Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը եզրափակեց մեր թիմի մրցելույթներն Ազգերի Լիգայի անդրանիկ խաղարկությունում: Մեծ ակնկալիքներ, խորը հիասթափություններ, հին ու նոր դեմքեր ու դեպքեր: Մի խոսքով՝ Հայաստանի հավաքականն իր դերի մեջ է: Սակայն մի բան պարզ է՝ ի տարբերություն Վարդան Մինասյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատանքը թիմում երևում է: Նրա օրոք ընտրանիում կկատարվի սերնդափոխություն: Եվ այն սկսվել է:
Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Արամ Հայրապետյանն այս անգամ հանգստանալու հնարավորություն ստացավ՝ իր տեղը զիջելով երիտասարդ Հենրի Ավագյանին: «Ալաշկերտի» դարպասապահի համար Լիխտենշտեյնի հետ հանդիպումն առաջինն էր ազգային հավաքականի կազմում: Գուցե ավելի նախընտրելի տարբերակ լիներ նրան խաղաժամանակ տալ «նեղուցայինների» հետ խաղում, որտեղ ելքը ավելի հեշտ էր կանխատեսել, իսկ Լիխտենշտեյնի հետ խաղում վստահել Արամին (պատկերացրեք մի պահ, եթե Ջիբրալթարը ինչ-որ գերֆանտաստիկ հրաշքով հաղթեր Մակեդոնիային, իսկ մենք նման փորձարկման պատճառով սայթաքեինք):
Ինչպես և սպասվում էր, Ավագյանը գործեց որոշակի սխալներով: Մրցակիցն այդքան լուրջ չէր, որ մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծեր: Այո, առաջին գոլի ժամանակ նա դիրքային սխալ թույլ տվեց, բայց երկրորդում անելիք չուներ, ևս մի քանի անգամ վստահ չխաղաց: Սակայն երևում է պոտենցիալն ու հեռանկարը: Արամ Հայրապետյանն իր տեսանելի ապագայում ունեցավ լուրջ մրցակից-թիմակից հիմնական կազմի համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո