Լացկան Ռոջեր, հատուկ աթոռներ․ 5 դեպք, երբ Սաղավարտի եզրափակիչը «չավարտվեց» վերջին գնդակով - VNews
Բաժիններ

Լացկան Ռոջեր, հատուկ աթոռներ․ 5 դեպք, երբ Սաղավարտի եզրափակիչը «չավարտվեց» վերջին գնդակով

1518083339 688269 1518083590 noticia normal - Լացկան Ռոջեր, հատուկ աթոռներ․ 5 դեպք, երբ Սաղավարտի եզրափակիչը «չավարտվեց» վերջին գնդակով

Համաշխարհային սպորտում շատ հաճախ պատմական են դառնում ոչ միայն հանդիպումները, այլ նաև դրանց հաջորդող կամ նախորդող մամուլի ասուլիսները, հարցազրույցներն ու մեկնաբանությունները։ Մարզիչների, մարզիկների, պաշտոնյաների ասած խոսքերը շատ հաճախ թևավոր են դառնում, հայտնվում մամուլի գլխագրերում ու սոցցանցերում։ Ու երբեմն մարդիկ մոռանում են այդ խաղի հաշիվը, անգամ հաղթողին, բայց հիշում են խաղին նախորդած կամ հաջորդած մեկնաբանությունները կամ իրադարձությունները, որոնք ոչ պակաս պատմական են։

Թենիսը բացառություն չէ։ VNews-ն առանձնացնել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում 5 դեպք, որտեղ հանդիպումը «չավարտվեց» վերջին գնդակով, ասել է թե ավելի հետաքրքիր ու եզակի բաներ նրանց սպասվում էր նաև հանդիպման ավարտից հետո։

 2009 թ. Ավստրալիայի բաց առաջնություն, եզրափակիչ

Ռոջեր Ֆեդերեր – Ռաֆայել Նադալ

Այս եզրափակիչը փորձագետների պնդմամբ՝ բեկումնային էր այդ ժամանակաշրջանի համար։ Դեռևս 2008-ին Նադալը Ֆեդերերին հաղթել էր Ուիմբլդոնի եզրափակիչում։ Խոտածածկ կորտերի արքայից նա վերցրել էր Ուիմբլդոնի թագը, հիմա էլ նրան հաղթեց Ավստրալիայում։ Հօդս էր ցնդում այն միֆը, որ Նադալը միայն գրունտի կորտերում է կարողանում հաղթել, չէ՞ որ նա վերջին կես տարում անվիճելի չեմպիոնին հաղթել էր թե՛ խոտածածկի, թե՛ հարդի վրա։ Սա, իհարկե, անհետևանք չէր կարող մնալ։ Այդ էր պատճառը, որ հետխաղյա ելույթի ժամանակ Ֆեդերերը չկարողացավ զսպել արցունքները։

«Գուցե ես փորձեմ նորից ավելի ուշ։ Չգիտեմ։ Աստված ի՛մ, սա սպանում է ինձ»,-այս խոսքերից հետո Ֆեդերերը այնպես էր լացում, ասես նա չէ այն խաղացողը, որը շատ մոտ է Պիտ Սամպրասի ռեկորդը գերազանցելուն։

Սա ամենևին առաջին դեպքը չէր, երբ շվեյցարացին արտասվում էր։ Սակայն նախկինում նրա արցունքները հիմնականում երջանկության համար էին՝ բացառությամբ Նադալի հետ Ուիմլբդոնում այդ նույն եզրափակիչը մեկ տարի առաջ։ Ֆեդերերի լացը, Նադալի գրկախառնությունն ու շվեյցարացու՝ նորից վերադառնալու ու փորձելու կոչը պատմական էին դառնալու։ Ու հիմա, 2009-ի եզրափակիչից ավելի շատ հիշվում է հենց Ֆեդերերի լացն ու Նադալի՝ նրան սփոփելու գեղեցիկ ժեստը, այլ ոչ թե բուն խաղը, որն ի դեպ խելահեղ մակարդակի էր։ Շատերի պնդմամբ՝ երկու հսկաների ընկերության ամուր հիմքերը դրվեցին հենց այս եզրափակիչից հետո։

2010 թ. Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ

Ռոջեր Ֆեդերեր – Էնդի Մարեյ

2010-ին Ֆեդերերը վերադարձավ ու հաղթեց մրցաշարը, այդ ժամանակ եզրափակիչում նրա մրցակիցը Էնդիր Մարեյն էր։ Նա նույնպես պակաս «լացկան» չէ։ Սակայն Մարեյի պարագայում արցունքները ավելի տեղին էին, քանի որ նա շարունակ փորձում էր ու փորձում, բայց նրա ճանապարհին միշտ կանգնում էր ինչ-որ մեկը ու թույլ չէր տալիս հաղթել Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Հետխաղյա ելույթի ժամանակ շոտլանդացին չափից շատ էմոցիոնալ էր։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում զսպել արցունքները։ Երբ հասկացավ, որ շատ է լացել, հիշեց անցած տարվա եզրափակիչը, «լացկան Ֆեդերերին» ու ասաց այն տողերը, որոնք այլևս դուրս չէին գալու թենիսի հավատարիմ երկրպագուների գլխից․

«Ես կարող եմ լացել ինչպես Ռոջերը, ափսոս, ես չեմ կարող խաղալ, ինչպես նա»։  Եվս մի քանի տող ու Մարեյը հրաժարվեց որևէ նոր բան ասելուց։ 2010-ի եզրափակիչից ամենահիշարժանը հենց այս խոսքերն էին, այլ ոչ թե Ֆեդերերի հերթական հաղթանակը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։

 2018 թ. Միացյալ Նահանգների բաց առաջնություն

Նաոմի Օսակա – Սերենա Ուիլյամս

Կանանց թենիսի ամենահեռանկարային աստղ Նաոմի Օսակայի ու լեգենդար Սերենա Ուիլյամսի առաջին եզրափակիչը լի էր սկանդալներով։ Նյու Յորքում միշտ են երկրպագում Սերենա Ուիլյամսին, որը տարիների ընթացքում ազգային արժեք է դարձել ամերիկացիների համար։ Այդ խաղի ժամանակ կորտում մթնոլորտը լարվեց այն պահին, երբ մրցավար Կառլոս Ռամոսը նախազգուշացում տվեց Ուիլյամսին, որը հուշում էր ստացել իր մարզիչ Պատրիկ Մուրատողլուից։ Սերենան չընդունեց, որ իր պես հեղինակությանը US Open-ի գլխավոր կորտում կարող են այդպիսի նախազգուշացում անել, այն էլ եզրափակիչում։ Այնուհետև նախազգուշացում արվեց նաև ռակետը կոտրելու համար։ Երկու նախազգուշացումից հետո մրցակցին տրվեց հավելյալ միավոր։ Ու սկսվեց ամենաանսպասելին։ Ուիլյամսը հունից դուրս եկավ, ասաց, որ Մուրատողլուն իրեն ոչինչ չի հուշել, մրցավարին անվանեց գող, մեղադրեց նրանում, որ կարծում է, թե Սերենան ստում է։ Ուիլյամսը այդ եզրափակիչից ամիսներ առաջ էր մայր դարձել։ Նա անընդհատ կրկնում էր, որ նա մայր է, ու մրցավարը երեխայի մայրիկի է ասել «ստախոս»։

Մինչև խաղի ավարտը Սերենան չէր հանգստանում։ Մի կողմից Օսակայի վստահ խաղը ավելի էին հեռացնում նրան պատմական տիտղոսից, մյուս կողմից նա սարսափելի վիրավորանքներ էր հնչեցնում մրցավարի հասցեին։ Բանը հասավ նրան, որ կորտ դուրս եկավ անգամ սուպերվայզերը, ով նույնպես անկարող էր հանդարտեցնել Սերենային։

Մեր ընտրանին

Այս տեսարանն իսկապես տգեղ էր։ Սերենայի խաղը պարզապես չէր ստացվում, Օսական ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց ու հաղթեց կարիերայի առաջին Սաղավարտը։ Մրցանակների հանձման ժամանակ մոլորակի ամենաաղմկոտ համարվող թենիսային կորտը չէր լռում։ Նրանք չէին հանդուրժում այն փաստը, որ իրենց սիրելի Ուիլյամսը պարտվել է, այն էլ նրանից հետո, որ մրցավարը «անտեղի» նախազգուշացում էր արել Սերենային ու քանդել վերջինիս խաղը։

Ուիլյամսը իր ելույթի ժամանակ չափազանց էմոցիոնալ էր։ Նա խնդրեց հավաքվածներին այլևս չսուլել, ընդունել, որ Նաոմին այսօր գերազանց է խաղացել։

«Սա նրա առաջին հաղթանակն է Մեծ Սաղավարտում։ Այլևս մի՛ սուլեք։ Դուք, լավագույնն եք, ընկերներ»,-արտասվելով ասում էր Ուիլյամսը։

Այս ընթացքում չէին դադարում նաև Օսակայի արցունքները, որը հաղթել էր իր թենիսային կուռքին։ Սա եզրափակիչ էր, որը մինչև օրս հիշում են Ուիլյամսի խայտառակ պահվածքով, հետխաղյա ելույթներով ու նոր միայն Օսակայի ֆանտաստիկ խաղով։ Ի դեպ, մրցանակների հանձման արարողությանը հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս Ռամոսը չէր մասնակցում։ Սա եզակի երևույթ էր։ Այդ խաղից հետո նա Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ ոչ մի խաղ չի սպասարկել։

 2015 թ. Ռոլան Գարոսի եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ – Ստեն Վավրինկա

Այս խաղում բոլորը սպասում էին, որ Նովակ Ջոկովիչը հասնելու է այն բացառիկ նվաճմանը, որին թենիսի պատմության մեջ մինչև այդ հաջողվել էր միայն Ֆեդերերին, Նադալին ու Ռոդ Լեյվերին։ Խոսքը Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում հաղթելու մասին էր։ Եզրափակիչի ճանապարհին նա հաղթել էր գրունտի արքային՝ Նադալին ու թվում էր, որ ոչինչ չի կարող նրան կանգնեցնել։ Սակայն Ստեն Վավրինկան այդ կարծիքին չէր։ Թենիսի կորտում երբեմն ռոբոտ հիշեցնող Նովակը այս պարտությունից հետո կոտրված էր, քան երբևէ։ Նրա արցունքներին օգնության եկան Փարիզի գլխավոր կորտի երկրպագուները։ Բոլորը ոտքի ելան, երբ Ջոկովիչը ստացավ իր մրցանակը։ Ծափահարություններ, որոնք այնքան էին դիպչելու Նովակի սրտին, որ նրա արցունքներն ավելի արագ էին սկսելու հոսել։ Հաջորդ տարի գուցե հենց այդ աջակցության շնորհիվ Ջոկովիչը վերջապես հաղթեց Ռոլան Գարոսում։

2012 թ. Ավստրալիայի բաց առաջնություն

Նովակ Ջոկովիչ – Ռաֆայել Նադալ

5 ժամ 53 րոպե։ Թենիսի պատմության մեջ ամենաերկար եզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Այս հանդիպումն իսկական խելահեղություն էր։ Գրեթե 6 ժամ տևած պայքարում երկու թենիսիստներն էլ ցուցադրում էին ֆանտաստիկ խաղ, երկուսն էլ արժանի էին հաղթանակին, սակայն այս երեկոն առավել պատմական էր դառնալու սերբ «տերմինատորի» համար։ Գաղտնիք չէ, որ թե՛ Նադալը, թե՛ Ջոկովիչը երիտասարդ տարիներին խաղում էին՝ շեշտը դնելով ֆիզիկական կարողությունների վրա։ Դրանով էր պայմանավորված, որ հանդիպումը այդքան երկար ստացվեց։ Երկար խաղարկումներ, համառ պայքար։ Ու երբ Ջոկովիչը վերջին հարվածը կատարեց, այնպես ընկավ կորտում, որ թվում էր, այդպես մնալու է շատ երկար ժամանակ։ Երբ սկսվեց մրցանակների հանձման արարողությունը, Նադալն ու Ջոկովիչը հազիվ էին կարողանում մնալ ոտքի վրա։

Եկավ մի պահ, երբ Նադալն իսկապես չէր կարողանում մնալ ոտքի վրա։ Նա փորձում էր ինչ-որ կերպ հենվել ցանցին ու այդպես հանգստանալ։ Ու այդ պահին կորտ բերեցին երկու աթոռ օրվա հերոսների համար։ Ջոկովիչն ու Նադալը առանց երկմտելու միանգամից նստեցին ու մինչև մրցանակների հանձման պահը այդպես էլ մնացին։ Սա միակ դեպքն էր, երբ եզրափակիչից հետո թենիսիստների համար հատուկ աթոռներ բերեցին կորտ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գողացել են Էնդի Մարեյի խաղակոշիկները. կորել է ամուսնական մատանին

Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Ֆեդերերը նորից ենթարկվելու է ծնկի վիրահատության

Ռաֆայել Նադալ․«Այս խնդիրն ինձ անհանգստացնում է արդեն մի քանի ամիս»

Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

ՏՈԿԻՈ 2020. Նովակ Ջոկովիչը՝ առանց մեդալի

Տոկիո-2020․ Զվերևը հաղթեց Ջոկովիչին ու դուրս եկավ եզրափակիչ

Տոկիո-2020․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Օսական վառեց Օլիմպիական կրակը, կայսեր Նարիհուտոն հայտարարեց Խաղերի բացման մասին (լուսանկարներ)

US Open. Էնդի Մարեյը դուրս է մնացել հիմնական ցանցից

ՏՈԿԻՈ 2020. Հնարավոր է՝ Ջոկովիչը մասնակցի նաև խառը զուգախաղի մրցաշարին

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի ՏՈԿԻՈ 2020-ին

Ֆեդերերի շնորհավորանքը Նովակ Ջոկովիչին

Պարտություն 5:0 հաշվից հետո, բայց ընդհանուր հաղթանակ. կրկնակի չեմպիոնի տարօրինակ վերադարձը

Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի ՏՈԿԻՈ 2020-ին