«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ընդունել է, որ պատանի տարիքում հետևել է «Արսենալին», իսկ Թիերի Անրին և Նիկոլա Անելկան եղել են իր ֆուտբոլային կուռքերը:
Ե՛վ Անելկան, և՛ Թիերի Անրին ժամանակին հանդես են եկել «զինագործների» կազմում:
«Ես միշտ դիտել եմ Պրեմիեր լիգայի խաղերը: Հետևել եմ «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ այնտեղ էր խաղում Պատրիս Էվրան, որը նույն քաղաքից է ինչ և ես, ինչպես նաև «Արսենալին»՝ Թիերի Անրիի համար:
Իմ հերոսներն էին Թիերի Անրին և Զինեդին Զիդանը: Ինձ համար նրանք լավագույնն են: Ես սիրում էի հարձակվողներին` հատկապես 10 համարներին: Ինձ նաև դուր էր գալիս Նիկոլա Անելկան: Նա իսկապես լավ խաղացող էր՝ արագ և տեխնիկապես լավ պատրաստված»:
Բացի ֆրանսիացիներից, Մարսիալը նաև նշել է 2 բրազիլացի ֆուտբոլիստների, որոնք ևս մեծ ազդեցություն են ունեցել իր վրա:
«Իմ 2 մեծագույն հերոսներն էլ բրազիլացի են եղել՝ Ռոնալդինյոն և Ռոնալդոն: Նրանք հրաշքներ էին գործում ոտքերով: Հավանաբար իմ տարիքի ցանկացած ֆուտբոլիստ էլ ձեզ նույն բանը կասեր: Ես նայում էի այդ բոլոր խաղացողների մասնակցությամբ տեսանյութերը և հաճախ հենց խաղից առաջ դիտում էի նրանց առանձին հնարքներ, ապա փորձում դրանք կիրառել դաշտում:
Երբ ես փոքր էի, իմ սիրելի թիմը «Լիոնն» էր: Դա այն շրջանն էր, երբ ակումբում հանդես էին գալիս լավագույն խաղացողները: «Լիոնն» իմ թիմն էր և դա է պատճառը, որ ես դիմեցի հենց նրանց ակադեմիա»,- Մարսիալի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Լոնդոնյան ակումբը ժամանակին հետաքրքրված է եղել Մարսիալի ծառայություններով, բայց չի կարողացել պայմանավորվել «Մոնակոյի» հետ: Արդյունքում ֆրանսիացին 2015 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո