«Մխիթարյանի հետ ծանոթությունն ինձ համար մեծ իրադարձություն էր»․ Խորեն Բայրամյանի հարցազրույցը - VNews
Բաժիններ

«Մխիթարյանի հետ ծանոթությունն ինձ համար մեծ իրադարձություն էր»․ Խորեն Բայրամյանի հարցազրույցը

«Ռոստովի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը հարցազրույց է անցկացրել Sport24-ի հետ, որի ընթացքում խոսել է Հայաստանի ազգային ընտրանու շարքը համալրելու իր որոշման և այլ թեմաների մասին։

-Ի՞նչ զգացողություններ կան, Խորե՛ն․ այժմ դու խաղալու ես Հայաստանի հավաքականի կազմում․

-Իհարկե, մեծ ուրախություն կա ինչպես ինձ, այնպես էլ ընտանիքիս համար։ Հիմա հավանաբար լիարժեք չեմ հասկանում այս ամենը։ Կարծում եմ՝ պատկերն ամբողջական կլինի, երբ մեկնեմ Հայաստան, ծանոթանամ հավաքականին ու հանդերձարանում շփվեմ խաղընկերներիս հետ։ Առաջին անգամ, երբ հագնեմ հավաքականի մարզազգեստը, լիարժեք կհասկանամ, թե ինչ եմ զգում։ Անհամբերությամբ եմ սպասում այդ պահին։ Կարծում եմ՝ հրաշալի է լինելու։

-Ի՞նչ կարծիք ունես Հայաստանի հավաքականի մասին, ի՞նչ գիտես հավաքականի մասին․

-Կարող եմ ասել, որ մեր ֆուտբոլիստները որակապես լավն են, մենք միշտ ունեցել ենք մրցունակ ու ուժեղ կազմ։ Իհարկե, Հենրիխ Մխիթարյանն առանձնանում է, քանի որ նա հիանալի վարպետ է, օրինակ և կուռք, որին պետք է շատ երիտասարդներ հետևեն։ Հենրիխից բացի, ճանաչում եմ նաև Վատո Հարոյանին(Վարազդատ Հարոյան) «Ուրալից», նա շատ լավ պաշտպան է։ Վերջերս ծանոթացել եմ նաև Սաշա Կարապետյանի(Ալեքսանդր Կարապետյան) հետ։ Լավ խոսքեր կարող եմ ասել նաև հավաքականի մյուս ֆուտբոլիստների մասին։ Նրանք իսկապես տաղանդավոր ու արդյունավետ խաղացողներ են։ Նոր գլխավոր մարզչի՝ Խոակին Կապարոսի ժամանումով կարծում եմ՝ հավաքականի գործերը պետք է լավ ընթանան։

-Շատերը չեն կարողանում լիարժեք հասկանալ, թե ինչու էիր երկմտում ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերները։

-Իհարկե, շատ հեշտ է քննադատական կարծիք ասելը, սակայն այլ բան է, երբ դու Հենրիխ Մխիթարյանն ես, 23-24 տարեկանում խաղում ես շատ բարձր մակարդակով, իսկ իմ պարագայում մի փոքր այլ էր։ Եթե ես ավելի վաղ ընդունեի Հայաստանի հավաքականի հրավերը, ապա գուցե չկարողանայի հիմա լիարժեք բացվել այստեղ։ Հիմա, փա՛ռք Աստծո, ոչ մի խոչընդոտ չկա։ Կարծում եմ՝ հիմա ամեն ինչ լավ է լինելու։

-Դու խաղացել ես Հենրիխ Մխիթարյանի դեմ, իսկ հիմա նույն հանդերձարանից եք լինելու։ Ծանո՞թ ես նրա հետ։

-Հենրիխը եվրոպական մակարդակի աստղ է։ Մենք ծանոթացանք, երբ «Ռոստովը» խաղում էր Չեմպիոնների լիգայում։ Մեզ ծանոթացրել է Մարկո Դևիչը։ Մի քանի նախադասություն ենք փոխանակել ու հաջողություն մաղթել միմյանց։ Ինձ համար դա մեծ իրադարձություն էր։ Հիմա նույն հանդերձարանն եմ կիսելու նրա հետ։ Հիանալի զգացողություն կլինի։ Անհամբերությամբ սպասում եմ այդ պահին։

-Հայերե՞ն եք շփվել միմյանց հետ․

-Այո՛, հայերեն ենք խոսել։ Մենք միմյանց հարցրինք՝ ինչպես են գործերն ընթանում ու հաջողություն ցանկացանք։ Ընդհանուր առմամբ ես լավ եմ խոսում հայերեն, պարզապես Նոյեմբերյանի բարբառ ունեմ, Կոթի գյուղից եմ։ Դրա համար է, որ հայերեն խոսելուց առաջ երկար մտածում եմ՝ ճիշտ բառեր գտնելու համար։

-Խոսե՞լ եք Խոակին Կապարոսի հետ․

-Ո՛չ, մենք չենք զրուցել, բայց գիտեմ, որ նա խոսել է Վալերի Կարպինի հետ։ Ես կապի մեջ եմ եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ։

-Ի՞նչ ասաց Վալերի Կարպինը։

-Նա ամբողջությամբ աջակցեց ինձ, պաշտպանեց իմ ընտրությունը։ Ասաց, որ գնամ ու փորձեմ։ Նա միայն հաջողություններ ցանկացավ Հայաստանի հավաքականին։

-Այն փաստը, որ նոր մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվելու, նման ընտրություն կատարելու գլխավոր գործո՞նն է եղել։

-Այո՛, հենց լիմիտի սահմանափակումը հանվեց, ես միանգամից մտածեցի սրա մասին։ Եվ ոչ միայն ես, այլև հայկական ծագմամբ այլ ֆուտբոլիստներ։ Ես շատ ուրախ եմ սրա կապակցությամբ, որ վերջապես խաղալու եմ Հայաստանի հավաքականի կազմում։

-Այս իրադարձության վերաբերյալ առաջին շնորհավորանքներն ումի՞ց ես ստացել․

-Շնորհավորանքները շարունակական են ինչպես առօրյայում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին իրենց հաճելի խոսքերի ու աջակցության համար։ Ինձ իսկապես շատ հաճելի է։ Շնորհակալ եմ հայ երկրպագուներին։ Ես մտա Ինստագրամ և այլ սոցիալական ցանցեր, տեսա, որ մեծ թվով շնորհավորանքներ, ջերմ խոսքեր կան։ Ընտրությանս մասին առաջինն ասել եմ ընտանիքիս անդամներին, ու նրանք են առաջինը շնորհավորել ինձ։ Մինչև հիմա շնորհավորանքներ եմ ստանում։

-Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում․

-Երկու տարի առաջ։ Մենք այցելեցինք պապիս, Աստված հոգին լուսավորի։ Այն ժամանակ նա ողջ էր, մենք այցելեցինք բոլոր հարազատներիս։ Հիանալի ժամանակ էր։

-Հանդերձարանում սպասե՞նք «MI GNA («Մի՛ գնա») Super Sako & Hayko» հայկական հիթը լսելուն․

-«Ռոստովում» այդ երգը շատ են սիրում։ Հայկական երգերը սիրում են, հատկապես Պոպովը, քանի որ մեր ռիթմերը նման են բուլղարականին։ Իսպանական մարզչական շտաբին ու Վալերի Կարպինին նույնպես դուր է գալիս։ Տեսնենք՝ ինչ արդյունքներ կգրանցենք։ Եթե լավ ելույթ ունենանք, գուցեև հանդերձարանում հնչի այդ երգը։

-Ի՞նչ հույսեր ես կապում հավաքականի հետ․

-Ես հավատում եմ, որ մենք կորակավորվենք։ Կարծում եմ՝ հավաքականի տղաները նույնպես հավատում են։ Բոլորի համար դա գլխավոր նպատակ է, քանի որ Հայաստանի հավաքականը երբեք չի խաղացել մեծ մրցաշարում։ Որպես թիմ՝ Հայաստանի հավաքականը միշտ լավն է եղել, որակապես լավ ֆուտբոլիստներ է ունեցել։ Այո՛, գուցե ինչ-որ պահ չի ստացվել, հաջողությունը չի ժպտացել, սակայն մի օր հաստատ կստացվի։

-Հայաստանի հավաքականը նորից Խորիկ ունի․․․ Ձեր հայրը հաստատ պատմել է Խորեն Հովհաննիսյանի մասին․

-Իհարկե, հայրս ինձ հենց նրա պատվին է անվանակոչել։ Այդ ժամանակ բոլորն էին խոսում Խորեն Հովհաննիսյանի մասին։ Հայրս շատ է ֆուտբոլ սիրում, հետևաբար ինձ անվանակոչեց լեգենդար ֆուտբոլիստի պատվին։

-Հիմա Հայաստանի սահմանին լարված իրավիճակ է։ Գիտեմ, որ դու հենց Տավուշի շրջանից ես։ Ինչպե՞ս ես վերաբերվում իրավիճակին․

-Իհարկե սարսափելի է լսել այն, թե ինչ է տեղի ունենում հիմա Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ ամեն ինչ կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Մենք ի վերջո ապրում ենք 21-րդ դարում ու ցանկանում ենք, որ մարդիկ խաղաղ ճանապարհով լուծեն բոլոր հարցերը։ Ես չեմ ուզում՝ արյուն թափվի, անմեղ մարդիկ զոհվեն։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չի մեկնաբանել Հայաստանի հետ առաջիկա խաղը

La Gazzetta. Մխիթարյանի մտքերն Արցախում են. նրան հանգիստ կտրվի

ՈւԵՖԱ-ն չի ծրագրում փոխել Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը

Մխիթարյան. «Կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն կանխելու համար»

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս». Թիմերի հայտացուցակները

Մխիթարյան. «Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Ինձ դուր եկավ Մխիթարյանը որպես «կեղծ 9 համար»

Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»

Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանի վարկանիշային թիվը FIFA 21 տեսախաղում

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)