«Մարադոնայի հետնորդը». ինչպես կոկաինը սպանեց ամենատաղանդավոր իտալացիներից մեկին - VNews
Բաժիններ

«Մարադոնայի հետնորդը». ինչպես կոկաինը սպանեց ամենատաղանդավոր իտալացիներից մեկին

3f78dca924 - «Մարադոնայի հետնորդը». ինչպես կոկաինը սպանեց ամենատաղանդավոր իտալացիներից մեկին

Իտալական «Բրեշիան» ավելի քան 100 տարեկան է, սակայն այս մեկդարյա պատմության ընթացքում թիմի ակադեմիայից դուրս եկած ֆուտբոլիստներով հպարտանալու առանձնապես առիթ չի եղել։ Իհարկե, հիշատակման արժանի է Անդրեա Պիռլոն, սակայն «մաեստրոն» իր կոչումը ստացավ «Բրեշիայից» հեռանալուց տարիներ հետո միայն։ Կա նաև Դանիելե Բոներան, որը նույնպես քիչ թե շատ աչքի է ընկել միայն «Միլանում»։ Այս ցուցակում հաստատ երրորդ անունն էլ կգրվեր, եթե երիտասարդ տաղանդ Էդոարդո Բորտոլոտիի կարիերան ու կյանքը չկործանեին թմրանյութերն և գլխապտույտ գումարները։

Էդոարդոն անցել է «Բրեշիայի» ամբողջ համակարգի միջով՝ մանկապատանեկան առաջին թիմից մինչև հիմնական կազմ։ Դեռ փոքր տարիքում աչքի ընկնելով գերազանց դրիբլինգով, նա հայտնվել էր մեծահասակների մարզիչների ուշադրության կենտրոնում։ Ուստի 17 տարեկանում «Բրեշիայի» հիմնական կազմում հայտնվելը պատահական չէր։ Ֆուտբոլիստի կարիերայում ամենահաջողը 1990 թվականն էր. նա հրավեր ստացավ Իտալիայի Մ-19 հավաքականից, կնքվեց նոր պայմանագիր տարեկան 200 հազար եվրո աշխատավարձով (համեմատության համար, Էրիկ Կանտոնան ստանում էր տարեկան 470 հազար եվրո)։ Նման պայմանագիրը երիտասարդ տաղանդին թիմում պահելու միակ հնարավորությունն էր, քանի որ նրա հետևից ընկած էր մայրաքաղաքային «Ռոման»։

Ամեն ինչ շատ լավ էր, սակայն Էդոարդո Բորտոլոտիի կյանքում կար մի խնդիր՝ ազատ ժամանակը։ Փողին փող չասող երիտասարդ ֆուտբոլիստի համար ավելորդ ազատ ժամանակը դանդաղ մահ էր։ Այդպես ֆուտբոլիստը սկսեց քիչ ուշադրություն դարձնել իր առողջությանը։ 1991 թվականին Բորտոլոտին ծանր վնասվածք ստացավ ու դուրս մնաց անորոշ ժամանակով։ Անգլիական Non-League Paper թերթը գրում է, որ այդ ժամանակ Էդոարդոն ընկավ վատ շրջապատ։ Վնասվածք ստանալուց ընդամենը 2 ամիս անց ֆուտբոլիստը խզեց հարաբերությունները սիրելի աղջկա հետ ու հեռացավ հայրական տնից։ Նոր ծանոթությունները պաշտպանին բերեցին ոչ թե փառք ու հաջողություն, այլ հասցրին «թմրանյութերի կանգառ»։

edoardo bortolotti brescia 1 - «Մարադոնայի հետնորդը». ինչպես կոկաինը սպանեց ամենատաղանդավոր իտալացիներից մեկին

Ընկերուհու հետ բաժանումը, ծանր վնասվածքն ու միջավայրի փոփոխությունը Էդոարդո Բորտոլոտիին հասցրեց դեպրեսիայի։ Այն ավելի խորացավ իր խոսքով ընտանիքի ամենասիրելի անդամի՝ տատիկի մահից հետո։ Նրան այս վիճակից փրկելու համար «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Բրունո Բուլկոն գնաց հետաքրքրիր քայլի. նա երիտասարդ ֆուտբոլիստին տեղ հատկացրեց պահեստայինների նստարանին, թեպետ Բորտոլոտին դեռ չէր ապաքինվել վնասվածքից։ Սակայն նույնիսկ խաղադաշտ վերադառնալուց հետո վերականգնել կարիերան նրան չհաջողվեց։

Չարաբաստիկ 1991 թվականին մեծագույն Դիեգո Մարադոնայի թեստի պատասխանը դրական արդյունք տվեց. նրա օրգանիզմում անաբոլիկ խթանիչների փոխարեն հայտնաբերվեց կոկաին։ Արգենտինացին որակազրկվեց 15 ամսով, սակայն դրանից հետո այդպես էլ այլևս չհագավ «Նապոլիի» մարզաշապիկը։ Նույն պատկերը Էդոարդո Բորտոլոտիի մոտ էր։ Մարադոնայի սենսացիոն դեպքից ընդամենը 1 ամիս անց երիտասարդ պաշտպանի մեզի անալիզները նրան ոչ մի շանս չտվեցին. կոկաինի հայտնաբերումը մեկ բան էր նշանակում՝ երկարատև որակազրկում։ Բայց, ի տարբերություն Մարադոնայի, Բորտոլոտին չէր էլ հերքում, որ թմրանյութ է օգտագործել։

Մեր ընտրանին.

«Այո, ես կոկաին եմ օգտագործել։ Թեստ տալուց ընդամենը 3 օր առաջ ես օգտագործեցի այդ չաբաստիկ թմրանյութը, բայց մինչև հիմա չեմ կարողանում ինձ ներել դրա համար։ Հասկացեք՝ ես ահավոր ծանր դեպրեսիայի մեջ էի երկարատև վերականգնման ու ընկերուհուցս բաժանվելու պատճառով։ Դրան էլ գումարեք ընտանեկան խնդիրները», – ասում էր ֆուտբոլիստը։

Զարմանալի է, բայց արբիտրաժային դատարանը խղճաց երիտասարդ ֆուտբոլիստին ու որակազրկեց 1 տարով միայն՝ 15 ամսվա փոխարեն։ Ապագան ցույց տվեց, որ այդ ավելորդ 90 օրը ոչինչ չփոխեց Էդոարդո Բորտոլոտիի կյանքում։ «Բրեշիան» իր սանին դուրս չհանեց ու պահպանեց մինչև որակազրկման վերջին օրը։ 1993 թվականին ակումբը գլխավորեց Միրչա Լուչեսկուն, որի հետ երիտասարդ ֆուտբոլիստի հարաբերությունները չստացվեցին։ Էդոարդո Բորտոլոտին բողոքում էր ամենօրյա ծանրաբեռնվածությունից։

Ինչպես և սովորաբար լինում է, չհարմարվող ֆուտբոլիստին ակումբը ուղարկեց «կարգով ցածր գործուղումների»։ Նախ Էդոարդո Բորտոլոտին հայտնվեց «Պալացոլո» ակումբում, որն այդ ժամանակ ելույթ էր ունենում Իտալիայի երրորդ դիվիզիոնում։ Սակայն կարիերան «կոմայից» հանել չհաջողվեց։ Նոր ակումբում Բորտոլոտին անցկացրեց մի քանի խաղով ավելին, քան «Բրեշիայում»։ Ակումբի ղեկավարներին չհամոզելուց հետո Էդոարդոն ընկավ ավելի ցածր լիգա՝ պայմանագիր կնքելով «Գավարդոյի» հետ։ «Բրեշիայի» սպորտային տնօրենը դեռևս առաջին գործուղման ժամանակ կտրուկ, բայց դիպուկ էր արտահայտվել երիտասարդ ֆուտբոլիստի մասին։

«Նա այլևս չէր կարող լինել պրոֆեսիոնալ մարզիկ ու ֆուտբոլիստ։ Նա ուներ հսկայական տաղանդ։ Սակայն Էդոարդուն չկարողացավ հաղթահարել նրա առջև ծառացած կենցաղային ու անձնական խնդիրները ու այդպես էլ մնաց հավերժ հեռանկարային, բայց չզարգացած աստղ»։

image 1200x675 1 960x540 - «Մարադոնայի հետնորդը». ինչպես կոկաինը սպանեց ամենատաղանդավոր իտալացիներից մեկին

Եվս մի քանի հանդիպում ցածր մակարդակի վրա անցկացնելուց հետո Էդոարդո Բորտոլոտին շատերի համար սենսացիոն հայտարարություն արեց։ Իտալիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարեց կարիերան վաղաժամ ավարտելու մասին։ «Հիմա ժամանակն է հեռանալու, այլևս չեմ կարողանում։ Գուցե տարիներ հետո, երբ գա ժամանակը, ես կասեմ՝ ինչ է իրականում ինձ հետ տեղի ունեցել», – սրանք Էդոարդո Բորտոլոտիի վերջին խոսքերն էին որպես ֆուտբոլիստ։

Կարիերան ավարտելուց հետո Էդոարդոն կտրվեց արտաքին աշխարհից, ու վերադարձավ հայրական տուն, որտեղ նրան միշտ սպասում էին։ Եկավ մի պահ, երբ նախկին ֆուտբոլիստը գնաց փորձելու իր ուժերը հրշեջ ծառայությունում, քանի որ ընտանիքում գումար աշխատող չկար. Էդոարդոյի հորն ազատել էին աշխատանքից։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Բորտոլոտին նշել էր, որ ցանկանում է վերադառնալ մեծ ֆուտբոլ։ Դրա համար նրան հարկավոր է մի փոքր հանգիստ, և ամեն ինչ կկարգավորվեր, ու նա նորից դաշտ դուրս կգա, սակայն հանգստանալու փոխարեն Էդոարդոն ավելի թաղվեց ֆինանսական ու հոգեբանական խնդիրների հորձանուտում։

1995 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան 09։30-ին Գավարդո փոքրիկ քաղաքի շարքային մի բնակիչ տան բակում գտավ իրեն անծանոթ երիտասարդի դի։ Ինչպես հետագայում պարզվեց, այդ շենքի 3-րդ հարկից իրեն նետած տղան դեռ ողջ էր, սակայն մինչև բժիշկների ժամանումը նա մահացավ։ Ներկաները մահացածին ճանաչեցին առանց դժվարության. Էդոարդո Բորտոլոտին էր։ «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Բրունո Բուլկին, որը ցանկանում էր վերականգնել ֆուտբոլիստի կարիերան, տարիներ անց Էդոարդո Բորտոլոտիի դեպքը հիշում է սրտի խորը կսկիծով։

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես նրան չստիպեի վերադառնալ պահեստայինների նստարան, այլ թողնեի մի լավ հանգստանալ ու վերականգնվել։ Ես ինձ ահավոր մեղադրում եմ դրա համար», – պատմում է Բուլկին։

Իտալիայում շատերն են հիշում վերջերս կյանքից հեռացած Դավիդե Աստորիի մասին, ամենուրեք հարգանքի տուրք են մատուցում նրան, մինչդեռ Էդոարդո Բորտոլոտիի մասին հիշում են քչերը։

«Բրեշիայում» ամեն տարվա հունվարի 8-ին անցկացնում են հիշատակի օր՝ նրա ծննդյան օրվա առիթով ու փաստում. իտալական ֆուտբոլը կարող էր ունենալ թոփ աստղ, սակայն արգելված պտուղի քաղցրությունն արեց իր չար գործը։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ինտերի» մեկնարկային կազմը «Ֆիորենտինայի» դեմ խաղի համար

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Նապոլին» ջախջախեց «Ուդինեզեին» ու գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նապոլիի» մեկնարկային կազմը

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Ռոման» գոլառատ խաղում պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

«Ինտերը» ջախջախեց «Բոլոնիային» (տեսանյութ)