Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան - Լիխտենշտեյն խաղից - VNews
Բաժիններ

Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 3 տուր

08 Հունիս 2019 - 20:00

3

Հայաստան

0

Լիխտենշտեյն

1 - 0 Գևորգ Ղազարյան - 2`

2 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 18`

3 - 0 Տիգրան Բարսեղյան - 91`

Հայաստանի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին 3 միավորը վաստակեց՝ խոշոր հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց, որը հոբելյանական՝ 50-րդն էր մեր ընտրանու անցկացրած 204 հանդիպումներում: Մեր ֆուտբոլիստներն անցկացրած խաղերի միայն 24,5 տոկոսն են հաղթանակով ավարտել: Հիշեցնենք, որ առաջին հաղթանակը ՀՀ հավաքականը տոնել է անցկացրած 3-րդ խաղում՝ 1994թ. հուլիսի 16-ին «Հրազդանում» կայացած ընկերական մրցավեճում Արսեն Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասնելով Մալթայի ընտրանու նկատմամբ:

2․ Հայաստանի հավաքականը 2-րդ անգամ հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Առաջին անգամ դա մեր ֆուտբոլիստներին հաջողվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի մրցաշարում՝ 2-1:

3․ Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակն առաջինն էր աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական վերջին 8 հանդիպումներում: Մինչ այդ կայացած ընտրական 7 հանդիպումներից միայն մեկում (ղազախների հետ) էին մեր ֆուտբոլիստները միավոր վաստակել՝ խաղն ավարտելով ոչ-ոքի: Ընտրական մրցախաղերում ՀՀ հավաքականը նախորդ հաղթանակը տոնել էր 2017թ. մարտի 26-ին՝ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Երևանում աշխարհի առաջնության ընտրական խաղում 2-0 հաշվով պարտության մատնելով ղազախներին:

Իսկ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում Հայաստանի հավաքականը վերջին անգամ հաղթել էր գրեթե 8 տարի առաջ՝  2011թ. հոկտեմբերի  7-ին Երևանում Վարդան Մինասյանի գլխավորությամբ 4-1 հաշվով պարտության մատնելով Մակեդոնիայի ընտրանուն: Այդ խաղից հետո կայացած Եվրոպայի առաջնությունների ընտրական հաջորդ 11 մրցախաղերում Հայաստանի հավաքականն ընդամենը 2 ոչ-ոքի էր գրանցել, կրել էր 9 պարտություն, խփել էր 7 գոլ, սեփական դարպասը բաց էր թողել 20 գնդակ:

4․ Հայաստանի հավաքականն ընդհատեց առանց հաղթանակների 3 խաղերի շարքը (Լիխտենշտեյն՝ 2-2, Բոսնիա՝ 1-2, Ֆինլանդիա՝ 0-2): Մինչ այդ մեր ընտրանին վերջին անգամ հաղթել էր անցյալ տարվա նոյեմբերի 16-ին՝ Ազգերի լիգայի մրցաշարում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հյուրընկալվելիս 6-2 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:

Հենրիխ Մխիթարյանի մեկնաբանությունը Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ հրաշալի հաղթանակից հետո (տեսանյութ)

5․ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի համեմատ ՀՀ հավաքականը համեմատաբար հաջող է հանդես գալիս՝ մեկնարկային 3 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր: Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները Բերնար Շալանդի օրոք մեկնարկային 3 հանդիպումներում իրենց օգտին ընդամենը մեկ միավոր էին գրանցել (Դանիա՝ 1-2, Սերբիա՝ 1-1, Պորտուգալիա՝ 0-1):

Մեկնարկային 3 տուրերում ՀՀ հավաքականն ավելի բարձր արդյունք գրանցել է 2000 (Սուրեն Բարսեղյան), 2004 (Օսկար Լոպես՝ 2 խաղ, Միխայ Ստոյկիցա) և 2012թթ. (Վարդան Մինասյան) Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում:

6․ Լիխտենշտեյնը 12-րդ հավաքականն է, որին Հայաստանի ընտրանին հաղթեց խոշոր հաշվով: Այդ հաղթանակը 16-րդն է Հայաստանի ազգային հավաքականի անցկացրած 204 հանդիպումներում: Մեր ընտրանին 6-րդ անգամ հաղթեց 3-0 հաշվով, որն առավել հաճախ է գրանցվել խոշոր հաշվով տոնած հաղթանակներում: Իսկ մրցակիցներից առավել հաճախ՝ 4 անգամ ՀՀ հավաքականը խոշոր հաշվով պարտության է մատնել Անդորրայի ընտրանուն:

Պետրոս Ավետիսյան. «Հուսով եմ՝ հետագայում ավելի օգտակար կլինեմ ազգային հավաքականին»

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց: Մինչ այդ մեր ֆուտբոլիստները հաղթել էին Մակեդոնիայի (4-0) և Ջիբրալթարի (6-2) հավաքականներին: Գյուլբուդաղյանցի օրոք անցկացրած 7 հանդիպումներում ՀՀ հավաքականը 3 հաղթանակ է տոնել, կրել է նույնքան պարտություն, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել են 16 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 9 գնդակ:

7․ Գևորգ Ղազարյանը ՀՀ հավաքականի կազմում 12-րդ գոլը խփեց և ընդգրկվեց մեր ընտրանու լավագույն ռմբարկուների եռյակում: Առջևում Հենրիխ Մխիթարյանն (27 գոլ) ու Յուրա Մովսիսյանն են (14): Հայաստանի հավաքականում վերջին գոլը Ղազարյանը խփել էր անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Երևանում մակեդոնացիների հետ կայացած Ազգերի լիգայի խաղում: Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում Գևորգը 6-րդ գոլը խփեց: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն 8 գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանին:

Գևորգ Ղազարյան. «Գիտեինք, որ մրցակցի պաշտպանները թիկունքից այդպիսի գոլեր են թողնում» (տեսանյութ)

Գևորգն ընդգրկվեց ՀՀ հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը գրավելով 31 տարեկան 64 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Էրիկ Ասադուրյանին, որն աչքի էր ընկել 30 տարեկան 347 օրականում:

8․ Ալեքսանդր Կարապետյանն ու Տիգրան Բարսեղյանը Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումներում իրենց 2-րդ գոլերը խփեցին և դարձան դիմակայության լավագույն ռմբարկուները: Կարապետյանն աչքի էր ընկել անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Վադուցում կայացած Ազգերի լիգայի խաղում՝ ՀՀ հավաքականին փրկելով պարտությունից: Իսկ Բարսեղյանն անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած Ազգերի լիգայի խաղում դարձել էր Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը խփած հաղթական գոլի հեղինակը:

Կարապետյանն ու Բարսեղյանը բացեցին իրենց գոլերի հաշիվը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, որոնցում ՀՀ հավաքականն անցկացրած 61 հանդիպումներում 55 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:

Հաղթանակ, որը հավատ ներշնչեց. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումից

Ալեքսանդր Կարապետյանը ՀՀ հավաքականում անցկացրած 7 հանդիպումներում արդեն 3 գոլի հեղինակ է դարձել: Նա ևս ընդգրկվեց ՀՀ հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը գրավելով 31 տարեկան 167 օրականում: Կարապետյանը ցանկից դուրս մղեց Արթուր Ոսկանյանին, որն աչքի էր ընկել 31 տարեկան 30 օրականում: ՀՀ հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է (36 տարեկան 311 օրական):

9․Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց, որից 83-ը՝ ՀՀ հավաքականի մարզաշապիկով: Այդ հանդիպումներից 32-ում Մխիթարյանը կրել է Հայաստանի հավաքականի ավագի թևկապը:

10․ Արամ Հայրապետյանը ՀՀ հավաքականում անցկացրած 11 հանդիպումներում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Անցկացրած 204 հանդիպումներից ընդամենը 47-ում է Հայաստանի հավաքականի դարպասն անառիկ մնացել: Առավել հաճախ՝ 19 անգամ գոլ բաց չի թողել Ռոման Բերեզովսկին, որը 94 խաղում է պաշտպանել Հայաստանի հավաքականի դարպասը:

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

Մխիթարյանը հայտնվել է Ա սերիայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

«Ռոման» Մխիթարյանի և Վերետուի ստեղծած գոլը ներկայացրել է համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանը՝ «Ռոմա» – «Պարմա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

Ինչպես է Մխիթարյանը ստեղծում «Ռոմայի» գրոհներն ու գոլերը. Հենրիխի վիճակագրությունը

«Իսկական առաջատարի ձեռագիրը». Հիացական խոսքեր Մխիթարյանի խաղի վերաբերյալ

Անվիճելի առաջատարը. Մխիթարյանի գնահատականները «Պարմայի» հետ խաղում

«Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, նրանից շատ բան ենք սովորում». Վերետու

Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմա»-«Պարմա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը կենսական նշանակության հաղթանակ պարգևեցին «Ռոմային» (տեսանյութ)

Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը հավասարեցնում է հաշիվը «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում

«Ռոմայի» ֆուտբոլիստները ժամանեցին «Օլիմպիկո» (տեսանյութ)

3 բացակա. «Ռոմայի» հայտացուցակը «Պարմայի» դեմ խաղի համար