Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Թոփ ակումբներում ընդունված է հաջողության չափանիշ համարել արդյունքը: «Բարսելոնայում» դրան գումարվում է նաև գեղեցիկ խաղի պահանջը: Եթե թիմը գեղեցիկ խաղ է ցուցադրում, բայց արդյունքի չի հասնում, նրան սովորաբար հեռացնում են: 2000-ականների սկզբին այդպիսի ճակատագրի արժանացավ Կառլես Ռեքսաչը, որի թիմն այսպիսի գոլեր էր խփում: Ավելի թարմ օրինակ է Էրնեստո Վալվերդեն: Երկրպագուները նրան քննադատում էին նույնիսկ այն ժամանակ, երբ նա մեկնարկային 2 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալից» առաջ անցնելով ( համապատասխանաբար, 17 և 19 միավորներով) չեմպիոն դարձավ Լա Լիգայում: Իհարկե, քննադատության մեծ մասը կապված էր Չեմպիոնների լիգայում ձախողումների հետ, բայց արդյո՞ք դա տեղի կունենար, եթե «Բարսան» կարևոր պահերին չհրաժարվեր իր հարձակվողական ֆուտբոլից:
Այժմ Բարսելոնայի գլխավոր մարզիչը Ռոնալդ Կումանն է, որը կես տարի է մարզում թիմը: Արդյո՞ք արդար է հոլանդացուց առավելագույնը պահանջել և ո՞րն է այդ առավելագույնը ներկայիս «Բարսելոնայի» համար:
Կումանը ժառանգություն է ստացել թիմ, որը 2:8 հաշվով պարտվել էր «Բավարիային», ինչպես նաև սեփական հարկի տակ զիջել «Օսասունային», երբ որոշվում էր Պրիմերայի չեմպիոնության հարցը: Ֆուտբոլիստները քննադատում էին նախագահ Ժոզեպ Բարտոմեուին ու ակումբի ղեկավարությանը, դժգոհ էին նաև մարզիչ Կիկե Սետյենից և նրա էմոցիոնալ օգնականից, իսկ Լիոնել Մեսին ակումբից հեռանալու դիմում էր ներկայացրել, ինչն երկրպագուների ատելությունը ակումբի նախագահի նկատմամբ հասցրեց գագաթնակետին: Այդ օրերին «Բարսելոնայում» ավելի պայթյունավտանգ էր, քան տրանսֆորմերների մասին ֆիլմերում:
Նման պայմաններում հարկավոր էր մարդ, ով կփոխի թիմի մտածելակերպը: Կհամոզի ֆուտբոլիստներին, որ անհաջողություններն անցյալում են: Կիկե Սետյենը միայն մեկնարկային 3 խաղերում դավանեց իր սիրելի խաղաոճը, ինչից հետո տեղի տվեց ֆուտբոլիստների պահանջին և վերադարձավ «վալվերդեյական ֆուտբոլին»:
Իսկ ո՞վ կարող է Կումանին ասել, թե ինչպես է պետք աշխատել: Նա «Բարսելոնայի» լեգենդ է, մարդ, ով ակումբին պարգևեց այդքան սպասված առաջին Չեմպիոնների գավաթը: Հոլանդացին ունի մեծ հեղինակություն և խիստ բնավորություն։
«Ես կարգապահություն եմ սիրում և կազմակերպված խաղ: Սիրում եմ գերիշխել խաղերի ժամանակ: Ես ուղղախոս մարդ եմ: Փորձում եմ լավ կապ հաստատել խաղացողների հետ: Նրանց հետ կարճ հանդիպումներ եմ անցկացնում, որոնց ընթացքում պարզ հասկացնում եմ իմ մտքերը»,- «բլաուգրանայի» ղեկին առաջին հարցազրույցներից մեկում ասել է մարզիչը:
«Բավարիայի» դեմ խաղում «Բարսելոնայի» կազմում վեց ֆուտբոլիստ 30 տարեկանն անց էին: Եվս երկուսը 29 տարեկան էին: Կատալոնացիները մյունխենցիներին զիջում էին շատ գործոններով, բայց ամենաակնհայտը ֆուտբոլիստների արագությունն էր:
Խնդիրներն այնքան ակնհայտ էին, որ Բարտոմեուն հասկացավ սերնդափոխության անհրաժեշտությունը: Արագորեն հրաժեշտ տվեցին Վիդալին, Ռակիտիչին, Սուարեսին և ուրիշներին: Հատկապես մեծ արձագանք ստացավ ուրուգվայցու հեռանալը: Կումանին մեղադրեցին Սուարեսին թիմից հեռացնելու մեջ։
«Ես չեմ այս ֆիլմի բացասական կերպարը: Սուարեսին հրաժեշտ տալու որոշումն ակումբն է կայացրել, որն ուզում էր փոխել թիմի կազմը: Ես աջակցեցի այդ որոշմանը: Ինքս եմ զանգահարել Լուիսին, որովհետև ես եմ մարզիչը: Եթե նա մնար թիմում, դեմ չէի լինի և նրան խաղաժամանակ կտայի»,- դեռ սեպտմբերին ասել է Կումանը: Այդ խոսքը հաստատեց ուրուգվայցին՝ նշելով, որ ակումբի ղեկավարությունն է ցանկացել բաժանվել նրանից:
Հիմա, երբ ուրուգվայցին գոլեր է խփում «Ատլետիկոյի» կազմում, հեշտ է քննադատել Կումանին: Բայց կարելի է ենթադրել, որ նրան խոստացել էին ուրուգվայցուն փոխարինել այլ հարձակվողով և չէին կատարել խոստումը: Այդպես Մեմֆիս Դեպայը չհայտնվեց «Բարսելոնայում» և կատալոնացիները «մնացին» Բրեյթվեյթի հույսին:
Կումանը նույնիսկ նման իրավիճակում ելքը գտավ՝ Լեո Մեսիին և Անսու Ֆատիին տեղափոխելով կենտրոնական հարձակվողի դիրք։ 18-ամյա հարձակվողը արդեն հասցրել է իրեն լավ դրսևորել այդ դիրքում, ինչպես օրինակ «Ռեալի» դեմ խաղում։
Այսպիսով, «ծերունիները» հեռացան և եկան երիտասարդները: Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում են և բավականաչափ խաղաժամանակ են ստանում հետևյալ ֆուտբոլիստները.
Անսու Ֆատի – 18 տարեկան
Պեդրի – 18 տարեկան
Սերժինյո Դեստ – 21 տարեկան
Ռոնալդ Արաուխո – 21 տարեկան
Օսկար Մինգեսա – 21 տարեկան
Ֆրանսիկշկու Տրինկաու – 21 տարեկան
Ուսման Դեմբելե – 23 տարեկան
Ֆրենկի դե Յոնգ – 23 տարեկան
«Բարսելոնան» Լա Լիգայում ամենաերիտասարդ թիմն էր: «Բլաուգրանայի» միջին տարիքը՝ 25,8: Վերջին օրերին նրան շրջանցել է «Վալենսիան»՝ 25,6 միջինանցված ցուցանիշով:
Կումանի ղեկավարությամբ «Բարսելոնայի» գլխավոր խնդիրը անկայուն ելույթներն են: Թիմը մրցաշրջանը սկսեց հաղթանակներով, հետո վրա հասավ ճգնաժամը: Թիմը նույնիկս երեք անընդմեջ խաղ չէր կարողանում հաղթել, ինչպես նաև երկու ամսում 5 պարտություն կրեց: Թիմը կարող էր Էլ Կլասիկոն պարտվել սեփական հարկի տակ, իսկ 4 օր անց «Յուվենտուսին» հաղթել Թուրինում: Հետզհետե Կումանը կարողացավ դրական արդյունքների դինամիկա ստեղծել։ Դեկտեմբերից սկսած եղավ 16 խաղից բաղկացած շարք, որոնցից 12-ում հոլանդացու թիմը հաղթեց և միայն մեկում պարտվեց:
2021 թվականի մեկնարկը «Բարսելոնայի» համար բարդ էր: Կատալոնական թիմը պետք է 8 անընդմեջ արտագնա խաղ անցնկացներ, որոնցից երկուսը՝ Իսպանիայի Սուպերգավաթում: Բայց Կումանն իր թիմին ստիպում է դոմինանտ ֆուտբոլ խաղալ ամենուր: «Բարսան» ներկայում թոփ-5 լիգաների թիմերից ամենաշատնն է գնդակին տիրում՝ 62,2 տոկոս ժամանակում: Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (61,1) և ՊՍԺ-ն (60,4): Բացի այդ, կատալոնացիները նաև ձգտում են գրոհները հարվածով ավարտել: Նրանք Եվրոպայում չորրորդ ամենաշատ հարվածներ կատարողներն են. մեկ խաղում միջինը 16,2: Օրինակ, աշխարհի ուժեղագույն թիմ դարձած Բավարիան գրեթե նույն ցուցանիշն ունի՝ միջինը 16,5 հարված:
Արդյունքում, այդ 8 արտագնա խաղերից 7-ում «բլաուգրանան» հաղթեց և տիտղոսների համար պայքարն «ահնարինից» վերածվեց «հնարավորի»: Հետագայում այդ դինամիկան պահպանել չհաջողվեց, հատկապես ուժեղ թիմերի դեմ խաղերում («Սևիլյա»՝ 0:2, ՊՍԺ՝ 1:4): Բայց մինչև այդ հեռատես Կումանը զգուշացրել էր.
«Մեր թիմին համալրումներ են հարկավոր: Ես արդեն նշել եմ այն խաղացողների անունները, որոնք կուժեղացնեն թիմը և հասանալի են ակումբի ներկայիս ֆինանսական իրավիճակում: Եթե այդ ֆուտբոլիստները միանան մեզ, մեր արդյունքներն ավելի լավը կլինեն: Եթե ոչ՝ կշարունակենք այս մակարդակում մնալ»:
Երբ խոսում են Մեսիից հետո «Բարսելոնայի» մասին, թիմի առաջատարների դերում տեսնում են երկու ֆուտբոլիստների՝ Ֆրենկի դե Յոնգին և Անսու Ֆատիին: Հոլանդացու համար 75 միլիոն եվրո են վճարել, սակայն Էրնեստո Վալվերդեն և Կիկե Սետյենը չկարողացան գտնել կիսապաշտպանի դերը թիմում, ինչպես «Այաքսում» էր: Այդ ընթացքում Կումանը, որը Ֆրենկիին մարզում էր հավաքականում, ասում էր.
«Ես գիտեմ գիտեմ ինչպես է պետք նրան ճիշտ օգտագործել»:
Հիմամ տեսնում ենք, որ Կումանը կարողացավ գտնել Ֆրենկիի ճիշտ դերն ու դիրքը խաղադաշտում: Նա անսպասելիորեն մտնում է տուգանային հրապարակ: Հոլանդացին ընթացիկ մրցաշրջանում արդեն 6 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել: Նախորդ մրցաշրջանի 42 խաղում նա ընդամենը 2 գոլ էր խփել ու 4 ասիստ գրանցել:
***
2003 թվականին Ֆրանկ Ռայկարդը, կրկին «Բարսելոնայի» համար ծանր ժամանակներում, գլխավորեց թիմը։ Կատալոնացիները Լա լիգան ավարտել էին 6-րդ տեղում։ Հոլանդացուն կես տարի պահանջվեց արդյունքները բարելավելու համար։ Հունվարից հետո նրա թիմը 17 խաղ անցկացրեց, որոնցում 15 հաղթանակ տոնեց։ Հաջորդ ամռանը ակումբի ղեկավարությունը տրանսֆերներ կատարեց (Էտո՛Օ, Դեկու, Ժյուլի, Լարսոն, Բելետի, Էդմիլսոն)։ Այս փոփոխություններից հետո «Բարսան» անմիջապես նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ մյուս տարի կրկնեց հաջողությունը և նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
Այժմ իրավիճակը նման է։ Կումանն առաջին մրցաշրջանը նվիրեց սերնդափոխությանը։ Իսկ արդյո՞ք նրա փոփոխությունները արդյունք կտան, ցույց կտա առաջիկա մրցաշրջանը, երբ նրա թիմը կհամալրվի, ինչի մասին նա ասում է նշանակումից ի վեր։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո