Լա Մասիան վերադառնո՞ւմ է. «Բարսելոնայի» ծագող աստղերը, որ մեծ ապագա են խոստանում ակումբին - VNews
Բաժիններ

Լա Մասիան վերադառնո՞ւմ է. «Բարսելոնայի» ծագող աստղերը, որ մեծ ապագա են խոստանում ակումբին

Barcelona allow Alex Collado to exit camp to resolve future - Լա Մասիան վերադառնո՞ւմ է. «Բարսելոնայի» ծագող աստղերը, որ մեծ ապագա են խոստանում ակումբին

«Բարսելոնայի» վիճակը՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարզական, ամենևին նախանձելի չէ: 2010-ականների սկզբին իր պատմության լավագույն ժամանակահատվածն ունեցած ակումբը խորացող ճգնաժամի մեջ է արդեն 1-2 տարի: Ամեն ինչ սկսեց շրջվել այն պահից, երբ Խոսեպ Մարիա Բարտոմեուի վարչակարգը դավաճանեց ակումբի փիլիսոփայությունն ու տրանսֆերային նոր՝ ձախողման դատապարտված քաղաքականություն սկսեց վարել՝ երիտասարդներին, հեռանկարային ֆուտբոլիստներին ու ակումբի ակադեմիայի սաներին ամբողջովին անտեսելով և շեշտը դնելով «նոր Նեյմար» փնտրելու անիմաստ գործողություններով: Միայն Դեմբելեի, Կոուտինյոյի ու Գրիզմանի համար «Բարսելոնան» վճարեց մոտ 400 մլն եվրո, որոնք գրեթե ոչինչ չտվեցին թիմին:

Տեղի ունեցավ ինստիտուցիոնալ ճգնաժամ, լուրջ կոնֆլիկտ՝ Մեսիի ու Բարտոմեուի միջև: Ամեն ինչ, կարծես, հարթվում էր: Բարտոմեուն իր սթաֆի հետ հեռացավ, եկավ Լապորտան՝ Մեսիի նախընտրելի նախագահը, բայց կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի տակից ակումբը դուրս գալ չկարողացավ՝ ստիպված կորցնելով Մեսիին ու Գրիզմանին՝ ֆուտբոլիստների, որոնք, գոնե կարգի հաշվին, որոշակի արդյունք կապահովեին թիմի համար: «Բարսելոնայի» համար պոստ-Մեսի դարաշրջանը մեկնարկեց ամենաանցանկալի պահին, երբ թիմի սերնդափոխությունը դեռ տեղի չէր ունեցել:

Lionel Messi Will Leave Barcelona - The New York Times

«Բարսելոնայի» կազմի իրավիճակը լավագույններից չէ: Ակումբն ամռանն արեց գործարքներ, որոնք չեն համապատասխանում իր չափանիշներին: «Չելսին» գնում է Լուկակու, ՄՅՈւ-ն՝ Սանչո, «Սիթին»՝ Գրիլիշ, իսկ «Բարսելոնան» ձեռքբերում Լյուկ դե Յոնգին: ՉԼ խմբային փուլի առաջին տուրում «Բավարայից» կրած պարտությունը ցույց տվեց՝ որքան տխուր է թիմի ներկա իրավիճակը. «Դժվար է ընդունել իրականությունը, բայց սա այն է, ինչ կա: Սա մենք ենք», – խաղից հետո հայտարարեց հուսահատ Պիկեն:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն էլ, սակայն, դեռ խաղից առաջ էր հայտարարել, որ իր շնորհիվ «Բարսելոնան» ունի ապագա: Շատերի ականջի համար հաճելի չի հնչում, բայց հոլանդացու խոսքերում կա իրականություն: «Բավարիայի» դեմ խաղը տհաճություն պատճառեց կատալոնացի երկրպագուներին («Բարսելոնան» ամեն ինչով զիջում էր մյունխենյան թիմին), սակայն հանդիպումն ուներ մեկ դրական կողմ. շանս ստացան երիտասարդները:

Ճիշտ է՝ նրանք չկարողացան որևէ կերպ ազդել խաղի ընթացքի վրա, բայց վատ տպավորություն չթողեցին: Եվ բացի դա, արդեն հիմա պարզ երևում է, որ Կումանը նրանց հնարավորություն կտա իրենց դրսևորելու առաջիկա տարիներին, իսկ եթե ակումբն էլ շեշտը դնի նրանց զարգացման վրա, ապա մի քանի տարի անց «Բարսելոնան» կարող է կրկին հզոր ակումբ լինել՝ իր կադրերով: Երիտասարդ տաղանդներ այս թիմն ունի:

Մեր ընտրանին

Անսու Ֆատի – վինգեր (2002)

Անսու Ֆատիի մուտքը մեծ ֆուտբոլ տեղի ունեցավ դեռ 2 տարի առաջ՝ 2019/20: Լա լիգայի մեկնարկային տուրերից մեկում՝ «Օսասունայի» դեմ խաղում նա իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում՝ հիացնելով բոլորին: Այդ ժամանակ դեռ նրա 17 տարեկա՛նը նույնիսկ չէր լրացել: Այդ մրցաշրջանում Ֆատին անցկացրեց 31 հանդիպում ու խփեց 8 գոլ՝ այդ թվում նաև բացելով գոլերի հաշիվը ՉԼ-ում՝ գրավելով «Ինտերի» դարպասը «Սան Սիրո» մարզադաշտում:

2020/21-ին, երբ նա արդեն ունենալու էր ավելի մեծ դեր ու խաղաժամանակ (10 խաղում հասցրել էր 5 գոլ խփել), տեղի ունեցավ վատագույնը՝ ծանր վնասվածք, որից ֆուտբոլիստը դեռ ապաքինվում է:

Ansu Fati to wear the number 10 shirt

Այդուհանդերձ՝ Ֆատին ունի ֆանտաստիկ որակներ՝ արագություն, գոլային հոտառություն և ինքնադրսևորվելու համարձակություն, ինչի շնորհիվ նաև հրավեր ստացավ Իսպանիայի ազգային հավաքականից: Ֆատին «Բարսելոնայի» ապագան է ու երկրպագուների մեծագույն հույսը. «Ֆատին մանկապատանեկան տարիքում լուրջ վնասվածք է ստացել ու ապաքինվել հաջողությամբ: Նա մեծ պրոֆեսիոնալ է, ապրում է ֆուտբոլով ու շուտով ավելի ուժեղ կվերադառնա», – նշում է Ֆրանկ Արտիգան, որը Լա Մասիայում՝ «Բարսելոնայի» ակադեմիայում,  աշխատել է որպես մարզիչ 11 տարի:

Պեդրի – փլեյմեյքեր (2002)

Շատերը չեն կարողանում հավատալ, բայց Պեդրին «Բարսելոնայի» ակադեմիայի սան չէ: Նրան կատալոնական ակումբը գնեց նախորդ տարի «Լաս Պալմասից»:

Իսկապես, դժվար է հավատալ, որ Պեդրին որպես ֆուտբոլիստ չի կայացել «Բարսելոնայի» տարբեր տարիքային խմբերում՝ հաշվի առնելով նրա խաղային որակները, ֆուտբոլի մասին պատկերացումները, նրա՝ Անդրես Ինիեստայի խաղին նմանությունը: «Բարսելոնայի» փիլիսոփայությունը Պեդրիի ԴՆԹ-ի մեջ է: Այս ֆուտբոլիստն իր խաղային զարգացման համար մեծապես պարտական է Ռոնալդ Կումանին, որը նախորդ մրցաշրջանում նրան չափազանց շատ օգտագործեց: Պեդրին մասնակցեց 52 խաղի, Իսպանիայի հավաքականի հետ մասնակցեց ԵՎՐՈ 2020-ին ու Տոկիո 2020-ին, և գրեթե միշտ խաղաց լավ:

Barça makes a decision about the future of Pedri González

Դժվար է նաև հավատալ, որ այս ֆուտբոլիստն ընդամենը 18 տարեկան է: Պեդրին խաղում է հասուն ֆուտբոլ, ու նրա մոտ լարվածություն չի զգացվում անգամ ամենակարևոր խաղերին և մեծ մարզադաշտերում: Խաղադաշտի ամենակարևոր դիրքում «Բարսելոնան» ապագայում խնդիրներ չի ունենա:

Ինյակի Պենյա – դարպասապահ (1999)

«Բարսելոնան» իր կազմում ունի նաև տաղանդավոր դարպասապահ:

22-ամյա Ինյակի Պենյան կարիերան սկսել է իր ծննդավայրում՝ «Ալիկանտեում»: Հետո նա տեղափոխվել է «Վիլյառեալի» մանկապատանեկան թիմ, իսկ 2012-ին՝ 13 տարեկանում արդեն տեղափովել «Բարսելոնայի» ակադեմիա: Պենյան «Բարսելոնա Բ-ի» հետ հասել է երիտասարդական Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ լինելով թիմի հիմնական դարպասապահը:

2018/19 մրցաշրջանից սկսած Պենյան համատեղում է իր ելույթները «Բարսա Բ-ում» ու առաջին թիմում՝ լինելով Մարկ-Անդրե տեր Շտեգենի պահեստային տարբերակը: Իհարկե՝ այս պահին դժվար է պատկերացնել «Բարսան» առանց գերմանացու, բայց երբ նա հեռանա, կատալոնական ակումբը, հավանաբար, նոր դարպասապահ գնելու կարիք չի ունենա: Պենյան կարող է կրկնել Վիկտոր Վալդեսի հաջողությունը՝ երիտասարդական թիմի դարպասապահից դառնալով հիմնական թիմի դարպասապահը:

Iñaki Peña, Granada's obsession for his goal

Ռիկի Պուչ – կիսապաշտպան (1999)

Ռիկի Պուչն էլ վերջին տարիներին Լա Մասիայի տված լավագույն կադրերից է: Նրա մասին շատերը լսեցին դեռ 2018-ին՝ հիանալով Պուչի խաղով, որի խաղաոճը նույնպես համապատասխանում է «Բարսելոնային»:

Բայց Կումանը, շատերի համար անսպասելիորեն, նախորդ մրցաշրջանում Պուչին շանս չէր տալիս: Ավելին, նա ակումբի ղեկավարությանը խնդրել էր զիջել նրան վարձավճարով կամ նույնիսկ վաճառել նրան: Հոլանդացու այդ քայլը զարմանալի էր՝ հաշվի առնելով նրա մոտեցումը երիտասարդներին: Ի վերջո, Պուչը մնաց ու դեռ շանսեր ունի այս թիմում խաղաժամանակ ստանալու. «Ռիկին ծնվել է «Բարսելոնայում» խաղալու համար: Նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածը միայն կուժեղացնի նրան: Պարզապես պետք է չհանձնվել ու պայքարել երազանքի համար», – ասում է Արտիգան:

Ալեքս Կոլյադո – հարձակվողական ոճի կիսապաշտպան (1999)

Ալեքս Կոլյադոն նույնպես Լա Մասիայից է ու պարբերաբար շանսեր է ստանում առաջին թիմում խաղալու: Ավելին՝ այս մրցաշրջանից առաջ նա իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց «Բարսելոնայի» հետ:

In limbo: Álex Collado, without a record in FC Barcelona

Կոլյադոն, խաղալով «Բարսելոնա Բ-ում», բավական աճել է և հասունացել է նրա՝ առաջին թիմում գոնե պահեստայինների թվում լինելու ու հաճախակի փոխարինվելու պահը: Ֆուտբոլիստ, որն ունի տեխնիկա, լավ է հասկանում խաղը, խփում է գոլեր, կատարում է «վերջին փոխանցումը» և ունի հաղթողի հոգեբանություն:

Ռոնալդ Արաուխո – կենտրոնական պաշտպան (1999)

Ռոնալդ Արաուխոն այնքան հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, որ դժվար է նրան դասել մյուս երիտասարդների շարքին:

22-ամյա պաշտպանի կարիերան, իրականում, դեռ նոր-նոր է մեկնարկում: Արաուխոյի հետ կատալոնացի երկրպագուները մեծ հույսեր են կապում: Արաուխոն ունի թոփ պաշտպան դառնալու լավագույն տվյալները՝ արագություն, ագրեսիվ խաղ ու ֆիզիկական լավ պատրաստվածություն: Մնում է միայն, որ Ումտիտիի պատմությունը չկրկնվի: Ուրուգվայցին, չնայած երիտասարդ տարիքին, արդեն 43 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հիմնական թիմում:

Araujo | 2020/2021 player page | Defender | FC Barcelona Official website

Օսկար Մինգեսա – կենտրոնական/աջ պաշտպան (1999)

Օսկար Մինգեսան «Բարսելոնայի» նախորդ մրցաշրջանի բացահայտումներից էր:

22-ամյա ֆուտբոլիստը Ռոնալդ Կումանի ամենաշատ օգտագործված ֆուտբոլիստն էր (39 խաղ), ու նույնիսկ հասցրել է գոլ խփել Կլասիկոյում: Մինգեսայի գլխավոր առավելությունը նրա՝ տարբեր դիրքերում հաջողությամբ խաղալու ունակությունն է: Նա կարող է խաղալ թե՛ պաշտպանության կենտրոնում, թե՛ աջ եզրում. «Ինձ համար Մինգեսան առաջին թիմում արագ հարմարվեց: Կարծում էի Գարսիա Պիմիենտան նրանից ավելի լավ պոտենցիալ ունի, բայց Օսկարն ապացուցեց, որ համեստությունը, աշխատասիրությունն ու նվիրումն ավելի մեծ դեր է խաղում: Մինգեսան Լա Մասիայի բոլոր խաղացողների համար հրաշալի օրինակ է», – ասում է Արտիգան:

Ալեխանդրո Բալդե – ձախ պաշտպան (2003)

Ալեխանդրո Բալդեի մասին շատերն առաջին անգամ իմացան «Բավարիայի» դեմ խաղին, երբ նա երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ ու որոշ դրվագներում աչքի ընկավ իր արագություններով:

«Անկասկած՝ Բալդեն տպավորիչ որակներ ունեցող ֆուտբոլիստ է: Նրա արագությունն ու գնդակի հետ վարվելու կարողությունն ամբողջովին համապատասխանում է «Բարսային»: Նա շատ լավ է միանում նաև թիմի գրոհներին: Բայց նրա հետ «Բարսելոնան» պետք է զգույշ վարվի ու չշտապի: Բալդեն պետք է կայուն խաղաժամանակ ունենա «Բարսա Բ-ում», զարգացնի իր խաղն ու հետագայում դառնա Ալբայի երկարաժամկետ փոխարինողը: Այդ ներուժը նա ունի», – վստահեցնում է Արտիգան:

Նիկո Գոնսալես – կիսապաշտպան (2002)

Նիկո Գոնսալեսն իր առաջին քայլերն արել է «Մոնտանյերոսի» ակադեմիայում, բայց նրան նկատել են «Բարսելոնայի» սկաուտներն ու անմիջապես տարել Լա Մասիա: Գոնսալեսին նախորդ մրցաշրջանում ուշադրությամբ հետևում էր նաև Ռոնալդ Կումանը, ինչի հետևանքով էլ 19-ամյա ֆուտբոլիստն այս ամռանը պայմանագիր կնքեց առաջին թիմի հետ և արդեն մասնակցել է Լա լիգայի 2 հանդիպման:

Koeman ready to count on Barcelona starlet Nico Gonzalez - Report - Barca Blaugranes

«Նիկոն թոփ ֆուտբոլիստ դառնալու համար բոլոր որակներն ունի: Բացի տեխնիկապես գրագետ լինելը՝ նա նաև ֆիզիկական լավ տվյալներ ունի: Նա հավակնոտ է, և որ ամենակարևորն է՝ շատ խելացի: Նրա լավագույն դիրքը, կարծում եմ, կիսապաշտպանության կենտրոնում է: Նա կարող է խաղալ թե՛ 8 համարի, թե՛ հենակետայինի դիրքում: Նիկոյի առաջադիմությունը «Բարսելոնա Բ-ում» ինձ տպավորում է: «Բարսան» ֆանտաստիկ երիտասարդ ունի», – նշում է Արտիգան:

Յուսուֆ Դեմիր – վինգեր (2003)

Յուսուֆ Դեմիրին «Բարսելոնան» վարձակալեց «Ռապիդից» 2-րդ թիմի համար, բայց ավստրիացին այնքան լավ տպավորություն թողեց, որ նա իր տեղը գտավ Կումանի թիմում:

18-ամյա ֆուտբոլիստը բարձր տարիքայինների հետ խաղալու մեծ փորձ արդեն ունի: Նա Ավստրիայի Բունդեսլիգայում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 32 խաղ՝ դառնալով 9 գոլի հեղինակ: Դեմիրի ադապտացումը «Բարսելոնայում» եղավ շատ արագ ու անսպասելի: Ավելին՝ նա վերցրեց 11 համարը, որն Ուսման Դեմեբելեն էր կրում մինչև նախորդ մրցաշրջանը: Դեմիրն օժտված է տեխնիկական բարձր որակներով ու գոլեր խփելու կարողությամբ: Կատալոնիայում վստահ են, որ «Բարսելոնան» կգնի 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, և նա ապագայում կդառնա թիմի առանցքային խաղացողներից մեկը:

The Barcelona plans to pay for fichar to Yusuf Demir

Պաբլո Մարտին Գավի – հարձակողական կիսապաշտպան (2004)

«Բարսելոնայի» ամենաերիտասարդ տաղանդը՝ Գավին իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից է: «Բետիսում», որտեղ նա դեռ իր առաջին քայլերն էր կատարում, 96 գոլ խփեց: Գավիի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել Իսպանիայի ուժեղագույն ակումբների՝ «Ռեալի», «Ատլետիկոյի» ու «Վիլյառեալի» սկաուտները, բայց նա ընտրեց «Բարսելոնան»՝ 11 տարեկանում:

Նա շարունակեց իր փայլուն ելույթները նաև Լա Մասիայում ու 2020-ին նա Մ16 տարիքային խմբից «ցատկեց» մինչև Մ19 տարիքային թիմ: Այնտեղ էլ տպավորիչ արդյունքներ գրանցելուց հետո Կումանն առաջին թիմի հետ Գավիին ընդգրկեց միջմրցաշրջանային հավաքներին: Ընկերական խաղերում ֆանտաստիկ խաղ ցուցադրելուց հետո Գավին վերջնականապես տեղափոխվեց առաջին թիմ, որտեղ նորամուտը նշեց Լա լիգայում, իսկ հետո արդեն՝ Չեմպիոնների լիգայում:

Gavi Has received one of his best gifts of birthday

«Ակնհայտ է, որ Գավին առանձնահատուկ ու բացառիկ ֆուտբոլիստ է: Կասկած չունեմ, որ 2 տարի անց նա «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է խաղալու: Գավին ունի նաև ուժեղ բնավորություն ու նրա՝ մրցակցելու կարողությունն ինձ հիացնում է», – նշում է Արտիգան:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոբերտո Մարտինեսը՝ «Բարսելոնայի» ղեկն ստանձնելու խոսակցությունների մասին

Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

Կումանն ասուլիսին հարցերի չի պատասխանել. հայտարարություն է ընթերցել ու հեռացել (տեսանյութ)

«Բարսելոնայի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

«Բարսելոնան» գլխավորելու երկու հիմնական թեկնածուները

Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը

Աղբյուր. Կումանը կհեռացվի. որոշումը կայացված է

Կումանին փոխարինելու 5-6 թեկնածու է դիտարկվում

Կուման. «Մենք խաղում էինք թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»

«Բարսելոնան» սեփական հարկի ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բարսելոնան» պարտվում է «Գրանադային» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղի համար

Սետյենը կարող է ահռելի գումար ստանալ «Բարսելոնայից»

Կումանը չի վախենում, որ կարող է հեռացվել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բարսելոնայի» հայտացուցակը