Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ԵՎՐՈ 2020-ին մնացել է ընդամենը 4 ամիս. 2021 թվականի հունիսի 11-ին (ճիշտ եք կարդացել՝ 2021-ին՝ ԵՎՐՈ 2020-ը) կմեկնարկի չափից շատ երկար սպասված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ 60-րդը պատմության մեջ, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց 1 տարով: Արդեն անցել է գրեթե 1 տարի այն օրվանից, երբ հայտարարվեց մրցաշարի հետաձգման մասին. ֆուտբոլում փորձեցին գտնել համավարակին զուգահեռ ապրելու և խաղալու տարբեր ճանապարհներ ու լուծումներ, բայց կորոնավիրուսի համաճարակը դեռ չի վերացել, իսկ մի շարք հարցեր ԵՎՐՈ-ի հետ կապված դեռ չունեն հստակ պատասխաններ: Փորձենք հասկանալ՝ ինչ է հայտնի այս պահին մրցաշարի անցկացման վերաբերյալ:
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հունվարի 27-ին ժողով անցկացրեց եվրոպական հավաքականների ֆեդերացիաների նախագահների հետ և վերահաստատեց իր ծրագիրը՝ անցկացնել մրցաշարը 12 տարբեր երկրների/քաղաքների մարզադաշտերում և հանդիսատեսի ներկայությամբ: ՈւԵՖԱ-ն շատ մեծ կարևորություն է տալիս մրցաշարի մասսայականությանը, ֆինանսական առումով դրա կայացմանը (հաշվի առնելով, թե ինչ եկամուտներ կստացվեն հեռարձակումներից ու տոմսերի վաճառքից), ու տրամադրված է բավական լավատեսորեն: Ամեն ինչ կախված է կորոնավիրուսի համաճարակի դինամիկայից, սակայն այս պահին ՈւԵՖԱ-ի պաշտոնական որոշումը մրցաշարի անցկացումն է 12 տարբեր երկրների քաղաքներում (Ամստերդամ, Բաքու, Բիլբաո, Բուխարեստ, Բուդապեշտ, Կոպենհագեն, Դուբլին, Գլասգո, Լոնդոն, Մյունխեն, Հռոմ և Սանկտ-Պետերբուրգ)՝ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչն էլ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Սա ամենաանցանկալի սցենարն է թե՛ ՈւԵՖԱ-ի, և թե՛, ինչու ոչ, երկրպագուների համար: Ու կրկին գալիս ենք հարցի ֆինանսական կողմին. ֆուտբոլն ու ՈւԵՖԱ-ն առանց այդ էլ մեծ վնասներ կրեցին 2020-ին: ՈւԵՖԱ-ն ամեն ինչ անելու է՝ մրցաշարը փրկելու համար, բայց շատ հնարավոր է՝ ստիպված լինի փոխել նախապես ընտրած ձևաչափը. 2 հիմնական խնդիրները, որոնք դեռ լուծում չունեն՝ հանդիսատեսի ներկայությունն է մարզադաշտերում և մրցաշարի անցկացումը՝ տարբեր քաղաքներում:
ՈւԵՖԱ-ն առանձին հանդիպում է ունեցել նաև մրցաշարն ընդունող 12 ֆեդերացիաների նախագահների հետ ու քննարկել մրցաշարն անցկացնելու բոլոր հնարավորությունները, գնահատել համավարակի տարածման ռիսկերը և փորձել հասկանալ՝ ինչպես է հնարավոր անցկացնել մրցաշարն առանց լուրջ խնդիրների: Բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ պետք է ճկունություն դրսևորել և պատրաստ լինել ցանկացած որոշման՝ կախված իրավիճակից:
«Երկրպագուները ֆուտբոլի բաղկացուցիչ և կարևոր մաս են կազմում: Պետք է մեր ուժերի առավելագույնն անենք՝ ֆուտբոլասերներին մարզադաշտ վերադարձնելու համար», – հայտարարել է Չեֆերինը: Այս պահին հանդիսատեսի ներկայության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա. ՈւԵՖԱ-ն սպասելու է մինչև վերջին րոպեն՝ որոշում կայացնելու համար, բայց կառույցում շատ են ցանկանում հանդիսատես տեսնել տրիբունաներում, գոնե՝ մասնակիորեն: Կրկին ամեն ինչ կախված է համավարակի զարգացումից, քանի որ այս պահին Եվրոպայում քովիդի դեպքերի ու մահերի քանակը շարունակում է չափազանց անհանգստացնող լինել: Գուցե նաև հայտնվեն արդյունավետ պատվաստանյութեր, և այդ ժամանակ արդեն պատվաստվելու դեպքում երկրպագուները կարողանան մուտք լինել տրիբունաներում:
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ մինչև պաշտոնապես մրցաշարի հետաձգման մասին հայտարարելը տոմսերի 90 տոկոսն արդեն վաճառված է եղել: Մրցաշարի հետաձգումից հետո ու շատ անորոշ իրավիճակում երկրպագուներից շատերը որոշում են կայացրել վերադարձնել գնված տոմսերը: 2020-ի մայիսին ՈւԵՖԱ-ն հատուկ բաժին բացեցին, որտեղ հնարավոր էր վերադարձնել տոմսերը, սակայն հայտարարեցին նաև, որ չվերադարձնելու դեպքում այդ տոմսերով երկրպագուները կարող են մարզադաշտ մուտք գործել՝ տվյալ խաղին:
ՈւԵՖԱ-ն այս պահին չի դիտարկում մրցաշարը մեկ երկրում անցկացնելու հավանականությունը, բայց կան ֆեդերացիաներ, որոնք բարձրաձայնել են այս տարբերակի մասին ու կողմ արտահայտվել: Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դոմինիկ Բլանն, օրինակ, առաջարկում էր մրցաշարն անցկացնել Ռուսաստանում, Գերմանիայում կամ միայն Լոնդոնում. «Այս պահին չեմ պատկերացնում, որ Շվեյցարիայի հավաքականը խաղա Բաքվում (հեռավորության պատճառով-խմբ)», – նշել էր Բլանը:
Օրեր առաջ «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ Հայնց Ռումենիգեն հայտարարեց, որ ՈւԵՖԱ-ն չի բացառում մրցաշարը մեկ երկրում անցկացնելու հնարավորությունը: Այդպես կնվազեն կորոնավիրուսի տարածման ռիսկերը. հասկանալի է չէ՞, որ այդքան ֆուտբոլիստ, մարզիչ, երկրպագուներ (գուցե) և լրագրողներ շրջագայելով կարող են նոր թափ հաղորդել վարակին: Թիմերի՝ մի երկրից մյուս երկիր տեղաշարժման խնդիրներն էլ, իրենց հերթին, առհասարակ կլուծվեն: Այդպես եղավ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի նախորդ խաղարկություններում, երբ 1/4 եզրափակիչ փուլից սկսած մրցաշարերն անցկացվեցին, համապատասխանաբար, Պորտուգալիայում և Գերմանիայում, իսկ դիմակայություններն ավանդական երկխաղյայի փոխարեն դարձան մեկխաղյա:
Մրցաշարն ընդունող 12 քաղաքների ցանկում են իսպանական Բիլբաոն և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Վերջին շրջանում կային խոսակցություններ, որ այս քաղաքները տարբեր պատճառներով կարող են զրկվել խաղեր անցկացնելու հնարավորությունից:
Սկսենք Բիլբաոյից: Այստեղ կա ներքին անհամաձայնություն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու բասկերի միջև. Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ Եվրոյի խաղերը կայանան Բիլբաոյում, բայց բասկյան Podemos և Bildu խմբավորումները պնդում են հակառակը. Podemos-ի ներկայացուցիչ Կարմեն Մունյոսն ասում է, որ մրցաշարը խտրականություն է դնում տղամարդկանց ու կանանց միջև ու ոտնահարու է կանանց իրավունքները, մինչդեռ Bildu ազգայնական խմբավորման ներկայացուցիչը հարցը քաղաքականացնում է՝ նշելով, որ եթե խաղերն անցկացվելու է առանց հանդիսատեսի, այդտեղ շահում է միայն Իսպանիան, իսկ բասկյան պետությունը կորցնում ինքնությունը: Այս հարցով բասկ-իսպանական պայքարը դեռ շարունակվելու է:
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա արցախյան պատերազմի ժամանակ կային խոսակցություններ, որ տարածաշրջանային կոնֆլիկտի պատճառով Բաքուն կարող է զրկվել մրցաշարն ընդունելու իրավունքից, բայց ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հերքեց այդ լուրն ու հայտարարեց, որ պատերազմն ազդեցություն չի ունենալու ԵՎՐՈ-ի հետ կապված ՈւԵՖԱ-ի ծրագրերին: Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտը, որ տեղավորում է 68 հազար հանդիսական, ընդունելու է խմբային փուլի 3 խաղ, ինչպես նաև 1/4 եզրափակիչի մեկ հանդիպում:
ՈւԵՖԱ-ն որոշել է չշտապել ոչ մի հարցում և ինքն իրեն մի քանի ամիս ժամանակ է տվել՝ վերջնական որոշումներ ընդունելու համար: Մեծ է հավանականությունը, որ ապրիլ ամսվա ընթացքում վերջնական որոշումներ ու հայտարարություններ լինեն՝ ԵՎՐՈ 2020-ի հետ կապված. հանդիսատեսո՞վ կլինի, թե՞ առանց հանդիսատես, 12 երկրո՞ւմ, թե՞ 1…
«Պլանները փոխվեցին». Որ հավաքականները շահեցին կամ տուժեցին ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո