«Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան - VNews
Բաժիններ

«Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

ronaldo - «Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

Հոլանդացի կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն արտաքնապես հիշեցնում էր Կլարենս Զեեդորֆին ու Էդգար Դավիդսին երիտասարդ տարիքում: Արդեն 20 տարեկանում դրեդերով ֆուտբոլիստը համալրեց «Ռեալի» շարքը, նորամուտի խաղում գոլ խփեց ու խոստանում էր դառնալ իր սերնդի լավագույններից մեկը: Սակայն կարգապահության հետ խնդիրները ոչնչացրին նրա կարիերան. ժամանակի ընթացքում նա դարձավ ռեպեր, սկսեց դերասանական կարիերա, իսկ վերջերս սնանկ ճանաչվեց:

2007 թվականի օգոստոսին Մադրիդը գնաց Հոլանդիա շոփինգի ու դատարկ ձեռքով հետ չեկավ. «Ռեալը» «Ֆեյենորդի» հաշվին նստեցրեց 13 մլն եվրո ու «Բեռնաբեու» բերեց 20-ամյա վինգերի, որն ուներ 2 լուրջ զենք՝ արագ դրիբլինգ ու «սարսափելի» ուժեղ ձախ ոտք: 2007/2008 մրցաշրջանի առաջին խաղում «Ռեալը» մրցում էր «Սևիլիայի» հետ: Իսպանիայի Սուպերգավաթի խաղում Դրենտեն 35 մետր հեռավորության վրա ստացավ գնդակն ու մխրճեց մրցակցի դարպասը: Ավելի լավ նորամուտի մասին երազել նույնիսկ հնարավոր չէր:

Դրենտեն «Ռեալի» կազմը համալրել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո: Այնտեղ Նիդերլանդների հավաքականը վստահ հաղթել էր բոլոր մրցակիցներին, իսկ սուրինական արմատներով ֆուտբոլիստը դարձել էր առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ավելի վաղ այդ մրցանակին արժանացել էին համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդները, օրինակ Ֆիգուն, Պիռլոն ու Կանավարոն: Դրենտեն հիանալի հարմարվեց թիմին, ընկերացավ Գուտիի ու Ռոբինյոյի հետ:

Դրենտեն չէր կարող չօգտվել ընձեռված բացառիկ հնարավորությունից: Նրա մանկությունն անցել է Ռոտերդամի ամենադաժան թաղամասերից մեկում, որտեղ սպանություններն ու կողոպուտը նույնքան սովորական երևույթ էր, որքան մեզ համար ջուր խմելը: Դրենտեի հորը սպանել են փողոցային կռվի ժամանակ, և ֆուտբոլը դարձավ մարդամեջ դուրս գալու միակ եղանակը Դրենտեի համար: «Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում նրա գործերը լավ էին ընթանում. Շուստերը նրան օգտագործում էր կենտրոնում և եզրում, երկրպագուները նրա համար վանկարկումներ էին մտածում:

dr 960x540 - «Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

Դրենտեն կարծում էր, որ Ռոտերդամի փողոցներում ձևավորած մարտիկի բնավորությունը թույլ կտա նրան առաջ գնալ: Եթե հանդիպման ժամանակ նրա խաղը չէր ստացվում, հաջորդ օրը Դրենտեն մարզվում էր սատանայի պես: Սակայն ամեն ինչ գնաց գրողի ծոցը, երբ Մադրիդ եկավ Ժոզե Մոուրինյոն: «Յուրահատուկը» իր նախապավությունը տվեց Մարսելոյին: Հոլանդացի ֆուտբոլիստը սկսեց չհայտնվել հայտացուցակում, մարզչի հետ երկխոսություն ձևավորելը ռեալ չէր: Չէին օգնում նույնիսկ անմարդկային ճիգերը մարզումների ժամանակ:

Դրենտեն խաղային պրակտիկա ստանալու հույսով տեղափոխվեց «Էրկուլես», բայց մի կողմից հուսահատությունը, մյուս կողմից աստղայինը ներսից սկսեցին ուտել ֆուտբոլիստին: Մի օր Ալիկանտեի փողոցներով Դրենտեն իր Audi Q7-ով սլանում էր 180 կմ/ժ արագությամբ: Իրական կյանքի Need for Speed-ը ավարտվեց, երբ ոստիկանները ստիպեցին նրան կանգնել: «Բաց թողեք ինձ, մեքենայում մարդ կա, նա կոմայի մեջ է»:

Մեր ընտրանին

Այդ մարդը Դրենտեի ընկերն էր, սակայն նրա առողջական վիճակն այդքան ողբերգական չէր, ինչպես ներկայացնում էր ֆուտբոլիստը. Նրանք միասին պարզապես լավ տժժացել էին ակումբներից մեկում: Դրենտեին զրկեցին վարորդական իրավունքից և տուգանեցին 5 հազար եվրոյով: 2010 թվականին տեղի ունեցած այդ միջադեպը խաչ քաշեց Դրենտեի՝ «Ռեալ» վերադառնալու հույսերի վրա: Ժոզե Մոուրինյոն տանել չի կարողանում անկարգապահ ֆուտբոլիստներին:

dr mour - «Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

Մարզավիճակը կորցնելուց հետո Դրենտեն ստացավ ևս մեկ շանս կարիերան վերաթողարկելու համար: Նա տեղափոխվեց «Էվերթոն», ստացավ 10 համարի մարզաշապիկն ու հիանալի հարաբերություններ ձևավորեց գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ: Երկրպագուներն նույնիսկ նրան 2 ամիս շարունակ ճանաչել են ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Սակայն այս անգամ ամեն ինչ փչացրեց «Արսենալից» կրած պարտությանը հաջորդող թիմային ժողովից ուշանալը:

Ֆուտբոլիստը դռան հակառակ կողմից լսում էր Մոյեսի հայհոյախառն բղավոցները և ռիսկ չարեց մտնել ներս: Ժողովից հետո Մոյեսի աչքին առաջինը Դրենտեն երևաց: «Ռադդ քաշիր իմ թիմից», – բղավեց Մոյեսը: Դրենտեն չդիմացավ ու նրա մեջ արթնացավ ռոտերդամյան փողոցներում կյանքի համար կռիվ տվող պատանին: Կոշտ երկխոսությունից հետո Դրենտեն ընդամենը 1 անգամ հայտնվեց թիմի հայտացուցակում: Այդ ընթացքում Դրենտեն գտավ նոր զբաղմունք. նա բացահայտեց լիվերպուլյան փաբերն ու զարգացրեց պոկեր խաղալու իր սքիլերը:

0 Soccer Barclays Premier League Everton v Swansea City Goodison Park 960x720 - «Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

«Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո Դրենտեն դարձավ ազատ գործակալ, սակայն ֆուտբոլային Եվրոպան այլևս նրան չէր հիշում: Օգոստոսի 31-ին «Բեշիքթաշը» փորձ արեց հրավիրել ֆուտբոլիստին, սակայն ժամանակը քիչ էր, ու Դրենտեն մնաց առանց ակումբի: 25 տարեկանում նա դարձավ գործազուրկ ու վերադարձավ Ռոտերդամ: Հարազատ դարձած քաղաքում Դրենտեն որոշեց զբաղվել բիզնեսով, մտավ հագուստի ու օծանելիքի ինդուստրիա: 9 ամիս ֆուտբոլի մեջ չլինելը չխանգարեց «Ալանիային» հրավիրել նրան, կնքել 3 տարվա պայմանագիր ու վճարել շաբաթական 70 հազար եվրո: Դա Դրենտեի համար լրջագույն գումար էր այդ օրերի համար:

Օսիայում Դրենտեն զարմացրեց բոլորին իր պրոֆեսիոնալիզմով: Մեկ ամսվա ընթացքում Դրենտեն կորցրեց ավելորդ 8 կիլոգրամը: ՌՊԼ-ում Դրենտեն նորից սկսեց ցուցադրել քիչ թե շատ իրեն բնորոշ ֆուտբոլ, քնից արթնացավ նրա հրեշավոր ձախը: Դարպասապահները պատմում են, որ նրա հարվածներից հետո ձեռքերը ցավում էին, իսկ եթե գնդակը դիպչում էր որևէ մեկին, կապտուկներ էր թողնում: Ռուսաստանում նրա ամենահիշարժան դրվագը եղավ 24-րդ տուրի պերֆոմանսը «Մորդովիայի» հետ խաղը, որի ժամանակ նա գրանցեց կարիերայի միակ հեթ-տրիկը:

«Ալանիայում» մեկ տարի խաղալուց հետո կողմերը համատեղ որոշմամբ խզեցին պայմանագիրը: Դրենտեն փորձեց բախտը գտնել «Ռեդինգում», որին հաջորդեցին ավելի ու ավելի ցածր որակավորում ունեցող ակումբները՝ «Շեֆիլդ Ուենսդեյը», թուրքական «Կայսերին» ու ԱՄԷ-ի ներկայացուցիչ «Բանի Յանսը»: 2016-ին Դրենտեն հայտարարեց, որ հոգնել է ֆուտբոլից ու տեղափոխվում է երաժշտության ոլորտ:

Իր առանձնատան երկրորդ հարկը Դրենտեն վերածեց ձայնագրման ստուդիայի, իրեն կոչեց Royal2Faces ու թողարկեց մի քանի ռեպ ստեղծագործություն: Դրանցից լավագույնը Youtube-ում հավաքեց մոտ կես միլիոն դիտում: Գրեթե բոլոր ստեղծագործություններում Դրենտեի թեմաները նույնն էին՝ սոցիալական սուր հարցեր, թմրանյութեր, աղքատություն ու քաղաքային հանցագործություններ:

Զգալով, որ երաժշտությունում իր «առաքելությունն» ավարտված է, Դրենտեն որոշեց ուժերը փորձել ֆիլմերում: 2017-ին, դերասանական վարպետության կուրսերն անցնելուց հետո ֆուտբոլիստը նկարահանվեց հեռուստատեսային Mocro Maffia ֆիլմում: Սակայն, ինչպես ասում են, «փողը սպառվելու սովորություն ունի», իսկ 6 երեխաներին կերակրել էր պետք: 2018-ին Դրենտեն որոշեց վերսկսել կարիերան՝ 1 տարվա պայմանագիր կնքելով Ռոտերդամի «Սպարտայի» հետ:

Որքան էլ որ իր հարցազրույցներում Դրենտեն պնդում էր, որ Ռոտերդամի փողոցները նրան ավելի պինդ են դարձրել, փաստերը խոսում են հակառակի մասին: Հետևողականության ու սկզբունքայնության բացակայությունը Դրենտենին 2020 թվականին հասցրին աղքատության շեմին: Մի քանի տարվա ընթացքում հոլանդացի վինգերը կորցրեց ավելի քան 5 մլն եվրո (իր վարկածով՝ գումարը սեփականաշնորհել են «ագահ» գործակալները) ու դարձավ սնանկ:

royston drenthe failliet verklaard labiliteit van mijzelf 960x540 - «Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

Ապրիլի 8-ին Դրենտեն դարձավ 34 տարեկան: Այս պահին նա հանդես է գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում խաղացող «Ռասինգ Մուրսիայի» կազմում: Լավագույն դեպքում Դրենտեն կկարողանա ֆուտբոլով գումար աշխատել ևս 1-2 տարի: Եթե մոտակա տարիների ընթացքում Դրենտեն խելքը գլուխը չհավաքի, մեծ է հավանականությունը, որ նա կարճ ժամանակ անց իրոք կդառնա գործազուրկ, որն իր աշխատանքը կգտնի, օրինակ, շինհրապարակում, որտեղ 8 ժամ տանջվելուց հետո նա կգնա տուն, կմիացնի Youtube-ն ու կհիանա «Սևիլիայի» դարպասն ուղարկած միակ շքեղ գոլով:

«Երբ սնանկացումից 5 էր պակաս». Ինչու և ինչպես Անգլիայի ամենահին ակումբներից մեկը հայտնվեց կործանման եզրին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին

Մոուրինյոն ծափահարության էմոջիով շնորհավորել է «Ռոմային»

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Էվերթոնը» հաղթեց «Վեսթ Հեմին»՝ մոտենալով «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին» (տեսանյութ)