«Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ - VNews
Բաժիններ

«Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

Screenshot 3 2 - «Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

«Ռեալ» – «Բարսելոնա» վերջին Կլասիկոն անցավ դասական սցենարով, որն իր մեջ պարունակում էր այն ամենն, ինչ պետք է լիներ այս դիմակայությունում՝ լարված պայքար, գեղեցիկ գոլ, չիրացրած պահեր, կարմիր քարտ ու մրցավարական վիճելի որոշումներ: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 11-մետրանոց պահանջեցին խաղավերջում գրանցված դրվագում, երբ Մենդին քաշեց Մարտին Բրեյթվեյթի ձեռքից, դանիացին ընկավ, բայց մրցավարը ոչինչ չնշանակեց: Պիկեն մտավ խաղադաշտ՝ իր դժգոհությունը հայտնելու, Ռոնալդ Կումանը մեղադրեց մրցավարներին ու նշեց, որ 11-մետրանոցն ակնհայտ էր:

Ներկայացնում ենք այլ դեպքեր, երբ մրցավարների որոշումից դժգոհ են եղել կամ «Ռեալի», կամ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:

2002/03, Լա լիգա

2002/03 մրցաշրջանում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած Կլասիկոյի գլխավոր մրցավար Մունյիս Ֆերնանդեսի որոշումներն ավելի քան վիճելի էին:

Իսպանացի մրցավարը, ըստ կատալոնական ակումբի երկրպագուների, սխալվեց 3 դրվագում: Նախ՝ Ֆերնանդեսը խաղադաշտից չհեռացրեց Զինեդին Զիդանին, որն արմունկով հարվածել էր Կառլես Պույոլին՝ խախտելով խաղի կանոնները, իսկ հետո արդեն վիճել ու հարվածել «Բարսելոնայի» մեկ այլ խաղացողի՝ Լուիս Էնրիկեին:

Րոպեներ անց՝ Ֆերնանդո Հիեռոն սահանկում կատարեց, Լուիս Էնրիկեն էլ ընկավ մրցակցի տուգանային հրապարակում: Եթե մրցավարը նշանակեր 11-մետրանոց, ապա պետք է հեռացներ խաղադաշտից Հիեռոյին՝ վերջին հույսի խախտման համար:

Screenshot 2 2 - «Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

Եվ վերջում Մունյիս Ֆերնանդեսը չարձանագրեց Գաիզկա Մենդիետայի գոլը. գնդակը, կարծես, հատել էր դարպասային գիծը:

Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ «Ռեալի» պաշտպան Միչել Սալգադոն, ի վերջո, 2 դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

2006/07, Լա լիգա

4 տարի անց, արդեն «Կամպ Նոու» մարզադաշտում, գրանցվեց 21-րդ դարի ամենահիշարժան Կլասիկոներից մեկը: Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում (3-3), իսկ 19-ամյա Լիոնել Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Այս հանդիպումը, սակայն, լի էր նաև մրցավարի սկանդալային որոշումներով: «Բարսելոնայի» պաշտպան Օլեգերը հեռացվեց ու բարդացրեց իր թիմի վիճակը՝ թեև կատալոնական ակումբն այս հարցում առարկություններ չուներ: Բայց հանդիպման երկրորդ խաղակեսում «Ռեալի» կիսապաշտպան Մամադու Դիարան, ըստ «Բարսելոնայի» երկրպագուների, պետք է ստանար 2-րդ դեղին քարտը՝ մի քանի անգամ կոպիտ խախտում կատարելու համար: Խաղավերջում էլ մրցավարը չնշանակեց 11-մետրանոց կատալոնացիների օգտին, երբ Դիարան, կարծես, սեփական տուգանային հրապարակում խախտել էր խաղի կանոնները Ռոնալդինյոյի հետ պայքարում:

2010/11, Չեմպիոնների լիգա

Եվս 4 տարի անց մրցավարից դժգոհելու հերթն արդեն «Ռեալինն» էր:

«Ռեալի» ու «Բարսելոնայի» ճանապարհներն այս անգամ խաչվեցին կիսաեզրափակիչում: Պեպ Գվարդիոլայի «Բարսան» առաջին խաղում հյուրընկալվել էր Ժոզե Մոուրինյոյի «Ռեալին»: Պորտուգալացի մասնագետն իր պաշտպանողական մարտավարությամբ փորձում էր կանգնեցնել Մեսիին ու ընկերներին: Այդ երեկո Պեպեին Մոուրինյոն օգտագործում էր հենակետային կիսապաշտպանի դերում, որը պետք է անհատապես հսկեր Մեսիին ու զսպեր կատալոնացիների գլխապտույտ առաջացնող գրոհները: Այն ստացվում էր, մինչև երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ խաղի ամենաառանցքային դրվագը: Պեպեն բաց ոտքով գնաց դեպի Դանի Ալվեսը. բրազիլացին գալարվեց խոտածածկին, իսկ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Պեպեին, որը, գուցե, ճակատագրական դարձավ այս դիմակայությունում: Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթեց 2-0 հաշվով:


Հետագայում կրկնապատկերը դիտելիս պարզ դարձավ, որ Պեպեն դիպել է գնդակին, բայց ոչ՝ Ալվեսի ոտքին. «Ես չեմ հասկանում՝ ինչու այսքան ուժեղ թիմն ունի այն բանի կարիքը, որը մենք բոլորս տեսանք: Օվրեբո, դե Բլեկերե, Ստարկ… (նշում է այն մրցավարների անունները, որոնք վիճահարույց որոշումներ են կայացրել՝ հօգուտ «Բարսելոնայի», – խմբ.) իսկապես չեմ հասկանում՝ ինչու է այսպես: Մենք 3 ժամ էլ կարող էինք խաղալ, բայց մրցավարը մեզ թույլ չտվեց անել դա: Այսպիսի պայմաններում մենք չենք կարող հաղթել «Բարսելոնային», – հետխաղյա ասուլիսում հայտարարեց Մոուրինյոն: Այս հայտարարություններից հետո Ժոզեն որակազրկվեց 5 խաղով:

Պատասխան խաղում էլ մրցավարն անհասկանալի որոշում կայացրեց: Երկրորդ խաղակեսում «Ռեալի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը գրավեց դարպասը, բայց գոլը չարձանագրվեց: Արգենտինացու հարվածից առաջ Ռոնալդուն բախվեց Պիկեին, ընկավ, ընկնելիս դիպավ Մասկերանոյին, որն էլ իր հերթին ընկավ: Մրցավարն այդ դրվագում կանոնների խախտում արձանագրեց Ռոնալդուի կողմից:

Մեր ընտրանին

2012/13, Լա լիգա

Լա լիգայի 2012/13 խաղարկությունում՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղից առաջ չեմպիոնության հարցը գրեթե վճռված էր. «Բարսելոնան» մեծ առավելություն ուներ «Ռեալի» նկատմամբ:

Այդ խաղում, սակայն, «Ռեալն» ավելի լավ խաղաց ու արժանիորեն հաղթում էր 2-1 հաշվով, սակայն խաղավերջի դրվագներից մեկում մրցավարը չնշանակեց ակնհայտ թվացող 11-մետրանոց: «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոն մտավ «Ռեալի» տուգանային հրապարակ: Ռամոսը ոտքով փակեց բրազիլացու ճանապարհը: Հանդիպման գլխավոր մրցավար Պերես Լասայի սուլիչը լռեց:

Խաղից հետո Վիկտոր Վալդեսը հարձակվեց մրցավարի վրա ու 11-մետրանոց պահանջեց, ինչի համար կարմիր քարտ ստացավ ու որակազրկվեց 4 խաղով:

2013/14, Լա լիգա

Ամիսներ անց, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում՝ 2013/14-ում թիմերը հանդիպեցին «Կամպ Նոու» մարզադաշտում: Կառլո Անչելոտիի «Ռեալը» հյուրընկալվել էր Տատա Մարտինոյի «Բարսելոնային»:

Առաջին խաղակեսում իր առաջին իսկ Կլասիկոյին գոլի հեղինակ էր դարձել Նեյմարը: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» խաղային առավելությունն իր ձեռքը վերցրեց: Մադրիդցիների գրոհներից մեկի ժամանակ «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն սեփական տուգանային հրապարակում հրեց Կրիշտիանու Ռոնալդուին. պորտուգալացին կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ «Բարսայի» տուգանային հրապարակում՝ պահանջելով 11-մետրանոց: Խաղի մրցավար Ունդիանո Մալենկոն չնշանակեց 11-մետրանոց, իսկ «Բարսելոնան» րոպեներ անց կրկնապատկեց հաշիվը: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով, մինչդեռ 1-0-ի ժամանակ նշանակած 11-մետրանոցի արդյունքում խաղի ելքը կարող էր այլ լինել:

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած պատասխան խաղը շատ ավելի հետաքրքիր ստացվեց, կարելի է ասել՝ ամենակրքոտ Կլասիկոներից մեկը վերջին տասնամյակում:

Գոլառատ պայքարում անցած խաղում հաղթեց «Բարսելոնան», բայց այս հանդիպման ժամանակ էլ մրցավարական վիճահարույց որոշումների պակաս չզգացվեց: Երկրորդ խաղակեսում Ալվեսը խախտեց կանոնները Ռոնալդուի հետ պայքարում, բայց՝ տուգանային հրապարակից դուրս: Մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն էլ իրացրեց հենց պորտուգալացին:

Րոպեներ անց մրցավարն արդեն 11-մետրանոց նշանակեց «Ռեալի» դարպասին, երբ Ռամոսը վերջին հույսի խախտումով գցեց Նեյմարին ու կարմիր քարտ ստացավ: Խաղավարտին մոտ մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց Դիեգո Լոպեսի դարպասին: Այս անգամ Խաբի Ալոնսոն խախտեց կանոններն Անդրես Ինիեստայի հետ պայքարում: Մեսին իրացրեց հարվածը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ ու հաղթանակ պարգևելով «Բարսային», բայց «Ռեալի» ֆուտբոլիստները մինչև վերջ չհամաձայնեցին մրցավարի որոշման հետ:

2015/16, Լա լիգա

2015/16 խաղարկության երկրորդ Կլասիկոն առաջինն էր «Ռեալի» այդ ժամանակ նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար:

Ապրիլի 3-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում դիտարժան էր երկորդ խաղակեսը: Ժերար Պիկեն բացեց խաղի հաշիվը, Բենզեման գեղեցիկ հարվածով հավասարեցրեց այն: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, սովորության համաձայն, հեռացվեց խաղադաշտից: Թվում էր՝ առավելությունը կանցնի «Բարսելոնայի» կողմը, բայց եղավ հակառակը: Գարեթ Բեյլը գրավեց դարպասը, որը չարձանագրվեց՝ պարզապես Ժորդի Ալբային դիպչելու պատճառով:

Դրվագից րոպեներ անց Ռոնալդուն գրավեց Կլաուդիո Բրավոյի դարպասն ու հաղթանակ պարգևեց «Ռեալին»:

2019/20, Լա լիգա

Նախորդ մրցաշրջանում՝ 2019/20 խաղարկության առաջին Կլասիկոյում քննադատությունների արժանացավ արդեն Հերնանդես Հերնանդեսը:

Մրցավարը, ըստ «Ռեալի», երկու անգամ չնշանակեց 11-մետրանոցը: Երկու կասկածելի դրվագներում էլ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները բախվեցին Ռաֆայել Վարանին: Նախ՝ Կլեման Լանգլեն հարվածեց իր հայրենակցի ազդրին: Րոպեներ անց անկյունայինի խաղարկման ժամանակ արդեն Իվան Ռակիտիչը քաշեց Վարանի մարզաշապիկից ու գցեց նրան: Նույնիսկ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էմիլիո Բուտրագենյոն, որն իր խոսքերում աչքի է ընկնում զսպվածությամբ, դրվագները որակեց որպես ակնհայտ 11-մետրանոց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը կարիերան կարող է շարունակել իսպանական գրանդում

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)