Կումանի դրաման. 4 պատճառ՝ ինչու Նիդերլանդները ֆավորիտից դարձավ ձախողակ - VNews
Բաժիններ

Կումանի դրաման. 4 պատճառ՝ ինչու Նիդերլանդները ֆավորիտից դարձավ ձախողակ

1233687199.0 - Կումանի դրաման. 4 պատճառ՝ ինչու Նիդերլանդները ֆավորիտից դարձավ ձախողակ

Նիդերլանդների հավաքականի համար Եվրոպայի այս առաջնությունը նման էր դրամատիկ ֆիլմի սցենարի, որն ունեցավ սկիզբ, տարբեր գործողություններ, բեկումնային իրադարձություններ և անսպասելի ավարտ՝ առանց happy end-ի: Փոխարենը՝ ստացվեց հետաքրքիր պատմություն՝ տարբեր դերակատարներով, որից հոլանդացիները կարող են դասեր քաղել հետագայի համար: Մենք էլ կվերադառնանք անցյալ, կվերհիշենք այս թիմի ժամանակագրությունը՝ ինչպես սկսեց ամեն ինչ, և որոնք էին եզրափակիչ փուլում «նարինջների» ձախողման պատճառները:

Պատմության սկիզբը. հեղափոխություն՝ Կումանի բաղադրատոմսով

Նիդերլանդների հավաքականը, որը թեև չնվաճեց տիտղոսներ 2000-ականների վերջում ու 2010-ականների սկզբում, ուներ ֆանտաստիկ թիմ, լեգենդար ֆուտբոլիստների խումբ, որոնց երկրպագուները միշտ կհիշեն ջերմությամբ: Սնեյդերի, Վան դեր Վարտի, Ռոբենի և վան Պերսիի թիմը 2010-ի աշխարհի առաջնությանը հասավ մինչև եզրափակիչ ու շատ մոտ էր չեմպիոնությանը, 2014-ին նրանք հասան կիսաեզրափակիչ ու միայն 11-մետրանոց հարվածաշարով դուրս մնացին պայքարից: Այդ սերունդն արդեն «կարապի երգն» էր երգում ու տևական ժամանակ էր՝ նոր սերունդ չկար, նոր Սնեյդերներ ու Ռոբեններ չկային: Փակուղում հայտնված հավաքականը բաց թողեց միանգամից 2 խոշոր մրցաշար՝ ԵՎՐՈ 2016-ը և Մունդիալ 2018-ը:

Թունելի վերջում լույս նշմարվեց 2018-ի փետրվարին, երբ հավաքականը գլխավորեց Ռոնալդ Կումանը: Ժամանակը ցույց տվեց, որ Կումանից հետո փոխվեց Նիդերլանդների հավաքականի պատմությունն ու նոր էջ սկսեց այս թիմի համար:

  • Կումանը միանգամից փոխեց թիմի խաղն ու աստիճանաբար վերադարձավ այս հավաքականի պատմական ակունքներին: Թիմը սկսեց խաղալ 4-3-3 սխեմայով ու տոտալ ֆուտբոլ՝ գնդակի վերահսկողությամբ:
  • Կումանը հրաշալի սելեկցիա արեց, համարձակություն ունեցավ շանս տալ մի շարք երիտասարդների (ինչպես հիմա անում է «Բարսելոնայում»), ինչը հրաշալի կերպով աշխատեց: Պաշտպանության կենտրոնում Կումանի թիմում գործում էր Վան Դեյկ-Դե Լիխտ զույգը, կիսապաշտպանության կենտրոնում՝ դե Յոնգ, Վան դե Բեկ ու Վեյնալդում, հարձակման գծում՝ Բերգվեյն ու Դեպայ:
  • Հենց Կումանի՝ Նիդերլանդների հավաքականը գլխավորելու ժամանակ սկսեց փայլել դե Յոնգը. այդ թիմում նա ուներ լիակատար ազատություն, դարձավ «Նոր Նիդերլանդների» դրոշակակիրը և ուներ շատ ավելի մեծ կարևորություն, նույնիսկ ավելին՝ քան «Այաքսում», «Բարսելոնայում» ու դե Բուրի թիմում. «Բարսելոնայում» դե Յոնգը չի խաղում այն դիրքում, որտեղ կարող է իր լավագույն որակները ցույց տալ: Հավաքականում ես նրան թույլ եմ տալիս գործել ավելի առջևից, ցույց տալ իր տեխնիկական հմտությունները, գնդակի հետ վարվելու վարպետությունը, ունենալ ստեղծագործելու հնարավորություն», – նշել էր Կումանը, երբ դեռ չէր գլխավորում կատալոնական ակումբը:
  • Կումանին անուղղակի կերպով օգնեց նաև «Այաքսը»: Էրիկ տեն Հագի թիմի անցկացրած անհավանական մրցաշրջանում, որում ամստերդամցիները հասան մինչև ՉԼ եզրափակիչ, հիմնական կորիզը հոլանդացի երիտասարդներն էին, որոնք իրենց հրաշալի խաղը տեղափոխեցին նաև հավաքական: «Նարնջագույնները» խաղակցվածության խնդիր չունեին:

Van Dijk: Dutch team upset with Koeman's departure | Sports | China Daily

Այս ամենն իր ազդեցությունը, բնականաբար, ունեցավ նաև թիմի արդյունքների վրա: Նիդերլանդների հավաքականը փայլուն խաղաց Ազգերի լիգայի՝ 2018/19 խաղարկությունում, հասավ մինչև եզրափակիչ ու նվազագույն հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն: Նիդերլանդները շատ վստահ տեսք ունեին նաև ԵՎՐՈ-ի նախընտրական փուլում ու առանց լուրջ խնդիրների ապահովեցին տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում՝ երկար տարիների դադարից հետո: «Նարնջագույնները» այդ ճանապարհին կարողացան հաղթել Գերմանիային (2 անգամ), Անգլիային, Պորտուգալիային և աշխարհի չեմպիոն՝ Ֆրանսիային:

Կարճ ասած՝ Կումանը Նիդերլանդների ընտրանուն վերադարձրեց այնտեղ, որը հենց այս պատմական հավաքականի իսկական տեղն էր: Կումանն ակումբային ֆուտբոլում մի քանի ձախողումից հետո ճիշտ տեղում էր հայտնվել (իր սրտի ակումբից՝ «Բարսելոնայից» Կումանը մի քանի անգամ առաջարկ ստացավ, բայց՝ մերժեց), թիմի ֆուտբոլիստներից շատերը խաղային մեծ զարգացում էին ապրել ու երջանիկ էին իրենց զգում Կումանի օրոք, երկրպագուներն էլ արդեն սկսել էին երազել տիտղոսների մասին: Բայց Նիդերլանդների հավաքականի համար, ցավոք, գագաթնակետի այդ պահին տեղի ունեցավ վատագույնը:

ԵՎՐՈ-ն հետաձգվեց, Կումանը հեռացավ

2020-ի սկիզբն էր, երբ Նիդերլանդների ընտրանին մեծ խանդավառությամբ էր պատրաստվում ԵՎՐՈ 2020-ին, որին մոտենալու էր գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակով: Ամիսներ անց պետք է մեկնարկեր մրցաշարը, բայց վրա հասավ կորոնավիրուսի համավարակն ու շատերի ծրագրերը փլուզեց, այդ թվում՝ հոլանդացիների: ՈւԵՖԱ-ն որոշեց հետաձգել մրցաշարը, և որ ամենավատն էր Նիդերլանդների համար՝ այդ որոշմամբ ստիպեց հեռանալ Կումանին: 58-ամյա մասնագետը չէր կարող իրեն թույլ տալ «Բարսելոնային» 3-րդ առաջարկը մերժելու ճոխությունը, ԵՎՐՈ-ի ճակատագիրն էլ անհայտ էր այդ պահին:

Օգոստոսին Կումանն իրականացրեց իր երազանքը՝ պայմանագիր կնքելով «Բարսելոնայի» հետ և որբ թողնելով իր իսկ ձեռքով ստեղծած, փայփայած, մեծացրած հավաքականին՝ թիմ, որում նա հեղափոխություն իրականացրեց շատ կարճ ժամանակում: Այնուամենայնիվ, գնահատականներ չտանք Կումանի որոշմանը, որը, կարծես, Կատալոնիա տեղափոխվելուց մեկ տարի անց երջանիկ է զգում իրեն:

Ronald Koeman expects England to challenge for Euro 2020

Շարունակենք Նիդերլանդների հավաքականի պատմության ընթացքը, որը 2020-ին գլխավորեց հոլանդական ֆուտբոլի մեկ այլ կարևոր ֆուտբոլիստ՝ Ֆրանկ դե Բուրը: Նրա գլխավորությամբ Նիդերլանդների ընտրանին չէր փայլում այնպես, ինչպես Կումանի ժամանակ. Ազգերի լիգայի իրենց խմբում «նարինջները» 2-րդն էին՝ զիջելով միայն անպարտելի Իտալիային, իսկ ԱԱ 2022-ի ընտրական փուլում՝ 3 խաղում 6 միավոր՝ պարտվելով խմբի մյուս ուժեղ հավաքականին՝ Թուրքիային 2-4 հաշվով:

ԵՎՐՈ 2021. հաջող մեկնարկ, տխուր ավարտ

Հասկանալով, որ 4-3-3-ով ու «նախկին» ֆուտբոլով թիմն այնքան էլ չի փայլում, հատկապես՝ մի շարք վնասվածքների առկայության (այդ թվում՝ վան Դեյկի) պայմաններում, դե Բուրը ցանկացավ առավելագույնը քաղել իր տրամադրության տակ եղած թիմից ու ստեղծել իր թիմը: Դե Բուրը բավական համարձակ (նույնիսկ՝ ծայրահեղ) քայլի գնաց մեծ մրցաշարի մեկնարկից ընդամենը օրեր առաջ: ԵՎՐՈ-ին նախորդած ընկերական խաղերում նա սկսեց փորձարկել 3 կենտրոնական պաշտպանով ու 2 լատերալներով սխեման (որին հրաշալի էին համապատասխանում վան Անհոլտը և Դենզել Դյումֆրիսը՝ ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը), փոխվեց նաև թիմի խաղը՝ կարճ փոխանցումների ու տիկի-տակայի փոխարեն հոլանդացիները սկսեցին խաղալ իրենց համար անսովոր երկար փոխանցումներով ու եզրային (հակա)գրոհներով:

Մեկնարկեց մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիդերլանդների առաջին մրցակիցն Ուկրաինան էր, որի դեմ խաղում դե Բուրի թիմը սկսեց բավական ինտենսիվ խաղով ու կտրուկ հակագրոհներով, որոնք իրենց պտուղները տվեցին երկրորդ խաղակեսում, երբ հոլանդացիները միանգամից 2 գոլի առավելություն ստացան: Ուկրաինացիները Յարմոլենկոյի շեդևրի ոգևորության ֆոնին հավասարեցրին հաշիվը, բայց «նարնջագույններն» իրենց մեջ ուժ գտան և հաղթեցին:

Euro 2020 features - Opinion: Chaotic beauty of this Dutch team is just what this Euros needs - Eurosport

Ավստրիայի ու Մակեդոնիայի դեմ խաղերում հոլանդացիները շատ ավելի վստահ տեսք ունեին ու ավելի մեծ առավելությամբ էին գերազանցում մրցակցին՝ մի դեպքում հաղթելով 2, մյուս դեպքում՝ 3 գոլի առավելությամբ: Նոր սխեմայով ու նոր մարտավարությամբ թիմի խաղակցվածության մակարդակը բարձրանում էր, ընդհանուր թիմային հավասարակշռությունն էլ պաշտպանության ու հարձակման գծում, կարծես, լավ վիճակում էր: Վան Դեյկի բացակայությունը դե Բուրը փորձեց լրացնել ևս մեկ կենտրոնական պաշտպան ավելացնելով, Դյումֆրիսն ու Անհոլտն էլ հասցնում էին իրենց արագացումներով փակել եզրերը:

Խմբային փուլի ավարտից հետո Նիդերլանդների ընտրանին լավագույն տպավորություն թողած թիմերից էր ու նրա ֆավորիտությունն ավելի ընդգծվեց՝ հատկապես, որ հոլանդացիների ցանցը փլեյ-օֆֆում նպաստավոր էր. 1/8-ում մրցակիցը Չեխիան էր, 1/4-ում՝ Դանիան: Համաձայնեք՝ այս թիմերի հետ պայքարում Նիդերլանդները ընդգծված ֆավորիտի կարգավիճակ ունեն/ունեին: Բայց չեխերը հաղթեցին հոլանդացիներին 1/8 եզրափակիչում ու դուրս թողեցին մրցաշարից՝ շատ-շատերի համար անսպասելի կերպով:

Մեր ընտրանին

Ինչու և ինչպես Նիդերլանդները ձախողվեցին

Հոլանդական ֆիասկոն ունի տարբեր պատճառներ:

Կումանի թիմի փլուզումը

  • Նիդերլանդները դադարեցին լինել այս ԵՎՐՈ-ի գլխավոր ֆավորիտներից մեկը ոչ թե վերջին օրերին, այլ 2020-ի օգոստոսին: Կումանի հեռանալը ծանր հարված էր հոլանդացիների համար ու շատ քչերը կկարողանային շարունակել կառուցողական այն աշխատանքը, որ սկսել էր նա: Հիմա արդեն կարող ենք փաստել, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարն ու ԵՎՐՈ-ի հետաձգումը մեծ ազդեցություն ունեցան Նիդերլանդների վրա. Կումանը հեռացավ, իր մարզավիճակի գագաթնակետում գտնվող թիմը փլուզվեց:

Կարևորագույն վնասվածքներ

  • Ասում են՝ վնասվածքն արդարացում է, որ կարող են բերել բոլոր թիմերը և անել դա միշտ, բայց համաձայնեք, որ Նիդերլանդների հավաքականը չափազանց շատ ու կարևոր կորուստներով մոտեցավ Եվրոպայի այս առաջնությանը: Գլխավորը, իհարկե, պաշտպանության առաջատար վան Դեյկի կորուստն էր: Չկար նաև դարպասապահ Սիլեսենը, որի բացը լրացնելու էին վաղուց թանգարանային նմուշներ դարձած Կրուլն ու Ստեկելենբուրգը: Վնասվածք ստացավ (մարզավիճակ ու խաղային պրակտիկա էլ չուներ) Կումանի թիմի մեկ այլ առանցքային ֆուտբոլիստ՝ Դոնի վան դե Բեկը: Այս կորուստներն անհաջողության դատապարտեցին դե Բուրին:

Virgil van Dijk "eight weeks" from return, but Dutch boss "not counting on him" for Euros - Liverpool FC - This Is Anfield

Ինքնության փոփոխությունը՝ մրցաշարից օրեր առաջ

  • Միշտ խաղալ 4-3-3 տակտիկայով ու տիկի-տակայով, և հանկարծ, այն էլ՝ մրցաշարից օրեր առաջ սկսել խաղալ բոլորովին այլ սխեմայով ու մարտավարությամբ՝ չափազանց ռիսկային ու դժվար է: Իհարկե, հեշտ է խոսել հիմա, երբ արդեն Նիդերլանդները դուրս են մնացել պայքարից, մինչդեռ օրեր առաջ բոլորը գովում էին դե Բուրին համարձակ որոշման ու այս իրավիճակում օպտիմալ լուծում գտնելու համար: Սակայն այս փորձը մեզ ցույց տվեց, որ մեծ մրցաշարում խաղային ինքնությունը կորցնելն ինքնասպանության պես մի բան է: Գուցե երկար ժամանակ այսպես խաղալով Նիդերլանդներն իսկապես լավ արդյունքներ ցույց տան (հատկապես, որ կային այդ նշանները), բայց մեկ ամսում ռադիկալ փոփոխությունը չի աշխատում:

Դե Լիխտի կարմիր քարտը

  • Ամենաանմեղ արդարացումն ու պատճառաբանությունը՝ Նիդերլանդների կրած պարտության ու ձախողման հարցում: Ֆուտբոլում, հատկապես կարճաժամկետ միջազգային մրցաշարերում ոչ մի թիմ ապահովագրված չէ «դժբախտ պատահարներից»: 0-0 հաշվի ժամանակ, երբ հոլանդացիներն, իսկապես, ավելի լավ տեսք ունեին, երբ Դոնյել Մալենը նոր էր վրիպել անհավանական իրավիճակում, դե Լիխտը ձեռքով խաղաց ու հեռացվեց խաղադաշտից, և սա դե Բուրի համար դարձավ ոչ միայն այս խաղի, այլև՝ մրցաշարի ամենաբեկումնային պահը: Թիմը մնաց 10 հոգով ու հոգեբանորեն էլ ընկճվեց, ու ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլիներ հետո, եթե դե Լիխտը չստանար այդ կարմիր քարտը:

Euro 2020 - 'I am feeling bad' - Matthijs de Ligt takes blame for Netherlands' shock exit after red card - Eurosport

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարեսը՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին

Պյանիչը կարծում է, որ «Բարսելոնային» լավ մարզիչ է հարկավոր

«Բարսելոնան» Կումանին հեռացնելու դեպքում կարող է ֆինանսական խնդիրների բախվել

«Բարսելոնան» էլ կլասիկոյից հետո վերջնական որոշում կկայացնի

Կումանը վայելում է Լապորտայի վստահությունը

Կուման. «Մենք ավելիին էինք արժանի»

Լապորտայի կտրուկ շրջադարձը. Կումանը մնում է

Սուարես. «Կումանն ու Բարտոմեուն» հավասարապես մեղավոր են իմ հեռանալու հարցում»

Սուարեսը խոսել է «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին, Չավիին խորհուրդ տվել չգլխավորել թիմը

Կուման. «Զգում եմ ֆուտբոլիստներիս աջակցությունը, ակումբինը՝ չգիտեմ»

Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

Կուման. «Թիմում եղած փոփոխությունների պատճառով «Բարսելոնային» դժվար է մնալ թոփ ակումբի մակարդակում»

Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները հանդիպում կանցկացնեն

«Բարսելոնան» չի բողոքարկել. Կումանը բաց կթողնի նաև «Ատլետիկոյի» դեմ խաղը

«Բարսելոնան» կապ է հաստատել Ռոբերտո Մարտինեսի հետ

Կուման. «Այստեղ կարող ես կարմիր քարտ ստանալ ոչնչի համար»