Մեսին նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը՝ աշխարհում լավագույնի կարգավիճակով - VNews
Բաժիններ

Մեսին նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը՝ աշխարհում լավագույնի կարգավիճակով

10 տարի առաջ գուցե ոչ ոքի մտքով չանցներ, որ 2020 թվականին Լիոնել Մեսին՝ 33 տարեկանում, կրկին գերիշխելու է ֆուտբոլում ու լավագույնն է լինելու աշխարհում:

Այսօր դե ֆակտո և դե յուրե աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը: Այո՛, նրա լավագույնը լինելը չի վկայում միայն 2019-ին ստացած «Ոսկե գնդակը», նրա լավագույնը լինելը մենք ամեն շաբաթ տեսնում ենք խաղադաշտում: Անհատապես Լեոն լավագույնն էր 2019-ին, լավագույնն է նաև այս տարի՝ թեպետ այս տարվան ֆուտբոլային գնահատականներ տալն այնքան էլ ճիշտ չէ, ու գուցե, տարվա վերջում նույնիսկ «Ոսկե գնդակ» մրցանակ չհանձնվի, սակայն մինչև կորոնավիրուսի դադարն ու դրանից հետո Մեսին իր նույն ֆուտբոլն է խաղում: Դժվար է ասել՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության, թե բացառիկ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է, որ Մեսին մինչև 33 տարեկանում կարողացել է ֆուտբոլային գագաթին պահել իր խաղամակարդակն ու անգամ կատարելագործվել, բայց այն, որ արգենտինացին ֆիզիկապես գրագետ է գործում ու դեռ ցուցադրում է իր լավագույն հատկանիշները՝ անհավանական փաստ է:

Աշխարհում չկա մի ֆուտբոլիստ, որից իր թիմն այնպիսի կախում ունենա, որքան «Բարսելոնան» ունի Մեսիից. Թիմի լավագույն ռմբարկուն (26 գոլ) լավագույն ասիստենտը (15 գոլային փոխանցում) և ամենաշատ վտանգավոր պահ ստեղծող ֆուտբոլիստը (67). ստացվում է, որ Մեսին «Բարսելոնայում» ոչ թե մեկ ֆուտբոլիստ է, այլ մի ամբողջ հարձակման գիծ, որը խաղադաշտում կատարում է 2-3 ֆուտբոլիստի՝ թոփ կենտրոնական հարձակվողի և թոփ խաղարկողի դեր: 33-ամյա Մեսիի հարվածներն ու պահերի իրացումն ավելի հղկված է, անցումները նույնքան արդյունավետ, խաղադաշտը տեսնելու կարողությունը՝ նույնքան անկրկնելի: Պակասել է միայն արագությունը, ինչը թույլ չի տալիս Մեսիին նախկինի նման գործել ավելի շատ եզրից, սակայն 33 տարեկանում այլ կերպ հնարավոր էլ չէր:

Միայնության մեջ

Մեսիի կարիերայում այնպիսի փուլ է եկել, որ նա իրեն թե՛ «Բարսելոնայում», թե՛ Արգենտինայի հավաքականում միայնության մեջ է զգում:

«Բարսելոնայում» կարիերայի սկզբում Մեսին ուներ աստղային ու փորձառու ֆանտաստիկ խաղընկերներ՝ Ռոնալդինյո, Անրի, Էտո՛օ, Դեկու: Հետագայում արդեն եկավ ոսկե սերունդը՝ Չավի, Բուսկետս, Ինիեստա, Պույոլ, Ալվես, Պեդրո: Ավելի ուշ արդեն՝ MSN եռյակը՝ Նեյմարի ու Սուարեսի հաճելի ընկերակցությամբ:

Բայց հիմա Մեսին առավել, քան մենակ է: Գրիզմանի հետ համագործակցությունը, մեղմ ասած, չի ստացվում. նրանք չեն կարողանում լավ լեզու գտնել ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ խաղադաշտից դուրս: Երկուսն էլ կարող են խաղալ ենթահարձակվողի կամ հենց կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց, բնականաբար, այդ երկու դիրքն էլ զբաղեցնում է Մեսին, իսկ հարձակման ձախ եզրում՝ իր համար անսովոր դիրքում գործող Գրիզմանն իրեն չի գտնում, ինչն ավելի քան տրամաբանական է: Լուիս Սուարեսն էլ երկար ժամանակ վնասվածք ուներ, վնասվածքից հետո էլ մարզավիճակ ձեռք բերելը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով նաև ուրուգվայցու տարիքը:

Չավի-Ինիեստայի հետ առանց միմյանց նայելու ու կես խոսքից հասկանալու խաղարկումները չկան, չկան նաև ձախ եզրից բացվող Նեյմարն ու հարձակման կենտրոնում պահերն իրացնող նախկին Սուարեսը: Սակայն հենց այդ միայնությունն է ցույց տալիս Մեսիի՝ «Բարսելոնայում» ունեցած ահռելի նշանակությունն ու հենց իրեն՝ որպես մեծագույն ֆուտբոլիստ: Բոլորի բացակայության պայմաններում տեսնում ենք, թե ինչպես է Մեսին նահանջում ու Չավիի ու Ինիեստայի աշխատանքը կատարում՝ փորձելով խորքից սկսել գրոհները, Մեսին է փորձում կատարել վերջին փոխանցումն ու հենց ինքն էլ եզրափակում թիմի գրոհները: «Բարսելոնան» դեռ Լա լիգայի մրցավազքում ու Չեմպիոնների լիգայում է հենց Մեսիի շնորհիվ. ստացվում է, որ թիմային մարզաձևում մեկ ֆուտբոլիստը պայքարում է այլ ակումբների դեմ: Այդպիսի խաղացողներ ֆուտբոլի պատմությունը շատ քիչ է տեսել:

Մարտահրավերները

Չեմպիոնների լիգա

Այնպես չէ, որ Մեսին քիչ է հաղթել Չեմպիոնների լիգայում. ավելի կոնկրետ՝ 4 անգամ: ՉԼ 4 գավաթ ունենալը երազանք կլիներ ցանկացած ֆուտբոլիստի, նույնիսկ, օրինակ՝ Ռոնալդոյի ու Բուֆոնի պես լեգենդների համար, որոնք նույնիսկ մեկ անգամ իրենց հարուստ կարիերայում չեն նվաճել «մեծականջը»:

Բայց 33-ամյա Մեսիի համար Չեմպիոնների լիգան ևս մեկ անգամ հաղթելը դարձել է իսկական մարտահրավեր: Վերջին 5 տարիների ընթացքում «Ռեալը» 3 անգամ հաղթեց գավաթը, իսկ «Բարսելոնան» ամեն անգամ մոտ է լինում գավաթին, բայց ամեն անգամ ավելի ցավոտ ձևով է լքում մրցաշարը: Հատկապես ցավոտ էր նախորդ տարվա դեպքը, երբ Մեսին երկրպագուներին խոստացել էր «տուն վերադարձնել» ՉԼ գավաթը, սակայն «Բարսելոնան» անցավ «Էնֆիլդ» անունով դժոխքի միջով:

Այժմ դժվար է պատկերացնել այս «Բարսելոնային» Չեմպիոնների լիգան նվաճելիս. ակումբի վարած տրանսֆերային ու կադրային քաղաքականությունն ավելի քան վիճահարույց է, ներքին խոհանոցում՝ իսկական քաոս, թիմի կազմի միջին տարիքը գնալով մեծանում է։

Այնպես որ՝ Մեսին ամեն ինչ անելու է իր 5-րդ ՉԼ գավաթը նվաճելու և այդ թվով էլ Ռոնալդուին հավասարվելու համար:

Գոնե մեկ միջազգային տիտղոս

Մեսիի կարիերայի միակ սև բիծը Արգենտինայի հավաքականի հետ ոչ մի տիտղոս չնվաճելն է: 10 տարուց ավելի է, ինչ Արգենտինայի հավաքականը Մեսիի հետ մի ձախողումից մյուս ձախողումն է շարժվում. պարտված եզրափակիչներ, չիրացրած 11-մետրանոցներ ու արծաթե մեդալներ:

Մեսին, Մարադոնայի հետ հեռակա մրցակցությունում, ունի 2 հնարավորություն: Նայելով նրա խաղին՝ կարելի է վստահ ասել, որ Մեսին ոչ միայն կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Կոպա Ամերիկային, այլ նաև՝ 2022-ին կայանալիք Աշխարհի առաջնությանը: Բայց Արգենտինայի հավաքականում, գոնե մինչև հիմա, Մեսին նույն միայնությունն է զգում, ինչ «Բարսելոնայում». հին ու բարի խաղընկերները հեռանում են կամ ավելի տարեց դառնում՝ Մասկերանոն, դի Մարիան, Ագուերոն, Հիգուայինը (թեև վերջինի հեռանալը կարող է ավելի շատ օգտակար լինել «ալբիսելեստեի» համար), իսկ արգենտինացի ներկա աստղերը՝ Պաուլո Դիբալան կամ Մաուրո Իկարդին, այնքան էլ լավ «քիմիա» չունեն Մեսիի հետ: Միակ լուսավոր կետը Լաուտարո Մարտինեսն է, որը ինչպես հավաքականում, այնպես էլ՝ «Բարսելոնայում» կարող է դառնալ Մեսիի նոր ընկերը:

Անհատական մարտահրավերները

Մեսին, ինչպես ասում են, աշխարհի տակ որքան ռեկորդ եղել է՝ իրենով է արել, որոնցից մի քանիսն ուղղակի ապշեցնում են.

  • Պատմության մեջ միակը, որ 10 մրցաշրջան անընդմեջ խփել է 40+ գոլ (2009/10-ից 2018/19)
  • Ներքին առաջնությունում ամենաշատ անընդմեջ գոլ խփած ֆուտբոլիստ (21 խաղում անընդմեջ, 33 գոլ)
  • Միակ ֆուտբոլիստը, որ 60+ գոլ է խփել 2 մրցաշրջանում անընդմեջ (2011/12, 2012/13)
  • Թոփ 5 առաջնությունների լավագույն ռմբարկուն (438 գոլ)
  • Ամենաշատ «Ոսկե խաղակոշիկը» (6)
  • ՉԼ պատմության մեջ 100 գոլի շեմը հատած ամենաարագ խաղացողը (123 խաղում)
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ ՉԼ-ում 100 խաղի է մասնակցել
  • Ներքին առաջնության մեկ խաղարկությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը (50 գոլ)
  • Ամենաշատ իսպանական տիտղոս հաղթած ֆուտբոլիստը (33 գավաթ)
  • «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (658 գոլ)
  • Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (70 գոլ)
  • Արգենտինայի հավաքականի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ (42 ասիստ)
  • Ամենաշատ «Ոսկե գնդակ» ստացած ֆուտբոլիստ (6)

Այդուհանդերձ՝ կան անհատական մրցանակներ ու ցուցանիշներ, որոնց Մեսին դեռ ցանկանում է հասնել՝

  • Դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն. այս պահին նա ունի խփած 114 գոլ, իսկ առաջին հորիզոնականում գտնվող Ռոնալդուն՝ 128:
  • Դառնալ ամենաշատը «Պիչիչի» մրցանակը նվաճած ֆուտբոլիստը. այս պահին նա ունի 6-ը, իսկ եթե հաղթի այս անգամ՝ կունենա 7-ն ու կշրջանցի Տելմո Սառային:
  • Դառնալ մեկ ակումբի համար ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ. եթե Մեսին ևս 14 գոլ խփի «Բարսելոնայում», կշրջանցի Պելեին, որը «Սանտոսի» կազմում խփել է 643 գոլ: Մեսին այս պահին իր հաշվին ունի 629 գոլ:
  • Հաղթել 9-րդ Լա լիգան 12 տարվա ընթացքում, և 11-րդը՝ իր անցկացրած 16 Իսպանիայի առաջնության խաղարկություններից:
  • Հավասարվել Ռայան Գիգսին՝ մեկ ակումբում նվաճած տիտղոսների քանակով: Մեսին «Բարսելոնայի» հետ հաղթել է 34 տիտղոս ու ևս 2-ը նվաճելու դեպքում կհավասարվի «Յունայթեդի» ուելսցի լեգենդին, որը, ինչպես արդեն հասկացաք, մանկունիանցիների հետ նվաճել է 36 տիտղոս:

Այսպիսին է իրավիճակը 33-րդ տարեդարձը նշող Մեսիի իրավիճակը: Արգենտինայում ու «Բարսելոնայում» Մեսիի՝ ամեն մի վայրկյան մեծանալուց բոլորն են տխրում. նրանք լավ գիտեն, որ իրենց թիմն այլևս երբեք նույնը չի լինի առանց Մեսիի: Ֆուտբոլը՝ նույնպես:

 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

«Գրիզմանը վախենում է 1.5 մետրանոց ու հիվանդ երեխայի՞ց». Դյուգարիի սկանդալային հայտարարությունը

«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում»

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Գրիզմանը ծրագրում է հանդիպել «Բարսելոնայի» ղեկավարությանը

Թվեք բոլոր թիմերի անունները, որոնց դարպասը գրավել է Մեսին. VNews-ի Quiz-ը

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»

Գրիզմանի հայրը պատասխանել է Սետյենի խոսքերին (նկար)

Մեսին հատեց 700 գոլի սահմանը. ակտիվ ֆուտբոլիստների լավագույն ռմբարկուների հնգյակը