Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց - VNews
Բաժիններ

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Արտերկրում Հենրիխ Մխիթարյանի 13-րդ մրցաշրջանի մեկնարկը ՀՀ հավաքականի ավագի համար նշանավորվեց հաճելի հոբելյանով: «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը Մխիթարյանի հոբելյանական՝ 300-րդ խաղն էր արտերկրի առաջնություններում: Այդ հանդիպումները Մխիթարյանն անցկացրել է 4 երկրների 6 ակումբների կազմում: Հենրիխի ցուցանիշը ռեկորդային է արտերկրում հանդես եկած հայ ֆուտբոլիստների մեջ:

Արտերկրում Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան սկսվեց 2009թ., 20 տարեկանում: 2006թ. «Փյունիկում» նորամուտը նշելով Բարձրագույն խմբում, երիտասարդ ֆուտբոլիստն իր վարպետության և արդյունավետ ելույթների շնորհիվ կարճ ժամանակահատվածում արդեն մեծ ճանաչման էր հասել, ուստի պատահական չէր Դոնեցկի «Մետալուրգից» ստացված հրավերը:

2009թ. ընդամենը կես մրցաշրջան անցկացնելով «Փյունիկում», հունիսին Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Այդ պահին Հենրիխը Հայաստանի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը:

Ուկրաինայում Մխիթարյանը ոչ միայն կատարելագործեց խաղային իր որակները, այլև շարունակեց արդյունավետ խաղը: Մխիթարյանի նորամուտը «Մետալուրգում» շատ հաջող ստացվեց: Հուլիսի 16-ին Դոնեցկում Մինսկի «Պարտիզանի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում (3-0) Հենրիխը բացեց իր գոլերի հաշիվը՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը: Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության 29 հանդիպումներում 9 գոլի հեղինակ դարձավ:

Բնական էր, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը չէր կարող երկար մնալ «Մետալուրգում» ու չհայտնվեր Դոնեցկի ուժեղագույն ակումբի՝ «Շախտյորի» մարզիչների ուշադրության կենտրոնում: 2010թ. սեպտեմբերին նա տեղափոխվեց «Շախտյոր», որտեղ անցկացրած 2,5  մրցաշրջանի ընթացքում մասնակցեց Ուկրաինայի առաջնության 72 խաղի՝ դառնալով 38 գոլի հեղինակ: Հենց «Շախտյորի» կազմում էլ Հենրիխը նշեց արտերկրի առաջնություններում 100-րդ խաղի և Ուկրաինայի առաջնություններում 50-րդ գոլի հոբելյանները:

«Շախտյորում» Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդն ու ռմբարկուի հատկանիշները հատկապես վառ դրսևորվեցին 2012/13թթ. մրցաշրջանում: Հենրիխը 29 խաղում խփած 25 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանելով, որը մինչ օրս նույնիսկ չի կրկնվել: Իսկ պաշտոնական մրցումներում այդ մրցաշրջանում «Շախտյորի» կազմում Մխիթարյանի օգտին 29 գոլ գրանցվեց:

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

2013թ. ամռանը Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերայում հերթական կտրուկ շրջադարձը տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Բունդեսլիգայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հայկական ֆուտբոլի աստղին խաղային ունակությունները նորովի դրսևորելու ավելի լայն հնարավորություն ընձեռվեց:

«Բորուսիայում» էլ Մխիթարյանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր: Հենց այս թիմում է առայժմ առավել երկար խաղացել հայ ֆուտբոլիստն արտերկրի մյուս ակումբների համեմատ: Բունդեսլիգայում անցկացրած 3 լիարժեք մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 90 անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ խփելով 23 գոլ:

Հատկապես տպավորիչ էր թիմի կազմում անցկացրած վերջին՝ 2015/16թթ. մրցաշրջանը: «Բորուսիայում» անցկացրած պաշտոնական 52 հանդիպումներում Հենրիխը 23 գոլ էր խփել, գոլային 18 փոխանցումով դարձել էր Բունդեսլիգայում ամենաարդյունավետը, ֆուտբոլիստների միջև անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել էր Բունդեսլիգայի լավագույն խաղացող:

Մխիթարյանի համար նոր մարտահրավեր էր Անգլիայի Պրեմիեր լիգան: Մառախլապատ Ալբիոնում հայկական ֆուտբոլի ներկայիս աստղը հայտնվեց 2016թ. ամռանը՝ համալրելով անգլիական ամենատիտղոսակիր ու հանրահայտ ակումբներից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:

«Կարմիր սատանաների» կազմում պաշտոնական մրցումներում Մխիթարյանի նորամուտը կայացավ 2016թ. օգոստոսի 7-ին «Լեսթերի» հետ անցկացված Անգլիայի Սուպերգավաթի վճռորոշ խաղում՝ ավելացված ժամանակում փոխարինման մտնելով Խուան Մատայի փոխարեն: Առաջին իսկ ելույթը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաղթական էր Մխիթարյանի համար, որն Անգլիայում իր առաջին տիտղոսը նվաճեց:

Իսկ օգոստոսի 14-ին «Բորնմուտի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում Հենրիխը նորամուտը նշեց նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ հանդիպման 75-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային: Ի դեպ, դա Մխիթարյանի հոբելյանական՝ 200-րդ խաղն էր արտերկրի առաջնություններում:

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

«Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի կարիերան այնքան էլ հարթ չընթացավ: Հաճախակի վնասվածքների և Ժոզե Մոուրինյուի հետ բարդ փոխհարաբերությունների պատճառով Հենրիխը թիմում անցկացրած 1,5 մրցաշրջանի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայում միայն 39 հանդիպման մասնակցեց՝ խփելով ընդամենը 5 գոլ:

Սակայն Անգլիայում Մխիթարյանն իր կարիերայում նոր նվաճումների հասավ՝ դառնալով Եվրոպա լիգայի գավաթը նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը: Եզրափակիչ խաղում նա գրավեց հոլանդական «Այաքսի» դարպասը՝ 6 գնդակով դառնալով Եվրոպա լիգայի մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա դարձավ նաև Անգլիայի սուպերգավաթակիր և անգլիական լիգայի գավաթակիր:

«Արսենալն» արտերկրի 5-րդ ակումբն էր, որի մարզաշապիկը կրեց Մխիթարյանը ֆուտբոլային իր հարուստ կարիերայում: Այստեղ էլ Մխիթարյանը լիովին դրսևորեց ֆուտբոլային իր տաղանդը, որից հետո նախորդ մրցաշրջանում ուժերը փորձեց Իտալիայի A սերիայի առաջնությունում՝ վարձավճարով տեղափոխվելով «Ռոմա»: Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Մխիթարյանն իրեն լավ դրսևորեց՝ առաջնության 22 հանդիպումներում դառնալով 9 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշը Հենրիխի համար լավագույնն է արտերկրում անցկացրած վերջին 5 մրցաշրջաններում:

«Վերոնայի» հետ նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում, որը 300-րդն էր արտերկրի առաջնություններում, Հենրիխը խաղադաշտ դուրս եկավ արդեն որպես «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ: Իտալական ակումբն «Արսենալից» գնել է հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Հուսանք, որ Իտալիայում երկրորդ մրցաշրջանն էլ հաջող կդասավորվի Հենրիխ Մխիթարյանի համար և որ ամենակարևորն է, նրան շուտով կրկին կտեսնենք Հայաստանի ազգային հավաքականում՝ իր խաղընկերներին խաղադաշտ ուղեկցելիս:

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի ներկայիս աստղի ցուցանիշներն արտերկրի առաջնություններում տարբեր ակումբների կազմում:

Մրցաշրջան Ակումբ Խաղ (Գոլ)
2009/10 «Մետալուրգ» Դոնեցկ 29 (9)
2010/11 «Մետալուրգ» Դոնեցկ 8 (3)
2010/11 «Շախտյոր» Դոնեցկ 17 (3)
2011/12 «Շախտյոր» Դոնեցկ 26 (10)
2012/13 «Շախտյոր» Դոնեցկ 29 (25)
2013/14 «Բորուսիա» Դորտմունդ 31 (9)
2014/15 «Բորուսիա» Դորտմունդ 28 (3)
2015/16 «Բորուսիա» Դորտմունդ 31 (11)
2016/17 «Մանչեսթեր Յունայթեդ» 24 (4)
2017/18 «Մանչեսթեր Յունայթեդ» 15 (1)
2017/18 «Արսենալ» 11 (2)
2018/19 «Արսենալ» 25 (6)
2019/20 «Արսենալ» 3
2019/20 «Ռոմա» 22 (9)
2020/21 «Ռոմա» 1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» ու «Բորուսիան» արտագնա հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

Պաուլու Ֆոնսեկան խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»

Արտետա․ «Օզիլի նկատմամբ համբերատար եմ եղել, հնարավորություններ ընձեռել և արդար գտնվել»

Մահացել է 1966թ․ աշխարհի չեմպիոն, «Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նոբի Սթայլզը

Ֆոնսեկա. «Թիմը հարձակումը շատ դանդաղ էր գործում»

Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում

Ռեշֆորդը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը ԲԿՄԱ Սոֆիայի դեմ խաղի համար

Էրլինգ Հալանդի ֆանտաստիկ արդյունքը Չեմպիոնների լիգայում

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդը» Ուպամեկանոյին կարող էր գնել չափազանց ցածր գնով