#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում - VNews
Բաժիններ

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

7 թիմ, 1 քաղաք, 6 խաղային օր ու 1 երազանք: Այսպիսին է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի աննախադեպ խաղարկությունը. աննախադեպ՝ բոլոր առումներով: Բայց ամենակարևոր փոփոխությունը, որ պատճառել է կորոնավիրուսը՝ մրցաշարի ձևաչափի՝ երկխաղյա դիմակայությունից անցումն է մեկ խաղի, ինչն էականորեն փոխում է ողջ խաղարկության պատկերն ու այն ավելի անկանխատեսելի դարձնում. մեկ խաղով այս խաղարկությունում մնացած գրեթե բոլոր թիմերը մի փոքր ավելի մեծ շանսեր ունեն ՉԼ-ն նվաճելու:

ՊՍԺ-ի ու «Ատլետիկոյի» պատմական շանսը

Դեռ հուլիսի 10-ին կայացած վիճակահանությունը ավելի հստակ դարձրեց այս խաղարկության պատկերը. թիմերը բաժանվեցին երկու ցանցի, ու այնպես ստացվեց, որ ցանցերից մեկը մյուսից իր մասնակիցների քաշային կարգով զգալիորեն տարբերվեց. բավական է նշել միայն, որ մի կողմի թիմերը միասին հաղթել են ՉԼ 10 գավաթ, իսկ մյուս կողմում՝ ոչ մի:  Հենց այստեղից էլ նոր՝ մեծ հնարավորություններ են բացվում ՊՍԺ-ի ու «Ատլետիկոյի» համար, որոնք փնտրում են իրենց պատմության փառավոր էջը հենց այս տարի:

«Ատլետիկոն» 2020-ին բավական լավ տպավորություն է թողնում. Սիմեոնեի թիմը ֆուտբոլի վերսկսումից հետո կարողացավ շատ արագ վերադառնալ լավագույն քառյակ ու զբաղեցնել իր սիրելի 3-րդ հորիզոնականը Իսպանիայի առաջնությունում, իսկ մինչև ֆուտբոլի վերսկսելը «Ատլետիկոն» մրցաշարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն «Լիվերպուլին»՝ այդպիսով ոչ միայն ասպարեզից դուրս թողնելով ամենահզոր թիմերից մեկին, այլ նաև հերթական անգամ ապացուցելով, որ իրեն հատուկ տակտիկայով ու չոլիզմով կարող է հաղթել ցանկացած մրցակցի: «Ատլետիկոյի» մրցակիցը 1/4-ում առանց ընդգծված առաջատարի մնացած «Լայպցիգն» է, որն առանց այդ էլ վերջին շրջանում տպավորիչ ֆուտբոլ չէր ցուցադրում: «Ատլետիկոն» գերմանական ակումբի արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ՊՍԺ-ի դեմ ու միայն 2 խաղ նրանց կբաժանի բաղձալի և երկար սպասված տիտղոսից, իսկ «Ռեալը»՝ եզրափակիչներում նրանց դահիճը, արդեն դուրս է մնացել պայքարից. էլ ե՞րբ, եթե ոչ հիմա:

ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ, բայց հաղթահարեց «Ատալանտայի» արգելքը ու կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է: Փարիզցիները, ինչպես ամեն տարի, բոլոր հարցերը լուծել են երկրի ներսում ու կրկին միտվել եվրոպական երազանքին: ՊՍԺ-ի ելույթներն այս Չեմպիոնների լիգայում (բացառությամբ 1-2 խաղի) հիացրել են. նրանք առաջին հորիզոնականով դուրս եկան ոչ հեշտ խմբից («Ռեալ», «Գալաթասարայ», «Բրյուգե»), 1/8-ում էլ հաղթահարեցին «Բորուսիայի» արգելքը. Մբապե-Նեյմար զույգը մեկ րոպեում, մեկ դրվագում կարող է վճռել ցանկացած դրվագի ելք: ՊՍԺ-ի խնդիրը, ինչպես ցույց տվեց նաև «Ատալանտայի» դեմ խաղը, պաշտպանությունն է. խաղադաշտի կենտրոնում փարիզցիները նույնպես զիջեցին՝ չունենալով Վերատիին (վնասվածք) և դի Մարիային (որակազրկում): Տուխելը եթե այդ խնդրին էլ կարողանա լուծում տալ առաջիկա խաղում/խաղերում, ապա ՊՍԺ-ն վերջապես կնվաճի նաև Եվրոպան. փարիզյան ակումբը ՉԼ-ում արդեն ամենահեռուն է գնացել պոստ-շեյխ ժամանակաշրջանում. նրանց լավագույն արդյունքը մինչև այժմ եղել էր 1/4 եզրափակիչը.

  • 2012/13 – 1/4-ում դուրս է մնացել «Բարսելոնայից»
  • 2013/14 – 1/4-ում դուրս է մնացել «Չելսիից»
  • 2014/15 – 1/4-ում դուրս է մնացել «Բարսելոնայից»
  • 2015/16 – 1/4-ում դուրս է մնացել «Մանչեսթեր Սիթիից»
  • 2016/17 – 1/8-ում դուրս է մնացել «Բարսելոնայից»
  • 2017/18 – 1/8-ում դուրս է մնացել «Ռեալից»
  • 2018/19 – 1/8-ում դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդից»

Պեպին ու շեյխերին տանջող մարտահրավերը

Ինչպես ՊՍԺ-ում, այնպես էլ՝ «Մանչեսթեր Սիթիում» նույն իրավիճակն է. այստեղ նույնպես շեյխերը եկան Չեմպիոնների լիգան ու Եվրոպան նվաճելու նպատակով, ու նրանց համար էլ բավական լավ հնարավորություն է՝ մեծականջին հասնելու համար:

«Սիթին» արդեն մեծ քայլ կատարել է այս խաղարկությունում. նրանք մրցաշարից դուրս են թողել, ինչպես Գվարդիոլան է ասում, ՉԼ-ի արքաներին՝ «Ռեալին», ու հոգեբանական առումով ֆուտբոլիստները երկնքում են: Առաջիկա մրցակիցը «Լիոնն» է՝ ավելի ուժեղ «Յուվենտուսի» փոխարեն՝ թեպետ Սարիի «Յուվեի» դեմ էլ «Սիթին» ընդգծված ֆավորիտ կլիներ: «Լիոնի» արգելքը հաղթահարելու դեպքում «Սիթին» կխաղա «Բավարիա»-«Բարսելոնա» զույգի հաղթողի հետ (ցանկացած դեպքում՝ բարդ մրցակից):

Բացի շեյխերի նպատակը հանդիսանալուց՝ Չեմպիոնների լիգան դարձել է Գվարդիոլայի անձնական մարտահրավերը: Նրան շատ են մեղադրում «Բարսելոնայից» դուրս նույնիսկ ՉԼ եզրափակիչ չհասնելու համար. Պեպն այս տարի Անգլիայում ոչ մի տիտղոս չնվաճեց, եթե չասենք, որ ձախողեց: Նա բոլոր մտքերը կենտրոնացրել է ՉԼ խաղարկությունում ու գիտի, որ ունի անհրաժեշտ կազմն ու ֆուտբոլիստները չեմպիոն դառնալու համար: Պեպն իր տրամադրության տակ ունի այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, իսկ հարձակման գծում՝ Ստեռլինգի նման մեքենայի: Բայց նախ պետք է հաղթահարել «Լիոնի» արգելքը, որն արդեն մեկ մեծ անակնկալ մատուցել է:

«Բարսելոնա» – «Բավարիա» կամ Մեսի – Լևանդովսկի

«Բարսելոնա» – «Բավարիա» խորագիրը շատ հանգիստ կարող էր հնչել ՉԼ եզրափակիչում. միասին 10 ՉԼ գավաթ ունեցող այս թիմերի միջև եվրոպական դասական դիմակայությունն այս անգամ 1/4 եզրափակիչում է: Վերջին 2 դիմակայություններն այս թիմերի միջև բավական հետաքրքիր են ստացվել. 2012/13 մրցաշրջանում կիսաեզրափակիչում «Բավարիան» ջախջախեց «Բարսելոնային» ընդհանուր 7-0 հաշվով (4-0 Մյունխենում, 3-0՝ Բարսելոնայում), և դարձավ ՉԼ չեմպիոն: 2014/15 մրցաշրջանում, նույնպես կիսաեզրափակիչում հաղթող դուրս եկավ «Բարսելոնան»՝ ընդհանուր 5-3 հաշվով (3-0, 2-3) ու այդ դեպքում արդեն կատալոնացիները նվաճեցին չեմպիոնի կոչումը:

Այս տարի իրավիճակն այլ է. «Բավարիան» Չեմպիոնների լիգային մոտենում է գլխավոր ֆավորիտի կարգավիճակով. մյունխենցիները փայլուն մրցաշրջան են անցկացրել՝ փայլուն կերպով նվաճելով Բունդեսլիգան ու Գերմանիայի գավաթը, ու այժմ հավակնում են տրեբլին: Հանս-Դիտեր Ֆլիկը շատ արագ կարողացավ լուծել թիմի ներքին խնդիրները, ֆուտբոլիստներից շատերը մեծ աճ գրանցեցին, ու կարելի է ասել, որ «Բավարիան» այս պահին միակ թիմն է, որ չունի թույլ օղակ:

«Բարսելոնայում» հակառակ պատկերն է. ճգնաժամային մրցաշրջանում ինչեր ասես, որ չեղան ակումբի ներսում, ակումբը տանուլ տվեց Լա լիգայում ու Իսպանիայի գավաթի խաղարկությունում, թիմի խաղն էլ մարզչական փոփոխությունից հետո համոզիչ տեսք չունի: «Բարսելոնան» «Բավարիայի» արգելքը կարող է հաղթահարել ոչ թե մարզավիճակի, այլ միայն փորձի ու ֆուտբոլիստների կարգի հաշվին:

«Բարսելոնա» – «Բավարիա» դիմակայության առանցքային կետերից է նաև անհատական հզոր դիմակայությունն աշխարհում այս պահին 5 լավագույն ֆուտբոլիստներից 2-ի՝ Լիոնել Մեսիի և Ռոբերտ Լևանդովսկու միջև: Մեսին դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) ու ռեկորդային գոլային փոխանցումներ կատարեց (21), բայց ՉԼ այս խաղարկությունում նրա թվերը սովորականից շատ ցածր են՝ 3 գոլ ու 4 գոլային փոխանցում: Բայց բացի արդյունավետությունը, Մեսին կարող է շատ խորքից կազմակերպել «Բարսելոնայի» գրոհներն ու դառնալ վճռորոշ ֆուտբոլիստ այս դիմակայությունում: Մյունխենում էլ հաստատ մինչև հիմա շատ լավ են հիշում, թե ինչ արեց Լեոն Բոատենգի հետ:

Ինչ վերաբերում է Լևանդովսկուն, ապա լեհ հարձակվողն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն  է անցկացնում ու փայլել է բոլոր մրցաշարերում, կարելի է ասել՝ բոլոր խաղերում. նա գոլ է խփել ՉԼ այս խաղարկության բոլոր այն խաղերում, որոնց մասնակցել է ու բնականաբար մրցաշարի լավագույն ռմբարկուն է՝ խփած 13 գոլով: Լևանդովսկուն այս մրցաշրջանում ոչ ոք չի կարողացել կանգնեցնել, ու եթե հաշվի առնենք, որ «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում բավական մեծ բացեր է տալիս պաշտպանությունում ու շատ է բաց գոլ բաց թողնում, ապա կատալոնացիներին մնում է հույսը դնել Մարկ-Անդրե տեր Շտեգենի վարպետության վրա:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հոֆենհայմն» ուժեղ էր «Բավարիայից» (տեսանյութ)

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

«Բավարիան» առաջին կեսից հետո պարտվում է «Հոֆենհայմին» (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը «Հոֆենհայմի» դեմ խաղում

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

«Սիթիի» կարևոր ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել մեկ ամսով

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

YouGov․ Ով է աշխարհում ամենամեծ հիացմունք վայելող մարզիկը

«Բենֆիկայի» պաշտպանը համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Սիթիի» հետ

Սուարես. «Ատլետիկո» եմ եկել՝ տիտղոսներ նվաճելու համար»

Ֆաբրեգասը կրակի վրա յուղ է լցնում. «Ակնհայտ էր, որ «Բարսելոնայում» սա մի օր տեղի էր ունենալու»

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Էմերի․ «Նա եղել և մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»