fbpx
Բաժիններ

Մինասյանը ճիշտ էր․ «Արարատ-Արմենիան» տակտիկապես հաղթեց «Սաբուրթալոյին»

«Այսօր տակտիկապես ճիշտ ֆուտբոլ խաղացինք: Ցանկանում էինք հավասար խաղամակարդակ ցուցադրել առաջին ու երկրորդ խաղակեսերում, և մենք արեցինք դա: Դրա համար էլ հաղթեցինք»,- «Սաբուրթալո» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումից հետո ասաց Վարդան Մինասյանը: Փորձենք հասկանալ՝ ինչ բաղադրիչներ ուներ այդ «տակտիկապես ճիշտ ֆուտբոլը»:

Առաջինը, որ աչքի զարնեց, «Արարատ-Արմենիայի» տակտիկական սխեմայի փոփոխությունն էր: Վարդան Մինասյանը, որը շատ հազվադեպ է հրաժարվում 4-2-3-1 սխեմայից, այս անգամ ընտրել էր 4-1-4-1-ը, որը որոշակի հատվածներում վերաձևվում էր 4-3-3-ի: Պետրոս Ավետիսյանը մնացել էր պահեստայինների նստարանին, քանի որ հարկավոր էր միջին գծում ապահովել կոմպակտություն: Միակ հենակետային Ալֆոնսե Կասեի առջևից գործում էին Արմեն Համբարձումյանն ու Գոռ Մալաքյանը, որոնց համագործակցությունը բավականին բեղմնավոր ստացվեց:

Մինասյանը միշտ հայտարարում է, որ իր թիմում չկան հիմնական կազմի և պահեստային ֆուտբոլիստներ: Ըստ մարզչի՝ մեկնարկային կազմն ընտրելիս առավելապես հաշվի է առնվում մրցակցի խաղաոճի գործոնը: Եվ քանի որ «Սաբուրթալոն» հրաշալի է կարողանում վերահսկել գնդակը և միշտ ցանկանում է իշխել խաղադաշտի միջին հատվածում, ծայրահեղ կարևոր էր այդ գոտին հուսալի պահելը: Ավետիսյանն անգնահատելի ուժ է դիրքային ֆուտբոլի ժամանակ, սակայն «Արարատ-Արմենիան» այս մրցավեճում էլ նախատեսել էր գնդակի վերահսկողությունը զիջել մրցակցին:

Մեկնարկը չափազանց գոհացուցիչ էր: Ֆուրջել Նարսինգը, որի կոպիտ սխալից էր «Արարատ-Արմենիան» բաց թողել «Սաբուրթալոյի» հետ նախորդ հանդիպման երկրորդ գոլը, փայլուն անցում ձեռնարկեց և գնդակը հրամցրեց Անտոն Կոբյալկոյին: Այդ «գիշատիչ» հարձակվողը գործի դրեց «մարդասպանի բնազդն» ու բացեց հաշիվը: Իսկ հետո Հայաստանի չեմպիոնը որոշեց տեմպը պահել ու տարածություններից իսպառ զրկել մրցակցին: Մեր թիմն անչափ բարձր պրեսինգի էր դիմում: Գործի էր դրվել 4-1-4-1 սխեման: Երբ մրցակիցը հաղթահարում էր «առաջին պաշտպան» Կոբյալկոյի ճնշումը, «ռազմադաշտ էր ներխուժում» Լիմա-Համբարձումյան-Մալաքյան-Նարսինգ քառյակը, վերջինիս թիկունքում էլ տեղակայվել էր Կասեն:

Շատ կարևոր էր նաև այն, որ թիմային շարժումը հիանալի էր ստացվում: Առջևի գծի ֆուտբոլիստների պրեսինգին ժամանակին էին արձագանքում նաև պաշտպանական քառյակի անդամները, որոնք անմիջապես առաջ էին գալիս ու բարձրից տեղակայում հետին գիծը:

Ամեն դեպքում, մերթընդմերթ ազատ տարածություն էր առաջանում Համբարձումյանի և Մալաքյանի թիկունքում: «Սաբուրթալոյի» 1-2 ֆուտբոլիստ փորձում էր տեղ զբաղեցնել այդ հատվածում ու գնդակ ստանալ:

Բայց Վրաստանի չեմպիոնը շատ հաճախ դիմում էր երկար փոխանցումների օգնությանը, հիմնականում եզրերից բարձրից ուղղահայաց փոխանցումներ էին հետևում առաջ: Մրցակիցը, հաշվի առնելով նախորդ հանդիպման փորձը, ջանում էր կրկին ճնշում գործադրել մեր եզրերի վրա՝ հուսալով, որ այս անգամ նույնպես ճեղքեր կառաջանան այնտեղ:

Վարդան Մինասյանը հանդիպումից առաջ խոսել էր խաղակեսերի միջև ուժերը ճիշտ բաշխելու մասին: Եթե մեր թիմը շարունակեր նույն տեմպով պրեսինգի դիմել, ապա մինչ ընդմիջում արդեն մեծ էներգիա ծախսած կլիներ, և երկրորդ խաղակեսում ուժերը կարող էին դավաճանել: Ուստի «Արարատ-Արմենիան» ժամանակ առ ժամանակ ավելի խորքից՝ կիսադաշտից էր դիմավորում մրցակցին՝ առջևում թողնելով միայն Կոբյալկոյին: Եվ հայկական թիմն ամեն ինչ շատ հստակ ու բարձր կարգապահությամբ էր անում: Ֆուտբոլիստների համակարգված բաշխվածությունը թույլ էր տալիս համարյա բացառելու վտանգավոր գրոհներ բաց թողնելու հնարավորությունը:

Մի կարևոր հանգամանք ևս․ դեռ երևանյան հանդիպումից առաջ հարց էր ուղղվել Գեորգի Պաշովին, թե ինչպես է դիմակայելու իր եզրում գործող ագրեսիվ հարձակվողին: Մինասյանը թույլ չտվեց, որ ֆուտբոլիստը պատասխանի՝ գաղտնիքները չբացահայտելու համար: Մտահղացումը կիրառվեց թե՛ առաջին, թե՛ պատասխան մրցավեճերի ժամանակ: Բայց այն ավելի արդյունավետ էր հենց Վրաստանում կայացած խաղում: Բանն այն է, որ Պաշովը բավականին բարձրից էր դիմավորում եզրային ֆուտբոլիստին, դեպքերի մեծամասնությունում՝ հենց մրցակցի կիսադաշտում: Բուլղարացուն այդ դեպքերում ապահովագրում էր կենտրոնական պաշտպան Անժելո Մենեզեսը, որը ստիպված էր լինում հասնել մինչև կիսադաշտ ու փակել մեկ այլ մրցակցի:

Հիշենք, թե «Արարատ-Արմենիան» ինչպես էր պաշտպանվում երևանյան խաղի ժամանակ: Այդ դեպքում օգտագործվում էր 4-4-2 սխեման, Ավետիսյանն ու Կոբյալկոն գործում էին առջևում: Բայց տարբերությունն այն էր, որ, ի տարբերություն աջ եզրային Նարսինգի, ձախ եզրային Լիման շատ մոտ էր գործում պաշտպանությանը՝ օգնելով Ռոժդի Աշենտեին: Առաջին խաղակեսում դա շատ լավ աշխատեց, սակայն ընդմիջումից հետո եղան անհատական սխալներ 2 եզրում էլ, ու ամեն ինչ «փլուզվեց»:

Մրցակիցն առաջին խաղակեսում ստեղծեց մի քանի վտանգավոր պահ, սակայն դրանցից երևի թե միայն մեկն էր իրապես սպառնալից: Առաջին 45 րոպեների խնդիրը կատարվեց: Սակայն 1-0 հաշվով հաղթանակը մեր թիմին չէր բավարարում: Հարկավոր էր ևս 1 գոլ խփել, բայց միաժամանակ անառիկ պահել սեփական դարպասը: Մինասյանն ընդմիջմանը փոխեց սխեման, ու թիմն արդեն պաշտպանվում էր 4-4-1-1 սխեմայով: Մալաքյանը նահանջել էր ու տեղ զբաղեցրել Կասեի կողքին, իսկ Համբարձումյանը մնացել էր Կոբյալկոյի թիկունքում:

Հիմա արդեն եկել էր Ավետիսյանի՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակը: Հարկավոր էր ավելի մեծ սրություն ապահովել առջևի գծում, փորձել վերադարձնելու գնդակի վերահսկողությունը, բայց «Արարատ-Արմենիան» շարունակելու էր ծայրահեղ ուշադիր խաղալ նաև պաշտպանությունում:

Մալաքյանին իրավիճակներից մեկում թվաց, թե մրցակիցն արդեն շրջանցել է Նարսինգին, թեև վերջինս վերահսկում էր նրա տեղաշարժը: Հայ ֆուտբոլիստն ընդառաջ դուրս եկավ, մրցակցի փոխանցումն անցավ, իսկ Մալաքյանի խաղային գոտին դատարկ մնաց: Գնդակն ընդունած խաղացողը վտանգավոր գրոհ զարգացրեց ու վաստակեց տուգանայինի իրավունք, երբ արդեն մտնում էր տուգանային հրապարակ:

Այդուհանդերձ, սա Մալաքյանի քիչ թերացումներից էր այս դիմակայությունում: Նա թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում կայացած հանդիպումներում խաղաց վստահ ու կատարեց իր առջև դրված խնդիրը:

«Արարատ-Արմենիան» ինտենսիվ ճնշում էր մրցակցին: Նրանից նախաձեռնությունը խլելը գործնականում չէր ստացվում, բայց ամենակարևորն այն էր, որ առկա էին առաջին խաղակեսի ռիթմն ու ամուր կապը խաղային գոտիների միջև: Հետո եղավ կոպտագույն սխալ «Սաբուրթալոյի» կողմից, երբ վրացական թիմի ֆուտբոլիստը գնդակը մեր կիսադաշտից ուղարկեց սեփական կիսադաշտ: Լիման հարվածային դիրք դուրս բերեց Կոբյալկոյին, 11-մետրանոց, Ավետիսյանը դիպուկ հարվածեց ու հաշիվը դարձրեց 2-0: Իդեալական սցենար՝ մեր թիմի համար:

«Արարատ-Արմենիան» խփած գոլից հետո վերադարձավ իր համար ավելի ավանդական՝ պաշտպանվելիս կիրառվող 4-4-2 սխեմային: Սկսեցին մրցակցին դիմավորել համարյա կիսադաշտից, մի խոսքով՝ աշխատում էին հնարավորինս հազվադեպ ռիսկի դիմել:

Մինասյանը թարմություն «ներարկեց» միջին գծին՝ Մալաքյանի փոխարեն խաղադաշտ մտցնելով Իլյա Անտոնովին: Չնայած մրցակիցը հատկապես վերջնամասում շատ լավ հնարավորություն ունեցավ գրավելու Հայաստանի չեմպիոնի դարպասը, մեր թիմի խաղային համակարգը գործեց համարյա առանց սխալների:

«Արարատ-Արմենիայի» կազմում վերջնամասում փոխարինման մտավ նաև հինգերորդ պաշտպանը՝ Ալեքսանդր Դամչևսկին:

Հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու պատմություն կերտել:

  • Այս հանդիպումն ապացուցեց, որ երևանյան պարտությունն իրականում ոչ թե մրցակցի շատ զորեղ լինելու, այլ «Արարատ-Արմենիայի» ընձեռած շանսերի հետևանքն էր: Երևանյան մրցավեճի երկրորդ խաղակեսում զգացվեց հոգնածության ու անհատական սխալների գործոնը, որոնցից էլ օգտվեց մրցակիցը: Մինասյանն այս անգամ հավասար էր բաշխել ուժերը խաղակեսերի միջև, և ամեն ինչ հարթ ընթացավ:
  • Մեր թիմն ուղղակի չէր կարող ավելի հարմար պահ գտնել երկրորդ գոլը խփելու համար: Եթե գոլն ուշանար, «Արարատ-Արմենիան» ուզած-չուզած բացվելու էր, և դա հղի էր լինելու մեծ վտանգներով: Իսկ արդեն կյանքի կոչված սցենարի հեղինակին հատուկ շնորհակալություն ենք հայտնում:
  • Չնայած տպավորիչ հաղթանակին՝ «Արարատ-Արմենիան» շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ դիրքային գրոհներ կազմակերպելիս: Դա նկատելի է նույնիսկ Բարձրագույն խմբի առաջնության խաղերում: Երբ մրցակիցը նրան հոժարակամ զիջում է գնդակը, «Արարատ-Արմենիան» ցույց չի տալիս իր լավագույն կողմերը, դրա համար էլ Մինասյանը հազվադեպ է փոխում մարտավարությունը: Թիմը պայմանական «Նոայի» հետ հանդիպմանը, երբ հաշիվը դարձնում է 1-0, ոչ թե փորձում է նույն տեմպով ճնշել մրցակցին, այլ հետ քաշվել և հակագրոհել:
  • Հենց այդ խնդիրն է պատճառը, որ թիմը չափից դուրս շատ է կիրառում երկար փոխանցումները Կոբյալկոյի ուղղությամբ: Մտահղացումն այն է, որ ռուս հարձակվողը հաղթի մենապայքարում և գնդակը փոխանցի եզրայիններից մեկին, որն էլ զարգացնի գրոհը: Սակայն գրոհները հիմնականում այդպես կառուցելը պարզունակ լուծում է չեմպիոնի համար: Տվյալ դեպքերում խաղն աշխատում են իրենց վրա վերցնել Ավետիսյանն ու Կասեն, որոնք գնդակի հետ վարվելու լավ կուլտուրա ունեն: Մինասյանը խորքից պաշտպանվող թիմերի հետ հանդիպումներում հենակետային գոտում միշտ հիմնական կազմում է ընդգրկում նաև Համբարձումյանին, որը լավ է տեսնում խաղադաշտն ու անհրաժեշտ պահին փոխում գրոհի ուղղությունը:
  • Հերթական անզուգական խաղն անցկացրեց կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզը: Նա հաղթեց բոլոր մենապայքարներում, որոնց մասնակցել էր: Եզրերից հետևող սուր փոխանցումներին արձագանքում էր ռեակտիվ արագությամբ: Նա դեռ նախորդ մրցաշրջանից ուղղակի անհավանական ֆուտբոլ է ցուցադրում, և կարելի է պնդել, որ Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն կենտրոնական պաշտպանն է այս պահին:
  • Եթե պաշտպանության առաջատարը Գուզն է, ապա միջին գծում նույն գործառույթը կատարում է Կասեն: Համոզված կարելի է ասել՝ նա այսօր անփոխարինելի ֆուտբոլիստ է «Արարատ-Արմենիայի» համար: Կոջոն, ինչպես իրեն հարգող ցանկացած հենակետային, հանդիսանում է թիմի «ողնաշարը» և գուցե որոշ չափով աննկատ, բայց հսկայածավալ աշխատանք է կատարում: Այդ ֆուտբոլիստը ցանկացած պահի կարող է փոխել խաղի ռիթմը, ճիշտ դադար պահել, «կարդալ» խաղադաշտում տեղի ունեցողն այնպես, ինչպես «Արարատ-Արմենիայում» ուրիշ ոչ ոք չի կարող:
  • Դե իսկ հարձակման գծում Կոբյալկոն «անմարդկային» արդյունավետություն է ցույց տալիս: Այն, որ նա բարձրակարգ գոլահար է, չի քննարկվում, բացի այդ՝ ճիշտ դիրք ընտրել գիտի, լավ մենապայքարներ է մղում ու ապակողմնորոշում պաշտպաններին: Բայց այստեղ կա նաև հոգեբանական կողմը: Երբ նա խաղադաշտում է, թիմի մարտական ոգին բացահայտորեն բարձրանում է:
  • Առջևում «Դյուդելանժի» հետ դիմակայությունն է: «Արարատ-Արմենիան» անցանելի մրցակից է ստացել, որի հետ, բնականաբար, հեշտ չի լինելու, բայց նաև իրատեսական է նրա արգելքը հաղթահարելը: Մինասյանը Հայաստանի հավաքականի հետ միասին ժամանակին, կարելի է ասել, 1 քայլով հետ մնաց բոլորիս բաղձալի երազանքից՝ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլից: Հիմա «Արարատ-Արմենիային» Եվրոպա լիգայի խմբային փուլից բաժանում է այդ 1 քայլը, ուստի հայ մասնագետն այս անգամ սխալվելու իրավունք չունի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Իլշատ Ֆայզուլին․ «Բացառությամբ «Նոայի» հետ խաղի՝ մենք մյուս հանդիպումներում խաղացել ենք այս մակարդակի վրա» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Երկրորդ կեսում ստեղծած պահերի քանակը բավարար կլիներ 4-5 խաղի համար» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում

Գոռ Մալաքյան․ «Հավաքականի մարզիչը ոչ պրոֆեսիոնալ պատասխան տվեց իմ մասին հարցին»

Հայկական ակումբների համար եվրամրցաշրջանը ռեկորդային էր մի քանի ցուցանիշներով

Արժանի 5 ֆուտբոլիստ, որ չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական