Մինասյանի լուծումները մասամբ աշխատեցին, բայց «Լոռիին» չհաղթելու պատճառն այլ էր - VNews
Բաժիններ

Մինասյանի լուծումները մասամբ աշխատեցին, բայց «Լոռիին» չհաղթելու պատճառն այլ էր

«Արարատ-Արմենիա» - «Լոռի» խաղի տակտիկական մանրամասները

1․ Վարդան Մինասյանը փոխել էր խաղային սխեման և նախապատվությունը տվել 4-2-3-1-ին: Չեմպիոնն առաջնության գարնանային հատվածում առավելապես կիրառում էր 4-3-3 սխեման: Մեկնարկային կազմում էր հայտնվել Իլյա Անտոնովը, որը հենակետային դիրքում զույգ էր կազմել Ալֆոնսե Կասե Կոջոյի հետ: 2 հենակետայինով խաղալը գուցե կապված էր ավելի ամուր թիկունք ունենալու ցանկության հետ, քանի որ «Լոռին» շատ վտանգավոր է հակագրոհում: Առաջին րոպեից էր հանդես գալու նաև Անտոն Կոբյալկոն, որը վերջին շրջանում քիչ խաղաժամանակ էր ստանում: Իսկ թե ինչ հետաքրքիր գործառույթ ուներ ռուս հարձակվողի թիկունքում հանդես եկած Յուսուֆ Օտուբանջոն, կներկայացնենք քիչ անց:

«Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Արմեն Սանամյանը մեծ փոփոխությունների չէր գնացել: Նա թիմն ընդունել է վերելքի վրա: Ընտրվել էր 3-5-2 կամ 3-5-1-1 սխեման: Բացի Լուիս Մաթեուսից և Ռուսլան Զաերկոյից, որոնք դեռ չեն միացել վանաձորյան թիմին, այս անգամ որակազրկման պատճառով բացակայում էր նաև առանցքային ֆուտբոլիստ Ալեքսիս Ջիմի-Բենդը: Անսպասելի էր նաև նոմինալ ձախ պաշտպան Արթուր Ավագյանին պաշտպանության աջ թևում օգտագործելու որոշումը:

2․ «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբը յուրահատուկ որոշում էր կայացրել: Օտուբանջոն գործում էր ենթահարձակվողի դիրքում: Նա նախորդ խաղերում, ելույթ ունենալով որպես կենտրոնական հարձակվող, ոչ միայն հասցրել էր 3 գոլ խփել, այլև նոր որակ հաղորդել չեմպիոնի դիրքային գրոհներին: Բանն այն է, որ այդ հարձակվողը, ի տարբերություն Կոբյալկոյի կամ Օգանայի, շատ ավելի շարժունակ է, հաճախ է նահանջում ընդհուպ մինչև կիսապաշտպանություն, կարճ ասած՝ մասնակցում է գնդակի խաղարկմանը: Ահա և Օտուբանջոն «Լոռիի» դեմ խաղում պետք է աներ նույնը, բայց արդեն ավելի խորքից ու հարձակման կրակագիծը թողնելով Կոբյալկոյին:

«Լոռիի» դարպասն արդեն 276 րոպե ամուր փակի տակ է չեմպիոնի հետ մրցախաղերում

Որոշումը հետաքրքիր էր, բայց կոնկրետ այս մրցակցի հետ դիմակայությունում չարդարացրեց իրեն: Բանն այն է, որ Օտուբանջոյին կրնկակոխ հետապնդում էր «Լոռիի» հենակետային Դեյվիդ Ջուլիուսը՝ շատ դեպքերում զրկելով գնդակ ընդունելու հնարավորությունից: Բացի այդ, «Արարատ-Արմենիայի» նորեկը, լինելով գնդակով, ոչ միշտ էր օպտիմալ որոշումներ կայացնում, շատ էր խոտանը, ինչի մասին հետագայում խոսեց նաև Վարդան Մինասյանը:

3․ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսերի մեկնարկային հատվածում «Լոռին» տիրել էր նախաձեռնությանը և ակտիվ բարձր պրեսինգ էր կիրառում: Կար արագ գոլ խփելու մտադրություն, ինչը մեծապես կհեշտացներ թիմի խնդիրը: Սակայն «Արարատ-Արմենիան» առաջին խաղակեսի մեծ հատվածում լուրջ առավելություն ուներ, ինչն արտահայտվեց մի քանի իրական գոլային պահերով: Դե իսկ այն բանից հետո, երբ վանաձորյան թիմը մնաց 10 հոգով, ակնհայտ էր, որ ճնշումը նրա դարպասին ուղղակի սոսկալի է լինելու: Ի պատիվ Արմեն Սանամյանի գլխավորած թիմի՝ ֆուտբոլիստները հերոսաբար մաքառեցին ու անառիկ պահեցին դարպասը: Հրաշալի խաղ անցկացրեց դարպասապահ Վարդան Շահատունին, որը մի քանի դրվագներում փրկեց իր թիմին:

4․ «Արարատ-Արմենիայի» դիրքային գրոհները խաղ առ խաղ նոր որակ են ստանում: Այս անգամ էլ տեսանք մի քանի քայլեր, որոնք բարդ դրության մեջ դրեցին «Լոռիին»: Չեմպիոնին կենտրոնում հաջողվում էր քանակական առավելություն ստեղծել՝ ստանալով 4-ը 3-ի դեմ պատկեր: Դա առավել վառ ընդգծվում էր հատկապես առաջին խաղակեսում: Տեսեք՝ հենակետայիններ Կոջոյին ու Անտոնովին դիմավորում էին Շահինյանը և Աուզմենդին, Օտուբանջոյի դեմ, ինչպես նշեցինք, հանդես էր գալիս Դեյվիդը, իսկ ձախից կենտրոն միացող Մաիլսոն Լիման հիմնականում մնում էր առանց հսկողության: Սա թույլ էր տալիս ավելի հեշտ ու արագ խաղարկել գնդակը: Լիման, ձախ եզրը թողնելով միացող պաշտպան Ալեքս Ջունիորին, «հանգիստ խղճով» տեղաշարժվում էր կենտրոն:

Սա մեծ իրարանցում էր առաջացնում «Լոռիի» շարքերում: Եղան մի քանի դեպքեր, երբ Լիմային ընդառաջ գնաց աջ պաշտպան Ավագյանը՝ իր եզրը, փաստորեն, թողնելով ազատ:

Դրվագի 1-ին հատվածը․ Ավագյանը դուրս եկավ դիմավորելու Լիմային՝

Դրվագի 2-րդ հատվածը․ եզրը մնաց ազատ, Ալեքսն այնտեղ գնդակ ստացավ՝

Նմանատիպ ևս մեկ դրվագ՝

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների՝ եզրերից փոխանցումներն իրենց մեջ մեծ վտանգ էին պարունակում: Համարյա նույն պատկերն էր նաև հակառակ եզրում, որտեղ գրոհներին մասնակցում էին թե՛ Արթուր Դանիելյանը, թե՛ Ֆուրջել Նարսինգը: Հայ պաշտպանը հաճախ հենց կենտրոնով էր ճեղքումներ իրականացնում: «Լոռիի» ձախ եզրային Դիոգո Կոելյոն, դիմավորելով Դանիելյանին, իր եզրում առանց հսկողության էր թողնում «պայթյունավտանգ» Նարսինգին:

Վանաձորյան թիմի մարզչական շտաբն առաջացած խնդիրներին փորձեց վերջ դնել դեռ առաջին խաղակեսում: Հարձակվող Մազիերոն սկսեց խաղալ ավելի խորքից, բայց նա բավականաչափ լավ չէր աշխատում պաշտպանությունում: Պատահական չէ, որ այդ ֆուտբոլիստն ընդամենը մեկ խաղակես անցկացրեց: Հետագայում Դեսիրեն լրացրեց այդ բացը: Իսկ կոնկրետ Լիմայի՝ ազատ մնալուն վերաբերող հարցին լուծում տրվեց ընդմիջումից հետո, երբ նրան դիմավորում էր արդեն ոչ թե Ավագյանը, այլ կենտրոնական պաշտպաններից Քրիստիան Խիմենեսը: Դա բաց չէր առաջացնում «Լոռիի» պաշտպանական գծում, քանի որ հյուրերը խաղում էին նոմինալ 3 կենտրոնական պաշտպանով: Սակայն խաղակեսի սկզբում Ալեքսանդր Յեուլեի կարմիր քարտը վերջ դրեց նման հակաքայլերին ու ազդարարեց «Արարատ-Արմենիայի» տոտալ առավելության մեկնարկը:

5․ Հայաստանի չեմպիոնն այս խաղում լուրջ խնդիրներ ունեցավ միայն հանդիպման մեկնարկում, երբ չէր հաջողվում հաղթահարել «Լոռիի» բարձր պրեսինգը: Հետևում էին բարձրից փոխանցումներ դեպի Անտոն Կոբյալկոն, սակայն գաղտնիք չէ, որ վանաձորյան թիմի պաշտպանները ֆիզիկապես շատ ուժեղ են, իրենց լավ են զգում մենապայքարների ժամանակ, և նրանք համարյա միշտ հեռացնում էին գնդակը: Միաժամանակ պետք էր հիշել, որ «Արարատ-Արմենիան» չի մոռացել՝ ինչպես կարելի է արագ հակագրոհով պատժել մրցակցին: Կարմիր քարտի դրվագը ծնվեց կենտրոնում պարզ իրավիճակում թույլ տված սխալի հետևանքով, իսկ մնացածն էլ վարպետորեն արեցին դաշտի տերերը:

Վարդան Մինասյան․ «Ամեն ինչով գերազանցեցինք մրցակցին, բայց վերջին փոխանցումն ու հարվածը չէին ստացվում» (տեսանյութ)

6․ «Լոռին» միակ թիմն է, որին «Արարատ-Արմենիան» այս առաջնությունում ոչ միայն դեռևս չի հաղթել, այլև գոլ չի խփել: Սակայն, ինչպես նշեց նաև Մինասյանը, մեծ է տարբերությունն այս ու նախորդ 2 խաղերի միջև: Վանաձորյան մրցավեճում դաշտի տերերը բոլոր առումներով գերազանցեցին մրցակցին ու հաղթեցին 2-0 հաշվով, իսկ երևանյան հանդիպմանը թեև գոլ չարձանագրվեց, «Լոռին» իր հակագրոհներով մի քանի անգամ լրջորեն սպառնաց չեմպիոնի դարպասին: Այս անգամ պատկերն այլ էր: Դեռևս 11-ը 11-ի դեմ խաղալու ժամանակ ամեն ինչ գնում էր նրան, որ «Արարատ-Արմենիան» ուր որ է բացելու է հաշիվը: Դա ակնառու էր հատկապես առաջին կեսում: Սակայն Շահատունին ոչ միայն պարզապես փրկեց իր թիմին, այլև ոգեշնչեց թիմակիցներին, նրանց պայքարելու նոր հույս տվեց: «Արարատ-Արմենիայի» հետ հիմնականում չարկատակ խաղաց հենց գոլային պահերի վատ իրացումը:

7․ Ի՞նչ զարգացում է սպասում «Լոռիին», այս պահին դժվար է ասել: Անդրադառնալով «Շիրակի» հետ հաղթական հանդիպմանը (2-1)՝ նշել էինք, որ թիմը գարնանային հատվածում խաղային նոր մակարդակ է ձեռք բերել: Դավիդ Կամպանյայի թիմն աշնանային հատվածում ուներ լավ արդյունքներ, սակայն իր ցուցադրած խաղով տպավորել էր միայն մի քանի առանձին հանդիպումներում: Տարվա առաջին մրցավեճերն ակնարկեցին դրական փոփոխությունների մասին, սակայն վրա հասավ իսպանացի մասնագետի՝ ակումբը լքելու պահը:

Իսկ ահա «Արարատ-Արմենիան», չնայած վերջին 2 խաղում նույնքան ոչ-ոքի գրանցելուն, շարունակում է աճել: Նախ, թիմի կազմն էլ ավելի է ուժեղացել: Եվ հետո, սա տակտիկապես ավելի հասուն թիմ է: «Արարատ-Արմենիան» արդեն սովորում է հաղթել ոչ միայն կարգի կամ իր խաղը մրցակիցներին հարմարեցնելու/հիմնականում հակագրոհներով գործելու, այլև մարտավարական ավելի բարդ հմտությունների հաշվին: Խոսքը փակ ֆուտբոլ խաղացող թիմերի դեմ հանդիպումներում արդյունքների հասնելու մասին է: Վարդան Մինասյանը, ձեռքի տակ ունենալով լավ կատարողների, հենց այդ ուղղությամբ է զարգացնում թիմը: Այլ ելք չկա, քանի որ այսօր քչերն են համարձակվում նախաձեռնողական ֆուտբոլ խաղալ «Արարատ-Արմենիայի» դեմ: Դրա հետ էր կապված նաև սխեմայի փոփոխությունը (4-3-3) և Օտուբանջոյի պես հարձակվողին հրավիրելը: Բայց սա դեռ քիչ է: Չեմպիոնը դեռ օգտագործում է իր պոտենցիալի ընդամենը 50-60%-ը: Սա հիմա այն կոլեկտիվն է, որը, բացի արդյունքներից, պիտի նաև խաղային որակ ցուցադրի:

Դա՝ հարձակման մասով, իսկ պաշտպանական առումով դրականն ավելի գերակշռող է: Թիմը 2020-ին անցկացրած 6 պաշտոնական մրցավեճում ընդամենը 1 գոլ է բաց թողել (դա էլ՝ ստանդարտի հետևանքով): Թիմային բարձր պրեսինգը հիմա ավելի լավ է իրականացվում: Գրոհում և պաշտպանվում է ամբողջ թիմը, սակայն կոնկրետ պաշտպանական գծում Սերգեյ Վակուլենկոյի պես խաղացողի հայտնվելը շատ մեծ բան է փոխել Հայաստանի չեմպիոնի գործողություններում: Նա շատ հուսալի պաշտպան է: Խաղալով Վակուլենկոյի կողքին՝ իրեն սկսել է ավելի վստահ զգալ նաև մինչ այդ ոչ պարտադիր սխալներով աչքի ընկնող Անժելո Մենեզեսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

ԲԿՄԱ-ն արժանի դիմադրություն ցույց տվեց «Լոռիին»․ VNews-ի ֆոտոշարքը նրանց միջև գավաթային խաղից

VBET Հայաստանի գավաթ․ ԲԿՄԱ – «Լոռի»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

Դավիդ Կամպանյա․ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը ծանր պահին չկոտրվեց և պայքարեց» (տեսանյութ)

Քամբեքը կայացավ․ «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլային» (տեսանյութ)

Գերկամային որակներ․ Լիմայի դուբլի շնորհիվ հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

«Ֆոլան» 11-մետրանոց հարվածով առաջ անցավ հաշվի մեջ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» և «Ֆոլան» մեկական գոլ խփեցին (տեսանյութ)