Լավագույնները՝ իրենց ակումբներում. ով կնվաճեր «Ոսկե գնդակը», եթե այն հանձնեին այսօր - VNews
Բաժիններ

Լավագույնները՝ իրենց ակումբներում. ով կնվաճեր «Ոսկե գնդակը», եթե այն հանձնեին այսօր

1216 - Լավագույնները՝ իրենց ակումբներում. ով կնվաճեր «Ոսկե գնդակը», եթե այն հանձնեին այսօր

Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ին «Ոսկե գնդակի» արարողությունը չեղարկելուց հետո՝ այս տարի ֆուտբոլային անհատական գլխավոր մրցանակը կրկին վիճարկվելու է: Այս մրցաշրջանն, այդ առումով, ամենահեշտերից չէ. կա ակումբային մրցաշրջան, կա ԵՎՐՈ 2020 և կա Ամերիկայի գավաթ, ուստի՝ հաշվի են առնվելու ոչ միայն ֆուտբոլիստների ելույթներն իրենց ակումբներում, այլև՝ միջազգային մրցաշարերում: ԵՎՐՈ 2020-ից ու Ամերիկայի գավաթից հետո ստատուս քվոն փոխվելու է:

Եկեք պատկերացնենք, որ «Ոսկե գնդակը» հանձնում են հենց հիմա՝ ակումբային մրցաշրջանի ավարտից հետո և հասկանանք՝ ով կստանար այն, եթե մրցանակը հանձնեին այսօր:

10. Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուի համար այս մրցաշրջանը լավագույններից չէր՝ տիտղոսների ու թիմային նվաճումների տեսանկյունից: Պորտուգալացու «Յուվենտուսը» չափազանց անհաջող մրցաշրջան անցկացրեց, կարելի է ասել՝ վատագույնը վերջին 10 տարիների ընթացքում: Թուրինցիների իշխանությունն ընդհատվեց Իտալիայում. Սկուդետոն նվաճեց «Ինտերը»: Պիռլոյի թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից՝ «Պորտուից», իսկ լավագույն քառյակ մտավ միայն «Նապոլիի» անսպասելի նվերի շնորհիվ: «Յուվեի» միակ նվաճումն Իտալիայի գավաթն էր:

Այդ ամենը, սակայն, ազդեցություն չունեցավ Ռոնալդուի անհատական ցուցանիշների վրա: Իր գործը Կրիշը կրկին արեց բարձր մակարդակով: Նա դարձավ Ա սերիայի լավագույն ռմբարկուն՝ 29 գոլով, իսկ բոլոր մրցաշարերում խփեց 36 գոլ ու կատարեց 4 ասիստ:

ronaldo juventus 960x534 - Լավագույնները՝ իրենց ակումբներում. ով կնվաճեր «Ոսկե գնդակը», եթե այն հանձնեին այսօր

Այս տարի նրա՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը մեծ չեն, բայց Պորտուգալիայի հավաքականի հետ սխրանքը Եվրոպայի առաջնությունում կարող է իրավիճակը փոխել: Առաջիկա ԵՎՐՈ-ում Ռոնալդուն մի քանի մարտահրավեր ունի. ևս մեկ գոլ, ու նա կդառնա Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Միշել Պլատինիին, ևս 7 գոլ, ու նա կդառնա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, դե Պորտուգալիայի հետ 2 անգամ անընդմեջ մրցաշարը հաղթելն էլ ֆանտաստիկ կլինի:

9. Ռուբեն Դիաշ

Այս մրցաշրջանի լավագույն տրանսֆերներից մեկը, եթե ոչ լավագույնը, դարձավ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը: Պորտուգալացու՝ Գվարդիոլայի թիմ գալուց հետո «Սիթիի» պաշտպանության պատկերն ամբողջովին փոխվեց: Միայն 2016-ից հետո «քաղաքաբնակները» մոտ 400 մլն ֆունտ ծախսեցին պաշտպանությունն ուժեղացնելու համար, եկան տարբեր ֆուտբոլիստներ ու ձախողվեցին, չկարողացան լուծել խնդիրը: Դիաշը դարձավ այն խաղացողը, որն ապահովեց թիմի անվտանգությունը:

Դիաշ-Սթոունզ զույգը տպավորիչ վիճակագրություն գրանցեց: Միայն 2021-ին, երբ Դիաշը խաղադաշտում է եղել, «Սիթին» անառիկ է պահել սեփական դարպասը 17 անգամ: 24-ամյա պաշտպանն արագ էր, ագրեսիվ, ուժեղ երկրորդ հարկում ու գրեթե միշտ հասցնում էր ամենաարագ մրցակիցների հետևից: Դիաշը ՉԼ-ում կարողացավ հաղթահարել Հալանդի «Բորուսիայի» ու Մբապեի ՊՍԺ-ի արգելքը: Միայն չստացվեց եզրափակիչում հաղթել «Չելսիին» ու նվաճել ՉԼ-ն:

Premier League – Ruben Dias (Manchester City), mon “Footballer of the Year”

Փոխարենը՝ Դիաշը «Սիթիի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ մեծ առավելությամբ, նվաճեց նաև Լիգայի գավաթը: Մրցաշրջանի վերջնական արդյունքներով էլ պաշտպանը ճանաչվեց Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Անգլիայում իր առաջին մրցաշրջանում:

8. Հարի Քեյն

Եվս մեկ ֆուտբոլիստ, որը փայլեց Պրեմիեր լիգայում ու հավակնում էր դառնալ Անգլիայի տարվա լավագույն խաղացողի կոչմանը:

Ականջի համար շատ անսովոր ու տարօրինակ է հնչում, բայց Հարի Քեյնի նման թոփ ֆուտբոլիստն իր կարիերայում դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել: Պատճառը շատ պարզ է՝ խաղում է «Տոտենհեմում»՝ Պրեմիեր լիգայի «գազանների» մեջ: Լոնդոնյան ակումբը հերթական անփառունակ ու առանց տիտղոսի մրցաշրջանն անցկացրեց, ընթացքում փոխեց գլխավոր մարզչին՝ Ժոզե Մոուրինյոյին, չմտավ լավագույն քառյակ, բայց քանի որ «Ոսկե գնդակն» անհատական մրցանակ է, պետք է գնահատենք անհատների ելույթները: Իսկ Հարի Քեյնն իսկապես լավագույններից էր աշխարհում:

Transfer news - Harry Kane confident he will leave Tottenham Hotspur this summer - Paper Round - Eurosport

Այս մրցաշրջանում մենք տեսանք այլ Քեյն. նա միայն չէր կանգնում մրցակցի տուգանայինում ու փոխանցումների սպասում՝ գոլ խփելու համար, այլև կոմբինացիոն (բավական արդյունավետ) ֆուտբոլ էր խաղում: Միայն «Սաութհեմփթոնի» հետ խաղում Քեյնը 4 գոլային փոխանցում կատարեց: 27-ամյա գոլահարը դարձավ նաև Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփած 23 գոլով: Բոլոր մրցաշարերում միասին՝ 33 գոլ ու 17 գոլային փոխանցում:

Երիտասարդ խաղընկերների կողքին վետերան թվացող Քեյնը առաջնորդելու է Անգլիայի հավաքականին Եվրոպայի առաջնության ժամանակ ու գոնե փորձի հավաքականի հետ տիտղոս նվաճել. «Տոտենհեմից» հույս չկա:

7. Ռոմելու Լուկակու

Իտալիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որ վերջապես ոտք մեկնեց Կրիշտիանու հետ՝ Ռոմելու Լուկակուն է:

2019-ին Անտոնիո Կոնտեն գիտեր՝ ինչու է ցանկանում իր թիմը կառուցել Լուկակուի շուրջ: Բելգիացին ամբողջովին արդարացրեց մարզչի սպասելիքները: Ինչպես Քեյնը, այնպես էլ Լուկակուն միայն գոլերով չզարմացրին երկրպագուներին: Միայն Ա սերիայում նա 10 ասիստ է կատարել: Գրեթե յուրաքանչյուր բարձրից եկած փոխանցումը Լուկակուինն է: Լինելով ֆիզիկապես հսկա՝ բելգիացին ամենևին էլ չի կորցրել արագությունը. շատ դեպքերում նա վերցնում էր գնդակը, մարմնով փակում այն, վազում առաջ ու գրավում դարպասը:

Romelu Lukaku rescues late draw for Inter at home to Gladbach - Eurosport

Նվաճած Սկուդետո ու խփած 30 գոլ՝ բոլոր մցրաշարերում: Տեսնենք՝ ուր կհասնի Լուկակուն Բելգիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությանն ու որքան գոլ կխփի մրցաշարում:

6. Կարիմ Բենզեմա

Կարիմ Բենզեման 33 տարեկանում անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը: Ֆրանսիացին, Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո, ցուցադրում է կայուն ու արդյունավետ խաղ (133 հանդիպում, 80 գոլ, 27 ասիստ, 27 հաղթական գոլ), բայց այս մրցաշրջանում Կարիմը հասավ իր խաղային պիկին. 30 գոլ («Ռեալի» գոլերի 34 տոկոսը), 9 ասիստ: Բայց Բենզեմայի խաղը սխալ է միայն թվերով չափելը:

«Ռեալի» 9 համարը բարդ ընթացք ունեցած մրցաշրջանում ոչ թե թիմի հարձակվողն էր, այլ հարձակման գիծն ամբողջությամբ: Կողքին չունենալով արդյունավետ խաղընկերներ՝ Բենզեման շատ դեպքերում նահանջում հասնում էր խաղադաշտի կենտրոն, վերցնում գնդակն ու կազմակերպում թիմի գրոհները: Երբեմն Բենզեման բարձրից փոխանցում էր կատարում տուգանային հրապարակ ու այնտեղ ոչ ոք չէր լինում, քանի որ ինքը պիտի լիներ: Կարիմը, այնուամենայնիվ, Լա լիգայում դարձավ 2-րդ ռմբարկուն՝ Մեսիից հետո, ՉԼ-ում էլ խփեց 6 գոլ: Կիսաեզրափակիչում նա միակն էր, որ արժանի պայքար էր մղում «Չելսիի» դեմ ու 2 խաղերում դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը: Երբ թիմի կեսն ես, արդեն շատ մեծ բան է, բայց երբ «Ռեալի» նման թիմի կեսն ես, անհավանական է:

Karim Benzema set for shock France recall for Euro 2020 in Didier Deschamps' squad - reports - Eurosport

Անցկացրած փայլուն մրցաշրջանի շնորհիվ Բենզեման նույնիսկ ստիպեց Դեշամին ներել իրեն ու 6 տարվա դադարից հետո հրավիրել Ֆրանսիայի հավաքական: Իր այս մարզավիճակով Բենզեման կարող է արդյունավետ մրցաշար անցկացնել ու առաջին անգամ հավաքականի հետ տիտղոս նվաճել: Այստեղ Բենզեման մենակ չէ և ունի թոփ խաղընկերներ՝ ի դեմս Մբապեի, Գրիզմանի, Պոգբայի…

5. Լիոնել Մեսի

Մեսիի մրցաշրջանը շատ բանով է նման իր «ընկերոջ»՝ Կրիշտիանու Ռոնալդուի մրցաշրջանին: Ձախողում՝ ներքին առաջնությունում, ՉԼ-ին հաջողություն՝ 1/8 եզրափակիչից, Իսպանիայի գավաթ և անհատական լավ ցուցանիշներ:

2020/21-ի մեկնարկում Մեսին նման չէր իրեն, և դա ավելի քան տրամաբանական է. կոնֆլիկտ ակումբի հետ, չստացված տրանսֆեր, հեռացավ Լուիս Սուարեսը: Այս ամենը չէր կարող բացասաբար չազդել Մեսիի խաղի վրա: Բայց ժամանակի հետ «Բարսելոնայում» տեղի ունեցան դրական փոփոխությունները. Բարտոմեուն հեռացավ, եկավ Ժոան Լապորտան, Կումանն էլ մրցաշրջանի երկրորդ կեսում զգալիորեն բարելավեց թիմի խաղը: Լեոյի տրամադրությունը բարձրացավ, արդյունավետությունն էլ հետը: Մեսին բոլոր մրցաշարերում խփեց 38 գոլ, դարձավ Լա լիգայի ռմբարկուն՝ 30 գոլով, և այդ 38 գոլից 28-ը Մեսին խփել է 2021-ին: Արգենտինացին վերադարձրեց իր խաղը, կրկին սկսեց ստեղծագործել, փայլեց Արքայական գավաթի եզրափակիչում:

FC Barcelona - La Liga: Only the signature is missing: Messi will renew at Barcelona | Marca

Մեսիին սպասում է Ամերիկայի գավաթը: Տեսնենք՝ գոնե այս անգամ կկարողանա՞ Լեոն տիտղոս նվաճել Արգենտինայի հավաքականի հետ:

4. Կևին դե Բրույնե

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ինչպես վերջին տարիներին է լինում, Կևին դե Բրույնեն է:

Եթե նախորդ մրցաշրջանում՝ խաղալով փայլուն ֆուտբոլ, բելգիացին նվաճեց միայն Անգլիայի լիգայի գավաթը, ապա այս տարի այդ մրցանակին ավելացավ նաև Պրեմիեր լիգան, իսկ Չեմպիոնների լիգայում թիմը հասավ եզրափակիչ: 2020/21-ում Կևինը խաղում էր կամ ենթահարձակվողի, կամ «կեղծ 9 համարի» դիրքում: Այսպես՝ նա բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում խփեց 10 գոլ ու դարձավ 18 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայում գոլ խփեց փլեյ-օֆֆի բոլոր փուլերում՝ 1/8-ում շեդևրալ հարվածով գրավեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը, 1/4-ում գոլ խփեց Դորտմունդի «Բորուսիային», կիսաեզրափակիչ առաջին խաղում՝ ՊՍԺ-ին:

Manchester City's Kevin De Bruyne provides update on his injury

Դե Բրույնեն կարող էր «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտ լինել այս պահին, եթե ՉԼ եզրափակիչում ամեն ինչ այդքան տխուր չդասավորվեր իր համար. երկրորդ խաղակեսի սկզբում նա բախվեց Ռուդիգերի հետ ու քթի կոտրվածքով և արցունքներն աչքերին փոխարինվեց: Ինչպե՞ս կավարտվեր խաղը, եթե նա խաղար 90 րոպե:

Առջևում ԵՎՐՈ-ն է, որում Բելգիան լավ շանսեր ունի առաջին հորիզոնականով դուրս գալու համար: Վերջապես ոսկե սերունդ ունեցող Բելգիան կկարողանա՞ գոնե եզրափակիչ հասնել մեծ մրցաշարում:

Մեր ընտրանին

3. Կիլիան Մբապե

Մբապեի հերթական փայլուն մրցաշրջանը, բայց այս անգամ՝ թիմային անհաջող արդյունքների ֆոնին:

Կիլիանը ՊՍԺ-ի հարձակման գլխավոր ուժն էր՝ գոլ խփելու իմաստով. 47 խաղ, 42 գոլ ու 11 ասիստ, Լիգա 1-ի լավագույն ռմբարկու: Մբապեն, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, խփած գոլերի քանակին ավելացրեց նաև որակ և կարևորություն: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում անմոռանալի երեկո ունեցավ՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Բարսելոնայի» դեմ խաղում, «Բավարիայի» դեմ էլ՝ Մյունխենում, դուբլ գրանցեց: Չափազանց դժվար է վնասազերծել Մբապեին ու հասցնել նրա արագացումներին: ՊՍԺ-ն տիտղոսներով «չաջակցեց» Մբապեին՝ հաղթելով միայն Ֆրանսիայի գավաթն ու այս տարի տանուլ տալով նույնիսկ Լիգա 1-ը:

Kylian Mbappe steals the show with brilliant hat-trick as PSG stun Barcelona in big win

Փոխարենը՝ այդ աջակցությունը Մբապեն կարող է ստանալ Ֆրանսիայի հավաքականից: Բայց «Ոսկե գնդակ» նվաճելու համար նախ պետք է հաղթել ԵՎՐՈ-ն և լինել հավաքականի առաջատարը, քանի որ Ֆրանսիայում, ինչպես հասկացանք, միայն Մբապեն չի հավակնում «Ոսկե գնդակին»: Եթե այս տարի էլ Կիլիանը չնվաճի «Ոսկե գնդակը», առաջիկա տարիներին անպայման կնվաճի: Դա անխուսափելի է:

2. Ռոբերտ Լևանդովսկի

Լինելու բանը լինում է, չլինելունը՝ ոչ: Այս խոսքերը Լևանդովսկու և «Ոսկե գնդակի» մասին է: Այլ կերպ բացատրել հնարավոր չէ այն հանգամանքը, որ Լևանդովսկին 2 տարի է՝ լավագույն հարձակվողն է աշխարհում, անմարդկային արդյունավետություն է ցույց տալիս, նվաճում է մեծ թվով տիտղոսներ, բայց չստացավ ու, հավանաբար, չի ստանա «Ոսկե գնդակը»: Ճակատագիրը նույնիսկ համավարակ ստեղծեց, որ Լևային չտեսնենք այդ մրցանակը ձեռքին:

Փառահեղ մրցաշրջանից հետո Լևանդովսկին ևս մեկ հիասքանչ տարի անցկացրեց: Լեհ դիպուկահարը կրկին ավելի շատ գոլ խփեց, քան ավելի շատ խաղ անցկացրեց: 40 հանդիպում, 48 գոլ: Լևանդովսկին շրջանցեց լեգենդար Գերդ Մյուլերի պատմական ռեկորդը և դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ Բունդեսլիգայի մեկ խաղարկությունում խփում է 41 գոլ: Լևան հաղթեց Բունդեսլիգան ու կարող էր հաղթել նաև Չեմպիոնների լիգան, եթե հավաքականում ընկերական խաղում անհեթեթ վնասվածք չստանար ու բաց չթողներ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ կարևորագույն հանդիպումները: Փարիզցիների հետ դիմակայությունն ընդգծեց՝ որքան կարևոր է Լևան «Բավարիայի» համար: Ֆլիկի թիմը խաղով գերազանցում էր մրցակցին, ստեղծում էր պահեր, բայց այդ պահերն իրացնողը չկար, Լևանդովսկու սառնասրտությունն ու դիպուկությունը չկար:

Bundesliga | Bayern Munich's Robert Lewandowski eyeing scoring record on return

Լևայի համար, ցավոք, «Ոսկե գնդակ» նվաճելու շանսերը քիչ են, քանի որ ԵՎՐՈ-ում հեռու գնալու հնարավորությունները քիչ են: Լևանդովսկին ներկայացնում է Լեհաստանի հավաքականը:

1. Նգոլո Կանտե

Երբ Կանտեն ժամանեց Կլարենֆոնտեն՝ Ֆրանսիայի հավաքականի մարզաբազա, խաղընկերներից շատերը հավատացած էին, որ նա Լոնդոնից Փարիզ եկել է ոչ թե ինքնաթիռով, այլ վազելով:

Կանտեն ակումբային մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակը» նվաճելուն ամենաարժանի ֆուտբոլիստն է, ինչպես նշել է նրա թիմակից Պոլ Պոգբան: Ֆրանսիացին, իսկապես, մրցաշրջանի անհավանական 2-րդ էտապ անցկացրեց: Տուխելի՝ «Չելսին» գլխավորելուց հետո նրա խաղն այլ լևելի վրա էր: Կանտեն իր խաղային բոլոր առավելություններն ու որակները բարելավեց. նա ավելի լավ էր գնդակ խլում, ավելի շատ աշխատում ու վազում դաշտում՝ շնորհիվ Տուխելի տված ազատության և վստահության: Կանտեն հատկապես փայլեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ «Ատլետիկոյի» դեմ, «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ 2 խաղերում և «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչում՝ լինելով հենակետային կիսապաշտպան: Այդ վճռորոշ խաղերում Նգոլոն խաղադաշտում ամենուր էր ու հաղթում էր բոլոր դուելներում: Նրա սահանկումները, գնդակներ խլելն ու մրցակցին շնչելու հնարավորությունից զրկելը մեծ դեր ունեցան «Չելսիի» հաջողության հարցում: Կանտեին ունենալով խաղադաշտում, իսկապես, լոնդոնցիները խաղում էին 12-13 ֆուտբոլիստով:

N'Golo Kante is the smiling clairvoyant with two hearts

Կանտեն կարող է դառնալ առաջին հենակետայինը, որ կնվաճի «Ոսկե գնդակը»: Բայց առջևում դեռ կա ԵՎՐՈ, որտեղ Կանտեն պետք է պահի իր խաղամակարդակը և նվաճի նաև այս մրցաշարի ոսկե մեդալը: Այդ ժամանակ արդեն պայքար կլինի ֆրանսիացիների միջև. կգնահատվեն գոլե՞րը, թե՞ Կանտեի տաժանակիր աշխատանքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Աշխարհի 3 լավագույն հարձակվողները՝ ըստ Վերների

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մբապեն ասել է՝ վերջին շրջանում ինչ հարց է տալիս ՊՍԺ-ի նախագահին

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

AS. Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

Բելգիայի հավաքականի առաջատարը չի խաղա Ռուսաստանի դեմ

Ֆրանսիայի հավաքականի 2 առանցքային ֆուտբոլիստ ընդհանուր խմբից առանձին է մարզվել

Մեսին «Բարսելոնայից» դեռ չի ստացել պայմանագրի երկարաձգման առաջարկ

Բենզեմայի վնասվածքի լրջությունը

Նրանց նորամուտը․ 10 աստղ, որոնք Եվրոպայի առաջնությունում կխաղան առաջին անգամ

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Ֆլորենցի․ «Նա ԵՎՐՈ-ի լավագույն խաղացողն է»

Դեշամը տեղեկություններ է հայտնել Բենզեմայի վնասվածքի վերաբերյալ

Մբապե. «Էրնանդեսն ինձ «Բավարիա» է կանչում»