Միակ պարտությունը ճակատագրական էր Մանուել Պետրոսյանի համար - VNews
Բաժիններ

Միակ պարտությունը ճակատագրական էր Մանուել Պետրոսյանի համար

Հռոմում անցկացված շախմատային փառատոնում Հայաստանը ներկայացրած 3 շախմատիստներն էլ բավական հաջող ելույթներ ունեցան: Տիգրան Հարությունյանն ու Վահե Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով զբաղեցրին համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը: Նրանք ընդամենը կես միավոր զիջեցին լավագույն արդյունք ցույց տված ուկրաինացի Յուրի Սոլոդովնիչենկոյին և Գերմանիան ներկայացրած Վիտալի Կունինին: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Յուրի Սոլոդովնիչենկոն:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մանուել Պետրոսյանը 6 միավորով գրավեց 9-րդ տեղը: Մանուելը գերազանց էր մեկնարկել՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: 5-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց Յուրի Սոլոդովնիչենկոն՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Հաջորդ 4 պարտիաներում Մանուելը ևս հաշտություն կնքեց մրցակիցների, այդ թվում՝ նաև Տիգրան Հարությունյանի հետ:

Ավարտական տուրից առաջ Պետրոսյանը 6 միավորով ընթանում էր երկրորդ տեղում՝ ընդամենը կես միավորով հետ մնալով Յուրի Սոլոդովնիչենկոյից: Հաղթանակի դեպքում նա կարող էր դառնալ մրցաշարի հաղթող, սակայն պարտվեց Գերմանիան ներկայացրած Վիտալի Կունինին և նահանջեց 9-րդ հորիզոնական: Փաստորեն, միակ պարտությունը ճակատագրական եղավ Մանուել Պետրոսյանի համար:

Իսկ ահա Տիգրան Հարությունյանն ու Վահե Բաղդասարյանը 9-րդ տուրում հաղթեցին ու առաջ անցան Մանուել Պետրոսյանից: Հարությունյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: