Մանուել Պետրոսյանը հայ շախմատիստներից միակ անպարտելին է - VNews
Բաժիններ

Մանուել Պետրոսյանը հայ շախմատիստներից միակ անպարտելին է

Թուրքիայի Գեբզե քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի հանդիպումները:

Հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Պետրոսյանը սպիտակներով 45-րդ քայլին առավելության հասավ նորվեգացի Բենջամին Հալդորսենի նկատմամբ: Մանուելը, ով հայ շախմատիստներից առայժմ միակ անպարտելին է, այդ հաղթանակի շնորհիվ վաստակեց 6 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատարներին:

Հայկը պարտության մատնեց մակեդոնացի  Նիկոլա Նիկոլովսկուն ու վաստակեց 5 միավոր:

6 միավոր է վաստակել նաև Արամ Հակոբյանը, ով սևերով 33-րդ քայլին հաշտություն կնքեց ուզբեկ միջազգային վարպետ Ջավոհիր Սինդարովի հետ: Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը 1,5 միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսուդլուից, ով վստահ ելույթների շնորհիվ մոտ է վերջնական հաջողությանը:

Անհաջողությունները շարունակում են հետապնդել Շանթ Սարգսյանին, ով ուկրաինացի Պլատոն Գալպերինի հետ մրցախաղում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Շանթի հաշվին 3,5 միավոր է գրանցված:

Աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց թուրք Էկե Օզբայի հետ: Հայ շախմատիստուհին վաստակել է 4,5 միավոր:

Մրցաշարում եռիշխանությունը պահպանվեց: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են վրացի Նինո Խոմերիկին և ռուսաստանցիներ Դինարա Դորջիևան ու Ալեքսանդրա Մալցևսկայան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: