«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում - VNews
Բաժիններ

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Դժվար է առհասարակ ինչ-որ կերպ գնահատել Հայաստանի ընտրանու խաղը սկանդինավների դեմ։ Լավագույն դեպքում «խաղի բացակայություն»։ Ամբողջ հանդիպման ընթացքում գեթ վտանգավոր պահ չստեղծվեց, տղաները չարաշահում էին անհատական խաղը, համագործակցությունը 0-ից բարձր էր կես նիշով։ Խաղի նման բնորոշիչը կարելի է վերագրել ընտրանու բոլոր ֆուտբոլիստներին անխտիր։ Գնահատականներն էլ հարաբերական են։

Արամ Հայրապետյան – 5

Մեր դարպասապահը շարունակում է անվստահ ելույթների շարքը։ Յուրաքանչյուր խաղում անհաջող ելքեր դարպասից, ձախողված հարվածներ դեպի հարձակվողները։ Ընդ որում՝ վերջին երկու արտագնա հանդիպումներում Արամը ոչ մի տպավորիչ ցատկով աչքի չընկավ, ոչ մի արժեքավոր սեյվ չարեց, չոգևորեց թիմակիցներին իր վստահ խաղով։

Առհասարակ, մենք ունենք դարպասապահի լուրջ խնդիր։ Արամը թույլ է խաղում, Այվազովը գրեթե չի խաղում, Բեգլարյանն ընդհանրապես չի խաղում։ Ի՞նչ անենք։ Պետք է սպասել, մինչև Հայրապետյանը վստահությունը վերականգնի, չնայած էլ ու՜մ է պետք վերականգնել-վերականգնելը։

Արման Հովհաննիսյան – 5

Կամո Հովհաննիսյանի բացակայությունը ևս մեկ անգամ զգացվեց։ Այնպես էր ստացվել, որ այս երկու մրցակիցները առավել հարմար էին Կամոյի համար։ Նրան փոխարինած Արման Հովհաննիսյանը չարդարացրեց սպասելիքները։ Մեր ձախ պաշտպանն ավելի շատ մարդաքանակ էր ապահովում խաղադաշտում, քան իրականում օգնում էր թիմակիցներին։

Այո, առանձին դրվագներում նա փորձում էր ինչ-որ բան կազմակերպել, սակայն 180 րոպեի ընթացքում 10 րոպե ակտիվությունը շատ քիչ է։ Միևնույն ժամանակ չենք մոռանում, նա իր նորամուտի հանդիպումներն էր անցկացնում, բարդ էր։

Վարազդատ Հարոյան – 5

Հարոյանն այս անգամ այդքան էլ վստահ չէր գործում։ Զգացվեց նրա խաղային պրակտիկայի պակասը։ Մեր ֆուտբոլիստը ոչ միշտ է ընդգրկվում «Ուրալի» մեկնարկային կազմում։ Նրա համագործակցությունը թիմակիցների հետ գրեթե չկար։ Այնպես չէ, որ Վարազդատը խիստ թիմային խաղացող է, սակայն եղած էլ բավական է լինում սովորաբար։

Այս անգամ նա չէր պահում կապը հենակետայինների հետ (նրանց էլ հերթ կհասնի), հեռահար փոխանցումները հիմնականում այնքան անհաջող էին, որ դուրս էին մնում արեգակնային համակարգից։ Մի խոսքով՝ ինքն իրեն նման չէր։

Հայկ Իշխանյան – 4,5

Հայկ Իշխանյանն իր անմիջական պարտականությունը կատարեց բավական լավ։ Նրան դուրս էին բերել խաղադաշտ երկրորդ հարկում մրցակցին հակակշիռ լինելու համար։ «Ֆինները հիմնականում վերևով են խաղում» թեորիան այս խաղում փշուր-փշուր եղավ, քանի որ բոլոր գոլերը եկան ներքևից։

Իսկ ներքևից Իշխանյանը թեպետ ամուր պաշտպան է, սակայն ավելի դանդաղ է, քան նույն Չալըշըրը։ Բոլոր գոլերը եկել են կենտրոնից, Պուկին պոկվել է Իշխանյանից արագության վրա։ Վերևից խաղալու դեպքում գուցե նման բաներ չլինեին, բայց եղան։

Հովհաննես Համբարձումյան – 6

Մեր հավաքականի պաշտպանության աջ թևը սովորաբար լինում է պաշտպանված։ Այս երկու հանդիպումներն էլ բացառություն չեղան։ Ֆինները հիմնականում գրոհում էին կենտրոնով, իրենց ձախ թևը քիչ էին օգտագործում։

Հովհաննես Համբարձումյանն այլևս այն երիտասարդը չէ, սակայն օգնում է նվիրվածությունը և գրոհներին քիչ միանալը։ Հատկապես քիչ էին կոնկրետ այս  խաղում։ Հովհաննեսին մի միավոր ավելին ենք տալիս, որովհետև պաշտպանվելիս նա ավելի հաջող է գործել, քան թիմակիցները։

Արտակ Գրիգորյան – 5

Արտակի մասնակցելը խաղին կասկածի տակ էր։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց Լիխտենշտեյնի հետ խաղը։ Անկասկած, եթե ընտրանու առաջին խաղին նա մասնակցեր, ֆինների հետ ավելի լավ կխաղար։ Իսկ այդպես հանպատրաստից մտնել նման լուրջ խաղի, հանցագործություն է։

Գրիգորյանը լիարժեք հանդիպում չանցկացրեց, սակայն այդքանն էլ էր բավական միջին մակարդակի հանդիպում անցկացնելու համար։ Արտակի համար միջինը հավասար է բացասականի։ Կենտրոնում Գրիգորյանը շատ էր գնդակ կորցնում, չէր հասցնում, այդտեղից էլ մրցակիցների անդադար գրոհները միջին գծից այսկողմ։

Ռումյան Հովսեփյան – 5

Վատ հանդիպում անցկացրեց մեր կիսապաշտպանը, բացարձակ չկատարեց իր առջև դրված խնդիրը։ Բայց այստեղ էլ հարցեր պետք է ուղղել Արմեն Գյուլբուդաղյանցին։ Կրեատիվ , կառուցողական ոճի կիսապաշտպանին տեղավորել հենակետային գոտում նույնն է, ինչ հարձակվողին դնել ծաղկի խանութում առաքիչի պաշտոնում։ Ամեն ինչ կփչացնի՝ բնականաբար չցանկանալով։

Ռումյանը չէր կարողանում լիարժեք ցույց տալ իր ունակությունները, մենք ոչ առաջին, ոչ էլ երկրորդ համարով գրոհելիս չէինք խաղում Ռումյանի միջոցով, հետևում էին երկար ու անհեթեթ փոխանցումներ, երբ էլ վերցնում էր գնդակը Հովսեփյանը, նրան շրջափակում էին, գրոհը «խեղդվում» էր դեռ չսկսած։

Գևորգ Ղազարյան – 5

Մեր ընտրանու նորաթուխ ավագը Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ կատարում էր հարձակվողական ոճի կիսապաշտպանի պարտականությունները, սակայն եթե Հենոյի համար այդ դիրքը հարազատ է, Գևորգն իրեն ավելի լավ է զգում ձախ թևում։ Մարդուն կտրել բերել էին միջին գոտի, որտեղ նրա խաղը չէր ստացվում։

Ղազարյանը տիրապետում է հեռահար ուժեղ հարվածների, սակայն մրցակիցը մեզ շատ լավ էր ուսումնասիրել։ Գիտեին մեր ֆուտբոլիստի ուժեղ և թույլ կողմերը։ Նրա փոխանցումները չէին երևում, հարվածները ոչ միայն չէին երևում, այլև չկային։ Ցավոք, Ղազարյանն այս անգամ չփայլեց։

Սարգիս Ադամյան – 4

«Բավարիայի» դարպասը դուբլելուց հետո Ադամյանին Լիխտենշտեյնի հետ հանդիպման մեկնարկային կազմում չդնելու համար կարելի էր հորինել քրեական օրենսգրքում հատուկ կետ, որի պատիժը կլիներ գնդակահարություն։ Սակայն գաճաճ երկրի հետ խաղում Ադամյանն ավելի շատ իր ստվերն էր հիշեցնում։

Այս նույն հոդվածը կարելի էր կիրառել հակառակ պարագայում ընդամենը օրեր անց, սակայն Ադամյանը նորից մեկնարկային կազմում էր ու խաղաց մինչև վերջ։ 90 րոպեի ընթացքում նա ստացավ դեղին, 2 անգամ գնդակը անցկացրեց մրցակցի ոտքերի արանքով։ Վերջ։ Այդքանով Սարգիս Ադամյանի գոյությունը խաղադաշտում սահմանափակվեց։

Տիգրան Բարսեղյան – 5,5

Եթե Լիխտի հետ խաղի առաջին կեսում Բարսեղյանը պարզապես լավագույնն էր մոլորակի վրա։ Այս անգամ ոչ միայն առաջին, այլև երկրորդ կեսում, ընդհուպ մինչև փոխարինումը, ոչնչով աչքի չընկավ։

Նորից պետք է խոսել մրցակցի մարզչական շտաբի գերազանց աշխատանքի մասին։ Նրանք լիարժեք հասկացել էին Տիգրանի ուժեղ կողմերը։ Առաջին կեսում Տիգրանն ավելի փակ էր, քան կոդավորված iPhone-ը։ Երկրորդում մեկ երկու անցում արեց Բարսեղյանը, սակայն ոչ ավելին։

Ալեքսանդր Կարապետյան – 4,5

Երբ լավն է լինում Կարապետյանը, մենք անպայման դնում ենք բարձր գնահատականը։ Սակայն այս անգամ բարձր գնահատական, անգամ միջին գնհատական դնելը մեծ շռայլություն է մեր հարձակվողի համար։ Կարապետյանը միայնակ էր խաղում, սովորականի պես չէր նահանջում, գնդակ խաղարկում թիմակիցների հետ, այլ առանց գնդակի զբոսնում էր ցուրտ եղանակին։

Արաս Օզբիլիս, Գոռ Մալաքյան, Էդգար Բաբայան – գնահատական չունեն

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Կապառոսն այլևս չի համբերում. «Արդեն մտածում ենք միջազգային խաղերի մասին»

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Պաշտոնական. Սոլոմոն Իմե Ուդոն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը

Երբ են խաղալու Հայաստանի հավաքականն ու հայկական ակումբները՝ եվրագավաթներում