կալիդու Կուլիբալի: Սենեգալցուն վերջին տարիներին ցանկանում էին գնել հատկապես անգլիական, մասնավորապես՝ մանչեսթերյան ակումբները: Սակայն «Մանչեսթեր Սիթին» արդեն գրեթե ձևակերպել է Նատան Ակեի տրանսֆերը, «Մանչեսթեր Յունայթեդն» էլ տարված է Ջեյդոն Սանչոյով, ու Կուլիբալիի հիմնական գնորդը մնում է ՊՍԺ-ն, որը պատրաստ է բավարարել ինչպես «Նապոլիի», այնպես էլ 29-ամյա ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:

Կուլիբալիի տրանսֆերային արժեքը կազմում է 56 միլիոն եվրո, սակայն «Նապոլին» մտադիր է ավելին պահանջել:

Առաջիկայում տրանսֆերային ամենահավանական գործարքները վերոնշյալներն էին, բայց 2020 թվականը լի է անկանխատեսելի իրադարձություններով, ուստի՝ կարող են և անսպասելի թոփ տրանսֆերներ լինել:

Ինչո՞վ է ավարտվել դրվագը. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մոնակոյի» հարձակվող Կեյտան պաշտոնապես վերադարձավ Ա սերիա

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է ձեռք բերել Անսու Ֆատիին

«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

«Բարսելոնան» արդեն այսօր կարող է նոր աջ պաշտպան ունենալ

Օբամեյանգ․ «Առաջարկ էի ստացել «Բարսելոնայից», բայց որոշեցի մնալ «Արսենալում»

Ժորժինյոն կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

Telefoot․ Աուարն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի

«Նա մեր օրերի Յոհան Կրույֆն է»․ Ռալֆ Ռանգնիկ

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին

#Here we go. Ով է Ֆաբրիցիո Ռոմանոն, որը գիտի ամեն ինչ տրանսֆերների մասին