-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չկա այնպիսի մարզասեր, որն իրեն բասկետբոլի երկրպագու է համարում, բայց չգիտի NBA-ի All-Star-ի մասին։
Ինչպես հայտնի է NBA-ը (Բասկետբոլի Ազգային Ասոցացիա) բաժանված է արևելյան և արևմտյան կոնֆերենցիաների, իսկ NBA-ի All-Star-ը կամ բոլոր աստղերի խաղն իրենից ներկայացնում է այդ երկու կոնֆերենցիաների ուժեղագույն բասկետբոլիստներից կազմված թիմերի ամենամյա հանդիպումը։ Թիմերն առավել հայտնի են East (Արևելք) և West (Արևմուտք) անուններով։
Մինչ այս կայացել է 61 All-Star-ի խաղ և ընդհանուր հաշվով առջևում է արևելյան կոնֆերենցիան՝ 36։25։
Լավագույն բասկետբոլիստների ընտրությունը կատարվում է երկրպագուների կողմից, իսկ 2018-ի All-Star-ի թիմերի ընտրությունը կատարվեց այլ ֆորմատով։ NBA-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ամենից շատ ձայներ հավաքեցին ներկայիս բասկետբոլի մեգաաստղեր Լեբրոն Ջեյմսը և Ստեֆ Քարին, որոնք դարձան 2 թիմերի ավագները և երկրպագուների կողմից ամենաշատ ձայներ ստացած մյուս բասկետբոլիստներից ընտրեցին իրենց թիմերը, որոնք կոչվեցին «Team Lebron» և «Team Curry»: Հանդիպումն ավարտվեց 148։145՝ Լեբրոն Ջեյմսի թիմի հաղթանակով։
Թեև բոլոր աստղերի խաղերն անցկացվում են նույն Ազգային Ասոցացիայի կանոններով, բայց դրանք էապես տարբերվում են կանոնավոր առաջնության սովորական խաղից։ Նախ պարկետի վրա լիգայի ամենահզոր բասկետբոլիստների մաքսիմալ քանակն ապահովում է խաղի գեղեցկությունն ու դիտարժանությունը դանկերի, հեռահար 3 միավորանոցների ու զարմանալի հնարքների շնորհիվ։ Դրան գումարած նույն ամենահզոր բասկետբոլիստները գրեթե չեն պաշտպանվում և հակառակորդին թույլ են տալիս ցուցադրել իր կարողությունները կամ ինչպես ասում են՝ «շոու անել»։ Արդյունքում ստացվում է դիտարժան ու արդյունավետ հանդիպում, որի մասին խոսում են մինչև հաջորդ տարվա բոլոր աստղերի հանդիպման մեկնարկը։
Բացի այդ, այս իրադարձությունը, որքան հնարավոր է, վերածվում է շոուի, որտեղ բացի բասկետբոլիստներից փայլում են նաև համաշխարհային մեծության աստղերը, որոնք իրենց լավագույն հիթերն են ներկայացնում բացման, խաղի ընթացքում տեղի ունեցող ընդմիջումների և փակման ժամանակ։
Բոլոր աստղերի խաղից մեկ օր առաջ տեղի է ունենում նաև մի քանի միջոցառում՝ լավագույն հնարքների, 3 միավորանոցների և սլեմ-դանկերի մրցույթները, որոնք ևս վերածվում են իսկական շոուի:
Այս տարի թիմերի ընտրությունը կատարվել է նույն ֆորմատով, ինչպես նախորդ տարի։ Եվ թիմերի ավագների դերում այս անգամ Սթեֆ Քարիին փոխարինել է «Միլուոքի Բաքսի» առաջատար Ջիանիս Անտետուկումպոն, որը բոլորից շատ ձայներն է ստացել՝ Լեբրոն Ջեյմսից հետո։ Ավագներն արդեն կատարել են իրենց թիմերի ընտրությունը և ամեն ինչ պատրաստ է հերթական աստղերի խաղին։
Բոլոր աստղերի խաղը տեղի կունենա փետրվարի 18-ի առավոտյան, Երևանի ժամանակով 5:00-ին: Հայկական հեռուստաեթերով խաղը չի ցուցադրվելու, բայց կաբելային հեռուստաալիքներով այն գտնելը բավականին հեշտ է, եթե ոչ, ապա պետք է ապավինեք համացանցի զորությանն ու գուգլելու ձեր կարողություններին: Հաճելի դիտում:
2018-ին բոլոր աստղերի խաղ տեղի ունեցավ նաև Հայաստանում: Բասկետբոլի Ա լիգայի լավագույն խաղացողները նույնպես մրցեցին իրար դեմ։ Կազմվեցին 2 թիմեր՝ բաղկացած հայազգի և լեգեոնական բասկետբոլիստներից, իսկ թիմերի ավագները համապատասխանաբար «Ուրարտու Վիվառոյի» առաջատար Էդգար Բաբայանն էր և այդ ժամանակ «Արցախում» հանդես եկող Ալեկսա Սիմովիչը։
Բացի մեր առաջնության ուժեղագույն բասկետբոլիստների դիմակայությունից, անցկացվեց նաև շոու-բիզնեսի հայտնի աստղերի մասնակցությամբ խաղ՝ ընդդեմ հայ պատանի բասկետբոլիստների, ինչպես նաև դանկերի մրցույթ, որում հաղթող ճանաչվեց «Արցախի» բասկետբոլիստ Կոնստանտին Միրզոյանցը։
Թեև նման միջոցառում առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում, այն իսկական տոն դարձավ հայ բասկետբոլասերների համար։ Եվ հիմա, Ա լիգայի մակարդակի և դիտարժանության աճի հետ զուգընթաց, աճել է նաև հետաքրքրությունը հայկական All-Star-ի կրկնման նկատմամբ։ Շատերն են ցանկանում նորից ականատես լինել նման տոնի և հերթական անգամ ամբողջությամբ ընկղմվել բասկետբոլային աշխարհ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո