«Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ - VNews
Բաժիններ

«Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

perez glxavor - «Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջին շրջանում համաշխարհային ֆուտբոլի ամենաքննարկվող դեմքերից է։ Իսպանացի բիզնեսմենի մասին խոսում էին բոլորը, մեղադրում ֆուտբոլային ընտանիքից առանձնանալու փորձի մեջ ու քննարկում այն տեսակետը, թե նրան հետաքրքրում է միայն փողը։ Մինչև համաշխարհային ֆուտբոլում ազդեցիկ դիրք գրավելը, Պերեսը երկար ճանապարհ է անցել։ VNews-ը ներկայացնում է ոչ հաճախ հանդիպող մասնագիտությամբ իսպանացի բիզնեսմենին, որը ձախողվելու էր քաղաքականության մեջ, իսկ հետո դառնալու էր «Ռեալի» ամենահաջողակ նախագահներից մեկը։

Ուսումը և առաջին աշխատանքը, որ կապ չունեն ֆուտբոլի հետ

Որքան էլ դժվար է հավատալը, Ֆլորենտինո Պերեսն ավարտել է Մադրիդի Պոլիտեխնիկական համալսարանը։ Մասնագիտությամբ նա ճանապարհների, ջրանցքների և նավահանգիստների ինժեներ է, ճանապարհաշինարար։ Կարճ ասած` Պերեսն իր մասնագիտությամբ զբաղվելու դեպքում աշխատելու էր որպես քաղաքաշինարար։ Համալսարանական թոհուբոհից հետո նա աշխատանքի է անցնում Իսպանիայի կառավարության համապատասխան գերատեսչությունում։ Պերեսին դուր էր գալիս քաղաքականությունը, ու նա մտածում էր հետագայում այդ ոլորտում լինելու մասին։

Պերեսի աշխատանքային առաջընթացն ակնհայտ էր։ Ավելի ուշ նրան աշխատանքի վերցրին Մադրիդի քաղաքային խորհրդում։ Նա վարչական չնչին դեր ուներ նոր պաշտոնում։ Երիտասարդ, բայց ամբիցիոզ աշխատակցին վստահվել էր վերահսկել Իսպանիայի հանրային ճանապարհների նախագիծը։ Այն այդքան էլ հետաքրքիր գործ չէր Պերեսի համար։ Ամեն դեպքում նա լավ էր աշխատում, ու դա տալիս էր իր արդյունքը։ Պերեսին առաջարկեցին նոր պաշտոն, այս անգամ նորից կառավարությունում։ Հասարական աշխատանքների և տրանսպորտի նախարարությունում նրա համար բավականին «յուղոտ» պաշտոն էին պահել։

Դժգոհ Պերեսն ու չստացված մուտքը քաղաքականություն

Պերեսը, չնայած իր առաջխաղացմանը, գոհ չէր աշխատանքից։ Եթե նա լինելու էր քաղաքականության մեջ, ապա պետք է զբաղեցներ ավելի բարձր պաշտոններ, այլ ոչ թե կառավարության գերատեսչությունում կամ էլ քաղաքային խորհուրդներում որևէ վարչական պաշտոն։ Դա նրա համար չէր։ Եվ ահա երիտասարդ ճանապարհաշինարարը որոշեց ամբողջությամբ տրվել քաղաքականությանը։ 1979 թվականին Պերեսը շարունակում էր իր աշխատանքը Մադրիդի քաղաքային խորհրդում, բայց դա չխանգարեց նրան միանալ նորաստեղծ Ժողովրդավարական ռեֆորմիստական կուսակցությանը։ Նա կուսակցության գլխավոր քարտուղարն էր։ Մի քանի տարի վարչական աշխատանքը քաղաքականության հետ համատեղելուց հետո Պերեսը գործնականում պետք է համոզվեր, որ չստացված քաղաքական գործիչ է։

florentino perez how to make millions from a football club body image 1464347882 - «Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

1986 թվականին Իսպանիայում կայացած պառլամենտական ընտրություններին Ժողովրդավարական ռեֆորմիստական կուսակցությունը բավարար ձայներ չստացավ խորհրդարան անցնելու համար։ Պերեսը պատգամավոր չդարձավ, կուսակցությունն էլ շուտով լուծարվեց։ «Ռեալի» ապագա նախագահը որոշեց իր հետաքրքրությունները փնտրել այլ տեղերում։ Եթե չես հաջողում քաղաքականության մեջ, բայց ուզում ես շատ փող աշխատել, մնում է մեկ ելք` պետք է զբաղվես բիզնեսով։

Մեր ընտրանին․

Բիզնեսմենը

Պերեսն իր պետական-քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ ծանոթներ էր ձեռք բերել, բազմաթիվ կապեր ուներ, ինչն, իհարկե, օգնելու էր նրան հետագայում։ Ամբիցիոզ ճանապարհաշինարարը հասկացել էր, որ պետական կառույցներում գերազանց է կատարում իր գործը։ Հենց դա էր պատճառը, որ նրան նոր, ավելի ազդեցիկ պաշտոններ էին առաջարկում։ Ու հարց էր առաջանում․ եթե նա այդ ամենը լավ է անում, ինչո՞ւ պետական համակարգից չտեղափոխվել մասնավոր և ավելի շատ եկամուտ ունենալ։ Ֆլորենտինոն կայացրեց համարձակ որոշում։ Նա փակեց քաղաքականության էջն ու մտավ բիզնեսի աշխարհ։ Նա ամենևին չվախեցավ պատմության մեջ որպես չստացված քաղաքական գործիչ մնալուց։ Եթե նա լավ բիզնեսմեն դառնար, անհաջողությունը քաղաքականության մեջ կփոխհատուցվեր։ Իսկ դրա համար նա ուներ բոլոր նախադրյալները։

pererer 960x540 - «Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

Այսպիսի մեծ ճանապարհը միայնակ չես կարող անցնել։ Ֆլորենտինոն իր մի քանի ընկերոջ հետ գնեց շինարարական փոքրիկ «Պադրոս» կազմակերպությունը, որը սնանկության եզրին էր ու վաճառվում էր բավականին շահեկան գնով։ «Ռեալի» ապագա նախագահը պատկերացում չուներ, որ այն կառուցապատող մի հսկայական ընկերություն է դառնալու տարիներ անց։ Բիզնեսի աշխարհ մուտք գործելուց հետո Պերեսը իր ամբողջ ժամանակը տրամադրում էր ընկերության զարգացմանը։ Այս ընթացքում Պերեսի ու ընկերների մեծ աշխատանքի շնորհիվ սնանկության եզրին հասած ընկերությունը ոչ միայն փրկվեց, այլ նաև բավականին կարճ ժամանակահատվածում դարձավ շուկայի գլխավոր խաղացողներից մեկը։ 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Իսպանիայում շինարարական արդյունաբերությունը զարգացում էր ապրում։ Ընկերությունը մի շարք խոշոր պայմանագրեր էր կնքել, որի շնորհիվ կարողանում էր ազատ շնչել։ Այստեղ օգնության էին եկել Պերեսի հսկայական կապերը։

Շինարարական ահռելի աշխատանքների արդյունքում Պերեսի ընկերությունը դարձել էր Իսպանիայի տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Սա անհետևանք չէր կարող մնալ։ 1993 թվականին «Պադրոսը» միավորվեց մեկ այլ խոշոր ընկերության հետ , ինչից հետո Պերեսը դարձավ համաշխարհային բիզնեսում ոլորտի գլխավոր խաղացողներից մեկը։ Այնուհետև «Ռեալի» ապագա նախագահը հիմնադրեց ACS Group ընկերությունը, որը մինչև հիմա աշխարհի առաջատար կառուցապատող ընկերություններից է։ Գրասենյակը Մադրիդում է, նախագահը Ֆլորենտինո Պերեսն է։ Այս խոշորագույն ընկերությունը զբաղվում է քաղաքացիական և ինժեներական շինարարությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Չիլին, Մարոկոն և Ավստրալիան։

Ձախողված փորձն ու արտասովոր վաբանկը

Պերեսը իր բիզնես հաջողությունները մարզական աշխարհ տեղափոխելու որոշում կայացրեց 1990-ականների կեսերին։ Լինելով Մադրիդից՝ նա նպատակ դրեց դառնալ Իսպանիայի մայրաքաղաքի գլխավոր թիմի նախագահը։ «Ռեալում» հեշտ ժամանակներ չէին։ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայում վաղուց չէր հաղթել։ 1995 թվականի նախագահի ընտրություններում Պերեսն առաջադրվեց։ Առաջին փորձը հաջող չէր։ Պերեսը պարտվեց ընտրություններում գործող նախագահ Ռամոն Մենդոզային։ Ամիսներ անց ակնհայտ էր, որ «Ռեալում» ճիշտ ընտրություն չեն կատարել։ Մենդոզան հրաժարական ներկայացրեց ակումբում առկա տնտեսական, սոցիալական և մարզական խնդիրների պատճառով։ Ակումբի նախագահ դարձավ տնօրեն Լորենցո Սանսը, որը վերջին 10 տարիներին զբաղեցրել էր այդ պաշտոնը։

2000 թվականին Պերեսը նորից առաջադրվեց «Ռեալի» նախագահի պաշտոնում։ Ճիշտ է, այս ընթացքում «Արքայական ակումբը» հաղթել էր Չեմպիոնների լիգայում երկու անգամ, բայց այդ ֆինանսական խնդիրները չէին անհետացել։ Պերեսը գիտեր, որ հենց իր պես բիզնեսմենը կարող է «Ռեալին» հանել այդ ճահճից ու նոր մեգա-նախագիծ սկսել։ Իսպանացի գործարարը սկսեց ամենախելահեղ ձևով։ Նա խոստացավ, որ նախագահ դառնալու դեպքում կգնի Լուիշ Ֆիգուի տրանսֆերը։ Պորտուգալացին այդ ժամանակ իր կարիերայի պիկում էր, բայց ամենամեծ պարադոքսն այն էր, որ նա խաղում էր «Ռեալի» գլխավոր մրցակցի կազմում՝ «Բարսելոնայում» և այդ թիմի ավագն էր։ Պերեսը թքած ուներ այս ամենի վրա։ Նա գաղտնի գործարքի էր գնացել Ֆիգուի գործակալի հետ։ Պայմանավորվել էր, որ եթե դառնա նախագահ, Ֆիգուն պետք է գա «Ռեալ», եթե Պերեսը պարտվի ընտրություններում Ֆիգուն խոշոր փոխհատուցում կստանա։ Պորտուգալացի աստղի գործակալը, մտածելով, որ Պերեսը շանս չունի ընտրություններում հաղթելու, համաձայնվում է այս ապշեցուցիչ ու վաբանկ հիշեցնող գործարքին։ Բոլոր կողմերն ասես վաբանկի գնացին։

14693536660120 - «Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

«Ռեալի» երկրպագուների մոտ տարօրինակ զգացողություններ էին։ Մի կողմից նրանք ոգևորված էին, որ Մադրիդ կարող է գալ Լուիշ Ֆիգուն, բայց մյուս կողմից էլ կար անվստահություն ու մտավախություն, որ այս ամենն ուղղակի միֆ է։ Պերեսը հաղթեց ընտրություններում Սանսին ու գնաց պորտուգալացու հետևից։«Բարսելոնան» անզոր էր խաթարելու տրանսֆերի իրականացումը։ 50 միլիոն եվրոյի դիմաց Լուիշ Ֆիգուն տեղափոխվեց «Ռեալ»՝ կյանքի կոչելով ֆուտբոլի պատմության ամենասկանդալային գործարքներից մեկը։ Պերեսը «շախ և մատ» արեց բոլոր թերահավատներին՝ պարզ հասկացնելով, որ նա եկել է «Արքայական ակումբ» նոր ժամանակաշրջան կերտելու համար։ Գերազանցապես հենց նրա շնորհիվ «Ռեալ» եկան համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերը՝ Զինեդին Զիդանը, Դևիդ Բեքհեմը, Ռոնալդոն, Մայքլ Օոուենը, Ռոբինյոն՝ սկիզբ դնելով գալակտիկոսների ժամանակաշրջանին։

14879545153607 960x589 - «Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

2006 թվականին Պերեսը հրաժարական ներկայացրեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Արսենալից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» 2002-ի չեմպիոնությունից հետո ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում չէր կարողանում հաղթահարել 1/8-րդ եզրափակիչի արգելքը։

Հաջող վերադարձն ու «նույնի» կրկնությունը

2009-ին Պերեսը վերադարձավ «Ռեալ»՝ առանց ընտրության։ Բոլոր թեկնածուները հանել էին իրենց թեկնածությունը մինչև ընտրությունը։ Պերեսը չհրաժարվեց իր հին գաղափարներից ու դարձյալ որոշեց հնչեղ ձեռքբերումներով ուժեղացնել թիմի կազմը։ Այդ ամառ «Ռեալը» ձեռք բերեց նոր աստղերի․ Կրիշտիանու Ռոնալդու, Կակա, Չաբի Ալոնսո, Կարիմ Բենզեմա։ Հաջորդ տարի եկան Սամի Խեդիրան, Մեսուտ Օզիլը, Անխել դի Մարիան։ Պերեսի երկրորդ ժամանակաշրջանը «Ռեալում» անհամեմատ ավելի հաջող էր, քան առաջինը։ «Արքայական ակումբի» բացառիկ ու պատմական նվաճումները թարմ են բոլորիս հիշողություններում ու թերևս դրանք նորից բարձրաձայնելու կարիք չկա։ Թերևս միայն կարելի է ասել, որ Պերեսի երկրորդ պաշտոնավարման ընթացքում «Ռեալը» 19 տիտղոս է նվաճել։

perez cups 960x540 - «Մադրիդյան երկրի շինարար»․Պերեսի բացառիկ ուղին ու սկանդալային մուտքը համաշխարհային ֆուտբոլ

Սուպերլիգայի ստեղծումից հետո համաշխարհային ֆուտբոլի բացասական ռադարներն ուղղվեցին դեպի «Ռեալի» նախագահը։ Այո՛, Պերեսը նոր մրցաշարի «գծողներից» մեկն էր, բայց միակը չէր։ Երկրպագուներին դուր չեկած ու ֆուտբոլային լավագույն ավանդույթները խաթարող մրցաշարի ստեղծման համար գլխավոր թիրախ դարձավ հենց Պերեսը։ Արժանի է դրան «Ռեալի» նախագահը, թե ոչ, ընտրեք ինքներդ։

Նա չստացված քաղաքական գործիչից դարձավ ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը։ Երկրպագուներից շատերը Պերեսին համարում են «Ռեալի» պատմության լավագույն նախագահը։ Մեկ բան ակնհայտ է․ Պերեսի նախագահության շրջանում «Ռեալն» արդեն գրել է իր պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Պերեսի հաջողության գրավականը անընդհատ նոր գաղափարներ առաջ քաշելն է։ Նա հիմա էլ աշխատում է նոր աստղերի՝ «Ռեալ» բերելու ուղղությամբ։

Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում

Պաշտպանությունում լուրջ կորուստներով. «Ռեալի» հայտացուցակը՝ «Սևիլիայի» դեմ խաղի համար

Ռոմանո. Հայտնի է՝ երբ Զիդանը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ

Սերխիո Ռամոսը կրկին վնասվածք է ստացել

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

Ազարը կարիերայի շարունակության անսպասելի տարբերակ ունի