fbpx
Բաժիններ

Լեգեոներների լիմիտ. Արհեստական ու հապճեպ լուծում մի խնդրի համար, որը իրականում գոյություն չունի

Հայկական ֆուտբոլում գրեթե անհնար կլինի գտնել մեկ թեմա, որի շուրջ այսպիսի ակտիվ քննարկում կծավալվեր, ավելին, որի շուրջ այսպիսի մեծ ակտիվությամբ իրենց կարծիքները հայտնեին ֆուտբոլիստները: Նրանք, ինչպես և գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ամբողջ աշխարհում, սովոր են իրենց ասելիքն ասել խաղադաշտում: Բայց Հայաստանի առաջնությունում լեգեոներների լիմիտի անհրաժեշտության հարցը ընդգրկեց բավականին մեծ շրջանակներ, ու ինչպես տեղեկացանք երեկ՝ այն նաև ՀՖՖ օրակարգում է. ակումբներին առաջարկվել է իրենց դիրքորոշումն արտահայտել տվյալ հարցի շուրջ:

Մինչ այս թեմայի շուրջ արտահայտված կարծիքները՝ այստեղ:

Առաջարկված առողջ բանավեճի սկզբունքներով էլ փորձենք հասկանալ առկա խնդրի ու առաջարկվող լուծման բոլոր թույլ և ուժեղ կողմերը:

Ո՞րն է խնդիրը

Լիմիտի կիրառմանը կողմ արտահայտվող գրեթե բոլոր կողմերը կարծիք են հայտնում, որ հայկական ֆուտբոլը ներկայումս վնասներ է կրում, ու այս վիճակը որևէ լավ ապագա չի խոստանում: Բայց ամեն ինչ բավականին ընդհանուր է, չկա գեթ մեկ կոնկրետ սահմանում՝ ո՞րն է խնդիրը: Ու քանի որ սահմանումներ չկան, փորձեմ մի քանի տարբերակներ ձևակերպել՝ հնչած կարծիքների հիման վրա:

Տարբերակ 1. Խնդիրն այն է, որ լեգեոներների առկայության պայմաններում հայ ֆուտբոլիստները տեղ չունեն

Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ ինչու պետք է ֆուտբոլիստի հայ լինելը նրան ավելի լավ պայմաններ ստեղծի խաղաժամանակ ստանալու համար: Հայաստանում խաղում են մասնավոր, պրոֆեսիոնալ թիմեր, իսկ նրանցում մարզիչը նախապատվություն է տալիս այն ֆուտբոլիստին, ում տվյալ պահին ավելի ուժեղ է համարում: Եթե մարզչի աչքին հայ ֆուտբոլիստը զիջում է օտարերկրացուն, ինչո՞ւ պետք է նա ստիպված լինի դաշտ դուրս հանել հենց հային: Այնպես որ, կարծում եմ, հատկապես 21 տարեկանից բարձր որևէ ֆուտբոլիստի մտքով նույնիսկ չպետք է անցնի իր անձնագրի օգտագործումը դաշտում: Էլ չասեմ, որ շատ հայ փորձառու ֆուտբոլիստներ ամենևին ավելի քիչ գումար չեն պահանջում, քան նույն դիրքի ավելի երիտասարդ, խոստումնալից օտարերկրացիները, որոնց տրանսֆերից հետագայում կարելի է գոնե գումար ստանալ:

Տարբերակ 2. Խնդիրն այն է, որ լեգեոներների առկայության պայմաններում հայ երիտասարդ ֆուտբոլիստները, իրենց փորձի պակասի հաշվին թույլ գտնվելով լեգեոներներից, խաղաժամանակ չեն ստանում ու չեն կարողանում իրենց քայլը կատարել դեպի մեծ ֆուտբոլ

Սա, իհարկե, մի փոքր ավելի հիմնավոր է, քան առաջին պնդումը: Ուղղակի այստեղ կա մի մեծ բայց, որի մասին այնքան էլ չի խոսվում. իրականում՝ երիտասարդ ֆուտբոլիստի ճանապարհին կանգնում է ոչ միայն նույն դիրքի լեգեոներ ֆուտբոլիստը, այլ նաև նույն դիրքի հայ փորձառու ֆուտբոլիստը: Երբեմն հիմնավորում են բերում, թե լեգեոներին ակումբը շատ է վճարում ու իր «փողը ջուրը չլցնելու» համար սովորաբար նախապատվություն է տալիս արտասահմանցուն, սակայն այստեղ ևս ամեն ինչ լրիվ չի ասվում: Նախ, Հայաստանում «հավաքականի թեկնածու» կատեգորիայի գրեթե բոլոր ֆուտբոլիստները իրենց աշխատավարձերով առանձնապես չեն զիջում լեգեոներներին, և երկրորդ, Հայաստանում խաղացող շատ լեգեոներներ ոչ փորձառու են, ոչ էլ շատ են վաստակում:

Այո, երիտասարդներին շանս տալու հարցը, ինչը, ի դեպ, ակտուալ է ամբողջ աշխարհում, անհանգստացնող է, բայց նրանց ճանապարհին միայն լեգեոներներին «մաքրելը» ավելի շատ ոչ թե լուծման է նման, այլ ռասիստական ակցիայի: Ինչ վերաբերում է իրական լուծումներին, ապա գոնե այս պահին, առանց շատ լուրջ մասնագիտական վերլուծության քիչ թե շատ աշխատող է թվում խաղադաշտում անպայման Մ21 տարեկան հայ ֆուտբոլիստ ունենալու պարտադիր պայմանը: Սա թույլ կտա մշտապես խաղադաշտում ունենալու մինչև 21 տարեկան առնվազն 9 խաղացողի, ևս 9-ը՝ հայտացուցակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխարինի: Բարձր մակարդակի ավելի շատ երիտասարդներ մենք սովորաբար չենք էլ ունենում:

Տարբերակ 3. Որոշ թիմեր իրենց գործունեությունը կառուցում են միայն ու միայն լեգեոներների շուրջ

Այո, շատերին դուր չի գալիս, թե ինչպես են Հայաստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստների կորիզով խաղացող թիմը պարտվում օտարերկրյա ֆուտբոլիստների կորիզով խաղացող թիմին: Ինձ ևս դա դուր չի գալիս: Բայց դա ինձ դուր չի գալիս նույն կերպ, ինչ կերպ որ դուր չի գալիս Հայաստանի հավաքականի պարտությունը այլ թիմից: Սա ֆուտբոլ է, որ թիմը ուժեղ է, այն էլ հաղթում է, որ ֆուտբոլիստը ուժեղ է, նա էլ հաղթում է մրցակցությունը:

Այո, հայկական ակումբները սովորաբար իրենց կազմում հավաքում են մի շարք անօգուտ լեգեոներների: Բայց դա ամենևին չի նշանակում, որ լիմիտի դեպքում ակումբները բերելու են որակյալ լեգեոներների: Ցանկացած ակումբ հիմա էլ, առանց լեգեոներների լիմիտի, պետք է ուղղակի գիտակցի, որ 6 որակյալ լեգեոները ավելի լավ է 16 ոչ որակյալ լեգեոներից: Ու վստահ եմ, որ բոլորն էլ գիտակցում են: Իսկ թե ինչու չի ստացվում այդ որակյալ լեգեոներներին բերել Հայաստան, դա միանգամայն այլ խնդիր է, որը ոչ մի կերպ կապված չէ ոչ իրենց՝ լեգեոներների, ոչ հայ ֆուտբոլիստների, ոչ էլ լիմիտի հետ:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ որոշ թիմեր իրենց կազմը կառուցում են օտարերկրացիների շուրջ, պետք է օբյեկտիվորեն ընդունել, որ այդ ակումբները սովորաբար ակադեմիաներ չունեցող ակումբներ են: Բայց նրանց համար խնդիրը ոչ միայն ակադեմիա չունենալն է, այլ համապատասխան քանակի ու մակարդակի հայ ֆուտբոլիստներ ներգրավելու հնարավորություն չունենալն է, որովհետև այդպիսի ֆուտբոլիստներ ուղղակի չկան:

Տարբերակները կարող են ավելի շատ լինել, բայց հարցի շուրջ կա մեկ, բավականին համեստ մոտեցում. Եթե վերջնանպատակը հայ ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքականի համար պիտանի դարձնելն է, ապա

Ցանկացած հայ ֆուտբոլիստ, ով խաղում է Հայաստանի առաջնությունում ու չի կարողանում հաղթել մրցակցությունն այդ նույն «անորակ լեգեոներից», ապա նա իր մակարդակով տվյալ պահին ուղղակի չի կարող օգնել Հայաստանի հավաքականին

Հարց. Արդյո՞ք հենց հիմա է այն պահը, երբ պետք է վերջնականապես լուծում տալ այդ հարցին:

Ոչ: Կա 3 պատճառ՝

  • Իրավիճակի որևէ կտրուկ փոփոխություն դեպի վատը վերջին ամիսներին չի եղել: Այո, գուցե և շատերին դուր չի գալիս «Լոռիի» ու «Արարատ-Արմենիայի» կազմերը, բայց այս թիմերը օբյեկտիվորեն չունեն հայ ֆուտբոլիստներ, ու հատկապես այն որակի հայ ֆուտբոլիստներ, ովքեր կխաղան գոնե շատ նշվող «անորակ լեգեոներների» չափ: Նույնիսկ ՀՖՖ-ն էր վերջերս հաշվել, որ այս պահին կա հայ գործող մոտ 120 ֆուտբոլիստ, ու եթե հաշվենք, որ նրանցից մոտ 30-ը խաղում է դրսում, ապա Հայաստանում մնում է 90 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: 90 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը 12 թիմի համար բաժանելիս ստանում ենք, որ ամեն թիմ իր հայտացուցակում կարող է ունենալ առավելագույնը 8 պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստ: Ի՞նչ անել, եթե ոչ լրացնել այդ պակասը լեգեոներներով:

  • Հայկական ֆուտբոլը ակնհայտորեն վերցրել է նոր կուրս՝ թե ՀՖՖ կազմում փոփոխություններով ու նոր ղեկավարության ծրագրերով, թե ակումբային ֆուտբոլի նկատմամբ գործարար շրջանակների ցուցաբերած հետաքրքրությամբ պայմանավորված: 1, 2, 3 տարի անց կունենանք միանգամայն այլ իրադրություն հայկական ֆուտբոլում: Արդեն հիմա ակնհայտ է, որ թիմերի քանակը միտված է ավելանալու, ու եթե այսօր հայ ֆուտբոլիստների քանակը չի բավարարում այդ 12 թիմերին, ապա ինչ կլինի, եթե այդ նույն 120 ֆուտբոլիստի համար հավակնեն 16 ակումբ: Այդ ժամանակ արդեն նույնիսկ այսօրվա ոչ ամենատաղանդավոր ֆուտբոլիստները կգտնեն իրենց համար ակումբներ: Իսկ եթե չեմպիոնության կամ Եվրոպա լիգայի համար պայքարող թիմը չի կարող խաղաժամանակ տալ իր տաղանդավոր երիտասարդին, ապա կարող է ուղղակի նրան վարձակալության տրամադրել ավելի փոքր հավակնություն ունեցող ակումբներին՝ նորմալ պրակտիկա, որը շատ լավ կիրառվում է ամբողջ աշխարհում:
  • Արդեն իսկ ՀՖՖ մակարդակով հաստատվել է, որ մանկապատանեկան ֆուտբոլում ֆուտբոլիստների աճեցման հարցում ունենք լուրջ խնդիրներ, ու դա համարվել է գլխավոր խնդիրներից մեկը, քանի որ հենց դրան է ուղղված եղել ՀՖՖ նոր ղեկավարության ձեռնարկած ամենամեծ քայլերից մեկը՝ նոր անվանի տեխնիկական տնօրենի հրավիրումը և ֆուտբոլի զարգացման նոր ծրագրի մշակումը: Եթե մենք ընդունում ենք, որ մարզչական դպրոցն ու ֆուտբոլիստների կրթման համակարգը ունի խնդիրներ, ու այդ պատճառով արդեն մեծ ֆուտբոլ մտնելիս երիտասարդներից գրեթե ոչ մեկը չունի համապատասխան մակարդակ, ապա ինչպե՞ս ենք հիմա պահանջելու, որ մարզիչները ստիպված խաղադաշտ դուրս բերեն այդ «անտաղանդ» երիտասարդներին, այլ ոչ թե քիչ թե շատ որակ ապահովող լեգեոներին: Ավելի լավ չէ՞ սպասել ևս մի քանի տարի, մինչև որ Խինես Մելենդեսի մշակած ծրագրով կկրթվի ու կաճի իրապես տաղանդավոր ու որակյալ ֆուտբոլային սերունդ, ու եթե այդ սերունդն էլ հանկարծ բախվի լեգեոներների խնդրին, ապա այդ ժամանակ լիմիտի գաղափարին ոչ մի հակառակվող չի լինի: Ավելին ասեմ, նույնիսկ լիմիտի կարիքը չի լինի, որովհետև ցանկացած երիտասարդ հայ ֆուտբոլիստ հայկական ֆուտբոլում սովորաբար իր տեղը գտնում է:

Կարծում եմ, այս հարցում որևէ հապճեպության կարիք այս պահին չկա, ու բացի այդ՝ սա մի հարց է, որի պատասխանը պետք է հիմնավորվի առաջին հերթին հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրի դրույթներով, այլ ոչ թե ֆուտբոլիստների կամ ակումբների դիրքորոշումով, քանի որ նրանք բոլորը գործընթացի մասնակիցներ են ու անկախ իրենց կամքից, անկախ հայկական ֆուտբոլին նվիրվածությունից՝ համարվում են շահագրգիռ կողմ:

Հարց. Ի՞նչ կլինի, եթե ներդնենք լիմիտ

Շատերին կարող է թվալ, թե լիմիտը անհրաժեշտ գործիք է, որը կարելի է փորձարկել, իսկ եթե օգուտ չտվեց, ապա ուղղակի «անջատել» այն ու շարժվել առաջ: Բայց ներկա պահին լիմիտի ներդնումը կարող է մի շարք ծանր հետևանքների բերել.

  • Նոր ստեղծվող ակումբների համար, առանց ենթակառուցվածքների ու ակադեմիաների, ուղղակի դժվար է լինելու արձագանքել ու հարմարվել նոր պայմաններին, որովհետև այդքան հայ ֆուտբոլիստ ուղղակի չկա:
  • Չեմպիոնության կամ եվրագավաթների խմբային փուլերի համար պայքարող հայկական ակումբների համար շատ մեծ խնդիր է դառնալու իրապես որակյալ հայ ֆուտբոլիստների գտնելը՝ թիմերում բալանս ստեղծելու համար: Նույնիսկ հիմա է դա խնդիր՝ ունենալ հայ ֆուտբոլիստ, ով հարց կլուծի առաջնության մակարդակով: Լիմիտի կիրառման դեպքում այս պահին «հարց լուծող» մոտ 20-25 ֆուտբոլիստի համար կսկսեն պայքարել բոլոր ուժեղ թիմերը, ինչը ավտոմատ կերպով կհանգեցնի նրանց աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը: Սա ոչ միայն կծանրացնի ակումբների աշխատավարձային բեռը, այլ նաև հայ որակյալ ֆուտբոլիստներին կստիպի մոռանալ դրսում խաղալու ու առաջ գնալու մասին, քանի որ «դռան վրա» ավելի շատ են աշխատում, կամ գոնե ոչ պակաս: Այս իրավիճակի փայլուն պատկերը կարող ենք տեսնել Ռուսաստանում:
  • Եթե թիմին թույլատրված է խաղացնել մոտ 5-6 լեգեոներ, ապա յուրաքանչյուր թիմի անհրաժեշտ կլինի 15-20 հայ ֆուտբոլիստ: Սա կնշանակի, որ Հայաստանի առաջնությանը պետք են ավելի քան 200 հայ ֆուտբոլիստ: Հաշվի առնելով, որ նույնիսկ այս պահին հայ ֆուտբոլիստների բավականին մեծ մասը չի փայլում պրոֆեսիոնալիզմով ու սեփական գործի, սեփական կարիերայի նկատմամբ լուրջ վերաբերմունքով, ապա այդ քանակը 200-ի հասցնելու դեպքում թիմերում կներգրավվեն շատ թույլ, կիսասիրողական մակարդակի ֆուտբոլիստներ: Բարձրագույն խմբի՝ կարծես թե մի փոքր զարգացման գնացող խաղամակարդակը նորից կընկնի, ու շատ ցավոտ:

Մի բան պարզ է՝ մենք իրականում ունենք ոչ թե լեգեոներների մեծ թվի հետ կապված խնդիր, այլ տաղանդավոր սերնդի հետ կապված խնդիր: Կունենանք լավ սերունդ՝ այն պարզապես չի էլ նկատի լեգեոներների արգելքը, այլ շատ արագ կփայլի Հայաստանում ու շուտ էլ կհայտնվի Եվրոպայում, ինչպես դա եղավ Մխիթարյանենց հետ:

Կունենանք շատ ակումբներ, ապա տեղ կգտնվի բոլոր, բոլոր հայ ֆուտբոլիստներին, ու նրանցից ով որ կարողացավ աճել համապատասխան մակարդակի, կխաղա չեմպիոն կամ մրցանակակիր թիմում ու եվրագավաթներում, ով որ չէ՝ կխաղա մրցանակային տեղերի չհավակնող որևէ թիմում ու կփորձի իրացնել իրեն այնտեղ:

Ամեն ինչ շատ պարզ է, շատ ֆուտբոլային, ու այստեղ չկա ոչ մի դավադրություն հայկական ֆուտբոլի նկատմամբ, այլ կա իրական մրցակցություն, ինչը որ հենց սպորտի բնությունն է:

Կարեն Ռաֆայելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո