Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար - VNews
Բաժիններ

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

for ishxan - Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:18

-

-

Լուկաս Սելարայան. Այս անունը վերջին շրջանում թնդում է լատինամերիկյան մամուլում, վերջին օրերին՝ մեծ աղմուկ է հանել արդեն Հայաստանում. կան խոսակցություններ, որ այս ֆուտբոլիստը շուտով հրավիրվելու է Հայաստանի հավաքական: Այժմ միասին ավելի լավ ծանոթանանք Սելարայանին, նրա անցած ճանապարհին, խաղին ու հասկանանք՝ ինչպես նա կարող է հայտնվել մեր ազգային հավաքականում:

Ո՞վ է Սելարայանը

Լուկաս Սելարայանը հարձակվողական ոճի կիսապաշտպան է, ծնվել է 1992 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Կարիերայում առաջին քայլերն արել է հարազատ քաղաքի «Բելգրանո» ակումբում: Այստեղ նա իր ելույթները սկսում է մանկապատանեկան թիմից, հայտնվում առաջին թիմում ու աստիճանաբար երաշխավորում իր տեղը մեկնարկային կազմում: Ավելի հաջող ելույթների շնորհիվ Սելարայանը թիմի երկրպագուների համար դառնում է ամենասիրելի ֆուտբոլիստը: 27-ամյա խաղացողը մինչև հիմա էլ հոգով ու սրտով կապված է «Բերգամոյին», որտեղ անցկացրեց 4 մրցաշրջան (78 խաղ, 10 գոլ), սակայն ֆուտբոլը նրան հետագայում պետք է հեռու տաներ իր ծննդավայրից ու ակումբից:

«Բելգրանոյում» անցկացրած իմ ժամանակաշրջանն իսկական խենթություն էր. ես մանկուց երազում էի խաղալ «Բելգրանոյում», քնում ու արթնանում էի «Բելգրանոյի» մարզաշապիկով, ու ի վերջո դարձա «Բելգրանոյի» խաղացող: Ամենատպավորիչն ինձ համար հրաժեշտիս խաղն էր, երբ 60 հազար երկրպագու վանկարկում էին «Չինո, Չինո»(Սելարայանն իր չինական դիմագծերի համար ստացել է «Չինո» մականունը), երբ բոլորն իմ մարզաշապիկով էին. ես այստեղ եկա ինչպես հասարակ մի տղա, հեռացա՝ ինչպես կուռք: Անհավատալի է: Երազանքս իրականացնելով ես շարժվեցի առաջ՝ փորձելով մնալ այն նույն տղան, որը դեռ խաղում էր Կորդոբայի բակերում», – ասում է Սելարայանը:

lucas zelarayan belgrano 1p0wxqv0ots7c13wcm6jm164zs 960x540 - Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Շարժվելով առաջ՝ 2015-ին «Չինոն» լքեց Արգենտինան ու կարիերան շարունակեց Մեքսիկայում՝ «Տիգրեսում», որտեղ, ի դեպ, այդ ժամանակ խաղում էր Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե-Պիեռ Ժինյակը: Այստեղ նրա խաղային աճն ավելի ակնառու դարձավ. առաջին դժվար ու ադապտացիոն մրցաշրջանից հետո Սելարայանն արդեն «Տիգրեսի» կազմում դարձավ առանցքային ֆուտբոլիստ: Արդեն 2-րդ մրցաշրջանում նա 48 հանդիպում անցկացրեց «Տիգրեսի» կազմում՝ դառնալով «Ապերտուրայի»՝ Մեքսիկայի առաջնության չեմպիոն, և դա առաջին չեմպիոնություն էր այն երեքից, որ «Տիգրեսը» Սելարայանի հետ հաղթելու էր մինչև 2018/19 մրցաշրջանը: Մեքսիկայում անցկացրած 4 տարվա ընթացքում նա անցկացրած 140 խաղում դառնում է 19 գոլի հեղինակ:

«Տիգրեսում» Սելարայանը բավական մեծ փորձ է ձեռքբերում՝ խաղալով Կոնկակաֆի Չեմպիոնների լիգայում, որի ընթացքում հանդիպել է նաև ՄԼՍ-ը ներկայացնող ակումբների: Տարեց տարի նա գրավում է մի շարք ակումբների ուշադրությունն իր խաղով ու 2019-ի դեկտեմբերին տեղափոխվում ՄԼՍ-ը ներկայացնող «Կոլումբուս Քրյու» ակումբ:

Ավելին՝ Սելարայանը դառնում է «Կոլումբուս Քրյուի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը (7.3 միլիոն եվրո). «Կոլոմբուսը» նոր ու լուրջ մարտահրավեր է Սելարայանի համար, որտեղ նա եկավ՝ ամենաթանկարժեք տրանսֆերը լինելու մեծ պատասխանատվությամբ ու պետք է կրի ոչ պակաս պատասխանատու՝ 10 համարի մարզաշապիկը, որ կրել է ակումբի լեգենդ Ֆեդերիկո Հիգուայինը (կռահեցիք, մեզ հայտնի Պիպիտայի հարազատ եղբայրը):

Սելարայանի նորամուտն ավելի մեծացրեց նրա շուրջ ստեղծված ֆուրորը երկրպագուների շրջանում. «Նյու Յորք Սիթիի» դեմ իր առաջին իսկ խաղում «Չինոն» դարձավ խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակը՝ խփելով բավական տպավորիչ գոլ:

«Սելարայանը տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է, դրա համար մենք նրան բերեցինք այստեղ: Իհարկե, մենք պետք է լինենք ուժեղ որպես թիմ, բայց յուրաքանչյուր խումբ ունի խաղ վճռող ֆուտբոլիստի կարիք. ահա, թե ինչ է նա բերում մեր թիմին», – խաղից հետո ասել է թիմի գլխավոր մարզիչ Քալեբ Պորտերը:

Սելարայանը հայտնվեց նաև ՄԼՍ-ի շաբաթվա թիմում: Այդ խաղից հետո ՄԼՍ-ը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարի գնաց, և կվերադառնա հուլիսի 10-ին:

Ինչպե՞ս Սելարայանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ ֆուտբոլիստը կարող է հրավիրվել որևէ ազգային հավաքական, եթե՝

  • Ունի տվյալ երկրի քաղաքացիություն
  • Ծնվել է տվյալ երկրի տարածքում
  • Ծնողը/ները ծնվել են այդ երկրի տարածքում
  • Տատիկ/պապիկը ծնվել է այդ երկրի տարածքում
  • Ֆուտբոլիստը մինչև 18 տարեկանը լրանալը 5 տարի անընդմեջ ապրել է տվյալ երկրում

Եթե այս կետերից մեկն ապացուցվի, ապա Սելարայանը կկարողանա հրավիրվել Հայաստանի հավաքական: Ֆուտբոլիստի արխիվներում ու ռեսուրսներում դեռևս չկա որևէ տեղեկություն այն մասին, որ նա ունի հայկական արմատներ:

Հավելենք, սակայն, որ Հայաստանի հետ կապ ունենալու հուշող հանգամանքներից, բացի ֆուտբոլիստի՝ յան-ով ավարտվող ազգանունը, այն է, որ նա համագործակցում է գործակալական Bucket Group Consuloria Ltda կազմակերպության հետ, որի սեփականատերն ազգությամբ հայ է:

Ի՞նչ խաղաոճ ունի Սելարայանը

Սելարայանի հիմնական դիրքը հարձակվողական ոճի կիսապաշտպանի՝ խաղարկողի դիրքն է, բայց երբեմն «Չինոն» խաղում է նաև ավելի առջևից՝ ենթահարձակվողի դիրքում ու փորձում ինքը եզրափակել գրոհները: Սելարայանի ուժեղ կողմերն են՝

Տեխնիկան. Սելարայանը հրաշալի տեխնիկայի է տիրապետում, գերազանց դրիբլինգ ունի ու միկրոմենամարտերում գրեթե միշտ շրջանցում է մրցակցին ու հաղթող դուրս գալիս: Ընդ որում՝ բացի գեղեցիկ խաղը, Սելարայանը բավական արդյունավետ է՝ շնորհիվ մտքի ճկունության ու կտրուկ խաղի. «Կոլումբուսի» կազմում նորամուտի խաղում նա 5 հաջող անցում է կատարել:

Փոխանցումները. Իր դիրքի համար Սելարայանն ունի ամենակարևոր հատկանիշը՝ որակյալ փոխանցում: Սելարայանը կարողանում է լավ կարդալ խաղը, տեսնել խաղադաշտը ու կատարել ճշգրիտ փոխանցումներ՝ ինչպես հեռակա, այնպես էլ՝ մոտակա: «Կոլումբուսի» հետ նորամուտի վերոնշյալ խաղում նրա փոխանցումների ճշգրտությունը 84 տոկոս է կազմել:

Հարվածները. Սելարայանն ունի նաև բավական հղկված (տեխնիկապես և ուժով) հարվածներ՝ թե՛ աջ, և թե՛ ձախ ոտքով: Նա կարողանում է որսալ պահը, ազատվել պաշտպանների հսկողությունից ու դիպուկ հարվածներ կատարել:

Սելարայանի թույլ կողմերը շատ չեն, սակայն դրանք ևս պետք է հաշվի առնել՝

Արագություն. Սելարայանին երբեմն պակասում է բարձր արագությունը, որը, սակայն, ֆուտբոլիստը փորձում է «կոծկել» գնդակն իր մոտ պահելու հմտությամբ ու ճարպկությամբ:

Պաշտպանություն. Սելարայանը դասական փլեյմեյքեր է, իսկ ժամանակակից ֆուտբոլը փլեյմեյքերներից պահանջում է լինել ավելի շատ կենտրոնական կիսապաշտպան ու օգնել թիկունքում գործող խաղացողներին:

Լատինամերիկա. Սերալայանի դեպքում կարող է գործել «Բալեկյանի սինդրոմը». երբ ֆուտբոլիստը հրաշալի է հանդես գալիս իր լատինամերիկյան ակումբում, բայց Հայաստանին ու եվրոպական ֆուտբոլին ադապտանալու կարիք ունի: Թեպետ Սերալայանի բարձր կարգը կարող է հաղթահարել այս խոչընդոտը:

Ինչպե՞ս Սելարայանը կընդգրկվի Հայատանի հավաքականի փազլում

Սելարայանը Հայաստանի հավաքականի խաղին որակ ու գեղեցկություն կհաղորդի, դրանում կասկած չկա: Նայելով նրա խաղին՝ հույս է ծնվում, որ հավաքականը կարող է նոր Պիզելի ունենալ՝ հաշվի առնելով «Չինոյի» խաղային դիրքն ու վարպետությունը: Այդ ամենից զատ՝ Սելարայանը Կապառոսի համար հավաքականի հարձակման գծում ընտրության լայն հնարավորություն կտա, ինչպես նաև տակտիկական բազմազանություն, որոնցից մի քանիսը եկեք միասին պատկերացնենք:

4-2-3-1

Հայկական-ավանդական այս տակտիկայում Սելարայանը բավական լավ կտեղավորվի: Հաշվի առնելով ֆուտբոլիստների՝ իրենց ակումբներում խաղացած դիրքերը՝ Սելարայանը կարող է խաղալ իր սիրելի խաղարկողի դիրքում, Մխիթարյանը՝ աջից, որտեղ հանդես է գալիս «Ռոմայում», Ադամյանն էլ՝ ձախից: Կենտրոնական հարձակվողի դիրքը միշտ էլ պայմանական է՝ հաշվի առնելով Նուրբերտո Բրիասկո-Բալեկյանի՝ Հայաստանի հավաքականում իր խաղը դեռևս չցուցադրելու հանգամանքը, բայց փորձենք լավատես լինել ու հուսալ, որ Բալեկյանն իր լավագույն ֆուտբոլը վերջապես կխաղա նաև մեր հավաքականում: Այսպես կունենանք բալանսավորված կազմ ու լատինամերիկյան համեմունքներով հարձակման գիծ:

9 1 1 960x318 - Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

«Տոնածառ»

4-2-3-1 սխեման շատ ավելի ապահով է ու պաշտպանողական, և թույլ կտա կտրուկ հակագրոհներ իրականացնել: Մխիթարյանը կնահանջի ու կգործի խաղադաշտի կենտրոնում, իսկ Սելարայանն ու Ադամյանը կփորձեն հարվածային դիրք դուրս բերել Կարապետյանին, ինչպես նաև օգնել նրան իրենց միացումներով: Մխիթարյանն էլ, ըստ խաղային իրավիճակի, կարող է միանալ հարձակմանը:

squad viv zborni 4 3 2 1 1 960x266 - Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Նորից 4-2-3-1

Քիչ հավանական է, բայց հավաքականում կենտրոնական հարձակվողի դիֆիցիտի պայմաններում Սելարայանը կարող է օգտագործվել նաև հենց կիլլերի դիրքում՝ հաշվի առնելով, որ նա բավական լավ է դիրքավորվում և ունի լավ հարվածներ: Իհարկե՝ Սելարայանի տեխնիկան ափսոս է, որ նա մնա տուգանային հրապարակում, այդ պատճառով էլ այս տակտիկայի դեպքում ֆուտբոլիստները կարող են հաճախակի փոխվել դիրքերով. չմոռանանք որ թե՛ Բարսեղյանը և թե՛ Ադամյանը հաջողությամբ կարող են եզրափակել գրոհները:

squad viv zborni 4 2 3 1 Ա 1 960x314 - Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Այժմ մնում է միայն սպասել ու տեսնել՝ ինչ կլինի Սելարայանի ապագայի հետ՝ կհրավիրվի՞ արդյոք նա Հայաստանի հավաքական, թե ոչ: Բայց եթե մենք ունենանք այսպիսի համալրում, ապա դա Կապառոսի համար սուպեր «տրանսֆեր» կլինի՝ Քաթար հասնելու նրա նվիրական նպատակի ճանապարհին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)

«Ոչ մի բանից տեղյակ չէի մինչև խաղը»․ Կամո Հովհաննիսյանն անդրադարձել է տրանսֆերային շշուկներին

Կապառոս. «Այն ֆուտբոլիստները, որոնք շանս կստանան Շվեդիայի հետ խաղում, ցույց կտան առավելագույնը»